-Աշո՛տ․․․
-Ահմե՛դ․․․
Նրանց միջև, մոտիկ, հեռավոր մի տեղ կանգնեց մահը։ Լարված իրար էին նայում՝ մահվան զարհուրանքով, միմյանց աչքերի մեջ։ Աչքերում արտացոլված ինքնաձիգների, փողերից ժայթքող մահվան սպասումով։ Օդում մարող համրության, երկինքներում ու հոգու խորքում ծվարած խոր անորոշության սպասումներով։
Բաց տեղ էր։ Մի քանի ծառերն այնքան շատ չէին, որ անտառ կոչվեր, ու այնքան էլ քիչ չէին, որ հնարավոր չլիներ համարյա նույն պահին չհայտնվել իրար դեմ։ Պատահական, ճակատագրի խաղով, իմաստազուրկ հանդիպում, մահվան խաղ։
Շարունակեցին նայել իրար, ձեռքներին ինքնաձիգները՝ ուղղված միմյանց։ Թվաց, իրենց վրա էին պահել սեփական ավտոմատները, ձուլվել միմյանց։ Աշոտը պատկերացրեց իր աչքերի մեջ անշարժացած մի Ահմեդի, նրա աչքերի մեջ՝ մի անշարժացած Աշոտի։
-Ահմեդ․․․
Աշոտ․․․
Իրենց անուններն էին, թե՞ խորհրդանիշներն էին անհետացող կյանքի ու առկայծող հույսի։ Ձեռքի մի շարժումը կփշրեր մահազդու լռությունը։ Նրանք կհայտնվեին միմյանց ու անէություն մեջ։
Զինվորներ էին, եկել էին տարբեր տեղերից, նույն հողից, ջրից, ծառ ու թփուտից, կանաչից, նույն ամպերով շրջափակված, նույն նպատակով՝ սպանելու համար․․․ եկել էին ու չէին սպանում․․․ձգանին ամուր սեղմված մատը դողդողում է, չի սեղմում վայրկյանի ընթացքի, շատ կարճ ընթացքի մեջ։ Դա կլուծե՞ր հարցը թե՞ ավելի խրթին կդարձներ։ Հիմա հասկանում են իրար, այն ժամանակ չէին հասկանա ու կգար վախճանը։
«Ահմեդն» ու «Աշոտը» իրար էին նայում։ Զինվորներ էին՝ զրահաբաճկոն, ավտոմատ, մի քանի ռումբեր, պահունակներ, մահվան համազգեստներով, գլխարկ, երկարաճիտ կոշիկներ․․․ ամեն ինչ կար ապրելու-պաշտպանվելու, սպանելու համար, տակից՝ ներքնաշորեր, ձեռնոցներ, ուսապարկեր՝ զինամթերքներով ու ուտելիքներով, տարբեր իրեր՝ ընտանեկան մասունքներ՝ երեխայի, կնոջ կամ մոր նկար, ավետարան․․․ ոչինչ չէր մոռացվել։
Հոգու խորքում նրանք ցանկացան, որ այսպես երկար շարունակվի, նայեն միմյանց, մտածեն, որ դիմացինը եկել է տնից, ընտանիքից, եղել է մայր ու հայր, եղել է երեխա, սովորեցրել են սպանել․․․կլանել են ժամանակը, իր երեխաներն ու ամանորյա նվերներ նրանց համար – փոքրիկ երեխան ի՞նչ պատգամ է տվել զինվոր հորը, տնից դուրս գալուց առաջ, համբուրե՞լ է ու ասել, որ սպանի Ահմեդին, Աշոտին, բոլորին, ում աչքը տեսնի ու աչքը ուտի, երկինքը լռի, սպանի՞ երեխայի ծնողին, հարցրու քեզ, հասկացի ու հասկացրու, եթե ոչ՝ ուրեմն ռոբոտ ես, երեխան ասե՞լ է, որ սպանես․․. Մերժում ես երեխայի պատգամը․․․Մեծահասակն ասել է, որ սպանես – կասե՛ր անպայման, կասեր՝ սպանի ու մի մտմտա, խեղի Աշոտին ու Ահմեդին, ոչնչացրու, հետքն անգամ չմնա այս երկրի վրա։ Ինչի՞ համար-եթե եկել ես, որեմն այդ հարցը քեզ չես տվել, կամ չեն թողել, որ տաս, եկել ես, որովհետև ասել են՝ գնա՛ ու ինքը եկել է, վերջ․․․
Նրանք շատ դանդաղ, անվստահությամբ ու հույսով նայելով միմյանց, դոփդոփում են, տեղում, փորում հողը ոտքով, ոչ առաջ, ոչ ետ, զգույշ, անվստահ ու հավատով նայելով միմյանց միմյանց աչքերի մեջ արդեն մահացած, տեսնելով այնտեղ իրենց կյանքը ծայրից ծայր, չուզենալով զրկել այդ կյանքը, ժպտալով ու թաքցրած ժպիտով-կյա՜նք ու ապրել, ու այս ինքնաձիգները-շպրտել մի կողմ ու քայլել ընդառաջ, ասել բառեր, որ երբեք չեն ասել։
Աշոտն ու Ահմեդը սեղմում են ինքնաձիգները ձեռքերում, անշարժ, աչքերը հառած խելագարությամբ, վախենալով ետ նայել ու կողքերը, մի ակնթարթ անգամ կտրվել աչքերի մեջ նայելուց, երկրային անվստահության տառապանքով, ապրելու հաճույքը հոգում, տանը՝ երեխաներ, կին, հարազատ, հարևաններ-բան, հույս, տենչ ու անմահանալու երազանք, միմյանց կառչած աչքերով․․․
-Ահմե՜դ․․․
Աշո՜տ․․․
Ապրենք, կյանքը մերն է, հրամանը՝ ուրիշինը, անծանոթ, խորհրդավոր տեղից, մենք իրար ենք նայում, ճանաչում, գիտենք միլիո՜ն տարի, մի ողջ հավերժություն։ Մենք ապրեցի՜նք այս մի քանի ակնթարթը՝ միլիոն ու հավերժության երազանքներով լի։ Մենք՝ տղա-մարդիկս, արյան ծարավով, սպանելու մոլուցքով, ապրելու փափագով, կանացի հպման, երեխայի ջերմ գրկախառնությունները մեր մարմինների վրա․․․
Սպանիր ինձ, մարդ արարած, ոչնչացրու, ինչու ապրել կասկածի, անմարդկայնության աշխարհում, ես երեխայի հայր եմ, դու էլ երեխայի հայր ես, հայրերը չե՛ն սպանում, ուրեմն հայր չենք, եթե սպանում ենք, եթե զրկում ենք, ոչնչացնում գրկելու ուրախությունն ու ժպիտը, կյանքը, սերն ու նրա հպումը մեր հոգիներում։ Մենք մա՜րդ էլ չենք, կենդանի էլ չենք, մենք վիժվածքներ ենք, ապուշներ ու խելագարներ՝ ծնված ուրիշ խելագարներից։
Ուղղում են ուսերը, ձեռքերը քարացել են ինքնաձիգն ու ձգանը սեղմելուց, մենք սպանո՜ղ չենք, եկ բաժանվենք անվստահ ու կասկածանքով, բայց խաղաղ, կյանքը՝ մեջներս, հեռանանք, դանդա՜ղ, անվստահ, միմյանց աչքերի մեջ նայելով ու անիծելով, սպանելով, երազելով այն ակնթարթը, երբ չենք նայի իրար աչքերի մեջ, շրջվելու պահը անիծելով ու օրհնելով, իրար դեմքերը մինչև կյանքի վերջ պահելով մեր աչքերի, հիշողության ու հոգու մեջ․․․
Աշոտ․․․
Ահմեդ․․․
Թույլ ժպիտ պատկերիր դեմքիդ, տղա, մարդ, որ եկել ես՝ ինքդ էլ չգիտես ուր, ինչի՞ համար։ Նկարիր հույս ու վստահություն, կասկածի մի թույլ երակ հոգումդ, մինչև շրջվես հեռանաս դաշտից ու տափարակից, այրված ծառերից ու թփերից, կորսված հաճույքների փլատակներից, մարդուց՝ քո նման, կյանքի հորձանքով, ափիբերան սիրով ու վերջին հույսերով՝ նմանի, դիմացինի հանդեպ։
Տե՛ս, ահա, հեռացնում եմ ձգանը սեղմող մատս, մարդ արարած, դանդաղ, աչքերիդ մեջ նայելով․․․ ես չեմ սպանի քեզ, ինչ էլ որ լինի, դու՛ ինձ սպանի, եթե կարող ես, այնքա՜ն ծանր է սպանելը, դու՛ ոչնչացրու ինձ ու հեռացիր հավերժությունից, ես չեմ հեռանում, ես կյանք եմ տալիս քեզ, ես այսպես, զգույշ հեռացնում եմ մատս, դու էլ հեռացրու, մի ենթարկվի հրամանին, դու հրաման կատարող չես, դու ազատ մարդ ես, քեզ ու ինձ խաբե՜լ են, եկ համերաշխության պայմանը կապենք՝ ես քեզ, դու ինձ, այլ ոչ՝ դու ինձ, ես քեզ, ու սպանենք միմյանց, խլենք ջերմությունը մեր սառչո՜ղ մարմինների․․․եկ երեխայի լացը սպանենք, կնոջ, մոր աղեկտուր ճիչը մարենք մեր հոգիներում, ողբն ու անհուսությունը խեղդենք մեր ներսում։
Եկ մոտենանք իրար այսպես, ժպիտը մեր ներսում, նայենք իրար աչքերի մեջ մի այլ հայացքով, մի այլ թարթումով, նայենք այնպես, որ աչքերի մեջ տեսնենք երեխային, մորն ու կնոջը, խինդն ու լայն ժպիտը
Ե՛տ, դանդաղ, աչքերի մեջ նայելով, հեռացնելով մատը ձգանից, ետ, ավելի ետ, ավելի ու ավելի, ե՜տ այդ տափարակից ու այրված դաշտերից, հոգու հողմերից։
Վերջին հայացք, վերջին հույս․․․
-Աշո՜տ,
-Ահմե՜դ,
Ետ, ավելի ու ավելի ետ․․․ որտեղից եկել ենք։
Շպրտի ինքնաձիգը, առաջ դեպի արևը, այգաբացը, երկինքն ու ապրելու հույսը։
-Ահմե՞դ։
-Աշո՞տ։