Սիաննա Մովսիսյան/Մեր ցավը

Երբ ցավը դառնում է խրոնիկ, ուրեմն թող ու փախիր, ուրեմն ամեն միջանցիկ քամուց  կարող ես հիվանդանալ, իսկ միջանցիկ քամիներ մեզ մոտ հաճախ են լինում, երբեմն՝ գրեթե  ամեն օր։ 

Ցավը վաղուց էր մեզ համար դարձել խրոնիկ, ինչպես չցավա, երբ ծիլերն արմատախիլ  են լինում, երբ մրրիկները քառատում են երկատված հոգին, երբ վերակենդանացման  բաժանմանքում հույսեր չեն տալիս։ Ու ծնվում են հարցեր, ինչպե՞ս ապրել և որտե՞ղ ապրել։ 

—Որտեղ հաց այնտեղ կաց։ 

—Այստեղ էլ հաց չկա։ 

—Պետք, անշուշտ, ցորեն աղալ։ 

—Ո՞վ աղա։ 

—Դու աղա՛։ 

—Ես աղա եմ, ո՞նց աղամ։ 

—Ես աղա, դու աղա, մեր աղունը ո՞վ աղա: 

—Ով որ կուզի թող աղա։ 

Իսկ աղացող միշտ էլ կա՝ ամառ, ձմեռ, թե գարուն։ Մի մեծ աղաց պատահեցավ, երբ  գարունը վրա եկավ, ու գարուններ հետո չէկան․ մի ծաղկով գարուն կգա՞։ 

Մեղավորներ ու անմեղներ, իմաստուններ ու տգետներ, ձայներ, կոչեր, աղաղակներ։  «Դատարկ կարասը մեծ ձայն կհանի»․ այսպես կասեին մեր մեծերը: Իսկ փոքրերը լոկ կլռեն․․․անժամանակ… առժամանակ. չէ որ խոսքը միշտ մեծինն է։ 

Իսկ ի՞նչ անել։ 

—Համախմբվել։ 

—Բայց պառակտվում ենք։ 

—Գյուղ, որ կանգնի, գերան կկտրի։ 

—Բայց գյուղն էլ չկա։ 

—Ինչպե՞ս թե չկա։ 

—Չգիտես՝ անտեր ոչխարին գայլը միշտ կուտի։ 

Հոգու սով է, մտքի սով է, իսկ սոված գոյը երկար չի ապրի․բնությունն ինքը կյանքից կզրկի։ Բայց սնունդ գտնելն այնքան էլ հեշտ չէ։ Իսկ երբ չես ստեղծում, մնում է թալանը։ 

—Գողը գողից գողացավ, աստված՝ տեսավ զարմացավ: 

—Ա՜յ, իմ ընկեր, ջրի՝ բերած, ջրի՝ տարած։ 

Ջուրն իր ճամփան միշտ կճարի, իսկ մեր ճամփան՝ անճարակ է, ճարահատյալ։ Արագ  ես քայլում, ասում են՝ ծուռ է, կամաց ես քայլում, աում են՝ կույր է։ Մնում է գլուխդ պաղ պահես,  ոտներդ՝ տաք:

—Բերդն իր միջից կքանդվի: 

—Քանդելը հեշտ է, թող սարքող լինի։ 

— Փորձված թանն անփորձ մածունի հետ ոչ ոք չի փոխի։ 

—Ուրեմն բերդը միշտ էլ կքանդվի։ 

Այսպես է լինում, երբ հիմարը մի քար է գցում, որ հազար խելոք հանել չեն կարող։ Դե  չորի հետ թացն էլ է վառվում։ Քանդվելուց հետո բարդ է հավաքել․․․բարդ է հավաքՎել։ 

—Գետն ամեն անգամ գերան չի բերի։ 

—Բայց գերաններ մեզ շատ են պետք։ 

—Գերան բերող որ լինի, գերանն ինչ է՝ չլինի։ 

Չկա ապավեն, չկա ամոքում, չկա ծիծաղ.լաց կբերի… ցավ կբերի: 

Իսկ մեր ցավն անուն չունի, գույն չունի, ձև չունի։ Մեր ցավը ոչ տեր ունի, ոչ տուն ունի։  Ժամկետն ինչն է, դա էլ չունի, որ սպառվելուց դեն նետես։ Ցավը մերն է, մենք` ցավինը… 

—Ճակատագրից հո՞ չես փախչի։ 

—Մի՞թե ուրիշ գիր չի ճարվի։ 

—Ով կփնտրի, նա կգտնի։ 

Առանց հավատ՝ ի՞նչ նպատակ, առանց հավատ՝ ի՞նչ ապագա, առանց հավատ՝ ապաքինո՞ւմ։ 

—Ձմռան արևին ո՞վ է հավատում։ 

—Արևն ամպի տակ երկար չի մնում։ Ուրբաթ կամպի, շաբաթ՝ կպարզվի։ —Ճիշտ որ կասեն՝ լույսը կբացվի, բարին՝ էլ հետը։ 

Խավար օրեր շատ են եղել, գուցե նաև շատ կլինեն։ Առանց խավար չկա գիշեր, առանց  գիշեր չկա ցերեկ։ Պետք չէ մեռնել, որ նոր սիրենք կամ էլ չապրել, երբ դեռ ողջ ենք։ Իսկ ցավը  լոկ մի նշան է, ազդանշան, որ վիրավոր վերքն արյունոտ պետք է բուժել։ 

Please follow and like us: