(քաղաքական թրիլեր)
Քաղաքականությունը մեզ վերցնում է ուժով ,
մենք բոլորս խրված ենք նրա մեջ` ուզում ենք դա, թե ոչ:
– Կլինի՞ ես ուղղակի մի արկղիկի մեջ հավաքեմ աշխատասենյակումս գտնվող իրերն ու չքվեմ էստեղից:
– Դու մնալու ես այնքան, որքան որ պետք է մնալու համար… այլևս չենք շարունակում, – Կարմիր Փողկապավորը մաքրեց քրտինքն ու նստեց բազմոցին: Նրա դիմաց կանգնած` դատարկ արկղիկը ձեռքին երիտասարդ Սև Փողկապավորը, որը մոտ 33 կլիներ, ետ ու առաջ էր անում սենյակում: Սենյակը նեղ էր ու ճնշում էր նրան այնպես, ինչպես քիչ առաջ Ազգային ժողովի Նախագահի հետ վիճաբանելիս ճնշեց վերջինիս, հայհոյեց, հետո ուղղակի լքեց դահլիճը:
-Խնդրո՜ւմ եմ, էլ չեմ դիմանում,- Սև Փողկապավորը աղերսող աչքեր ուներ, բայց դրանք կարծես թե չշարժեցին Կարմիրի գութը, այլ ընդհակառակը՝ բարկություն առաջացրին:
-Ես ոչինչ չեմ կարող անել, – գոռաց Կարմիր Փողակապավորը, – ես իրավունք չունեմ որոշելու, եթե նրանք որոշել են, որ պիտի ստորագրես, ուրեմն խելոք պիտի ստորագրես ու կատարես բոլոր հրամանները:
-Ես պարտավոր չեմ անել այն, ինչ չեմ ուզում:
-Ես էլ, բայց գլխիցդ չթողնելու համար ՝ հետևիր ԿԱՐԳԻՆ ու չշեղվես հանկարծ:
-Նույնիսկ չգիտես՝ ի՜նչ հրամանի տակ պիտի ստորագրեմ:
-Չեմ էլ ուզում իմանալ, բայց կարևորը հրամանը կատարելն է ու կապ չունի՝ ինչ բնույթի կլինի այն:
Կարմիր Փողկապավորը վիսկիից մեծ կում արեց, բաժակը դրեց սեղանին ու մոտենալով դռանը շրջվեց երիտասարդի կողմը:
-Բոլորն են էս փորձության միջով անցել. խոնարհները ողջ են մնացել, ընդվզողները….
-Սպանվել են…
Կարմիրը լկտիաբար քմծիծաղեց.
-ԻՆՔՆԱՍՊԱՆ են եղել, սիրելի՜ս, ԻՆՔՆԱՍՊԱՆ, – նա դուրս եկավ սենյակից:
«Ինքնասպանության են դրդել», – ինքնաբերաբար եկավ այս միտքը, բայց այն քիչ էր տանջում ինձ: Հրամա՜ն, շա՜տ արյունոտ հրաման, որի կատարումից հետո ճակատագրորեն փոխվելու էր ՆՐԱՆՑ՝ ա՜յդ թշվառների, հերթում խցանված խեղճերի, անհույս ու հոգսերի մեջ մտազբաղ անկենդանների կյանքը: Մահն արագացնելու «լավագույն» հրամանն էր, որի մեկնարկը հենց ես պիտի տամ: Կարծում էի, որ համարձակությունս կներեր բարձրաձայնելու այդ անիծյալ հրամանի մասին, բայց ինչ-որ մի բան ինձ ետ պահեց, փակեց բերանս, շղթայեց ձեռքերս, պապանձեց լեզուս: Չարաբաստիկ մտքերը արդեն վրա էին հասնում, երբ բջջայինիս զանգը սթափեցրեց լարված նյարդերս ու ստիպեց պատասխանել.
