Սերգեյ Ավերինցեւ/Բանասիրություն․ պատմական ակնարկ(2)


Սկիզբը՝ այստեղ

Բանասիրությունը քաղաքակիրթ մարդուն ուղեկցել է ոչ ամենուր եւ ոչ միշտ։ Ի տարբերություն բժշկության, իրավագիտության կամ աստղագիտության, այն սպասարկում է ոչ թե կենցաղային կամ պաշտամունքային կարիքները, այլ մշակույթի ինքնաճանաչման ինտելեկտուալ «շքեղությունը» (որը պահանջում է, որ մշակույթն իր գաղափարը հստակ տարանջատի ամեն առօրեականից ու պաշտամունքայինից): Դրա համար էլ առանց բանասիրության կարելի է ապրել, եւ դրա ծնունդը բավականին ուշացած է գրի քաղաքակրթության ծնունդի համեմատությմբ։ Իսկ երբ այն վերջապես հայտնվում է, այդ իրադարձությունն արդեն իսկ ցուցանիշ է ոչ միայն մշակույթի մակարդակի, այլեւ դրա տեսակի եւ կերտվածքի։ Հնարավոր է բարձր զարգացած կամ բանասիրության մասին որպես այդպիսին չիմացող մշակույթ (Հին Եգիպտոս, Միջագետք, ընդհանրապես «բիբլիական» շրջան), կամ բանասիրությանը չափազանց համեստ և պաշտոնական տեղ հատկացնող (արևմտաեվրոպական միջնադարի մեծ սխոլաստների դարաշրջան): Եվ հակառակը, ադեն հին ժամանակ թե Հնդկաստանը, թե Հունաստանը իրարից անկախ ստեղծում ու մշակում են բանասիրությունը, եւ բոլորովին պատահական չէր, որ այս երկու երկրներում է փիլիսոփայությունը առաջին անգամ հանգեցվել հստակ «կատեգորիալ» ձեւերի եւ իմացաբանական խնդիր դրվել որպես այդպիսին։ Փաստորեն, բանասիրությունը որպես գիտական լեզվի և գրականության մասին մտորում ճանաչողության փիլիսոփայական տեսությանը որոշակի համապատասխանությունն է։ Մարդիկ սկսում են մտածել խոսքի մասին մոտավորապես նույն ժամանակ, ինչ սկսում են մտածել մտածողության մասին և ընդ որում՝ նույն ներքին մղումներով։ Հազիվ թե պատահականություն լինի, որ բանասիրության ամենաբարձր վերելքները սովորաբար հաջորդել են իմացաբանական մտքի մեծ դարաշրջաններին (բանասիրության ծաղկումը հելլենիստական ​​աշխարհում՝ Արիստոտելից հետո, Եվրոպայում՝ 17-րդ դարում՝ Ռ. Դեկարտից հետո, Գերմանիայում՝ 19-րդ դարում՝ Ի. Կանտից հետո)։
Հնդկական բանասիրությունը, որ տվել է մեծ քերականներ Պանինի (մ.թ.ա. մոտավորապես 4-3-րդ դարեր) և Պատանջալի (մ.թ.ա․ 2-րդ դ․), իսկ ավելի ուշ՝ ոճի այնպիսի տեսաբաններ, ինչպես Բհամահան եւ Դանդինը (7դ), որոշ առումով նույնիսկ գերազանցեց անտիկ բանասիրությանը։ Սակայն դրա ձեռքբերումները Եվրոպայում անհայտ մնացին մինչև նոր եւ նորագույն ժամանակները: Այդ պատճառով եվրոպական բանասիրության ավանդույթը ամբողջությամբ ծագում է հունական ժետոններից․ դրա ակունքում Հոմերոսի բանաստեղծությունների դպրոցական մեկնաբանությունն է։ Սոփեստական ժամանակաշրջանն առաջին անգամ մշակեց բանասիրական վերլուծության համար անհրաժեշտ «մտավորականի» սոցիալական տեսակը, որն արդեն միանշանակ ոչ «իմաստուն է», ոչ «գրագիր», ոչ էլ «մարգարե» (հունարեն σοφιστής բառը մոտավորապես համապատասխանում է մեր «մտավորականին» ոչ միայն ստուգաբանական իմաստով, այլեւ երկիմաստ էմոցիոնալ հնչերանգով): Հենց այս ժամանակ էլ գրականությունը բավականին հստակ գիտակցում է ինքն իրեն և առանձնանում է արտագրական իրականությունից՝ քննադատության, տեսական պոետիկայի եւ բանասիրության օբյեկտ դառնալու համար: Բանասիրության մեթոդների մշակման հարցում սոփեստներից ամենամեծ ավանդն ունեն Պրոտագորասը (մոտ 480 – մոտ մ.թ.ա. 410), Գորգիասը (մահացել է մոտավորապես մ. թ․ա․ 375թ․) եւ Պրոդիկեսը (ծնվ․ մոտ մ․թ․ա․ 460թ․)։ Դեմոկրիտեսը գրել է «Պոեզիայի մասին», «Հոմերոսի կամ ճիշտ արտասանության և հազվագյուտ ասույթների մասին», «Բառերի գեղեցկության մասին», «Խոսքի ներդաշնակ եւ ոչ ներդաշնակ հնչյունների մասին»։ Իր լիակատար հասունությանը հունական գրականության տեսությունը հասնում է մեկ այլ մեծ, ունիվերսալ փիլիսոփայի աշխատության մեջ՝ Արիստոտելի «Պոետիկա»-ում։ Հելլենիստական ​​դարաշրջանում բանասիրությունը առանձնանում է փիլիսոփայությունից եւ մտածողների ձեռքից անցնում է մասնագետներին՝ Ալեքսանդրիայի եւ Պերգամի գրադարանավարներին։ Այս մասնագետները (Արիստոֆանես Բյուզանդացի (մոտ մ.թ.ա. 257-180թթ.), Արիստարքոս Սամոսացին (մոտ մ.թ.ա. 217-145թթ.), Դիդիմոս Խալկենտերիոսը (մոտ մ.թ.ա. 65-մ.թ․ – մոտ 10թ.) աշխատել են դասական հեղինակների (գլխավորապես պոետների եւ հռետորների) տեքստի ճշգրտման եւ խմբագրման վրա, հագեցնում էին նրանց երկերը բառային եւ իրական մեկնաբանություններով, զբաղվում էին չափի տեսությամբ։ Դիոնիսոս Թրակիացին (մոտ 170 – մոտ 90 մ.թ.ա.) ավարտուն ձևակերպեց խոսքի մասերի այն նույն ուսմունքը, որը շարունակում է ապրել քերականության դպրոցական ցանկացած դասագրքում մինչ օրս:
Քրիստոնեության առաջին մեծ ուսուցիչը՝ Որիգենեսը (մահացել է 253թ․) Աստվածաշնչի տեքստի քննադատությանը նվիված իր աշխատության մեջ հանդես է գալիս որպես ալեքսանդրական բանասիրական ավանդույթի ժառանգորդ եւ միաժամանակ որպես աստվածաշնչյան բանասիրութան հիմնադիր։ Միջին դաերում հունական բանասիրության ավանդույթները շարունակվում են Բյուզանդիայում՝ ընդհանուր առմամբ պահպանելով իրենց անտիկ կերպը եւ մեկ մարելով, մեկ նորից հառնելով, ինչպես Փոտ պատրիարքի ժամանակներում (մահացել է մոտ 891—897) եւ նրա հետեւորդ, անտիկ արձակի ոլորտում տեսքտաբանական բուռն աշխատանքը գլխավորած Արեֆա Կեսարացու (850 — մոտ 944) ժամանակներում։ Բյուզանդական բանասիրոթյոնը իր ծաղկմանն է հասնում բյուզանդական պետության անկման ժամանակ (1453), նրա ժառանգությունը գրագետ փախստականների ձեռքից վերցրեց վաղ Վերածննդի Իտալիան։
Արեւմտյան միջնադարին բանասիրության հանդեպ հետաքրքրւթյունը շատ բնորոշ չէ։ Ուշ միջնադարի հոգեւոր կառուցվածքը հանգեցնում է «artes»-ի (գիտելիքի աբստրակտ-ձեւականացված համակարգերի) հաղթանակին «auctores»-ի նկատմամբ (դասական հեղինակների չմիջնորդավորված ուսումնասիրությունը)։ Սխոլաստիկան իր ծաղկման շրջանում պահանջում էր այնպիսի ընդգրկուն մտավոր կիրք, որ դրա կողքին պարզապես տեղ չէր մնում բանասիրության համար։ Միայն 14-րդ դարում՝ միջնադարյան աշխահայացքի ճգնաժամի ընթացքում այդ կրքին փոխարինելու եկավ Ֆ․ Պետրարկայի ոգեւորությունը Ցիցերոնի եւ Վերգիլիոսի տեքստերով։ Կարեւոր է հասկանալ, թե հատկապես ինչն էր փոխվել։ Միջնադարն իր ձեւով ճանաչում ու սիրում էր անտիկ ժամանակը, բայց այդ ճանաչումն ու սերը բարենպաստ չէին բանասիրության համար։ Թովմա Աքվինացու եւ ցանկացած այլ սխոլաստի համար կարեւոր էր Պլատոնի եւ Արիստոտելի մտքի բովանդակությունը՝ վերցված կարծես թե անկախ այդ միտքը մտածած մարդու անձից, անկախ տեղի եւ ժամանակի պայմաններից, նույնիսկ անկախ լեզվական թաղանթից (պատահական չէ, որ այդ ժամանակվա նկարիչները անտիկ մտածողներին պատկերում են միջնադարյան կամ արեւելյան հանդերձանքով)։ Իսկ Վերածննդի հումանիստները հակառակը՝ ձգտում էին հին աշխարհը տեսնել որպես ամբողջական կերպար, իր ողջ շուքով, ապրելու համար այդ աշխարհում վերաբնակեցվելու պատրանքը, եւ ամենից առաջ նրանք ցանկանում էին խոսել հների լեզվով՝ վեակառուցելով այն միջնադարյան լատիներենի իներցիայի դեմ պայքարում։ Բոցավառված հետաքրքրությունը տեսանելի դարձրեց այն, ինչ նախկինում պարզապես չէին ցանկանում տեսնել։
16-րդ դարի երկրորդ կեսից հումանիստներին փոխարինելու են գալիս նվազ բազմակողմանի եւ առավել արհեստավարժ գիտնականներ՝ ունակ բանասիրոթյունը գաղափարից գործի վերածելու։ Նրանց շարքում հարկ է հիշատակել ֆրանսիացիներ Յու․Ց․Սկալիգերին (1484—1558), նրա որդի Ի․ Յու․ Սկալիգերին (1540—1609), Դ․ Լամբինին(1516—1572), Ա․ Տուրնեբին (մահացել է 1565), հրատարակիչ եւ ուղղագրագետ Ա․ Էտյենին (1528 կամ 1531—98) եւ անգլիացի Ռ․ Բենթլիին (1662—1742)։ Մենք մինչ օրս օգտվում ենք միջնադարյան լատիներենի եւ հունարենի բառարաններից, որ 1678—88թթ․ կազմել է Շ․ Դյուկանժը։
Բանասիրության նոր դաաշրջանը սկսվում է Գերմանիայում Է․ Վինկելմանի «նեոհումնիզմի» հաղորդած խթանից։ Ճիշտ ինչպես Վերածննդի ժամանակ, սակայն անհամեմատ մեծ գիտական խստությամբ դրվում է անտիկ աշխարհի ընկալման հարցը։ Նույն Ֆ․ Ա․ Վոլֆը(1759—1824), որը սկսել է գործածել «բանասիրություն» եզրը որպես որոշակի գիտության անվանում (այլ ոչ ընդհանապես գրագիտության հոմանիշ), բանասիրության առարկան սահմանեց շատ ընդարձակ․ «տեղեկությունների եւ փաստերի մի ամբողջություն, որը մեզ ծանոթացնում է հույների ու հռոմեացիների գործերին ու ճակատագրերին, քաղաքական, գիտական ​​և կենցաղային իրավիճակին, նրանց մշակույթին, լեզուներին, արվեստին և գիտություններին, բարքերին, կրոններին, ազգային բնավորությանը և մտածելակերպին, եւ այս ամենն այնպես, որ մենք հնարավորություն ունենանք հանգամանորեն հասկանալ և վայելել մեզ հասած նրանց ստեղծագործությունները՝ թափանցելով դրանց բովանդակության ու ոգու մեջ, պատկերացնելով հին կյանքը եւ համեմատելով այն ավելի ուշ կյանքի ու այսօրվա կյանքի հետ»։(Ռադցիգ Ս․ Ի․, Դասական փիլիսոփայության ներածություն, 1965, էջ 82)։ Այս ունիվերսալիստական ծրագիրը, նախատեսող բանասիրության հարստացում պատմական-իրական բովանդակությամբ, իրականացվեց 19-րդ դարի գերմանացի գիտնականների փայլուն աստղաբույլով՝ Գ․ Ուզեներ (1834—1905), Է․ Ռոդե (1845—98), Ու․ ֆոն Վիլամովից-Մյոլենդորֆ (1848—1931) եւ այլք, բայց հենց նրանց գործունեությունը թույլ տվեց հին պատմությանը վերջնականապես հասնել ինքնուրույնության եւ պոկվել փիլիսոփայությունից։ Միաժամանակ «դասական բանասիրության» այս մենիշխանությունը վերացվեց գերմանական բանասիրության զարգացմամբ (Յա․ եւ Վ․ Գրիմ եղբայրներ, Կ․ Լախման), սլավոնագիտության (Ա․ Խ․ Վոստոկով, Վ․ Գանկա) եւ «նոր բանասիրության» (Neuphilologie) այլ ճյուղերի զարգացմամբ՝ խթանված ռոմանտիցմից եւ 19-րդ դարի այլ գաղափարական հովերով։ Այդպիսով բանասիրության՝ որպես գիտության ամբողջականությունը խաթարվեց բոլոր չափումներում, այն շարւնակեց իր կյանքը արդեն ոչ որպես գիտություն, այլ որպես գիտական սկզբունք։

Թարգմանությունը՝ Գրողուցավի

Please follow and like us: