III. Խորհրդային պատմական գիտությունը ստալինիզմի դարաշրջանում
Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում դիտարկվել են համարյա միայն ընդհանուր շրջանակում, սովորաբար իրավական տեսակետից, դրանց զոհերը՝ իբրև ապօրինությունների զոհեր։ Նրանք կեղծ մեղադրվել են, օրինակ, որպես Ստալինի կամ Բերիայի դեմ ուղղված դավադրության մասնակիցներ, որոնք հետագայում արդարացվել են։ Շեշտադրվում է պայքարը բուրժուական կուսակցությունների դեմ պայքարի՝ օրինակ դաշնակների, կամ՝ ներկուսակցական պայքարի՝ տրոցկիստներև այն, զոհերի վրա։
Կարծում եմ այս սխեման պարզունակ է։ Ստալինյան ամբողջատիրությունը հիմնվում էր ոչ միայն քաղաքական հալածանքների վրա, այլ նաև գաղափարախոսական։ Եթե գրողի ստեղծագործությունը չէր հիմնվում «սոցռեալիզմի» սկզբունքների վրա, ապա գրողը հակասովետական տարր էր, իսկ նրա երկը ենթակա էր գրաքննության և արգելքի։ Դա վերաբերում էր ոչ միայն խորհրդային գրողներին, այլ նաև՝ բոլոր բուրժուական գրողներին։ Ոչ միայն ներկայի, այլ նաև՝ անցյալի, որոնք մարքսիզմի կամ սոցիալիզմի մասին չէին կարող իմանալ։ Հատկանշական օրինակ է Րաֆֆին, Ս․ Նազարյանը կամ Ռ․ Պատկանյանը, որոնք հայտարարվեցին բուրժուական֊նացիոնալիստական գաղափարախոսության կրողներ։
Հաշվի առնելով ստալինյան գաղափարախոսության ակնհայտ ծիսական-միֆոլոգիական բնույթը՝ կարելի է հասկանալ, որ գաղափարախոսական հիմնական հաստատությունը գրականությունն էր իր «սոցռեալիստական» սկզբունքներով։ Ստալինյան գաղափարախոսության հաջորդ կարևոր հենասյունը պատմական գիտություններն են։
Մի նկատառում։ Հայաստանում XIX-րդ դարի հիմնական քաղաքական իրադարձությունը «գրապայքարն» էր, քաղաքական կուսակցությունները հայտնվում են XIX-րդ դարի վերջում, այստեղից գրական և քաղաքական պատմության սերտաճվածությունը։
Խորհրդային Հայաստանի պատմագիտության պատմության համար բացառիկ նշանակություն ունի ակադեմիկոս Մ․ Ներսիսյանի հարցազրույցը՝ տրված «Պատմա-բանասիրական հանդեսին» 1990-ին։ Հեղինակը ուրվագծում է հայաստանյան պատմական գիտությունների ընթացքը 1930-90 -ականերին։ Այն, իհարկե, սուբյեկտիվ է, իր հիշողություններն են, բայց դա միգուցե իր վկայության արժեքներից մեկն է։
Նա գրում է․ «Հարկ է հիշել, որ պատմաբաններն և հայագետներիը ընդհանրապես աշխատում էին մղձավանջային պայմաններում։ Նրանք հաճախ ենթարկվում էին ջարդարար ստալինականների հարձակումներին ու հալածանքներին»։ Ն․ Մկրտչյանը նշում է այդ հալածանքների մի քանի ալիք։
Պատմաբանների հանդեպ հալածանքների առաջին մեծ ալիքը Խորհրդային Միությունում թվագրվում է 1929 թվականով, երբ սկսվեցին ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի կադրային «զտումները», որոնք ուղեկցվեցին նրա աշխատակիցների զանգվածային կրճատումներով, իսկ աշնանը սկսվեցին պատմաբան գիտնականների ձերբակալությունները «ակադեմիական գործի» շրջանակներում, որում ներգրավված է եղել 115 մարդ։ «Դավադրության» անմիջական ղեկավարներն ու կազմակերպիչները (Ս. Պլատոնով, Յու. Գոտյե, Է. Տարլե, Մ. Լյուբավսկի և ուրիշներ) 1931 թվականի օգոստոսի 8-ի ОГПУ-ի կոլեգիայի որոշմամբ աքսորվեցին։
Հալածանքները չշրջանցեցին Հայաստանը։ Ազդանշան հանդիսացավ «Նոր ուղի» ամսագրում 1931 թ․ երկրորդ համարում տպագրված Ադո Ադոյանի «Հակալենինյան իդեոլոգիայի ոտնձգությունների դեմ» հոդվածը։ Հոդվածի հեղինակը գրում էր․ «Հայաստանի ինտիլիգենցիայի որոշ մասը՝ հանձինս հին ու նոր պրոֆեսուրայի մի քանի ներկայացուցիչների, ողղակի ռեակցիոն, ըստ էության կոնդրատևյան, բացահայտ նացիոնալիստական-բուրժուական արշավ է սկսել մարքսիզմ-լենինիզմի դեմ» (էջ 113)։ Ինչպես գրում է Մ․ Ներսիսյանը․ «Իր այս միտքը հիմնավորելու նպատակով հոդվածագիրը ծանր, բայց շինծու մեղադրանքներ էր առաջ քաշում, օրինակ, մեր այնպիսի խոշոր հայագետների հասցեին, ինչպիսիք էին Հ․ Մանանդյանը, Հր․ Աճառայանը, Մ․ Աբեղյանը և մյուսները»։
Ադո Ադոյանը Արշիլ Գորկու հորեղբոր որդին է: 1937-1939 թթ. ստալինյան բռնաճնշումների տարիներին բանտարկվել ու կտտանքների է ենթարկվել, իսկ հետո աքսորվել է ճամբար։ Այդ մասին Մ․ Ներսիսյանը չի գրում, ինչպես չի նշում հոդվածի տպագրության կոնտեքստը՝ «ակադեմիական գործի» հանգամանքները։ Ակնհայտ է․ որ «Հ․ Մանանդյանը, Հր․ Աճառայանը, Մ․ Աբեղյանը և մյուսները» խորհրդային գաղափարախոսության կրողները չէին, ինչպիսիք էին Մ․ Ներսիսյանը կամ Ա․ Ադոյանը։
Մ․ Ներսիսյանը շարունակում է․ «Պատմաբանների, գրականագետների, գրողների դեմ նոր, ավելի կազմակերպված գրոհ սկսվեց 1936-1937 թթ․, այդ տարիներին ինչպես հայտնի է բանտարկվեցին հարյուրավոր և հազարավոր անմեղ մարդիկ»։ Այդ մարդկանց մեջ՝ տասնյակ պատմաբաններ՝ հնագետ Աշխարհաբեկ Քալանթարը, Ասատուր Խաչատրյանը, Բագրատ Բորյանը, Թադևոս Ավդալբեկյանը, Հակոբ Զորյանը, Հովհաննես Հակոբյանը, Հենրի Գաբրիելյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Արտո Եղիազարյանը, Մորուս Հասրաթյանը, Կարապետ Մելիք֊Օհանջանյանը, Կարո Ղազարյանը և այլն։
Այսպես, վանեցի, Մերձավոր Արևելքի պատմության ամբիոնի պրոֆեսոր, 1927 թ.ին Խորհրդային Հայաստան տեղափոխված Հովհանես Հակոբյանը մեղադրվել է մի քանի արտասահմանյան երկրների հետախուզություններին «աշխատակցելու» և այլ գործունեության համար, դատապարտվել է գնդակահարության: Կամ՝ ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը 1937 թվականին անհիմն բռնադատվել է, 1943 թվականին՝ բանտից ազատվել, վերջնականապես արդարացվել է 1954 թվականին։
Մ․ Ներսիսյանը ևս չի խուսափել հետապնդումներից․ «1935 թ․ լույս տեսավ «Նոյեմբերյան հեղափոխությունը Հայաստանում» իմ գրքույկը, որտեղ ես լայնորեն օգտագործել եմ Աղասի Խանջյանի հոդվածները։ Այդ և մի շարք «քաղաքական լուրջ սխալների» համար Խանջյանի հակառակորդները հարձակում սկսեցին իմ գրքույկի դեմ։
․․․Գաղափարական հարցերի մասին կենտկոմի պլենումի ընդունած բանաձևի մեջ գրքույկը որակվեց որպես «նացիոնալիստական, ուկլոնիստական, սպեցիֆիկյան դիրքավորումներ ունեցող բրոշուր»։
Նա հիշատակում է Վարդան Պարսամյանին, որը Բերիային և Ստալինին ուղղված նամակներում այն որակում է իբրև «բուրժուա-նացիոնալիստական աշխատություն»։ Մեկ ուրիշ քննադատ՝ Լևոն Արիսյանը իր «Ներսիսյանի «Նոյեմբերյան հեղափոխությունը Հայաստանում» հոդվածում հեղինակին մեղադրում է «սպեցիֆիկյան» հայացքներ պրոպագանդելու համար։ Նա գրում է, որ գրքույկում «անտեսվում և լռության է մատնվում ․․․ընկերներ Լենինի և Ստալինի դերը Անդրկովկասում ու Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների, հեղափոխական շարժումների աշխատանքի կազմակերպման գործում»։ Ի վերջո 1937 թ․ Ներսես Մկրտչյանը հեռացվում է կուսակցությունից, բայց հետո վերականգնվում։
Նկատենք, որ Վ․ Պարսամյանը (1909–1990 թթ.) բռնադատվել է 1936 թվականին՝ երեք ամիս անցկացնելով Երևանի բանտում։ Ավելի ողբերգական է փիլիսոփա Լ․ Արիսյանի (1903-1938) ճակատագիրը` 1938 թվականին, 35 տարեկանում անհիմն բռնադատվել է, գնդակահարվել։
Մկրտիչ Ներսիսյանի գիտական կենսագրության միջոցով կարելի է հետևել թե ինչ էվոլյուցիա է ունեցել Խորհրդային Հայաստանում բռնաճնշումները պատմական գիտությունների նկատմամբ։ Եթե առաջին փուլում ճնշումների սլաքը ուղղված էր «բուրժուական պատմաբանների» դեմ, 1936-1939 թթ. մեղադրանքների շրջանակը ընդարձակվում է՝ տրոցկիզմ, նացիոնալիզմ, «վուլգար սոցիոլոգիզմ», բայց Հայաստանում՝ նաև դաշնակ և «սպեցիֆիկ»։
Հատկապես ուշագրավ պետք է համարել «սպեցիֆիկ» մեղադրանքը։ Այսպես է անվանել Վ.Լենինը 1903 թ. Հոկտեմբերին Բաքվում հիմնադրված ՍԴԲՀԿ` «Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության» անդամներին: Հիմնադիրները եղել են «ձախ» դաշնակցականներ (Բ. Իշխանյան, Ղ. Տեր-Ղազարյան, Ա․ Ծատուրյան (Ռուբենի), Պ. Մակինցյան, Ալ. Մյասնիկյան, Վ. Տերյան, Ա. Մռավյան և ուրիշներ, հետագայում նրանց մեծ մասը հարեց բոլշևիկներին)։
ՍԴԲՀԿն ծրագրում էր ստեղծել համահայկական, բանվորական, սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունների համադաշնություն և գտնում էր, որ Կովկասի յուրաքանչյուր ազգի բանվոր դասակարգ պետք է ունենա առանձին կազմակերպություն, որոնք մյուսներից կարող էին տարբերվել լեզվական, կազմակերպչական ինքնուրույնությամբ և յուրահատուկ այլ պահանջներով: 1905 թ. սեպտեմբերի 5-ին ՌՍԴԲԿ կենտկոմին ուղարկված նամակում Լենինը նրանց անվանել էր «սպեցիֆիկներ» և որակել որպես «բունդական կրեատուրա (դրածո), որը հատկապես հորինված է կովկասյան բունդիզմը սնելու համար»։
ՍԴԲՀԿ-ն այսպիսով աշխատավորների պայքարում առաջնային տեղ է տվել մշակութային գործոնին՝ հակադրվելով մարքսիստական «մեծ նարատիվին», կարևորելով փոքր ժողովուրդներ «փոքր նարատիվը» և մյուս կողմից հակադրվելով բուրժուա-նացիոնալիստական «մեծ նարատիվին»։ Այս հանգամանքը նրանց մոտեցնում է պոստմոդեռնիստական, պոստկոլոնալ ժամանակակից տեսաբաններին։ Չնայած սա ենթադրություն է, բայց այն կարևոր կարող է արդյունավետ լինել մեր ձախկողմյան գրողների՝ Վ․ Տերյանի, Ե․ Չարենցի, Ա․ Բակունցի աշխարհայացքը հասկանալու համար։
Ստալինյան բռնաճնշումների դիսկուրսում «սպեցիֆիկներ» եզրը օգտագործվել է լայն իմաստով, որպես որոշ հայ կոմունիստների մոտ «նացիոնալիստական թեքում» և քաղաքական այլախոհություն:
Ավելորդ չէ, մի հատված բերել ներքին գործերի նախարար (հուլիս, 1934 – սեպտեմբեր,1937) Խաչիկ Մուղդուսու մատնագրից․ «Ազգայնամոլությանը Հայաստանի խորհրդայնացման ամենասկզբում հավատարմորեն ծառայել են հայկական «սպեցիֆիկները», որոնց պետք է համարել ՀամԿ(բ)Կ-ի` խորհրդային իշխանությունների դեմ կազմակերպված պայքարի սկզբնավորողներ:
Նրանք իրենց բնույթով նույն դաշնակցականներն էին: Այդ պայքարը բարդ ազգային զուգակցումների պայ ման նե րում ունե ցավ մի շարք շրջաններ: Սկսած 1921-ից մինչև 1927 թ. Հայաստանի կուսակցական-խորհրդային ղեկավարությունը գտնվում էր «Սպեցիֆիկների» (Մյասնիկով, Լուկաշին, Աշոտ Իոանեսյան, Կարինյան, Համբարձումյան և ուրիշներ) ձեռքում: Նրանց քաղաքական գիծը գրեթե չէր տարբերվում դաշնակների գծից: 1927 թ.-ին «սպեցիֆիկների» ղեկավարության մեջ գլխավոր դերը խաղում էին ԺԴԿ-ի նախագահ Տեր-Գաբրիելյանը և Կենտկոմի քարտուղար Հայկ Հովսեփյանը: Հատկա պես այդ ժամանակ Հայաստանում իրենց գործունեությունը ծավալեցին տրոցկիստները: Այսպիսով` 1930–1931 թթ.-ին Հայաստանի ղեկավարության մեջ էին ազգայնամոլ Խանջյանը, տրոցկիստ Վարդանյանը և աջ Տեր-Գաբրիելյանը: Այդ ժամանակահատվածը պետք է համարել ՀամԿ(բ)Կի և խորհրդային իշխանությունների դեմ հետագա ակտիվ պայքարի ծավալման համար կադրերի կազմակերպման և տրոցկիստների, ազգայնամոլների ու աջերի միավորման ժամանակամիջոց…» (Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում. պատմություն, հիշողություն, առօրյա / Հ. Խառատյան, Գ. Շագոյան, Հ. Մարության, Լ. Աբրահամյան. – Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2015. էջ 86):
Բայց վերադառնանք Մկրտիչ Ներսիսյանի հիշողություններին։ Նա գրում է․ «1940 թ․ լույս տեսավ «Նարոդնիկական խմբակները Անդրկովկասում» իմ գրքույկը, որի պատճառով ես նորից հարձակումների ենթարկվեցի 14 տարի շարունակ։ ․․․Աշխատության հեղինակը մեղադրվեց այն բանում, որ հակառակ կուսակցության որոշումների, Դաշնակցություն կուսակցությունը համարում եմ դեմոկրատական֊հեղափոխական։ ․․․Տարիներ հետո՝ 1948 թ․ին այդ հարցը նորից բարձրացավ։ Մոսկվայում լույս տեսնող «Литературная газета» թերթում հրապարակվեց փիլիսիփայական գիտությունների թեկնածու Ա․ Կարապետյանի «Ընդդեմ բուրժուական նացիոնալիզմի մնացուկների» հոդվածը, ուր ասված է, որ իմ աշխատությունը գրված է նացիոնալիստական դիրքերից ․․․»։ Հոդվածագիրը ամփոփում է․ «Իսկ դա վկայում է այն մասին, որ Ներսիսյանը «ավելի աջ է, քան բուրժուական լիբերալները» ( տե՛ս «Литературная газета», 31 հուլիսի 1948, N 61)»։
Պատմական գիտությունների դեմ հալածանքների հաջորդ մեծ գաղափարախոսական ալիքը կապված էր կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի հետ։