-Հենց հիմա արի աշխատասենյակ, ա՜յ խեղկատակ, – Ազգային Ժողովի Նախագահն էր: Հասցրել էի լավ բարկացնել:
-Կգամ միայն այն ժամանակ, երբ նման բառերը կվերացնեք ՝ ինձ հետ խոսելիս:
-Դու դեռ համարձակությունս ունես էսքանից հետո ինձ ուղղություն ցույց տալու:
-Ունեմ:
-Արի ու կտեսնենք՝ ով ինչ կունենա ու ով ինչից կզրկվի:
Անիմաստ էր շարունակելը: Ինքնասիրությունս թույլ չտվեց շտապելու Ազգային Ժողովի Նախագահի աշխատասենյակ: Ի հեճուկս նրա ես դանդաղ վեր կացա, մոտեցա հայելուն, ուղղեցի փողկապս ու ծանր հոգոց հանեցի: Կրկին զանգահարեց բջջայինս: Էկրանին կարդացի՝ «Հոգիս»:
-Արագ խոսիր, պիտի դուրս գամ:
-Խնդրում եմ՝ ասա, որ այն ինչ նոր լսեցի , սուտ էր, հնարանք:
-Ի՞նչը:
-Հրամանը:
-Որտեղի՞ց գիտես հրամանի մասին։
-Կարևոր չի։ Բոլորն են զգում, բոլորը գիտեն՝ ինչ է սպասվում իրենց։
-Բջջայինով չեմ կարող խոսել: Կհանդիպենք , կխոսենք:
-Փաստորեն ճիշտ է…, – Հոգին ծանր հոգոց հանեց:
-Փաստորեն: Բայց դու գիտես՝ ինչ մարդ եմ ես ու տվյալ պահին ելքեր եմ փնտրում:
-Դու համաձայնվել ես այդ զեղծարարությանը…դա է կարևորը: Իսկ այն, թե ելքեր կփնտրես կամ կկորցնես՝ էական չէ:
-Ես քեզ սիրում եմ…
-Ես էլ էի սիրում, բայց քեզ չէ, այլ նրան, ում մի ժամանակ ավելի լավ էի ճանաչում…
Խոսակցությունը ընդհատվեց դռան թակոցից: Բացեցի։ Ազգային Ժողովի Նախագահի Օգնականն էր: Նրա դեմքը այլայլված ու կարմրած էր: Նրա հայացքում տագնապ նկատեցի:
-Խնդրում եմ՝ արի: Կատաղած քեզ է սպասում,- շունչը կտրվում էր: Բառերը կուլ տալով էր արտաբերում: Ես թեթև խփեցի նրա ուսին՝ հանգստացնելու հույսով, բայց նա ավելի շփոթվեց;
-Մոտը մարդ կա՞։
Գլխով արեց։ Եվ իմ հարցին, թե ովքե՞ր են, պատասխանեց․
-Մի երկու փոխնախարար ու էն ճարպակալած վզով առնե՜տը․․․է՜ն․․․․,- անունն էր փորձում հիշել:
-Մելիքյա՜նը․․․
-Հա, ապրես, լավ հիշեցրիր։
-Էդ ինչի՞ է կպել Նախագահի բկից։
-Չգիտեմ, բայց առավոտվանից՝ պոչից կպած ման է գալիս։
Գիտեի, որ հույս ուներ ինչ-որ պաշտոն զբաղեցնելու, բայց որ նման կերպ էր մոտիվացրել իրեն՝ Նախագահի հետույքին սոսնձվելու, զարմանալի էր ու զվարճալի։
-Դե արի, սպասում են,- մտքերիցս շեղեց Օգնականի դողացող ձայնը։
-Փոխանցիր Նախագահիդ, որ ես կուշանամ, – Օգնականի հայացքում վախն ու տագնապը գագաթնակետի հասան։
-Նա հատուկ քեզ համար դուրս չի գալիս շենքից։
-Ուրեմն թող «հատուկ ինձ համար» մի քիչ էլ սպասի։
-Եղավ։ Բայց Նախագահին գիտես՝ չի ներելու քեզ։
Ես թույլ ժպտացի ու ձեռքով ցույց տվեցի դռան կողմը։ Օգնականը դուրս եկավ։ Ամեն բան որոշված էր ու հստակ․ գործել, քանի դեռ հնարավորություն կա հարձակվելու։ Գայլը չի սիրում սպասել հարմար առիթի, նա ուղղակի հարձակվում է այն ժամանակ, երբ զոհը պատրաստ չէ պաշտպանվելու։
Ինքնասպանությունից երկու ժամ առաջ
-Ես մենակ այն գիտեմ, որ արագ գործել է պետք: Մենք չենք կարող երկար սպասել: Սա կարևոր հրաման է, որից կախված է բոլորիս ճակատագիրը,- Նախագահը խոր շունչ քաշեց՝ կարծես դժվարացավ արտաբերել նույնիսկ այդ մի քանի տողը: Նրա աշխատասենյակը փոշոտ էր, կիսանորոգած: Խնդրել էր բանվորներին դուրս գալ և կանչել էր սենյակ այն մարդկանց, որոնք գիտեն նրա գաղտնիքը, հրամանի բացասական շարադրանքը, մարդկանց ապագայի սարսափելի ճակատագիրը: Ու, չգիտես ինչու, բոլորը լուռ էին․․․ Միայն Ազգային Ժողովի Նախագահն էր խոսում։
-Ո՞նց թե բոլորի՜ս, – զարմացավ Օգնականը ու սկսեց ծանր հազալ, ապա թաշկինակով փակեց քիթը։ – Դուք ասեցիք՝ հրամանը մեզ չի վերաբերվում, որ մենք երկրից թռնելու ենք, մեր կյանքը ապահովված է: Փաստորեն դա սո՞ւտ էր։
Նախագահը բացասաբար գլուխը շարժեց՝ հասկացնելով, որ տգետների հետ գործ ունի: Օգնականը զարմացած նայեց պաշտոնակիցներին ու կախեց գլուխը։
-Էլի՜ որ մեզ չի վերաբերվում, բայց պիտի ցույց տանք, որ առաջինը այդ հրամանից մենք ենք տուժելու, – Մելիքյանը թույլ հազաց ու վառեց ծխախոտը։
-Հրամանը ստորագրել եմ, բայց միայն մեկի ստորագրութունն է պակասում․․․
-Էդ , գրողի տարա՜ծ, խելո՞քի
-Այո։
-Կստիպենք՝ կստորագրի,- իմիջայլոց ասաց Կապույտ Պիջակով պաշտոնակիցը։
-Մենակ ստիպելով չենք կարող։
-Ինչո՞ւ։
-Բռնությամբ հարց չես լուծի,- Ազգային Ժողովի Նախագահի հետ համաձայնեց Օգնականը՝ Նախագահի դիմաց աթոռ դնելով։ Վերջինս նստեց ու խոր հոգոց հանեց։
-Պիտի սիրտը շահենք։ Ժողովի ընթացքում բերանը չէինք կարողանում փակել: Քիչ էր մնում պատմեր հրամանի ողջ բովանդակությունը։
-Ստորագրությունը կարո՞ղ ենք կեղծել։
-Առաջարկում եմ կանչել այստեղ ու սպառնալ: Կարծեմ մայրն ու հայրը ողջ են, ու կին ունի։
-Որքան հիշում եմ ամուսնացած չի։
-Եկեք ուղարկենք Երկրի Նախագահի ձեռքը, թող ինքն էլ որոշի՝ ի՞նչ անել։
-Անհնար է։ Ես ստել եմ՝ իբր արդեն ստորագրել է։ Երկրի Նախագահը սպասում է մեզ, որ ուղարկենք հրամանը ու սկսենք իրագործումը։
Բոլորը լռեցին: Ինչ-որ մեկը կրկին վառեց ծխախոտը՝ փորձելով ելքեր փնտրել, իսկ Օգնականը, լուրջ հայացք գցելով հատակին, փորձեց հիշել՝ ինչպիսի՞ ֆիզիկական ճնշումներ գոյություն ունեն, որոնք կարող են ստիպել մարդուն կամքին հակառակ գործողություններ անել՝ «Երևի զանգեմ Մաֆիոզին (մականունն էր): Ինքը մի բան կմտածի», իսկ թե՝ ի՞նչ կարող է անել Մաֆիոզը, դա գիտեն միայն ինքը, Օգնականն ու Աստվածը:
– Դու երեկ մի կիսանորոգած տարածքից էիր խոսում, – Նախագահը թեքվեց Մելիքյանի կողմը: Մելիքյանը շփոթվեց, երևի տարածքի պատկերն էր փորձում հասկանալ, բայց շատ արագ կողմնորոշվելով ՝ գլխով արեց, հասկացնելով՝ համակ ուշադրություն է:
– Դրան էդտեղ տանե՞նք, – Կապույտ Պիջակովը հաստատակամ էր տրամադրված:
– Դե՜…. ավելի լավ է էդտեղ ՍՏԻՊԵՆՔ , քան այս սենյակում,- Նախագահը ծանրորեն բարձրացավ տեղից, ու բոլորը դրական գլխով արեցին: Բոլորը համաձայնվեցին «ՍՏԻՊԵԼ» բառի տակ թաքնված մութ ակնարկին: Մելիքյանը մի պահ նայեց Նախագահի աչքերի մեջ ու պատկերացրեց այն տեսարանը, որտեղ ՍՏԻՊԵԼՈՒ են ստորագրել: Դաժան, կյանքը խլող էին այդ տեսարանները, արյան հոտ էր փչում այդ հրամանից, բայց ի վերջո ամեն մարդ իր մտքերում է հաղթող դուրս գալիս՝ չհավատալով նրան, որ ում հաղթում է մտքերում, մեկընդմիշտ պարտված է համարվում՝ կյանքում:
– Անվտանգության աշխատակիցներին հասցեն փոխանցիր, թող դրան միանգամից էնտեղ տանեն, – Նախագահը քորեց կնճռոտ ճակատն ու բջջայինում սկսեց ինչ-որ մեկի հեռախոսահամարը փնտրել:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ԺԱՄ ԱՌԱՋ
Ես գիտեմ, որ այս պատմության վերջը մահն է լինելու, որ մարմինս թաթախվելու է կեղտի մեջ, որ լող եմ տալու սեփական արյանս գետում ու խեղդվելու եմ այդտեղ: Իմ հետևից շատ արագ եկան: Նույնիսկ չհասցրի «Մնա՜ս բարով» ասել սիրելիիս, չհասցրեցի պատուհանից տեսնել իրական ու տխուր առօրյան: Անվտանգության վարչությունն արագ արձագանքեց ընդվզմանս ու կանգնեց դիմացս: Հայտնեց, որ ձերբակալվում եմ իբր պաշտոնական դիրքը չարաշահելու համար, անգամ չլսեցին արտաբերածս իրականությունն ու թևերս ոլորելով՝ սահմանափակեցին ազատությունս: Լրագրողներից խուսափելու համար նրանք ինձ դուրս հանեցին բունկերով: Պատին ամրացված կեղտոտ փոքրիկ լապտերները լուսավորում էին բունկերի մռայլությունն ու ստիպում ավելի շատ զգալու անպաշտպանության զգացումը: Ես նման էի մի հանցագործի, որը դատապարտված էր լսելու ու տեսնելու այն իրականությունը, որտեղ հանցագործի պիտակն են փակցնում ներսումդ, որովհետև հակառակ դեպքում՝ պատիժն անխուսափելի էր դառնալու: Խոնավության հոտը մտել, հոսում էր երակներումս, թվում էր ՝ այդ հոտը դաջվելու էր հիշողությանս մեջ ու նաև թվում էր՝ որ ինձ հետ են տանելու այս նույն բունկերով, բայց արդեն դիակի կարգավիճակով: Երանի այդպես լինե՜ր:
– Մի բան հարցնեմ… – նայեցի Անվտագության Աշխատակցին, նա սառն էր ու տվյալ պարագայում նրա միակ նպատակը ձեռքերս ոլորելն էր:
– Խոսալ չի թույլատրվում, – ընդհատեց աժդահան ու ավելի պինդ սեղմեց ձեռքերս:
– Ես այնուամենայնիվ կխոսեմ, – հեգնորեն շարունակեցի ու վայրկյաններ անց գլխիս զգացի հարված ու… քնեցի:
Երբ բացեցի աչքերս, քթիս հարվածեց վիսկիի սուր հոտը: Ինձ նստեցրել էին աթոռին ու կապել ձեռքերս: Ետևումս կանգնել էր Ճարպակալած Առնետը ու ծանր շնչոււմ էր, դիմացս Նախագահն ու մնացածներն էին: Նրանք անհույս հայացք էին գցել վրաս ու փորձում էին ընդվզումներս արմատախիլ անել: Նախագահին աթոռ առաջարկեցին: Նստեց: Թեթև հազաց: Սկսեց:
-Փաստորեն որոշել ես գետի հակառակ ուղղությամբ շարժվել, – Նախագահի թունոտ հայացքն այդ ժամանակ հետաքրքիր չէր, որքան ետևում Կապույտ Պիջակով պաշտոնակցիս ձեռքում գտնվող սրվակն ու ներարկիչը: Նախագահը նկատեց այդ ու մեջքով շրջվեց իմ կողմը:
-Էդ գործողություներդ մի այլ տեղում արա, – զավեշտալի էր այն պահը, երբ Կապույտ Պիջակովը չհասկացավ, որ խոսքը իրեն էր ուղղված և շատ հանգիստ շարունակեց կատարել ՍԻՐԵԼԻ գործը, մինչ այն պահը, երբ Օգնականը մոտեցավ նրան ու ականջին ինչ-որ բան ասաց:
-Դուք ինձ լավ եք ճանաչում, – տարօրինակ էր , բայց ներսս խաղաղ էր, կարծես համակերպվել էի այս իրավիճակին:
-Ճանաչում եմ: Ու փոշմանել եմ, որ ընդգրկել եմ քեզ իմ թիմում:
-Սպիտակների մեջ՝ սևը գունավոր է թվում:
-Բայց եթե ուզենանք՝ սևը սպիտակի հետ կխառնվի ու կդառնա մոխրագույն, – Մելիքյանի ձայնը սպառնացող ու բարկացած էր:
-Ցանկացած պարագայում երազելը վնասակար չէ, – իմ այս պատասխանը այնքա՜ն լարեց Մելիքյանի, առանց այդ էլ, լարված նյարդերը, որ վերջինս փորձեց հարվածել ինձ, բայց պաշտոնակիցները պահեցին նրան:
-Գոնե գիտե՞ս, որ կրակի հետ ես խաղում, – լռեցի: Կապույտ Պիջակավորը ներարկիչը մոտեցրեց Նախագահին, վերջինս ուշադիր նայելով ներարկիչին (տպավորություն էր, որ առաջին անգամ է տեսնում ներարկիչ) գլխով դրական նշան տվեց: Ապա նայեց ինձ: Նրա հայացքում ինչ-որ անտեսանելի մի հույզ կամ զգացում կար, որը անհայտ մնաց ինձ այնքան ժամանակ, մինչև չխոսեց:
-Մենք քեզ համար հրաշալի առաջարկ ունենք ու կցանկանայի, որ դեմ չլինեիր այդ առաջարկին, – նա մի պահ լռեց՝ հասկանալու՝ պատրա՞ստ եմ լսել, ապա շարունակեց: – Երբ ստորագրես էս թղթի կտորը, – ծոցագրպանից հանեց եռատակ ծալված հրամանը և բացեց այն: Մոտեցրեց այնպես, որ տեսնեմ բոլորի կողմից արված ստորագրությունները և աչքս դիպավ իմ անվանը, որի կողքը բացակայում էր ստորագրությունը, – կյանքդ դեպի լավն է փոխվելու: Չեմ ասում՝ որ մեծահարուստ կդառնաս, բայց դրան մոտ մի բան առաջարկում եմ:
Մինչ Նախագահը պատմում էր իմ թղթի ստորագրումից հետո կատարվելիք հեքիաթների մասին, մտքումս հայտնվեց Հոգու դիմապատկերը: Հիշում եմ՝ երեք օր առաջ էր, որ մատներս խառնվել էին նրա շեկ մազերի մեջ ու այդ քարկապը այնքա՜ն գրավող էր: Նրա նուրբ շարժումները, ձայնը, տաք մարմինը, որը հպվել էր ինձ ու զգում էի նրան ՝ ներսից: Հետո ակնթարթորեն հայտնվեց այն երեխայի մտապատկերը, որին երեկ առավոտյան տեսա. նրա հագուստն ու դեմքը կեղտոտ էր, նա գրկել էր մի շան ու նստել փոշոտ փողոցի անկյուններից մեկում, բոլորը գնում-գալիս էին, բայց ոչ ոք այդպես էլ չմոտեցավ երեխային: Երեխան մուրացկանություն չէր անում, այլ պարզապես վայելում էր շան հետ խաղը: Որոշեցի մոտենալ: Երեխան վախեցած հայացք գցեց, շունը սկսեց գռմռալ ու պաշտպանել երեխային՝ կանգնելով նրա դիմաց:
-Անունդ ի՞նչ է, – նա ձայն չհանեց: Հարցս կրկնեցի ու պատասխան չստանալով, մեկնեցի ձեռքս՝ վեր կենալու և մեքենայի մեջ նստելու համար: Նա գլխով արեց, բռնեցի նրա փոքրիկ, խոնավ, կեղտոտ ձեռքն ու շտապեցինք մեքենայի կողմը: Մեքենան հեռու տեղում էի կայանել, այդ պատճառով մի կանգառ կպահանջեր քայլելու համար: Երեխան դեմ չէր, ես էլ, նույնիսկ շունն էլ: Բայց որոշել էի շանն էլ վերցնել ինձ հետ: Քիչ էր մնացել, որ հասնեինք մեքենային, երբ նկատեցի իմ կողմն ընթացող լրագրողների մեծ հոսքը: Ես պինդ բռնեցի երեխայի ձեռքից, որ վախից չփախչի: Երեխան խելոք էր, անգամ նայեց ինձ ու ժպտաց; Ես նրան մի երկու հարց տվեցի, բայց նա կարծես թե ցանկություն չուներ պատասխանելու, անգամ դեմքիս չնայեց: Լրագրողները շրջապատեցին մեզ: Շունը արագ փախավ ամբոխից: Հակամարտում՝ ես ու երեխան մնացինք: Նրանք սկսեցին խեղդել ինձ հարցերով: Այդ հարցերը անհիմն ու աննպատակ էին, տգետ, անլուրջ, սադրող: Լրագրողներից մեկն այնքան ոգևորված խոսեց, որ քթից սկսեց արյուն հոսել: Նա շատ շփոթվեց ու քաշվեց մի կողմ: Իսկական իրարանցում սկսվեց, երբ լրագրողներից մեկը հարց ուղղեց մի «թաքնված» գործի մասին՝ հարցնելով «ընթացքի մե՞ջ է», և ինձ չտանջեց այն փաստը, թե՝ որտեղի՞ց գիտի այդ «թաքնված» գործի մասին, անգամ հավելելով՝ ընթացքի մե՞ջ է, թե՞ ոչ: Ինձ միայն շփոթեցրեց այն փաստը, որ երեխան չկար: Հայացքով փնտրեցի լրագրողների ամբոխի մեջ, անգամ մեկին հրեցի՝ տեսադաշտս բացելու համար, ու սկսվեց տուրուդմփոց: Ես չհեռացա ամբոխից, բայց երեխան չկար: Հետո հասկացա, որ նա խուլ ու համր էր:
ՎԵՐՋՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՄԵՌԱՆ, ԻՍԿ ԵՍ ՓՐԿՎԵՑԻ
-Քեզ հիմարի տեղ չդնես, ա՛յ թափթփուկ, – Մելիքյանի ծանր ձեռքը այնուամենայնիվ հասավ իմ այտին: Զգացի ծանր հարված ու ուշագնաց լինելու ճանապարհին էի: Հետո ինձ գցեցին գետնին ու ամեն մեկը իր հերթին հարվածում էր մե՛կ փորիս, մե՛կ գլխիս: Հարվածներն ինձ ետ չէին պահում որոշումից: Մի պահ նկատեցի Նախագահին: Նա չէր մասնակցում ծեծի «հրաշալի» ծիսակարգին, բայց մտազբաղ էր ու լուռ: Նկատեցի նաև Օգնականին, որը մոտեցավ Նախագահին:
-Որ գիտակցությունը կորցնի, երկար ժամանակ կպահանջվի՝ ետ բերելու համար: Ասե՞մ՝ դադարեցնեն:
-Ոչ:
-Ինչո՞ւ:
-Նա հենց դրան է սպասում:
-Բայց մե՛կ է՝ չի ստորագրելու:
Երկար հարվածներից հետո, մի պահ դադարեցին հարվածել: Կիսամեռած, արյունոտ վիճակում նստեցրեցին աթոռին: Մի հարց ունեի Մելիքյանին ու դժվարությամբ տվեցի այդ հարցը:
-Դու սիրո՞ւմ ես կնոջդ, – հարցրի՝ նայելով Մելիքյանի շփոթված դեմքին: Նա մռայլ հայացք նետեց:
-Կնոջս հետ ի՞նչ գործ ունես:
Ես թույլ ծիծաղեցի:
-Ես չունեմ, բայց ինքը ունեցել է ինձ հետ: Եվ շատ է ունեցել: Անմոռանալի, անպատմե՜լի շատ, – նա շանթահարվեց այս բառերից ու ետ-ետ գնաց: Մի պահ թվաց, որ Կապույտ Պիջակավորի վրա է ընկնելու: Ես շարունակեցի արտաբերել նրա համար խոցող ու ծանր նկարագրությունները:
-Նա մի փոքրիկ սպի ունի հենց կրծքի տակ…ինչպիսի՜ ձայներ էր հանում, երբ համբուրում էի նրա կրծքերը: Իսկ ավարտելուց հետո ինձ ու քեզ էր համեմատում:
Աննկարագրելի էր Մելիքյանի դեմքը, երբ լսում էր դառը ճշմարտությունը: Աննկարագրելի էր նաև իմ հոգեվիճակը, երբ հոգեպես սպանում էի Մելիքյանին:
Բոլորը կարծես սաստող հայացքով նայում էին Մելիքյանին՝ կարծես մեղադրելով կնոջ հանդեպ անուշադրության մեջ, ու միայն Կարմիր Փողակապավորն էր հայացքը գցել գետնին՝ նա գիտեր ճշմարտության մասին: Անկարողությունից Մելիքյանը ծիծաղեց: Ապա ուզում էր հարձակվել վրաս, բայց բոլորը բռնեցին նրան ու դուրս հանեցին սենյակից: Սենյակում մնացինք ես ու Կարմիր Փողակապավորը:
-Լա՜վ ճնշեցիր, – Կարմիր Փողկապավորը կարծես թե հիացած էր այդ ճշմարտությունից, բայց իրեն սառն ու անտարբեր էր պահում:
-Ճշմարտությունը ապտակում ու նսեմացնում է դրանից հեռու գտնվող ցանկացածին:
-Մենակ՝ ոչ քեզ:
-Տեսնես՝ ու՞ր է երեխան:
-Դու մտածիր, թե՝ ի՞նչ է լինելու հետո քեզ հետ:
-Պարզ է՝ թե ինչ: Բայց մի խնդրանք ունեմ: Կկատարե՞ս:
-Իհարկե:
-Ծոցագրպանումս դեղ կա: Կհանե՞ս:
Բոլորը ինչ-որ բան էին համոզում Մելիքյանին, երբ Կարմիր Փողկապավորը դուրս եկավ սենյակից, վառեց ծխախոտը՝ հետևելով այդ իրարանցմանը:
-Եկեք դրա հարցերը լուծենք ու տներով:
-Բա՜ ստորագրությունը:
-Թքած՝ մի ձև կկեղծենք:
-Էն սրվակը մո՞տդ է:
-Սեղանին:
-Գնա, սրսկիր ու վերջ տանք էս կրկեսին:
Կապույտ Պիջակավորը մտավ սենյակ: Քիչ անց նա շփոթված դուրս եկավ:
-Մեռել է:
Բոլորը մտան սենյակ: Ստուգեցին զարկերակս: Եվ համոզվելով, որ իրոք մահացել եմ, առանց հարցուփորձի, որոշեցին դիակս վստահել Կարմիր Փողկապավորին:
-Սրա դիակը կարո՞ղ ես էնպես կորցնել, որ սատանան էլ չկարողանա գտնել:
Կարմիր Փողկապավորը գլխով արեց, ու բոլորը հեռացան:
Այս դեպքերից անցավ մեկ տարի: Ես նստել էի համակարգչի դիմաց ու հետևում էի պաշտոնակիցներիս դատավարությանը: Լրագրողներից մեկը մեկնաբանեց հետևյալ կերպ.
«…Ինչպես գիտենք, անցել է մեկ տարի, ինչ հանկարծամահ է եղել 33-ամյա պատգամավոր Տիգրան Ալեքսանյանը: Հրամանի տակ նրա ստորագրությունը կեղծվել էր, իսկ արդեն իշխանափոխությունից հետո դեպքը հետաքննվեց և հարուցվեց քրեական գործ: Հիշեցնենք նաև, որ Ազգային Ժողովի նախագահ Արմեն Ադամյանը, որը տվյալ պահին, ինչպես և դեպքի հետ առնչվող մյուս պաշտոնակիցները, գտնվում են կալանքի տակ, պնդում է, որ «բազմաթիվ թշնամիներ ունենալու պատճառով նրա դեմ կարող էին իրագործել բազմաթիվ զեղծարարություններ», մեջբերում եմ՝ «Պետք չէ հավատալ անանուն մարդու կողմից բարձրաձայնված հիմար տեղեկատվությանը»: