ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ/ՆՈՐ ՀԱՐՍԸ

Խաղաղությունը վերահաստատված էր, և թունդ ելած սիրտերը սկսած էին հանդարտիլ. գյուղը գրեթե մոռցած մոլեգնության և ոճիրի օրերը, կստանար հետզհետե իր սովորական երևույթը:

Նույնիսկ անոնք, որ դեռ բանտարկյալներ և աքսորյալներ ունեին հեռավոր զնտաններու և բերդաքաղաքներու մեջ՝ ամոքված էին իրենց մտահոգություններեն, ինչպես շատերը՝ անոնք ալ անշուշտ պիտի վերադառնային և տարին չբոլորված՝ պիտի մոռնային բոլորովին կարմիր մղձավանջը: Եթե երբեմն անպատիժ մնացած ոճրագործներ անդրադառնային իրենց արարքներուն, զարհուրանքով կզարմանային և կմղվեին հավատալու, թե չար դև մը այդ օրերուն իրենց ականջները խուլ և աչքերը կույր դարձուցած էր, որովհետև չէ՞ որ այդ օրերեն առաջ դրացի օտար ցեղին հետ քույր-եղբոր պես էին, մեկ ամանե կուտեին, մեկ գավաթե կխմեին և իրենցմե շատերուն համար աղի, հացի հախ կար մեջերնին… Բայց այդ գիտակցության րոպեները արագ և կարճատ էին, և անմիջապես ամեն մտածում կշփոթվեր տարտամության մը մեջ: Թալանված գույքերը խլացուցած էին այնքան կատարելապես, որ այլևս իրենց միտքեն իսկ չէր անցներ որոշել, թե որն իրենցն Էր, որը հուրի և սուրի միջոցով ստացված: Կիները կըզարդարվեին սպանված հայ կիներու զարդարանքներով, կիսամեռ աղջիկներու թևերեն խլված ապարանջաններով, ոսկեշար մանյակներ կպճնեին իրենց թևերը և կուրծքը, ասդին անդին կպսպղար նույնիսկ սրբատեղիներու անոթներեն գողցված հակինթներու արենագույն կայլակը և զմրուխտներու կանաչագեղ շողյունը:

Մոռցած Էին նաև ավերակները, չնայելով, որ մոխիրներու դաշտ մը կտարածվեր գյուղին կողքին, անբուժելի և ամոթալի վերքի մը պես, մոռցած էին, թե եղեր Էր օր մը, որ իրենց ձեռքերով կրակ ձգած էին այդ շեն թաղերուն, այդ խաղաղ բոյներուն և մոլեգնած հրեշներու պես խոյացեր էին դրացի միլլեթին վրա. զիրար խրախուսած, զիրար գերազանցած էին վայրագ եռանդի մը մեջ ու գինովցած թափված արյունեն, շլացած կողոպուտներեն, սրտերնին ցամքեր էր մարդկային զգացումներու համար։

Բայց այսօր այլևս մարդիկ կմերժեին և կուրանային իրենց ձեռքերուն գործած ավերները. խաղաղությունը վերահաստատված էր և զուլումը կհեռանար, կկորսվեր անցյալի մշուշներուն մեջ, ու թալանով հափրացած գյուղը սկսած էր մտահոգ ըլլալ վաղվան համար, պատճառով էր, որ ոճրապարտ ձեռքերը արդեն կսկսեին մոտենալ բահի ու բրիչի:

Այն առավոտուն Սելիմեն արթնացավ իր քունեն երկունքի ցավերով. արշալույսին արդեն ամուսինը մեկնած էին դաշտային աշխատություններու համար. մինակ էր և անհաղթելի տխրություն մը ստվեր կձգեր իր մոտավոր մայրության վրա: Ոտքի ելավ և երդիկին վրայեն նայեցավ շուրջը. բամբակի հունձքը հասած ըլլալով` գյուղին բոլոր աղջիկները և կիները մոտակա արտերը գացած էին աշխատելու համար: Ամեն կողմ անշարժ լռություն կտիրեր: Երկնակամարին վրա արևը կբարձրանար իր հեղեղ ճառագայթները սփռելով շուրջը. Սելիմեն շլացավ և աչքերը գոցեց. ծունկները կծալվեին և անսահման տկարություն մը կջլատեր զինքը. իր կացության հատուկ տենդագին ջղագրգռությամբ անդրադարձավ իր վիճակին. բախտ կար իր վրա, տգեղցած ու նիհարցած էր։ Հինայած մազերը, որոնք ծովի պես առատ ու վետվետուն Էին կռնակին վրա` թափած ու սպառած էին գրեթե, երեսին կարմիրները գետինը կկաթեին… Ո՞ւր անհետացեր էին անոնք… Ի՞նչ եղած էր իր նայվածքին բացը, իր հուժկու և մսեղ գեղջկուհիի եռանդը, թևերը թույլ, սրունքները դողուն, իր նախորդ անձին շուքն էր մնացեր… Որուն անեծքը կար իր վրա… Երկունքի վերադարձող ցավեր պահ մը գալարեցին զինքը… ուզեց աղաղակել, բայց շուրջի լռությունը զինքը կասեցուց, սպասեց, որ ցավը անցնի ու կառչելով խարխուլ ձողերու, դժվար իջավ երդիքեն վար:

Սելիմեն նոր հարս էր. դեպքերեն քիչ առաջ ամուսնացած էր գյուղին ամենեն կտրիճ և ամենեն անվեհեր երիտասարդին հետ: Կռվի օրերուն անիկա կռված էր վագրի պես. անոր քաջության համբավը հեշտագին սարսափ մը պատճառած էր իրեն և սրտատրոփ սպասած էր անոր վերադարձին:

Ինչպես շատերը՝ իր ամուսինն ալ դարձեր էր թալանով բեռնավորված, շենցեր ու հարստացեր էին. իսլամի արժանի գեղեցիկ առարկաներով լեցվեր էր իրենց խեղճուկ հյուղակը, ոտքերնին գետինը չէր հասներ, որովհետև հողը ծածկված էր գունագեղ կարպետներով: Ու Սելիմեն զգացած էր նաև, որ իր ամուսինին սերը կռվե դարձին կրակի պես սաստիկ եղած էր։ Հովեն արծարծված բոցի պես հնքոտ անհամբերություն մը ու տենդագին եռանդ մը կգերագրգռեր զինքը, ինչպես թե մահը եկած կեցած ըլլար հյուղակին սեմին վրա…

Սելիմեն նախ հպարտացած էր իր ամուսինով, հետո սարսափած էր անկե. անբացատրելի զգացում մը օրը օրին կսթափացներ իր սիրտը։ Գիշերներու մեջ անոր շնչատ ու ահռելի մղձավանջներով խանգարված քունին վրա կհսկեր չարիքը, տարտամ ու վայրագ ախորժակներ կարթնանային իր մեջը, անոր փայփայանքներեն նվաճված մարմինը կըմբոստանար ու իր զգացած նողկանքը կխենթացներ զինքը, թշնամական կգտնվեր անոր հրայրքը, որովհետև երբեմն ամուսինին խայթող համբույրներուն ընդմիջեն կլսեր նախատինք ու հայհոյություն, և անոր սևեռած բիբը, գիշատիչի անողոք բիբը կհիանար իր վրա, ինչպես ինկած ըլլալու էր այն օրերուն արյունոտած զոհերուն վրա:

Ցուրտ քրտինք մը պատեց Սելիմեի մարմինը և ուզեց մտքեն վանել այս խորթ զգացումները: Հղիությունը տաժանելի և ցավագին եղած Էր, զավակ չէր, որ ուներ իր կողերուն մեջ, այլ անեծք… Կարծես անհամար արյունարբու ժանիքներ կըբզկտեին զինքը. երբ երկունքի ընդհատ ցավերը կբռնեին, կուզեր փախչիլ, ինչպես մղձավանջե մը, արագ֊արագ կպտըտեր հյուղակին նեղ միջանցքին մեջ, մինչև որ ուժասպառ իյնար գետին… Երբեմն կուգար խըրճիթին սեմին վրա կնայեր դուրսը արևով ողողված գյուղին, ինչպես օրը երկար Էր… Դեռ ուշ պիտի վերադառնային արտերեն. կարծես երկինք ու երկիր անշարժացեր էին հրեղեն ջերմության մը մեջ. օդը դժվար կշնչվեր, աչքերը կպըղտորվեին ու թմրության մասնավոր վիճակ մը կսքողեր ու կհեռացներ իրականությունը երիտասարդ կնոջը հասկացողութենեն:

Շփոթ և պատասխանատու հիշատակներ կվերադառնային իր հիվանդագին մտքին: Կտեսներ իր ամուսինը կիրքի ու գինովության գիշերներու մեջ, երբ կհարկադրեր զինքը պճնվիլ անիծյալ ջարդարանքներով, մեռելի պես տժգույն ինքը կհպատակեր անոր քմահաճույքներուն, բայց միշտ հուսահատական ճիգով մը մերժած էր նոր հարսի ապարոշ մը… Հազարավորներու թափած արյուններուն մեջ այդ մեկ մատղաշ կնոջ արյունը զինքը տանջած էր դժոխքի զրահներու պես…

-Ալլահը վկա,- կգոչեր ամուսինը,- լույսի պես գեղեցիկ էր ու քեզի համար սպանեցի զայն, որովհետև ցանկացի իր զարդերով քեզ զարդարել…

է սկիզբները ծանր և ճնշիչ տխրությունը մը զգացեր էր, այդ գոհարեղենը տեսնելով, կարծես՝ սպանված նոր հարսի ոգին կուգար և կկանգներ իր կյանքի շավիղին վրա. երբեմն զայն կտեսներ տոնական օրերու մեջ, լաչակին շուքին տակ սքողած իր ամաչկոտ ճակատը, սև լայնաբիբ աչքեր մանկական զվարթությունով մը կխնդային, շրթներուն վրա լույս կխաղար ժպիտին հետ…

Երբեմն ալ կերևար ան իրեն զարհուրանքով այլակերպված, ոճրագործի բիրտ ձեռք մը անոր դիակնային ճակատեն կխլեր նոր հարսի զարդարանքը, բոցեր կպարեին հորիզոնին վրա, անհաշտ ատելությունով վառված մարդիկ զիրար կոչնչացնեին գազանային վայնասուններով… մինչ դաշունահար և արյունոտ մարմիններ, անհոգի և կույր, դիվային փախուստի մը մեջ կաներևութանային…

Սելիմեն ուզեց մոռնալ բոլոր ասոնք և վերադառնալ իր մայրական երազներուն… Քանի մը ժամեն առ առավելն մանկիկը պիտի ճչեր, իր սրտին մեջ գորովանքի վայրագ ավյուն մը զգաց և ցավերը ավելի տանելի թվացին: Մատակ առյուծի պես պիտի պաշտպաներ անոր կյանքը փորձանքներեն ու ամեն կարգի պատահարներեն, ընդվզեցավ իրենց գլխուն վերն կուտակված անեծքներուն դեմ և սարսափով խորհեցավ, որ այդ ապարոշը գեշ բախտ կրնար բերել նորածնին վրա… ու մտադրեց այն ոտքերուն տակ ջախջախել, փոշիի ու մոխիրի վերածել…

Երբ ոտքի ելլել ուզեց, կարծես թեթև հպում մը ուսին վրա զինքը հրեց դեպի ետ. Սելիմեն ինքզինքը դեմ առ դեմ գտավ սպանված նոր հարսին ոգիին, հետ… Երկար և տաժանելի րոպեներու մեջ պայքարեցավ անոր անշոշափելի և չարաշուք զորության դեմ… Իր գերագույն ջանքին մեջ ատամները կգալարվեին, աղաղակներ կխեղդվեին կոկորդին մեջ ու սեղմված ակռաներուն մեջտեղ լեզուն սև և փայտացած կանշարժանար, մինչ լորձունքը փրփրոտ կվազեր կուրծքն ի վար, ցավի տագնապներ կզգետնեին զինքը, մինչև որ պարտված ու նվաղած ինկավ կարպետին վրա…

Երբ ինքզինքին եկավ` անզոր և տկար էր, բայց գետնին վրայեն սողալով, կարծես զգուշանալով արթնըցնել ոխերիմ ոգին, գնաց գզրոց մը բացավ և յազմայի մեջ ծրարված ապարոշը առնելու եկավ հյուղակին սեմին վրա. լույսը և օդը զինքը կազդուրեցին, ցավերը զգալի կերպով տկարացեր էին ու երեկոյան հովը քրտինքը կզովացներ քունքերուն վրա, վերջապես բացավ յազման և երկար նայեցավ ոսկեշար ապարոշին, քանի կնայեր իր զգացումները կհեղաշրջվեին: Շատ հարուստ ու գեղեցիկ էր անիկա ու անշուշտ նշանածը նվիրած էր իր հարսնացուին: Սելիմեն առավ զայն մատներուն մեջ ու մոտեցուց աչքերուն, ու հանկարծ դող մը ցնցեց զինքը. մազի թելերը մնացեր էին զարդարանքին վրա, երկայն էին այդ թելերը, մետաքսի պես նուրբ ու արևին մեջ կփայլեին ոսկիի պես… Սելիմեի շրթները անգիտակցորեն մրմնջեցին.

-Քույր, քույր…

Ո՞ր գեղեցիկ գլուխը զարդարեր էր այդ ապարոշը, ի՞նչ երջանիկ օրերու մեջ նվիրված էր անիկա, ինչո՞վ մեղավոր էր այդ հույսերով և երազներով լեցուն գլուխը, որուն վրա ծանրացեր էր ոճրագործին բազուկը… բոցերու մեջ այրեր էր անոր դեռատի մարմինը, թե դաշունահար և ոտուն լքված ճամփու մը վրա համրորեն հատեր էր արևին տակ:

-Քույրս… քույրս…

Ու Սելիմեն գլուխը մեկ կողմին հակած արտասվեց երկարորեն:

Երբ ուշ ատեն գյուղացիները վերադարձան արտերեն, գտան Սելիմեն խեղդվածի պես, և անդամները կարծրացած մահվան ցրտությունով, բաց գզրոցը, տարաղնված գոհարեղենները այլ և այլ կասկածներու տեղի տվին, բայց ոչ ոք մտքեն անցուց Սելիմեի բուն ցավը ու խորհեցավ անոր հուսահատական ոգորումներուն և հոգևարքի սարսափներուն վրա, միայն երբ ամուսինը վիշտեն տանջված եկավ իր նոր հարսը վերջին անգամը տեսնելու, և քողը վերցնելով նայեցավ անոր մեռելական դեմքին՝ հանկարծ խորհեցավ իր ձեռքով սպաննած նոր հարսին վրա ու մրմնջաց.

֊Ալլահը վկա, գեղեցիկ էր լույսի պես: Աչքերս շլացան և անոր համար սպաննեցի զինքը, բայց մահվան շուքին մեջ ինչպես իրարու նման են…

Ու առաջին անգամը ըլլալով երկար ու ցավագին սարսուռ մը սողոսկեցավ ողնաշարին մեջ ու անոր ազդեցությամբ իր չոր ու վտիտ մարմինը գալարվեցավ օձի պես:

Please follow and like us: