Շուշին` բակի բարձրահասակ թթենին, ծեր բակի ամենաջահել բնակիչներից էր: Տարիքով գուցե մեծ էր, բայց շատ մատղաշ էր երևում. կանաչ, պլպլան տերևներ ուներ, ծառաբունը պինդ էր` առողջ, ավյունով լի: Ջահել աղջկա թարմությամբ սվսվում էր անհոգ երանությամբ, ինչ-որ հեքիաթային շշունջներ տարածում չորսբոլորը:
Երևի անունը Շուշի էր, քանի որ բակի ամենաանհավանական տեղում` քարքարոտ ու անհող տեղում էր աճել` մի քառակուսի փոքրիկ ժայռակտորի վրա: Դեպի բակ իջնող երկար աստիճանաշարի հենց վերևում տեղ չէր ունեցել լայնատարած սփռվելու, որովհետև մի կողմում ավտոտնակի պատն էր, մյուս կողմում` քարե աստիճանները, և էդպես բոյով-բարալիկ բարձրացել էր, ու մարմինը ձգել վեր` դեպի երկինք:
Սև, բարակ պտուղներ էր տալիս ամեն տարի: Իր նման բոյով ու բարակ էին պտուղները, բայց անհավանական քաղցր ու հյութալի: Շուշին անհրապույր ու անխնամ բակի միակ կանաչ զարդն էր, տարին բոլոր կանաչին էր տալիս, խշշում ու շրշում` կենդանություն տալով իր անգույն ու անհրապույր միջավայրին:
Բակի տանտերը` Անդրանիկը, պնդում էր, որ ծառին Շուշի անունը իր` պատմության ուսուցչուհի լուսահոգի Աստղիկ տատն էր տվել: Թե ինչ էր մտածել ծառին Շուշի կոչելիս, ինչու էր այդպես կամեցել, Անդրանիկը դժվարանում էր բացատրել, քանի որ հետզհետե խամրող գիտակցության հետ տարիների ընթացքում հիշողությունն էլ էր խամրել: Խոսքի կեսից կորցնում էր ասելիքի թելն ու փոքրիկ երեխայի ձեռքում հայտնված կծիկի նման խճճում ու գզգզում պատմածը:
Անդրանիկն էլ Շուշիի նման նիհար ու բարձրահասակ էր, խավարած գիշերվա նման մութ աչքեր ուներ, ինչ-որ անհասկանալի ու անմեկնելի հիվանդությամբ էր տառապում: Ցերեկները միշտ քնում էր ու խուսափում մարդկանցից, գիշերներն արթնանում էր ու մինչև կեսօր սեփական տան պատշգամբից բարձրաձայն գոռգոռոցներով կռիվ տալիս աշխարհի, տարբեր մարդկանց ու իրերի հետ: Երբեմն ավելի խաղաղ էր լինում ու զիլ ձայնով երգեր էր երգում` պատշգամբից ուղիղ նայելով Շուշիին: Շուշին ուշադիր լսում էր Անդրանիկի սիրելի երգը` «Գոկո-Ջամբոն», ու կանաչ, պլպլան ժպիտներով շնորհակալ լինում էս աներգ ու անմեղեդի դարում իր շուրջը երգով լցնող տանտիրոջը: Գեղգեղում էր ու պլպլան ճյուղերով շոյում ավտոտնակի` վաղուց ծեփը թափած ու փոշու մեջ կորած պատի երեսը:
Անդրանիկը երբեմն էլ բավականին ագրեսիվ ու կռվարար էր դառնում ու ամբողջ գիշեր կռվում էր աներևույթ թշնամիների հետ, որոնք չգիտես ինչու հենց Շուշիի մոտ էին միշտ հանգրվանում, երբեմն էլ` տրամադրության բարձր պահերին, կատակախառն, բայց միշտ բարձր տոնով խոսում էր բակի մոտով անցնող-դարձողների հետ.
– Արա՛, Աշոտի՛ տղա, հերդ դեռ Կագեբե-ին գործ է տալի՞ս:
– Գագոյի տղա՛, ոտքդ լավացա՞վ: (Գագոյի տղան, որ արդեն 25 տարեկան էր, ինքն էլ էր արդեն մոռացել, որ հինգ տարեկանում ընկել է Շուշիի վրայից ու ջարդել ոտքը):
– Մերի ջան, էլի մազերդ Լոռեա՞լ ես ներկել:
– Լիլի ջան, էդ ինչքան ես սպիտակ ու գունատ, սև թութ կուտե՞ս, դուռը բացեմ, ներս գաս:
Երևանի հերթական ամառն էր` ինչպես միշտ մարդուն մինչև հոգու խորքը վիրավորող, անիմաստ շոգ: Այդ ամառ Շուշին խռովել էր աշխարհից ու տխուր կախել կիսաչորացած տերևները, ոչ մի դույլ ջուր, որ Անդրանիկը խնամքով բերում էր ու լցնում ծառաբնի վրա, չէր հագեցնում նրա ծարավը:
-Էս ծառը չի չորացել, ժողովո՛ւրդ, էս ծառի հոգին ու խիղճն են չորացել ձեր անտարբերությունից: Որովհետև դուք ձեր սաղ կյանքում մենակ քնել եք,- գոռում էր Անդրանիկը` ի լուր թաղի ու աշխարհի: Ու թաղը հերթական անգամ կատաղած վեր էր թռչում քնից, հառաչում անզորությունից:
Այդ ամառ Շուշին այդպես էլ պտուղ չտվեց, խռովեց իր բաժին երկնքից: Մի քանի անգույն, անհոտ ու անտեսք պտուղներ հայտնվեցին ծառի վրա, որոնք էլ շատ շուտ պոկվեցին ու թափվեցին գիշերային կատաղած քամիների ընթացքում:
Անդրանիկն էլ իր հերթին էր կատաղել ու փրփրել, սպառնալից գոռում էր ամբողջ գիշեր:
– Կրակում են, վեր կացեք, չեք տեսնու՞մ էսքան արյունը: Էս խեղճ ծառը հասկանում է, դուք չեք հասկանու՞մ: – Վե՛ր կացեք, ա՛յ անխիղճ դավաճաններ:
Թաղը գիշեր-ցերեկ հանգիստ չունեցավ ամբողջ ամառվա ընթացքում: Անդրանիկը չէր հանգստանում օր ու գիշեր, չէր խաղաղվում ոչ մի օր: Սպառնում էր բոլորին, կռիվ տալիս ու ճչում, որ եթե մարդիկ շարունակեն էդպես անխռով քնել, էն ծառը չորանալու է ու կտրվի քոքից:
Հարևանները հավաքվեցին և քանի որ Անդրանիկի մոտ հարազատները Ամերիկայում էին, հեռու բարեկամներին կանչեցին, հորդորեցին, որ հիվանդանոց տանեն, որ էսպես չի լինի, ոչ ցերեկը հանգիստ ունեն, ոչ գիշերը:
Մի քանի սրտացավ մարդիկ նույնիսկ բակ մտան, խոսեցին Անդրանիկի հետ: Ուշադիր լսեցին ու նույնիսկ խոստացան, որ կփակեն թվացյալ կրակոցներից քրքրված պատերի մեծ անցքերը: Մեկը նույնիսկ գիպս բերեց, ցույց տվեց, որ պատրաստ է վերանորոգել ծակծկված պատերը: Սա էլ չօգնեց: Հաջորդ գիշեր նորից նույն պատմությունը կրկնվեց: Ցերեկվա շոգին քնում էր, գիշերային հովին արթնանում, իջնում թաղի կենտրոնական փողոցի 24 ժամ աշխատող խանութից թթվասեր, բուլկիներ ու մածուն առնում, հեզ, համեստ դեմքով տուն գալիս: Հասնում պատշգամբին, կանգնում իր մշտական տեղում ու գազազած սկսում.
– Կրակում են նորից, պատերը քրքրվել են կրակոցներից, կռիվ է լինելու, այ անխիղճներ: -Ծառը որ ծառ է, չորանում է վշտից, դուք ըտեղ շնթռել եք հանգիստ: – Կրակում են, հա՛մ դրսից են կրակում, հա՛մ ներսից:
– Արա՛, քո «զարյադկեն» չի՞ նստում,- հերթական մի գիշեր մութը ճեղքեց Գիժ Արոյի գինովցած ձայնը, որն էլ իր հերթին ոչ պակաս թաղին դիվադադար անողներից էր:
Թաղը ձայն չհանեց, բայց մտքում հաստատ սաստեց Գժին, թաղը միշտ իրեն ճիշտ է պահում պատասխանատու պահերին, կարողանում է ճիշտ ժամանակին սաստել թաղի գժերին, և եթե հանկարծ ընտանիքում գործով են ընկնում ու բաց թողնում երեխաների դաստիարակությունը, թաղն է անմիջապես գործի անցնում:
– Ձենդ կամաց, տղա’ ջան, էս թաղում ժամանակին Անդրանիկի նման շախմատ խաղացող չկար: Երկու ինստիտուտ է գերազանցներով ավարտել: Մեկը` նույնիսկ Մոսկվայում: Մարդ է, դե հիմա հիվանդացել է, հո չենք տալու` սպանենք:
Սեպտեմբերի վերջն էր, երբ թաղում պայթեց պատերազմի լուրը: Գիշերային սև չղջիկի պես թևերը փռեց ու սևով պատվեց ամբողջ երկինքը: Թաղն էլ մթնեց. սև եկավ ամբողջ թաղի ու նաև ամբողջ երկրի վրա: Էս լուրից հետո թաղը երկու ամիս չլսեց Անդրանիկի ձայնը: Հիմա էլ դեռ պարզ չէ` Անդրանիկն էր կտրե՞լ ձայնը, թե՞ պատերազմի աղմկոտ ձայների մեջ էլ չէր լսում` ով ինչ է գոռում ու զառանցում: Երեք ամիս ուրիշ աղմուկներ էին դժժում թաղի ականջներում, թնդում ու խլացնում, և կրկին թաղը տնքում էր անզորությունից:
Թաղի մեծերը նորից բողոքում էին բարձր ճնշումներից ու գլխացավերից, բայց սովորականի նման էլ չէին բռնում պոլիկլինիկա տանող ճանապարհը: Ամաչում էին բժշկի գնալ. պատերազմ էր:
Մի քանիսն էլ հավաքվում էին Անդրանիկի տան պատերի տակ, որ լսեն` հիմա ինչ է գոռալու, ու ինչ մարգարեություն է սպասվում իրենց:
– Պատերազմն էնպիսի բան է, որ նույնիսկ գժերն են գժվում,- բակում փիլիսոփայում էր Գիժ Արոն ու անմիջապես սսկվում թաղի սաստող հայացքից:
Նոյեմբերի սկիզբն էր, ցուրտ էր ու սառնամանիք մարդկանց հոգիներում, ներսում ու դրսում, թաղի մեծերն էլ չէին հավաքվում թաղի կանաչ տաղավարում, մի տեսակ ամաչում էին թաղի գլխին սև կապած ժապավեններից: Ամաչում էին, որ իրենք կան, իսկ ջահել-ջիվան սիրուն տղերքը չկան:
Գիժ Արոն խոզերի առաջ մարգարիտներ սփռողի դեմքով առավոտ վաղ մենախոսում էր դատարկ բակի կենտրոնում.
– Պատերազմն էսօր, ճիշտ է, ավարտվեց, բայց դեռ պարզ չի, էս պատերազմը վերջացա՞վ, թե՞ դեռ նոր է սկսվում:
Հենց այդ պահին էր, որ պատահական անցորդներից մեկը նկատեց բունը կտրված ու գետնին տապալված Շուշիի կողքին անկենդան փռված Անդրանիկին: Նա մոխրագույն, կիսաթև շապիկով էր, սառած ձեռքերի մեջ սառած էր մնացել մի փոքրիկ սղոց: Սառած աչքերը նայում էին մեղավոր ու սևակնած երկնքին:
– Պատերազմը բոլորին էլ կտրում է իր հարազատ բներից` ծառ լինես, թե մարդ, դիմանալու չի,- բարձրաձայն մտածեց Գիժ Արոն ու ապուշի հայացքով սկսեց էս սուտ ու փուչ կյանքի իմաստները փնտրել ցուրտ ու պաղած օդերի մեջ:
…. Մի քանի տարի անց, երբ Անդրանիկն իր բաժին դրախտներում հրեշտակների համար երևի հերթական անգամ «Գոկո Ջամբոն» էր երգում, որովհետև դա հենց իր երգի ժամն էր, երբ հերթական գարունն էր երկրի վրա փորձում իր իրավունքների մեջ մտնել և իր գոլ տաքությունը տաք շալի պես փռել էր թաղի վրա, գարնան շնչով գուրգուրում ու մեղմ փաղաքշում էր թաղին, հանկարծ Շուշիի ամուր արմատների տակից մի կանաչող շիվ գլուխը դուրս հանեց օձապտույտ ծառաբնի խորքերից ու զարմացած սկսեց զննել շուրջը: Ապա հավաքեց ուժերը և իր կանաչ, կենարար ավիշը ուղարկեց շիվի վրա նոր հայտնված բողբոջիկներին.
– Շուշին կանաչելու է…