Սկիզբը՝ այստեղ
II. Պատմական գիտությունները՝ բոլշևիզմից ստալինիզմ. Մ․ Պոկրովսկին և Լեոն
Հետազոտողները նշում են այն խոր խզումը, որ գոյություն ունի Խորհրդային Միության հեղափոխական֊բոլշևիկյան շրջանի և ստալինյան դարաշրջանի միջև։ Այս «Մեծ շրջադարձը» կարելի է տեսնել գրականության մեջ՝ «պրոլետարական գրականությունից» դեպի «սոցռեալիզմ», այնպես էլ՝ պատմագրության մեջ։
Հեղափոխությունը հեղափոխականացնում էր նաև պատմական գիտությունները։ Դրական պետք է համարել արխիվների բացումը, միասնական արխիվային ֆոնդի ստեղծումը, դրա հետ մեկտեղ համալսարաններում պատմական բաժանմունքների փակումը և նրանց փոխարեն հասարակագիտության բաժանմունքների ստեղծումը։ Ակնհայտ է, որ ցարիզմի ժամանակ շատ քիչ հնարավորություն կար ուսումնասիրել հեղափոխական շարժումները։ Այդ թեման դառնում է առաջատար։ Բայց կարևոր էր բոլշևիկների համար նաև ապոլոգետիկան, իր քաղաքական հակառակորդների քողազերծումը, ավելի հաճախ՝ վարկաբեկումը։ Հայաստանում համար առաջին խնդիրը Հ․ Յ․ Դ․ ֊ի քողազերծումը և վարկաբեկումն էր։ Այդպիսի աշխատություններ 20֊ականներին գրել են Ալ․ Մյասնիկյանը (Մարտունի), Աշ․ Հովհաննիսյանը, Ար․ Կարինյանը և այլք։ Այդ խնդրին անդրադարձել է նաև Լեոն։
Եթե նայենք գրականագիտությանը, արվեստաբանությանը, պատմագիտությանը, ապա հիմնական մեթոդ է դառնում սոցիոլոգիական մոտեցումը՝ «արվեստի սոցիոլոգիան», «գրականության սոցիոլոգիան», «քաղաքականության սոցիոլոգիան» և այլն։ Ստալինիզմը մերժեց «սոցիոլոգիական մոտեցումը» իբրև «վուլգար»։ Օրինակ՝ «վուլգար սոցիոլոգիզմին» Մ․ Պոկրովսկու ազդեցությամբ տուրք է տվել Լեոն, ինչպես նշում է ակադեմիկոս Ն․ Մկրտչյանը։
Այստեղ պետք է պարզաբանում։ Սոցիոլոգիան իբրև գիտակարգ ձևավորվել է XIX-րդ դարի երկրորդ կեսին և դրա դասական հեղինակներն են Է․ Դյուրկհեյմը, Մաքս Վեբերը, Գ․ Զիմելը և այլք։ Եվ անպայման Կառլ Մարքսը, որը խոշոր ներդրում ունի սոցիոլոգիայի՝ իբրև գիտություն կայացման ընթացքին։ Երբ ստալինիստները օգտագործում են «վուլգար սոցիոլոգիա» եզրը, նրանք բոլորովին նկատի չունեն, որ գոյություն ունի «ոչ վուլգար» սոցիոլոգիա, նրանք նկատի ունեն, որ ողջ սոցիոլոգիան «վուլգար» է, ոչ գիտական։ Ըստ էության, ստալինիզմի գաղափարախոսները մերժում էին սոցիոլոգիան: Սոցիոլոգիան իբրև գիտություն Խորհրդային Միությունում փորձ արվեց վերականգնել 60-ականներին, բայց լիարժեք այն հնարավոր դարձավ միայն ԽՍՀՄ փլուզումից հետո։
Ստալինյան շրջանում պատմագիտության մեջ «վուլգար սոցիոլոգիական» մոտեցման մեջ մեղադրվեց Մ․ Պոկրովսկին։
Միխայիլ Պոկրովսկին (1868 – 1932) այն ռուս պատմաբաններից է, որոնց ստեղծագործական ժառանգության մասին վեճերը շարունակվում են մինչև հիմա։ «Պրոլետարիական պատմագրության» հեղինակը ազնվական ծագում ուներ, հրաշալի կրթություն էր ստացել, սովորել էր այնպիսի հայտնի պատմաբանների մոտ, ինչպիսիք են Վ.Օ. Կլյուչևսկին և Պ.Գ. Վինոգրադովը։
Մ. Պոկրովսկին բացի իր հանրահայտ «Ռուսաստանի հակիրճ պատմությունից», որը հավանության արժանացրեց Լենինը, և եռահատոր «Ռուսաստանի պատմությունից», գրել է աշխատություններ 19-րդ դարի ռուսական դիվանագիտության և, իհարկե, հեղափոխական շարժումների պատմության մասին: Վերջիններում նա քիչ է հիշատակում Ի․ Ստալինին, որը նրա աշխատությունների մերժման պատճառներից մեկն էր։
Մ․ Պոկրովսկին բոլշևիկյան հեղափոխության նշանակալի դեմքերից էր։ Համարվում է, որ Մ. Պոկրովսկին «պատմության կոմիսարն» էր, որն ուներ անվերապահ հեղինակություն։ Պահպանողական պատմաբանները պնդում են, որ Մ․ Պոկրովսկին «պատմաբան բռնապետ էր», անմիջականորեն պատասխանատու էր 1920-ականների վերջին և 1930-ականների սկզբին տեղի ունեցած՝ պատմաբանների նկատմամբ բռնաճնշումների համար։ Սա կասկածելի է։
Նկատենք, որ Մ․ Պոկրովսկին, լինելով կրթության և գիտության կազմակերպիչ, ի տարբերություն կուսակցական առաջնորդների, իրական իշխանություն չուներ։ Ավելին, իր կյանքի վերջին տարիներին նա ենթարկվել է կատաղի քննադատության ոչ միայն «բուրժուական պատմաբանների», այլեւ իր ընկեր մարքսիստների կողմից։
Այդ նա էր հեղափոխությունից հետո պատմության ֆակուլտետների փակման նախաձեռնողը։ Ինչո՞ւ էր Մ․ Պոկրովսկին դեմ պատմության դասավանդմանը։ Նա գրում է․ «Վախենում եմ, որ եթե պատմության այդպիսի դասընթաց ստեղծենք՝ իբր նորը, այն շատ նման կլինի հին դասընթացին, և ի վերջո նույն գրքույկը կլինի՝ էլի սրբեր, բայց այլ սրբերի մասին կլինի։ Հնում՝ սուրբ թագավորներ, նախարարներ, մարդկության բարերարներ, իսկ հիմա՝ մեծ ապստամբներ, հեղափոխականներ, սոցիալիստներ։ Ինչ-որ առումով սա առաջընթաց կլինի. … ավելի լավ կլինի, բայց չարժեր «այդքան արյուն թափել» դրա համար և հասնել նման աննշան արդյունքների»:
Մ․ Պոկրովսկու պատմական հայեցակարգը երբեմն գնհատվում է իբրև սխեմատիկ, քանզի հիմնված էր մարքսիստական սոցիալ-տնտեսական ֆորմացիաների տեսության վրա, բայց այն մեկնաբաբված է շատ յուրահատուկ։ Օրինակ՝ Ռուսաստանի պատմության առնչությամբ Պոկրովսկին համարում էր, որ 17-19-րդ դարերի պատմական գործընթացի շարժիչ ուժը առևտրային կապիտալն է։ Լեոն իր «Խոջայական կապիտալում» զարգացնում է համանման տեսակետ։ Այստեղ ակադեմիկոս Ն․ Մկրտչյանը, հավանաբար, չի սխալվում։
Ինչպես Մ. Պոկրովսկին, այնպես էլ Լեոն իրենց ժողովուրդների պատմությունը տեսնում էին համաշխարհային կապիտալիզմի պատմության համատեքստում: Մ. Պոկրովսկին ցույց տվեց որ ռուսական պատմությունը բացառապես քաղաքական պրոցես չէր, որ ամենակարող ռուսական բյուրոկրատիան որոշումներ ընդունելիս եղել է տնտեսական հարաբերությունների և շահերի պատանդը, որտեղ առանցքային տեղ էին զբաղեցնում առևտրային կապիտալի շահերը: Այս գաղափարին հավատարիմ է նաև Լեոն:
Շատ բոլշևիկ հեղինակների նման նրա մոտեցումը Ռուսաստանի պատմությանը նիհիլիստական էր։ Նա գրում է․ «Ռուսական կայսրությունը ժողովուրդների բանտ են անվանել: Մենք հիմա գիտենք, որ այդ անունը վաստակել է ոչ միայն Ռոմանովների պետությունը, այլև նրա նախորդը` Իվան Կալիտայի հետնորդների վոտչինան` Մոսկովյան իշխանությունը: ․․․ Վելիկոռուսիան կառուցվել է այլազգի բնիկների ոսկորների վրա, և հազիվ թե վերջիններս շատ են մխիթարված այն բանով, որ վելիկոռուսների 80 տոկոսի երակներով իրենց արյունն է հոսում: Վելիկոռուսների լծի վերջնական տապալումն այն ուժի կողմից, որը պայքարել է ու պայքարում է բոլոր շահագործողների դեմ, կարող է որոշակի փոխհատուղում լինել այն տառապանքների դիմաց, որ իրենց պատճառել է այդ լուծը»:
1930-ականների սկզբին քննադատության ազդեցության տակ նա հրաժարվեց իր շատ հայացքներից։ Բայց իրական հալածանքները դեռ առջևում էին։
Մ. Պոկրովսկու մահից հինգ տարի հետո՝ 1937 թ.-ին սկսվեց նրա տեսության անողոք քննադատությունը, որը իր ամփոփումը գտավ «Ընդեմ Մ. Պոկրովսկու պատմագիտական հայացքների» 1939-1940 թթ.-ին տպագրված երկհատորյակում: Լեոն ևս չապրեց մինչև իր ուսուցչի քնադատության տարիները, որոնք նաև քաղաքական տեռորի տարիներն էին: Մ. Պոկրովսկուն մեղադրում էին «հայրենքի զգացողության բացակայության», «պատմության մասին լենինյան-ստալինյան ցուցումները անտեսելու», և իհարկե, հեղափոխական ընթացքներում Ի. Ստալինի դերը նսեմացնելու համար:
Արևմուտքում 21-րդ դարի հիմնական պատմագիտական տեսությունը «աշխարհ-համակարգ» տեսությունն է, որի ակնառու ներկայացուցիչներ՝ Ֆերնան Բրոդելի, Իմանուել Ուալերսթայնի և Ջովանի Առիգիի պատմագիտական հետազոտությունները գալիս են հաստատելու Մ. Պոկրովսկու դպրոցի հիմնական արդյունքները՝ առևտրային կապիտալը հանդիսանում է գլոբալացման հիմնական գործոնը:
Մ. Պոկրովսկին պնդում էր, որ ամերիկյան ստրուկների արտադրած բամբակը կամ ռուս ճորտերի արտադրած ցորենը նախապայման են եղել հյուսիսամերիկյան և եվրոպական ազատ շուկայական կապիտալիզմի, լիբերալ պետական համակարգի զարգացման համար: Նմանապես այսօր միջինասիական բռնատիրությունը քաղաքական հիմք է հանդիսանում Ռուսաստանում ներգաղթածներին ճորտացնելու և գերշահագործման համար: Այստեղից եզրակացություն. հետամնացությունը առասպել է, կախվածությունը՝ տնտեսական փաստ:
Հենց առևտրային կապիտալն է, որ կապում է կապիտալիստական «կենտրոնը» կամ «կենտրոնները» ծայրամասի հետ, պայմանավորում գերշահույթ մի բևեռում և գերշահագործում՝ մյուսում, ժողովրդավարություն մի բևեռում, և բռնապետություն՝ մյուս բևեռում: Լեոն «Անցյալում» գրում է, որ համիդյան ջարդերի ժամանակ հայ ժողովրդին ամենամեծ վնաս հասցրեց անգլիական հայասիրությունը: Իմպերիալիստական «հումանիզմը» չի բացառում կոտորածները, ընդհակառակը՝ հենվում է «հետամնաց Արևելքի» հակահումանիզմի առասպելի վրա:
Փաստորեն Մ. Պոկրովսկուն, ինչպես ստալինյան, այնպես էլ պուտինյան Ռուսաստանում մերժում են ռուսական իմպերիալիզմը և շովինիզմը քննադատելու համար: Մերժվում նույն պատճառով, ինչ մերժվում են ժամանակակից Հայաստանում Ա. Հովհանիսյանի, Գ. Մահարու, այլ հեղինակների, այդ թվում՝ Լեոյի պատմագիտական հայացքները:
շարունակությունը՝ այստեղ