Վահան Տերյան/Փշե պսակ

* * *

Свой подвиг ты свершила прежде тела
Безумная душа.

Е. Баратынский

Լուսաբացին նա բարձրացավ կախաղան
(Արևածա’գ, օ~ , արշալույս արյունոտ)։
Կանգնած էին զինվորներն ու քահանան,
Գունատ ու լուռ կանգնած էին նրա մոտ,..

Ծեր քահանան ոչ մի աղոթք չէր հիշում
(Սիրտը նրան շշնջում էր՝ անիծի՜ր),
Լուսածագի ծիրանավառ մշուշում
Ցայտում էին ճաճանչները ցան ու ցիր…

Մըռայլ սպան լուռ շրջում էր աջ ու ձախ
(Արդյոք հիշե՞ց նա իր մորը հեռավոր),
Գունատվում էր սև գիշերը և ուրախ
Արեգակն էր ոսկեզօծում սար ու ձոր…

Լուսաբացին նա բարձրացավ կախաղան
(Արևածա՛գ, օ՛, արշալույս արյունոտ),
Կանգնած էին զինվորներն ու քահանան,
Գունատ ու լուռ կանգնած էին նրա մոտ…

* * *

Ողշույն քեզ, տանջանք, ահեղ հիացում
Գրկիր իմ սիրտը, քեզ օրհնում եմ ես,
Մանուկ օրերից իմ դուռն ես ծեծում,
Եվ հոժար հոգիս ընդունում է քեզ….

Փռեցեք այստեղ մարմինըս հլու,
Խաչեցեք նորից իմ խոցված հոգին,
Սիրտըս բացված է անանց սիրելու
Եվ տառապելու կրկին ու կրկին…

Ո՜վ գերագույն փառք, վերջի՛ն հիացմունք,
Արյունի՛ր սիրտըս քո համբույրներում։
Թափվե՜ք, իմ երգեր, արցունք առ արցունք
Այնտեղ, ուր մարդկանց տանջանքն է լռում…

* * *

Երանի՜ նրանց, որ մութ բանտերում
Եվ չարչարանքում դժնի, որպես մահ,
Մաշե՛ցին այնքան օրեր հրահրուն,
Գերված թշնամուց անսիրտ ու ագահ։
Երանի՜ նրանց, որ սրտով եռուն
Մնացին տռկուն, հըպարտ ու. անահ,
Պարզած աչքերը դեպի լույս հեռուն,
Արհամարհեցին և՛ երկունք, և՛ մահ,
Երանի նրանց, և՛ փառք, և՛ օրհնանք…

* * *

Գիշեր ու ցերեկ համաչափ զարկով
Աղմկում եք դուք, պողպատե դևեր,
Նետվում եք ներքև, ցատկում դեպի վեր,
Օրորում եք ինձ ձեր ահեղ երգով…

Մանուկ օրերից, սև կամարի տակ,
Ես ձեր երկաթե խոսքերն եմ լսում,
Եվ կարճ քնի մեջ, մռայլ երազում
Հռհռում է ձեր երգը դժնդակ…

Արդյոք ո՞վ հյուսեց ձեր դժկամ լեզուն,
Ո՞վ շղթայեց մեզ ձեր մեռած կամքին,
Մի՛թե վերջ չկա մեր տառապանքին,
Եվ մի՞թե արդեն մենք չենք երազում…

Մեկ ժիր ցատկում եք, մեկ հանդարտ սահում
Չըգիտեք հանգիստ և գութ չըգիտեք,
Գ՚իշեր ու ցերեկ, գիշեր ու ցերեկ
Խուլ մռնչում եք, ՛անսիրտ ծիծաղում…

* * *

Լռել են արդեն երգերը հզոր
Ու էլ չեն հնչում խոսքերը հպարտ,
Խավարն է գերել մեր հոգին այսօր
Եվ լռությունը հավետ մահապարտ։

Սև գնդերն ահա կազմել են շարքեր
Արյունված երկրում, ուր երեկ այնպես
Շաչում էիք դուք, հրեղեն երգեր,
Եվ ալեկոծում փողոց ու կրկես։

Դաժան ցնծությամբ թշնամին ահա
Իր սև հաղթության խնջույքն է տոնում,
Հռհռում է մեր տանջանքի վրա,
Արյունով հարբած՝ արյուն է խմում…

Լցված է արդեն բաժակը թունոտ,
Համբերելու ժամն անցել է արդեն.
Ելնե՜նք ճչալու խնդությամբ քինոտ
Ու հպարտ կանգնենք մութ բռնության դեմ։

Այս դառն օրերի մթնում մահաբեր,
Արնոտ խնջույքի այս սև զնդանում
Դավաճա՛ն է նա, ով լռում է դեռ,
Մատնի՛չ է, ով իր սուրը չի հանում…

* * *

Կանչում են ինձ գիշերն ի բուն, աղաղակում իմ հոգում,
Իմ սրտի մեջ ճիչ են ճչում, իմ սրտի մեջ հեկեկում…

Արշալույսը դեռ չբացված նոքա կըգան՝ կըտանեն
Սվիններով շրջապատած, շղթայակապ ու անզեն։

Ոչ ոք, ոչ ոք չի ճչալու գիշերում այն ահավոր,
Լռելու են համր ու հլու — անարթուն ու խոր…

Արևավո՛ր իմ պատանի, կարմիր է քո հարսնացուն,
Սիրտըս քո մոր, սիրտըս քո մոր հեկեկանքով է լեցուն…

Դահիճների մթին խմբում կլինես դու միայնակ,
Եվ ամեն խոսք կըլինի թույն, ամեն ժպիտ՝ մի դանակ…

Ընկերներըդ չեն լսելու գիշերում այս դառն ու խոր,
Մենակ պիտի ընդունես դու Գողգոթան մեր նոր…

Եվ թշնամին պիտի ժպտա դեմքիդ՝ հանգիստ ու անահ,
Սիրտըս քեզ հետ, սիրտըս ահա ընդունում է խաչ ու մահ…

Հրահրուն ես և բոցավառ, արևածագ ալ-բոսոր,
Ո՞ւմ արյամբ ես ներկել կարմիր-կարմիր թևերըդ այսօր…

Շողերից ու ծաղիկներից չեմ հյուսի քեզ, երգ իմ, ո՛չ,
Արյան շիթ է ամեն մի վարդ, արցունք՝ ամեն մի բողբոջ…

Please follow and like us: