Աշոտ Նազարյան/Վակուում

1

Տղան քանի օր է` գալիս էր Բլուր: Ման էր գալիս արահետներով, կանգնում էր տապանաքարերի մոտ, կարդում էր տարեթվերը, հաշվում էր ապրած և չապրած տարիները: Այդ կերպ ծանրաբեռնում էր ուղեղը, որպեսզի հեռացներ անընդհատ ներս սողոսկող, ցավեցնող մտքերը: Հետո աչքը գցում էր սառը քարերից իրեն նայող դեմքերին և դադարեցնում էր մեխանիկական հաշվարկը:

Կինը չկար: Չկար կինը, որին նա, արդեն քանի օր է` փնտրում էր: Գալիս էր տարբեր ժամերի: Արդեն ներկա էր գտնվել մի քանի նոր հուղարկավորությունների: Կանանց լացն ու ճիչերը խառնվել էին նոր փորած ուղղանկյուններից բարձրացող թանձր փոշու հետ: Բլուրը թաթախված էր այդ փոշով: Անտանելի էր: Խեղդվում էր: Շնչել չէր կարողանում: Օդ չկար: Թոքերը թվում էր կպայթեն: Սիրտը թպրտում էր, ուղեղը աղաչում էր՝ շնչիր, օդ եմ ուզում:

Սևազգեստ կանայք երրորդ օրը սկսեցին ուշադրություն դարձնել երիտասարդին: Տարօրինակ էր պահվածքը: Մի քանի օր է՝ թվացյալ աննպատակությամբ դեգերում է ամբողջ տարածքով, մեկ-մեկ նստում է այն նստարաններին, որտեղ չկան մարդիկ, մի քիչ հանգստանում է և շարունակում իր քայլքը:

Բլուրի վերևի մասում ավելի քիչ այցելուներ կային: Որոշակի ժամերի չէիր հանդիպի նույնիսկ մեկ մարդու: Այնտեղ ավելի հանգիստ էր իրեն զգում՝ հեռու զարմացած ու հետաքրքրասեր աչքերից: Հերթով՝ մեկ առ մեկ, կանգ էր առնում բոլոր շիրիմների մոտ, նորից կարդում անունները, հաշվում տարիները:

Մի պահ զարմանքով հասկացավ, որ բազում անգամներ լինելով տարածքի սկզբնական հատվածում, չի բարձրացել Բլուրի այդ մասը: Միայն մեկ անգամ, վաղուց ընկերներով եկել էին Զորավար Անդրանիկի գերեզմանին, երբ նրա աճյունը Փարիզից տեղափոխեցին հայրենիք: 

Ձայնը, ձայնը… Ձայնը անընդհատ ականջի մեջ էր: Քամին ամենուր էր: Դրոշների ձայնը Բլուրի մշտական՝ հոգի կրծող ֆոնն էր, մերթընդմերթ խառնված քանդող մուրճի աղմուկին:

Բլուրի վերևի մասում ձայնը այլ էր: Այն ավելի հեռու էր ու խաղաղեցնող: Տղան նայեց Բլուրն ի վար: Ներքևից նորից թանձր փոշին էր ամպանման բարձրանում Բլուրի վրա: Նորից անելանելիության զգացողություն առաջացավ մոտը: Խճճվել էր այդ տարածքային և ժամանակային լաբիրինթոսի վեր ու վար խորխորատներում: 

Փակուղի է, – մտածեց: Իսկ ժամանակը կարծես թե հետ է հոսում: 

Բլուրի վերևի մասում հանգիստ էր զգում իրեն: Երեսուն տարիների խաղաղացած վիշտն էր միայն այնտեղ:

Դեպի ցած՝ ժամանակը կծկված, սեղմված զսպանակ էր, որը ցավալի հաճախականությամբ պայթում էր:

Իսկ էլ ավելի ներքևում՝ ժամանակը վեր էր ածվել քաոսի: Այն իր մեջ ներառել էր անասելի ցավը: Ժամանակը այնտեղ մի կետ էր՝ անգոյություն, անէություն:

Փոշին սկսեց ցրվել: Տղան իջավ ներքև: Նորից անցավ շիրիմների շարքերի միջով՝ աչքի տակով զննելով սևազգեստ կանանց: Կինը չկար:

2

Որերորդ օրն է՝ ուշ է տուն վերադառնում,- խորհում էր մայրը: Գուցե գնալուց առաջ հրաժեշտ է տալիս սիրած աղջկան,- ենթադրում էր: Իսկ կա՞ արդյոք այդ այդքան սպասված աղջիկը: Մայրը չգիտեր:

Քանի օր է՝ շորերը, կոշիկները փոշու մեջ թաթախված էր գալիս տուն: Ուշ էր գալիս: Անհասկանալի էր:

Առավոտյան մայրը հայտնաբերում էր կոկիկ դասավորված շորերը խունացած մանրահատակի վրա: Գետինը փոշոտ էր: Նույնը՝ նաև վարագույրերն ու անկողնու ծածկը: Տարօրինակ, անհասկանալի փոշի էր: Նույնիսկ հոտ ուներ:

Տխուր էր որդին: Մայրն էլ էր տխուր: Քանի տարի էր՝ ապրում էր Օրենբուրգում, աշխատում էր, ասում էր, որ գործերը գնալով լավանում են: Մայրը դա զգում էր նաև ուղարկվող գումարների հաճախականության ավելացմամբ: 

Հետո սկսվեց պատերազմը, և տղան հանկարծակի, առանց զգուշացնելու հայտնվեց տանը: Թե ինչպես էր եկել, տեղ հասել, չցանկացավ կիսվել, միայն ասաց, որ հեշտ չէր ճանապարհը, քանի որ համաճարակի հետ կապված մեծ խնդիրներ են եղել: 

Մոր սիրտը պոկվեց ու անկեց ինչ որ շատ-շատ ներքևներ: Դավաճան ուրախությունը, որ անընդհատ սողոսկում էր սիրտը, որ եթե որդին այստեղ լիներ, մյուս տղաների հետ անպայման կմեկներ մարտի դաշտ, բայց դե ինչ անես՝ խեղճ երեխան հեռուներում է, աշխարհի վրա մի մեծ փական է կախված՝ հնար չկա բացելու, միանգամից հօդս ցնդեց: 

Տղան տանն էր: Կարծես թե երբեք չէր էլ հեռացել: Սոված էր ու մտահոգ: Ասաց, որ միանգամից գնացել է զինկոմիսարիատ և կամավորագրվել: Ասել էին՝ գնա տուն, մենք կկանչենք: 

Տեղը չէր գտնում: Անընդհատ հեռախոսի մեջ էր, հետո հեռուստացույցով նայում էր ռազմաճակատից լուրերը: Դուրս էր գալիս: Ամեն դուրս գալուց մոր սիրտը նորից ազատ անկում էր ապրում, անմիջապես վազում էր որդու սենյակ և անզորացած ընկնում էր դռան կողքին դրված աթոռին՝ տեսնելով անկյունում դրված ճանապարհային ուսապարկը:

Երբ տղան վերադառնում էր տուն, մայրն անմիջապես իրար էր խառնվում, սեղան էր գցում, ինքն էլ էր միանում, որ որդու տրամադրությունը բարձրանա, մի քիչ հավեսով ուտի:

– Գարիկ ջան, ամբողջ օրը էդ նույն բաները լսելու փոխարեն ավելի լավ չի՞ նկարես, – ասում էր: Մոլբերտդ, ներկերդ, վրձիններդ ոնց թողել ես, էնպես էլ պահել եմ: Համ էլ նայի՝ պատերին ինչքան ազատ տեղ կա, – կատակի էր տալիս:

Երբ տղան մեկնեց Ռուսաստան, մայրն ամեն օր խոսում էր նկարների հետ՝ թվում էր, թե որդու հետ է զրուցում: 

Դեռ փոքր ժամանակներից սեր ուներ նկարելու, նաև քանդակում էր: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց գեղարվեստի ուսումնարան, ոգևորված էր սովորում, նոր ընկերներ ուներ, որոնք մորը մի քիչ տարօրինակ էին թվում: Հաճախ էին գալիս իրենց տուն, փակվում էին տղայի սենյակում, և մորը թվում էր, թե անընդհատ վիճում են: Ձայները կամաց-կամաց բարձրանում էին, լսվում էին տարբեր նկարիչների անուններ, քննարկվում էին նկարչության բնագավառում իրեն հայտնի և ոչ այնքան ուղղություններ՝ իմպրեսիոնիզմ, սուպրեմատիզմ, ֆուտուրիզմ… Ձայների պիկի վրա՝ մայրը բացում էր ծխախեղդ սենյակի դուռը և ասում՝ երեխեք ջան, դե, քննարկումները շարունակելու համար անցեք  դասարան՝ ճաշը սառեց:

Վաղուց այդ ընկերներից ոչ մեկին չէր տեսել: Երբ հարցնում էր տղային՝ խուսափողական պատասխաններ էր ստանում:

Տխուր, գորշ, ծանր օրեր էին: Մարդիկ խոսում էին միայն զոհերից: Խոսում էին այն մասին, որ հնարավոր չէ Հերացու փողոցով անցնել՝  մայթերն ու ճանապարհը լցված են տանջված տեսքով, չսափրված տղամարդկանցով: 

Քաղաքի վրա էր իջել վտանգի անվերջանալի զգացողությունը: Եվ ցավի ու անելանելիության ամպը:

Մայրը մտավ մթերային խանութ, գնեց որդու սիրած աղի պանիրն ու լավաշ: Գնաց դեպի մսի բաժին, և հանկարծակի ոտքերը սահեցին: Հազիվ մի ձեռքով բռնվեց սյան եզրից: Հայացքն ընկավ հատակին: Ամբողջ գետինը ծածկված էր հոգևարքի մեջ թպրտացող ձկներով:

– Ակվարիումը պայթեց, – ասաց խանութի ծանոթ վաճառողը՝ տեսնելով կնոջ սարսափահար հայացքը:

Մի կերպ դուրս եկավ խանութից, մոտեցավ մայթեզրին կուչուրած տարիքով կանանց: Լոլիկ, վարունգ, կանաչի միշտ նրանցից էր գնում: Լուռ արեց առևտուրը, խոսելու ցանկություն չկար:

Ամեն օր տուն գալով՝ տղան հարցնում էր՝ զանգ չի՞ եղել:

– Չէ, տղաս, – պատասխանում էր մայրը:

– Մամ, հո դուրս չես եկել խանութ, հարևան, բան:

– Մի 30 րոպեով գնացել եմ առևտուր անելու, էդ է եղել:

– Լավ էլի, մամ: Խնդրել էի, չէ՞, որ տնից դուրս չգաս, – նեղանում էր տղան: Ասել եմ, չէ՞, ինչ պետք է, ասա, ես կառնեմ, կբերեմ, դու մի չարչարվի:

Գարիկ ջան, ախր քո ձեռքի համարն էլ ես տվել, եթե անհրաժեշտություն լինի կգտնեն քեզ:

Այս խոսակցությունը տեղի էր ունենում ամեն օր:

Մայրը շտապեց տուն:

Այսօր, որ հարցնի, հերիք է, ճիշտը չեմ ասի, կասեմ, որ ամբողջ օրը տանն եմ եղել, – մտածեց մայրը:

Դուռը բացեց, պայուսակը վայր դրեց և զգաց, որ տան օդը փոխվել է: Վազեց որդու սենյակը: Անկյունը դատարկ էր: Ուսապարկը չկար: Դանդաղ՝ պատին քսվելով, իջավ հատակին և սարսափահար, լուռ, իր մեջ սկսեց գոռալ:

3

Մի քանի օր անց պատերազմն ավարտվեց: Պարտությունը լիակատար էր: Պարտվել էր երկիրը, պարտվել էր յուրաքանչյուրը: Մայրը իրարամերժ զգացմունքների շրջապտույտում էր: Որդին կենդանի էր: Վերադարձավ: Մայրը երջանիկ էր: Բայց այլևս ամեն ինչ փոխվել էր, և ամեն լավը հեռացել էր անդառնալի:

Միգուցե ե՞ս եմ փոխվել,- մտածում էր մայրը, իմ հայացքն ու միտքն են ամեն ինչ այլ կերպ ընկալում:

Տագնապի և ընկճախտի ալիքները ետ էին քաշվում, երբ որդին գալիս էր տուն:

Դավաճան միտքը, ինչքան էլ մայրը վաներ այն, նորից սողոսկում էր ուղեղի հեռավոր անկյուններից, ենթագիտակցության անհուններից և հատ-հատ, բառ առ բառ հարվածում էր գիտակցությանը: Փառք Աստծո, որ ավարտվեց: Որդիս վերադարձավ: Հետո ուրախությանը հետևում էր հուսահատության ալիքը՝ իսկ նրանք, ովքեր հետ չեկան, իսկ, իսկ…

Մեկ-մեկ տղան փակվում էր սենյակում, և մայրը լսում էր ռուսերեն ինչ-որ բառերի, նախադասությունների պատառիկներ:

– Հը՞, կարո՞ղ է շուտով տատիկ դարձնես, – կատակի էր տալիս մայրը:

– Չէ, այ մամ, – պատասխանում էր տղան, – ուղղակի ծանոթ աղջիկ է, միասին ենք աշխատում: Ինքը բնակարանների, անռանձնատների դիզայն-պրոյեկտներ է անում, ես էլ էդ ամենը իրագործում եմ:

«Ուրեմն լավ աղջիկ կլինի, – մտածում էր մայրը,-երկուսն էլ արվեստի մարդիկ են»:

Մայրը դեռևս հույս ուներ, որ որդին մի օր նորից կվերադառնա նկարչությանը, կզբաղվի այն գործով, որի համար երևի ինքը նրան աշխարհ էր բերել:

Մայրն իրեն էր մեղադրում: Հասկանում էր, որ որդին, տեսնելով, որ մայրը այլևս աշխատանք չունի ու ինքն էլ արվեստով չի կարողանում գումար վաստակել, թողեց նաև ուսուցչությունը և ընկերներից մեկի կանչով Օրենբուրգ մեկնեց:

4.

Փոշոտ-կեղտոտ օրերի վերջում ասաց․ «Մամ ջան, տոմս եմ գնել, պետք է գնամ»: Օրենբուրգից զանգեցին, ասեցին, որ լավ գործ կա, մեծ տուն է, զրոյից պետք է վերանորոգեմ:

– Շատ կտևի՞, տղաս, – հարցրեց մայրը, հույսով, որ պատասխանը կլինի՝ չէ, արագ կվերջացնեմ ու կվերադառնամ:

«Ախր, Գարիկ ջան, դու էլ ես մեծանում, ժամանակն է ամուսնանաս, ես էլ, քանի ձեռքով-ոտքով եմ, օգնեմ, թոռնիկներ մեծացնեմ»:

– Չէ, մամ ջան, երկար կտևի, շատ մեծ շինություն է: Եթե բախտս բերի, մոտակայքում կառուցվող տներ էլ կան, նրանց վերանորոգումն էլ միգուցե ինձ պատվիրեն:

– Լուրջ գումարների մասին է խոսքը, դու էլ պատրաստվիր, որ նորմալ բնակարան գնելուց հետո, տեղափոխվես ինձ մոտ, – ասաց տղան և զգաց, որ կոկորդը սեղմվեց:

Այդ ասելուց հետո, առանց լսելու մոր պատասխանը անցավ իր սենյակ՝ պատրվակով, որ ճամպրուկը պետք է հավաքի:

«Չէ, տղաս, – մտքում ասաց մայրը,- չեմ գա, չեմ ուզում: Ցանկություններ, հավես, ամեն ինչ գնացել է հեռու, շատ հեռու: Արդեն ինձ համար ուշ է, դու գնա, միգուցե կարողանաս հոգուդ մեջ առաջացած դատարկությունը լցնես իմաստով»:

Փաթաթվեցին, համբուրվեցին, և տղան դուրս եկավ: Մայրը բաժակով ջուրը ձեռքին կանգնած սպասում էր այն պահին, երբ տղան կթեքվի իրենց աստիճանավանդակից: Երբ ջուրը լցրեց ետևից, մտածեց, որ մի քիչ շտապեց: Տղան լսեց ջրի խշշոցը, ետ նայեց և ժպտալով տեսավ, թե ինչպես փոշեխառը ջրի կաթիլները, թռչկոտելով աստիճանների վրայով, հասան շալվարի փողքերին: 

«Ամեն անգամ նույնն է»,- մտքում տխուր ծիծաղեց:

5

Ներքևում հարևաններից մի քանիսը երևացին: Ինչպես միշտ կանգնած զրուցում էին, ծխում, որոշներն էլ՝ արևածաղկի սերմ չրթում:

– Էս ո՞ւր, Գարիկ ջան, նորից Ռուսաստա՞ն, – հարցրեցին:

– Լավ մնացեք, – ողջագուրվեց մոտիկների հետ ու նստեց պատվիրած տաքսին:

Զրուցելու տրամադրություն չուներ, այդ պատճառով տեղավորվեց մեքենայի ետևի մասում, ճամպրուկն էլ դնելով կողքը:

– Զվարթնոց, – կարճ ասեց, հետո ավելացրեց,- օդանավակայան:

– Հը, ախպերս, երևի Ռուսաստան ե՞ս գնում, – սկսեց վարորդը:,- դե ճիշտ էլ անում ես, ստեղ ի՞նչ կա: Ես էի, որ գյոզալական գործը թողեցի, հետ եկա, ասի՝ դե հայրենիք, բան, բայց դե, սաղ սուտ ա:

Տղան ցանկություն չուներ խոսելու, բայց որոշեց չնեղացնել վարորդին:

– Ի՞նչ էիր անում այնտեղ, – հարցրեց:

– Ախպերս, Բուտմանի մոտ ուդառնիկ էի: Կարգին գումար էի առնում, համերգներ, կլուբներ, սիմպատիչնի աղջիկներ, – սկսեց վարորդը:

Տղան մի քիչ զարմացած նայեց նրա չսափրված դեմքին, որսաց ֆոնային երաժշտության ելևէջները, որոնք որոշակիորեն Շանսոն ռադիոկայանի նվագադարանից էին:

– Իսկ ինչի՞ ես տաքսի վարում, – հարցրեց: Ինչքանով որ տեղյակ եմ, ջազը Երևանում բավականին սիրված է: Միգուցե Մալխասին դիմես:

– Էէէ, ախպերս, – սկսվեց մի երկար պատմություն, որն այլևս տղան չէր լսում և միայն մերթընդմերթ՝ տեսնելով, որ վարորդը հայելու մեջ իրեն է նայում, գլխով էր անում:

Երբ անցան Հաղթանակի կամրջով և Կոնյակի գործարանից թեքվեցին ձախ, տղան զգաց, որ մտքերը նորից խառնվեցին իրար:

«Չէ, մի փորձ էլ անեմ, էսպես չի լինի, մեկ էլ երբ գամ, բախտ կվիճակվի՞ հանդիպել, փորձել բացատրել», – մտածեց:

Թռիչքին դեռ բավականին ժամանակ կար:

– Եղբայր, մի հատ մտնենք Բլուր, նոր շարունակենք ճանապարհը, – դիմեց վարորդին:

Վարորդը հանկարծակիի եկավ, դադարեցրեց իր մենախոսությունը և կենտրոնացած տեսք ընդունեց:

«Երևի էնտեղ հարազատ կամ ընկեր ունի», – մտածեց, հետո բարձրաձայնեց․

  • Եթե հնարավոր ա, ոչ երկար, կլինի՞:

– Մի անհանգստացիր, – շտապով ասաց տղան, սպասելուդ ժամանակը կվճարեմ:

Վարորդը կուչուձիգ արեց․

– Չէ այ ախպեր, էդ մտքով չասացի, ուղղակի հետո պատվերի պետք է գնամ, – ստեց:

6

Մթնշաղը նոր էր սկսվում: Դեռևս լույս էր, բայց օդում լողում էին մթի առաջին ալիքները, որոնք թույլ փորձեր էին կատարում ամրապնդելու իրենց իրավունքները: Երկնքում չկար ամպի ոչ մի սպիտակ բիծ: Կապույտը գնալով ավելի ու ավելի խորն էր դառնում: Այստեղ և այնտեղ առկայծում, անհետտանում էին աստղերի փշուրները:

Ավտոկայանատեղիում մեքենաները շատ չէին: Երբ տաքսին սկսեց տեղավորվել՝ մի երկուսն էլ հեռացան՝ էլ ավելի շատ դատարկ տարածություն բացելով:

Բլուրը հանգիստ էր: Դրոշների հռնդյունն ու շառաչը վեր էր ածվել խուլ, կտրտվող հառաչանքի: Ի տարբերություն այն օրերի, երբ քամին թշնամու նման ամեն կողմից հարձակվում էր Բլուրի վրա, և թվում էր, թե դրոշների պաստառները կվերածվեն ահռելի մի առագաստի, կբարձրացնեն դեպի երկինք այդ նորօրյա տապանը, Բլուրի վրա իջել էր մի համատարած խաղաղություն:

Հույս չուներ, որ կտեսնի կնոջը, բայց չէր կարող հեռանալուց առաջ չգալ, հրաժեշտ չտալ Բլուրին: Աստիճաններով բարձրացավ, թեքվեց աջ, մի քիչ առաջ գնաց, որպեսզի կարողանա հայացքով ավելի մեծ տարածք ընդգրկել: Սպիտակ, մարմարե տապանաքարերի ֆոնին առանձնացան մի քանի սևազգեստ կանայք: Նրանցից երկուսի կողքին կանգնած էին ծխող տղամարդիկ: Նրանցից մեկը հետևում էր խնկամանի կրակին, որից թեթև ծխի հարցական էր բարձրանում: 

Տղայի սիրտը խփեց: Հեռվում, նստարանին, մի փոքր կորացած նստած էր կինը: Անվստահ քայլերով, երկու անգամ գնաց-եկավ վերևի արահետով: «Չէ, դե էսպես չի կարելի, մեքենան սպասում է», – ինքն իրեն սիրտ տվեց տղան և ուղղահայաց շավիղով իջավ ու թեքվեց դեպի ներքևի արահետը՝ հայտնվելով կնոջ տեսադաշտում: Մի քիչ կիսաթեքված կանգնեց ու երբ շրջվեց՝ ցնցվեց ներքուստ:

Կինը անթարթ հայացքով նայում էր իր վրա: Սիրտը նորից խփեց. Ինչ-որ հեռուներից, կարծես վերևից, լսեց՝ սկզբում ձայնը, հետո դանդաղորեն ձայնը վերածվեց բառերի, որոնք հասան գիտակցությանը: – Արի, մոտ արի:

Տատանվեց: Քրտնեց: Չգիտեր անելիքը:

– Արի, մոտեցիր, – ձայնը մեղմացավ: 

Գնաց ու կանգնեց կնոջ կողքին:

– Որ թեքվեցիր դեպի ներքև, արդեն հասկացա, թե ով ես, – տխուր ժպտաց կինը: Ճիշտն ասած, մտածում էի, որ գալու ես, որ հանդիպելու ենք: Մի քանի ծնողներ ասացին, որ մի տղա էն քաոսի ու փոշու օրերին ժամերով ման է եկել տարածքում: Մեկ ու մեջ մոտեցել է ծխող խնկամաններին ու խունկ լցրել: Սիրտս վկայեց, որ դու ես եղել:

– Չէի ուզում առանց հանդիպելու մեկնել, – ասաց տղան:

Կինը լուռ էր: Տղան մտածեց, որ երևի նա չլսեց:

– Գիտե՞ս, թե ինչի էի քեզ առանձնացնում այդ միադեմ շարքի մեջ, – հարցրեց կինը:

– Ո՞ր շարքի, – չհասկացավ տղան:

– Ձեր էդ բերետավորների շարքի, – ասաց կինը, – նայիր որդուս:

Տղան նայեց, հետո զարմացած սևեռվեց քարի վրայից իրեն ժպտացող զինվորականին: Հասկացավ, որ շատ է նման իրեն: Կամ էլ ինքն է նման նրան:

Դեռ ուսումնառության ժամանակ, հաճախ նկարչության ուսուցիչը առաջարկում էր փորձել անել ինքնանկար, որպեսզի բացի այն, որ զարգացներ ուսանողների մեջ հայելային այդ հնարքին տիրապետելը, նաև փորձում էր ներշնչել, որ ինքնանկարը թույլ է տալիս ստեղծագործողին զրուցել ինքն իր հետ, հասկանալ իր Եսը և հայտնաբերել իր մեջ այնպիսի գծեր, որոնց ներկայության մասին նկարիչը, նախկինում երբևիցե չի էլ կասկածել:

Քարի վրա դաջված նկարը հիշեցնում էր այդ ինքնանկարներից մեկը:

– Չէի կարող առանց ներողություն խնդրելու մեկնել, – կարկամելով ասաց տղան: Չէի կարող, – պնդեց:

– Ո՞ւր ես գնում, տղաս, – ավելի տխրեց կինը:

«Տղաս» բառը պարուրեց, տաք հոսանքով մտավ ներսը և շփոթեցրեց:

– Գնում եմ Օրենբուրգ, Ռուսաստան: Քանի տարի է՝ այնտեղ էի: Պատերազմը սկսվեց՝ եկա, անհանգիստ էի, մտածում էի, որ հենց իմ պակասն է ճակատում զգացվելու: Պատերազմն ավարտվեց՝ որոշեցի մնալ: Մտածեցի՝ մորս կողքին լինեմ, հայրենիքում լինեմ:

Տղան ինքն էլ զարմացավ, իրեն ոչ հատուկ շատախոսության վրա: Բառի ազդեցությունն է, երևի, – մտածեց, հետո շարունակեց: Տեղս չգտա, չեմ գտնում: Այնտեղ ամեն ինչ պարզ է: Օտար երկիր, աշխատում ես, դրա դիմաց գումար ես վաստակում, դե մեկ-մեկ խաբում են, բայց ամեն դեպքում մի բան ստացվում է, մորդ ես ուղարկում, հարազատներիդ ես օգնում:

– Իսկ էստեղի աշխատանքդ ո՞նց պիտի լինի, – հարցրեց կինը:

Տղայի դեմքը ստվերեց դառը ժպիտը: Նա շարունակեց:

Երբ կամավորագրվեցի, ամեն օր սպասում էի կանչի: Վատ լուրեր էին գալիս ճակատից, չգիտեի՝ հավատա՞մ, թե՞ չէ: Բայց աչքերիս ինչպե՞ս չհավատայի: Բլուրն՝ ամեն օր մեծանում էր, տարածվում: Ամեն օր գնում էի զինկոմիսարիատ: Ինձ նմաններ էլի կային: Տեսնելով, որ ոչինչ չի ստացվում՝ որոշեցինք ինքնուրույն մեկնել: Ամբողջ ճանապարհին հանդիպակած մեքենաների շարասյուններ էին հանդիպում: Խուճապ էր: Հասանք մինչև Կարմիր Շուկա: Մի քանի օրից պատերազմն ավարտվեց:

– Զգում էի, որ բնավորությամբ էլ ես նման տղայիս, – ասաց կինը: Ուրեմն դու էլ ես, տղաս, ճակատագրի էդ դառը մրուրից խմել: Մինչև հիմա ականջիս մեջ է ձայնդ, որ շտապ-շտապ շշնջում էիր․ «Մերս, մի վախեցիր, հանգիստ եղիր, հիմա քեզ զգույշ կնստացնեմ մեքենա»: Ու մեկ էլ, որ գոռացիր մյուս կողմից ինձ գրկած տղայի վրա․ «Արա, զգույշ, հանկարծ չցավացնես»: 

Տղան զարմացավ: Իրեն թվացել էր, թե այդ թոհուբոհի մեջ կինը նույնիսկ չի լսել իր խոսքերը:

– Երբ պատերազմից վերադարձա, շատ էի ընկճված, – շարունակեց տղան: Մայրս, տեսնում էի, որ երջանիկ է, դա ինձ ուժ էր տալիս: Ծանոթներիցս մեկը առաջարկեց աշխատանքի անցնել այդ ծառայությունում․ «Տեսքով, բոյով-բուսով տղա ես, համ էլ՝ կռված, – ասեց,- հաստատ քեզ կվերցնեն: Աշխատավարձը բարձր է, պարգևավճարներ էլ են լինում, ասեմ, թե ծառայությունն էլ ծանր է՝ սուտ կլինի»: Մտածեցի՝ մայրս մեղք է, վերջապես հիպոթեքով նորակառույցում բնակարան կգնեմ, մերը փոքր է՝ անհարմար:

Տղան նկատեց, որ կինը ուշադիր լսում է իր արտաբերած յուրաքանչյուր բառը:

– Ես նման դեպքերում միշտ կողմ էի քաշվում, – ասաց տղան,- ծառայակիցներս նկատում էին, որ ակտիվություն չեմ ցուցաբերում, բայց քանի որ ակտիվների պակաս չէր զգացվում՝ իմ գլուխ պահելը շատ նկատելի չէր: Իսկ գիտե՞ք, ինչի ես վազեցի ձեր կողմը, երբ հասկացա, թե ինչ է կատարվելու: Վազեցի, որովհետև գիտեի, որ ոչինչ հաշվի չի առնվելու՝ ոչ տարիք, ոչ սեռ: Գիտեի, որ ցավ են պատճառելու:

– Էդ հատուկ վերաբերմունքը որտեղի՞ց է իմ նկատմամբ, – ժպտաց կինը:

Տղան մի պահ լռեց, աչքերում ծիծաղ առկայծեց: – Դե ես ձեզ լավ ճանաչում եմ:

– Որտեղի՞ց, – զարմացավ կինը:

– Յութուբից, – ժպտաց տղան,- Ձեր ելույթները շատ եմ լսել: Երբ մի քանի օր չէիք երևում, անհանգստանում էի: Մայրս քչախոս է, շատ է զուսպ: Իսկ տատիկս շատ խոսքաշեն էր: Ձեզ նման: Մի աչքով լալիս էր, մյուսով ծիծաղում: Գիտե՞ք ինչքան եմ ծիծաղել, տարբեր մարդկանց ձեր տված բնութագրումների վրա: Միշտ զարմացել եմ, թե նման վշտի մեջ, ինչպե՞ս է հնարավոր չկորցնել ոգու ուժը:

– Էհ տղաս, դու ինձ պետք է ճանաչեիր ու լսեիր, երբ չկար էս արհավիրքը ու թվում էր, թե առջևում միայն լավն է ու բարին, ու կյանքն էլ լինելու է երկար ու երջանիկ:

– Ճիշտն ասած, երբ առավոտ շուտ նստեցինք ավտոբուսներն ու շարժվեցինք դեպի Բլուր, արդեն գիտեի, թե ինչի համար են մեզ բերում: Մտածում էի, որ գոնե այնքան շատ կլինեք, որ չեն համարձակվի մեկուսացնելու հրաման տալ: Բայց շատ քիչ էիք: Ախր ինչի՞ էիք այդքան քիչ:

Կինը լուռ նայեց տղային: Խոսքերը ցավ պատճառեցին:

– Տղաս, դու երիտասարդ ես, չես հիշի: Բայց առաջին պատերազմի մասին շատ բաներ լսած կլինես: Տարիների ընթացքում այդ հերոսամարտերը և հերոսները դարձան լեգենդներ ու թվում էր, թե սկիզբն են դառնալու մի նոր հայկական էպոսի: Իմ զավակն էլ մեծացել է այդ պատմություններով: Բայց դու գիտե՞ս, որ մեր ժողովրդի մի փոքրիկ մասնիկն է կռվել այդ պատերազմում: Շատ փոքրիկ… Նույնն էլ այստեղ է: Բազմաթիվ ծնողներ, չեն կարողանում դուրս գալ վշտի բեռի տակից և պայքարելու մի փոքրիկ ուժ գտնել իրենց մեջ: Կոտրված են, ջարդված: Շատերը վախենում են: Ինչի՞ց՝ չգիտեմ: Մյուսները, – կինը չավարտելով խոսքը, ձեռքը թափ տվեց:

– Ասացիր, գնում ես Ռուսաստան, չեմ հիշում քաղաքի անունը, – շարունակեց կինը:

– Օրենբուրգ, – ցրված ավելացրեց տղան:

– Հաա, Օրենբուրգ, – երկարացրեց կինը: Իսկ աշխատանքի տեղից թույլատրո՞ւմ են:

– Չկա էլ էդ աշխատանքը, – քմծիծաղ տվեց տղան: Դա իմը չի: Չեմ կարողանում համակերպվել։ Դիմում գրեցի: Համոզում էին, թե ավելի լավ է լինելու, ասացի՝ չէ, թող լավ լինի մնացողների համար, սա իմը չէ: Թշնամուն դեմ դիմաց կանգնած, ամեն ինչ պարզ է՝ կամ դու, կամ քեզ: Բայց անհաղորդ դեմքով կանգնել, ինչպես անշունչ մի պատ, քո հայրենակիցների լուտանքներին ու ատելությանը դեմ հանդիման, երբ մեջդ ամեն ինչ փոթորկվում է, բայց ոչինչ անել չես կարող… Մի խոսքով՝ իմը չի:

Կինը շփոթված էր: Արդեն մութ էր: Հեռվից երևաց ինչ-որ շարժում:

– Տղաս, ոնց որ քեզ են նշան տալիս, – ասաց կինը:

– Շուտով կմոտենամ, – ձեռքով ազդանշան տվեց վարորդին:

Կինը չգիտեր ինչ ասել: Մի վերջին, անհույս փորձն արեց:

– Էդքան ջահել աղջիկներ մենակ են մնալու, ախր ո՞նց կլինի, ափսոս չե՞ն: Մի լավ աղջիկ գտի, ամուսնացի: Որ քեզ նման տղաները հեռանան, էս Բլուրը էլ պաշտպանող էլ չի մնա: 

Վարորդը նորից անհանգիստ շարժումներ արեց:

– Լավ, տղաս, գնա, չուշանաս, – ասաց կինը:

– Արդեն ուշ է, – ասաց տղան: Գնանք միասին, ձեզ հասցնեմ տուն ու ես շարունակեմ: Անհանգստանալ պետք չի, չեմ ուշանում:

– Չէ տղաս, ես դեռ կմնամ, ո՞ւր գնամ, ինձ համար դեռ շուտ է, – ասաց կինը: Դու էլ մի անհանգստացիր, մի քիչ քո մասին կզրուցեմ որդուս հետ, հետո կգնամ: Մենակ չեմ, դեռ շատերն են այստեղ:

– Մայրիկ, ներող, – փարվեց կնոջը տղան:

– Աստված քեզ պահապան, տղաս, – կնոջ ձայնը դողաց:

Տղան շրթունքներին աղահամ զգաց: Չհասկացավ՝ իր արցունքներն էին, թե՞ կնոջ:

7

Մինչև օդանավակայան վարորդը լուռ էր: Կայանատեղիում ասաց․ «Կներես, ախպերս, որ շտապեցրեցի, անհանգստացա, որ կուշանաս: Դե, քո գործերին հաջողություն: Բարի ճանապարհ»: 

Բլուրից հետո տարօրինակ թվաց օդանավակայանի փայլն ու գունագեղությունը:

«Հետաքրքիր է, – մտածեց տղան, թե ինչպես են կողք կողքի, ձեռք ձեռքի գոյակցում վիշտն ու ուրախությունը, թշվառությունն ու շքեղությունը, լույսն ու ստվերը: Սկսում եմ պրիմիտիվանալ», – քմծիծաղ տվեց տղան: Համեմատությունը հիշեցրեց նկարչության ուսուցչին: Ափսոս, չհանդիպեց նրան: Երևի, նույն ջանասիրությամբ շարունակում է ուսանողներին սովորեցնել լույսի ու ստվերի ֆենոմենը, գունային երանգների բազմազանության համադրությունը, տարածական մտածողության կարևորությունը և որ յուրքանաչյուր գործի մեջ ամենակարևորն է՝ մտքի և նպատակի առկայությունը:

Նայեց լրատվական էկրանին, գտավ իր չվերթը:

Հանկարծակիի եկավ մոտիկից հնչած բարձր ձայնից:

– Հընգեր ջան, էս դու ե՞ս, գիտես չէ՞, ահագին ժամանակ քեզ էի ման գալիս:

Լաքած, սև կոշիկները հայելու նման արձագանքում էին օդանավակայանի լույսերին: Տղան հայացքը ներքին տհաճությամբ բարձրացրեց: Արդեն գիտեր՝ ով է:

– Ուրեմս, հընգեր ջան, իրար հետ ենք թռնում: Էս ի՞նչ լավ ստացվեց, – ասաց տղամարդը: Էս բագաժ չունե՞ս: Դե լավ ա: Իմը, դե տենում ես: Ինչքան ասի՝ քիչ տանեմ, էլի էրկու ծելեժկա բռնեց: Դե կնիգ, էրեխա, սիրած, – աչքով արեց,-անունդ մոռացել եմ, հընգեր, մի հատ նորից բաշխի:

– Գարիկ:

– Հաա, վայ, ո՞նց էր մտքիցս թռել: Գարիկ, բա ոնց, Գարիկ ջան: Դե մեկ ա վեշ չունես, կլինի չէ՞ իմի մի մասը քո վրա աֆորմիտ անենք:

– Կլինի, – անհույս ուսերը վեր թոթվեց տղան:

Իհարկե, շատ լավ հիշում էր տղամարդուն: Բավականին մեծ գործ էր: Ընկերուհին արել էր ինտերիերի դիզայնը, ինքն էլ իրականացնում էր վերանորոգման աշխատանքները, ծավալը մեծ էր: Այդ պատճառով ինքը հավաքեց վարպետների խումբ, որպեսզի հնարավոր լինի ժամանակի մեջ տեղավորվել: Եթե փոքր բնակարաններ էին լինում՝ մենակ էր աշխատում:

Տղամարդու հետ կապված հիշողությունները լավը չէին: Ամեն ինչից դժգոհում էր: Ընկերուհու հոգին կերավ, արցունքների էր հասցնում: Սա փոխի, սա լավ չի: Խեղճը, ամեն ինչ նորից էր նկարում, հետո միասին հաշվարկներ էին անում, արդեն արածը քանդում և նորից սկսում: Մի կերպ ավարտեց: Տղամարդը բավականին մեծ գումար չէր վճարել: Երբ տղան շինանյութի գումարի պահանջ էր ներկայացնում, տղամարդը միշտ ավելի պակաս էր վճարում: Նույնը տեղի էր ունենում և աշխատանքի վարձի հետ: Պարտքի գումարը գնալով մեծանում էր: «Դե լավ, – մտածում էր տղան,- մարդ է, ասում է՝ գործերը լավ չեն գնում, մեկ է, վերջում կտա: Մի կերպ՝ իր գրպանի գումարներով՝ տալիս էր բանվորների աշխատավարձը և աղջկա հոնորարը:

Տղամարդու գործերը այդպես էլ չլավացան: Վերջին օրը տհաճ խոսակցություն ունեցան: Մի կերպ պոկեց այնքան գումար, որպեսզի վերջնավճար տա աղջկան ու վարպետներին: Իրեն համարյա բան չմնաց: 

– Գարիկ ջան, պասպորտդ տուր, – լսեց տղամարդու ձայնը:

Անձնագիրը լուռ մեկնեց նրան:

– Իյա,- զարմացավ տղամարդը, – էսքան ժամանակ գրաժդանստվայի հարց չես լուծե՞լ: Լավ, էդ թեմայով հետո կխոսենք:

Ուղեբեռի ձևակերպումն ավարտվեց: Մի քիչ հեռացան և լսեցին բարձրախոսի ձայնը: Չվերթը երկու ժամով հետաձգվում էր:

– Էէէ, հընգեր ջան, մեր բախտը մեր հետ ա, – գլուխը քորեց տղամարդը: Ոչինչ, գնանք ռեստորան, մի-մի կոֆե խմենք, համ էլ կխոսենք: Ասի, չէ՞, որ քեզ էի ման գալիս, թեմա կա քո հետ կապված:

Նստեցին: Մատուցողը մոտեցավ:

– Գարիկ ջան, վայթե ես ինձ ուտելու բան էլ վերցնեմ, ոնց որ թե սովածացա: Դո՞ւ:

– Ոչինչ պետք չէ, – ասաց տղան և հետ դառնալով՝ դիմեց մատուցողին, – եթե դժվար չէ, մի հատ սև սուրճ: Դառը:

Մատուցողը գլխով արեց և հեռացավ:

– Մի բան վերցնեիր, հընգերս, երկար ենք թռնելու, մատուցողի հետևից նայելով ձգեց տղամարդը: Դե լավ, ոնց կուզես: Գիտեմ, որ մի քիչ լավ չբաժանվեցինք: Դե դու քո ճիշտն ունես, ես՝ իմ: Բայց դե ես էլ քեզ քիչ գումար չտվեցի, հը՞, – ժպտաց տղամարդը:

Տղան լուռ էր:

– Բայց Գարիկ ջան, ես քեզանից շատ գոհ եմ, – շտապեց տղամարդը: Ամեն ինչ եղավ, ոնց որ պետքն ա: Դրա համար էլ քեզ նոր առաջարկություն ունեմ: Մի նոր գործ ունեմ քեզ համար, շատ ավելի մեծ: 

– Դե տեսնում ես Ռուսաստանի վիճակը, – շարունակեց տղամարդը, – չգիտենք, թե վաղն ինչ կլնի: Ամեն ինչի մասին պետք ա ժամանակին մտածել: Դե դու գիտես, որ ես Ղազախստանում էլ բիզնես ունեմ:

Տղան գլխով արեց: Հիշեց, որ տղամարդը մեկ-մեկ երկար ժամանակով անհետանում էր: Հետո ասում էր, որ գործերով մեկնել էր հարևան հանրապետություն:

– Մի խոսքով, որոշեցի էնտեղ էլ տուն առնեմ, էնտեղ էլ տնավորվեմ: Չգիտես վաղն ինչ կլնի, – նորից կրկնեց:

– Դե մեր ազգի ճակատագիրն ա: Ուր գնում ենք, մի կեղտի մեջ ընկնում ենք, գլուխներս առնում ու թռնում:

– Համ էլ, – աչքով արեց, – էնտեղ էլ ընկերուհի-բան կա, դե հասկանում ես, երեխա-բան: Մի խոսքով, հույսս դու ես: Պետք ա գաս, իրար հետ գնանք, տունը նայես, հաշիվ անես ու ասես, թե ինչ կնստի: Էն սիրունիկ ընկերուհուդ էլ կվերցնես, պետք ա դիզայն էլ արվի, չէ՞: Թե ինքը լավ ընկերուհի էլ ունի, – աչքով արեց, – իրեն էլ կվերցնենք: Ծախսն իմ վրա, չմտածես: 

– Իսկ եթե Ղազախստանում էլ իրավիճակը վատանա, – հարցրեց տղան, – ի՞նչ ես անելու:

– Հընգեր, բա Հայաստանն էլ ընչի՞ համար ա, – զարմացավ տղամարդը: Զապասնոյ աէրոդրոմ թողել եմ, հո հիմա՞ր չեմ:

Չէ, իհարկե հիմար չես: Հիմարը ո՞նց կարող էր էդքան տուն-տեղ դնել, – մտածեց տղան:

Մատուցողը ամեն ինչ շարեց սեղանի վրա ու հեռացավ:

Տղամարդն անցավ ուտելուն:

– Կոֆեդ կսառի, հընգերս, խմի:

Տղան վեր կացավ:

– Իյա, էդ ո՞ւր, – զարմացած հայացքով տղամարդը նայեց վրան:

– Ծխել եմ ուզում, դուրս գամ, ծխեմ, – պատասխանեց տղան:

– Կոֆեդ կսառի ախր:

– Ոչինչ, սառն եմ սիրում, – ձգեց տղան՝ հեռանալով:

– Դե նայի, – յուղոտ շուրթերով ծամեց տղամարդը:

8

Դրսում լավ զգաց իրեն, լիաթոք շունչ քաշեց:

Մի կերպ ազատվեց վրան հարձակված տաքսիստների պարսից: – Ախպեր, ո՞ւր ես գնում, ասա, նորմալ թվով տեղ հասցնեմ:

Քայլեց դեպի օդանավակայանից դուրս եկող ճանապարհը: Ուղեղի մշուշը սկսեց ցրվել: Մտքերը հանդարտվեցին: Քայլեց ճանապարհի եզրով անցնող մեքենաների վարորդների զարմացական հայացքների ներքո:

Երբ արդեն մոտենում էր Էջմիածնյան խճուղու խաչմերուկին, կողքը մեքենա արգելակեց: Լսվեց իջնող ապակու խզզոցը:

– Ախպերս, նստի, էս ո՞ւր, – լսեց ծանոթ ձայնը: Նայեց: Տաքսիստն էր: Հետևի նստատեղին նստած էր ռուս զույգը:

– Բայց դու ոնց որ հակառակ կողմ պետք է գնաս, – փորձեց կատակել վարորդը: 

– Թռիչքը մի քանի ժամով ուշանում է, – պատասխանեց տղան:

-Դե ո՞ւր ես գնում, նստի տանեմ, – պնդեց վարորդը, – մի մտածի, գումար պետք չի,- ավելացրեց:

– Շնորհակալ եմ, բայց ուզում եմ թռիչքից առաջ մի քիչ քայլեմ, – ասաց տղան:

– Դե քեզ հաջողություն, ախպերս: Լավ, կարգին տղա ես, – չդիմացավ վարորդը, – ավել-պակասը ներող:

Մեքենան անհետացավ ոլորանի ետևում:

Տղան վերջապես հասավ խաչմերուկին: Նայեց ձախ, նայեց ետ՝ դեպի օդանավակայան, հետո թեքվեց աջ և հանդարտ քայլերով գնաց քաղաքին ընդառաջ:

Please follow and like us: