Մաս հինգերորդ․ Մահվանից հետո
Ինչպես արդեն նշել էինք, Վասիլի Գրոսմանի հայաստանյան նոթերը շարվել և էջակապվել են առաջատար խորհրդային «Նովի Միր» ամսագրում, բայց տպագրությունը գրաքննիչները կանգնեցրել են հոլոքոսթի մասին մի պարբերության համար։
Գրոսմանը հրաժարվեց և շարվածքը ցրվեց։ Հեղինակը 1964 թ․ մահացավ, և թվում էր, թե այդ գործը մոտակա տարիներին հազիվ թե տպագրվի։ Բայց արդեն մյուս տարի այն տպագրվեց «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում [Гроссман В. С. Добро вам // Литературная Армения. 1965. № 6. С. 32–54; № 7. С. 27–52.]։
Այդ ուղեվորության և «Բարին ընդ ձեզ» ուղեգրությունների հրատարակման պատմության մասին տարբեր վկայություններ կան։
Ըստ Սեմյոն Լիպկինի վկայության. «Գրոսմանի մահից հետո բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը ծանոթացել է «Բարին ընդ ձեզ»-ին։ Այս գրառումները շատ բան պատմեցին հայ հայրենասերին, և նա իր ժողովրդին նվիրված գործը տարավ հայրենիք, որպեսզի փորձի տպել այնտեղ, քանի որ բացառությամբ մի քանի տողի այս ստեղծագործությունը ստացել է մոսկովյան գրաքննության թույլտվության կնիքը, ինչը բնականաբար մեծ հարգանք էր վայելում Հայաստանում։
Անցավ մոտ մեկ տարի, նոթերի մասին ոչ մի լուր։ Գրոսմանի կամքին հետևելով՝ գնացի Հայաստան։ Պարզվեց, որ շարվածքը ռուսերեն լույս տեսնող ամսագրում է, բայց գրաքննիչի՝ դուրս նետված տողերի պատճառով «Литературная Армения»-ի խմբագրությունը վախենում է հրատարակել այն, չնայած շատ են ուզում։ Ընկերոջս՝ գրականության պրոֆեսոր Լևոն Մկրտչյանի օգնությամբ ես կարողացա խմբագիրներին համոզել Գրոսմանի ստեղծագործության տպագրման անվտանգության և անհրաժեշտության մասին, ինչն արդեն քննարկում էին Երևանում, և 1965 թվականին «Литературная Армения»-ն հրատարակեց «Բարին ընդ ձեզը», իհարկե՝ առանց արգելված պարբերության»։
Նկատենք որ հրատարակությունը տեղի ունեցավ հայոց ցեղասպանության հիսուներորդ տարելիցին համաժողովրդական բողոքի ցույցերի ֆոնի ներքո, այդ մասին հիշատակում է Ս․ Լիպկինը։ Այս համատեքստում սովետական դասականի վկայությունը հայկական և հրեական ցեղասպանության մասին շատ տեղին կլիներ։
Հարկ է նշել, որ Ս․ Լիպկինի վկայությունը պարունակում է բազմաթիվ անճշտություններ։ Նախ՝ հրապարակման մեջ ներկա է արգելված «պարբերությունը» [Гроссман В.С. Добро вам // Литературная Армения. 1965. № 7. С. 51.] ։ Բայց կան այլ խմբագրական միջամտություններ։ 1989 թվականի փետրվարին «Литературная Армения»-ն հրապարակեց երևանցի թարգմանիչ և քննադատ Ն․ Ա․ Գոնչար Խանջյանի հոդվածը, որ վիճարկում է Ս․ Լիպկինի հուշերը [Гончар-Ханджян Н.А. К истории публикации «Добро вам!» и к истории журнала «Литературная Армения». По поводу воспоминаний С. Липкина // Литературная Армения. 1989. № 2. С. 76–87.]։ Նա 1961 – 1969 թթ․ աշխատել է ամսագրի խմբագրությունում և բոլորովին համաձայն չէ Ս․ Լիպկինի գնհատականների հետ, և նրա պատմությունը խիստ տարբերվում է Ս․ Լիպկինի վարկածից։
Ըստ նրա խոսքերի՝ 1965 թվականի սկզբին ինքը եղել է Մոսկվայում, իսկ փետրվարի վերջին հանդիպել է թարգմանիչ Ռիտա Ռայտ-Կովալյովայի հետ որը համագործակցում էր «Литературная Армения» խմբագրության հետ։ «Հանդիպման ընթացքում խոսք գնաց Գրոսմանի գրառումների մասին․ առաջին անգամ լսեցի «Նովի միր»-ում այս գրառումները չհրապարակելու պատմության և դրդապատճառների մասին (Ռիտա Յակովլևնայի մոտ էր տեքստի պատճենը՝ տրված հենց հեղինակի կողմից, և ես հենց տեղում կարդացի այն)։ Այս կերպ՝ շնորհիվ Ռիտա Ռայտ-Կովալյովայի այն տպագրվեց «Литературная Армения» ամսագրում։
Գոնչար֊Խանջյանը խոստացավ պատմել «Բարին ընդ ձեզ պատմությունը» Գուրգեն Բորյանին՝ «Լիտերատուրնայա Արմենիա»- ի գլխավոր խմբագրին և խնդրել նրան օգնել հրատարակել Գրոսմանի ճանապարհորդական գրառումները։
Այնուհետև, գրում է հուշերի հեղինակը, ամեն ինչ արագ ընթացավ․ «Խմբագրություն վերադառնալուց հետո մարտին «Նովի Միր»-ը Ա․Տվարդովսկու անուվ ուղարկվել է Գ․ Բորյանի ստորագրությամբ նամակ որի էությունն այն էր որ «Լիտերատուրնայա Արմենիան», եթե «Նովի միրից» առարկություններ չլինեին, կցանկանար իր ամսագրում տեղադրել Վ․ Գրոսմանի ճանապարհորդական գրառումները Հայաստանի մասին։
Ա. Տվարդովսկին պատասխանել է կարճ նամակով, որի ավարտին նա համաձայնել է Գրոսմանի հայաստանյան նոթերը «զիջել» «Լիտերատուրնայա Արմենիային»։ <…> Ստանալով համաձայնությունը՝ հայաստանյան ամսագրի խմբագրությունը պահանջեց «Նովի Միր»-ից շարվածքը, որը շուտով ուղարկվեց»:
Գ․ Բորյանը, ստանալով մոսկովյան ծանրոցը, արդեն կարող էր տեղի գրաքննիչներին բացատրել, թե որտեղից է ստացել Գրոսմանի էսսեն՝ այն ուղարկել է անձամբ Տվարդովսկին։ Տեքստի աղբյուրը այս հնարքով օրինականացվել է գրաքննիչների համար։
Ամփոփելով՝ Ն․ Գոնչար-Խանջյանը գրում է, որ Վ․ Գրոսմանի գրքի հրատարակման հարցը լուծվել է «խմբագիրների նախաձեռնությամբ ու պահանջով»։ «Դա այն հրապարակումներից էր, որ վաթսունականների «Լիտերատուրնայա Արմենիան» ձեռնարկեց նրա արժեքի առավելագույն ըմբռնումով և իրականացրեց, ինչպես ասում են, ընթացքի մեջ, առանց վարանելու, ձգձգելու և հետ նայելու»։
Հուշերի հեղինակը հպարտությամբ գրում է․ «Հայաստանում ռուսական ամսագրի խմբագրությունը, հասկանալով խնդրի կարևորությունը, հանձն առավ տպագրել Գրոսմանի՝ Հայաստանի մասին արձակը․ ոչ միայն չդողացին Գլավլիտի դուրս նետած տողերի պատճառով և չսպասեցին ոչ մեկից անվտանգության երաշխիքներ, ընդհակառակը՝ մոսկովյան արգելող մատիտը ու գրողի համար թանկ տողերը մնացին տեղում»։
Ջնջված պարբերության մասին Ս․ Լիպկինի ասածը Ն․ Գոնչար-Խանջյանը զայրույթով մերժում է։ Նա մատնանշում է, որ հուշագիրը, որը խոսում էր Գրոսմանի էսսեն Հայաստանում տպագրելու իր ջանքերի մասին, ոչ միայն կապ չունի ամսագրի տպագրության հետ, այլև չի էլ ծանոթացել դրան և միևնույն ժամանակ վիրավորել է խմբագրությանը։
Բայց Ն․ Գոնչար-Խանջյանը չի բացատրում, թե ինչպես է գլխավոր խմբագրին հաջողվել շրջանցել գրաքննության արգելքը։ Այստեղ պատճառն ակնհայտ է՝ ԽՍՀՄ-ում նման հնարքներ չպետք է նկարագրվեին։ Այդ գաղտնիքը նա բացահայտում է իր վաղեմի ընկեր, գրականագետ և գրող Վ.Գ. Պերելմուտերին [Перельмутер В.Г. Записки без комментариев. М.: Б.С.Г.-Пресс, 2017. С. 145–207].
Ինչպես բացատրում է գրոսմանագետ Յուրի Բետ-Յունանը, Բորյանը ստիպված էր դիմել Տվարդովսկուն ոչ միայն Գրոսմանի ձեռագրի խմբագրությունում հայտնվելու լեգենդի համար։ Պետք էր տեսնել նաև բոլոր նշումները՝ և՛ խմբագրական, և՛ գրաքննիչի կողմից արված։ Դա կարող էր պարզաբանել խմբագրման բնույթը։ Ավելի ճիշտ՝ ում կողմից է այն ներմուծվել՝ տեքստի հեղինակի, խմբագրի՞, թե՞ աշխատակազմի գրաքննիչ Գլավլիտի աշխատակցի կողմից։
Խմբագիրներն օգտագործում էին պարզ մատիտ, իսկ անձնակազմի գրաքննիչը՝ կարմիր կամ կապույտ։ Մատիտով խմբագրական ուղղումը դիտարկվել է որպես տեքստում ինչ-որ բան փոխելու առաջարկ հեղինակին։ Այն կարող է ջնջվել, ավելացվել նորը: Գրաքննչական նշումները նախատեսնված էին գլխավոր խմբագրի հետ քննարկելու համար: Մյուս կողմից, Տվարդովսկին միշտ ուղղումներ էր անում թանաքով մաքրագիր օրինակի վրա։ Սա վկայում էր այն մասին, որ որոշումը վերջնական է։
Ա․ Տվարդովսկու այս որոշումը հետազոտողը բացատրում է զգուշավորությամբ․ Խորհրդային Միությունում հոլոքոստի և հակասեմիտիզմի թեման խիստ չափավորված էր։ Իսկ խորհրդային Հայաստանում, կրկնվեմ, ցեղասպանության թեման արդիական էր։
Մոսկվայից ստացված ձեռագիրը՝ մոսկովյան գրաքննիչի և Տվարդովսկու նշաններով, մինչև 1970-ական թվականները պահվել է ամսագրի աշխատակիցների կողմից խմբագրական արխիվում։ Այնտեղ այն կարդացել է Պերելմուտերը։ Ի դեպ, գրքում նա նշել է, որ գրաքննիչի գրառումները՝ երկուսը, արված են կապույտ մատիտով, և երկուսն էլ ոչ մի կապ չունեն թանաքով խաչ քաշած պարբերության հետ։ Այնպես որ, որոշումն ի վերջո կայացրել է ոչ թե գրաքննիչը, այլ գլխավոր խմբագիրը։
Այս եզրակացությունը շփոթություն կարող հարուցել։ Ալեքսանդր Տվարդովսկին Խորհրդային Միությունում համարվում էր ազդեցիկ և ազատամիտ խմբագիր, որը ճանապարհ է տվել բազմաթիվ գրողների, փաստորեն հիմնել է «հալոցքի» շրջանի գրականությունը։ Բայց, ըստ Յուրի Բետ-Յունանի, Ալեքսանդր Տվարդովսկին զգուշավոր մոտեցում է ունեցել հրեական թեմային և համարել է, որ Վ․ Գրոսմանը խիստ ուռճացնում էր հոլոքոսթի թեման։
Բնութագրական է, որ Ս․ Լիպկինը, երբ Ա․ Տվարդովսկուն առաջարկում է վերատպել երևանյան հրատարակությունը, վերջինս կտրուկ մերժում է, ասելով, որ Վ․ Գրոսմանը հրաշալի մարդ էր, բայց միջակ գրող։ Սա «Բարին ընդ ձեզ»-ի գրաքննչական «ոդիսականի» ամենաառեղծվածային դրվագն է։
1965 թվականին, երբ Գ․ Բորյանը որոշեց խմբագրման բնույթը, որ այն գրաքննչական չէ, ձեռագիրը նորից մեքենագրվեց, ներառելով խաչով ջնջված պարբերությունը, և ձեռագիրը ներկայացվեց տեղի գրաքննիչին։ Նա նույնպես այնտեղ անթույլատրելի մտքեր չգտավ։
Երկրորդ երևանյան հրատարակությունը տեղի է ունեցել 1967 թվականին, այն ներառվել է Հայաստանի մասին ռուս գրողների էսսեների ժողովածուում [Гроссман В. Добро вам. Из путевых заметок // Глазами друзей. Сборник художественных очерков русских советских писателей об Армении. Ереван.: Айастан, 1967. С. 349.]։ Այն պարբերությունը, որը Լիպկինն համարում էր արգելված, այնտեղ ևս ներկա է։ Նույն թվականին «Բարին ընդ ձեզը» թարգմանվել է հայերեն ամսագրային հրապարակման հիման վրա [Բարին ընդ ձեզ (տպավորություններ Հայաստանից), Ե., «Հայաստան», 1966, 111 էջ։ Ռուսերենից թարգմ.՝ Ռաֆայել Ավագյան]:
Երևանյան հրապարակումները դրական արձագանք ունեցավ [Канторович В.Я. Поэзия и философия одного очерка // Дружба народов. 1966. №11. С. 280–281.]: Հայաստանյան հրատարակությունները ճանապարհ հարթեցին մոսկովյան հրատարակության համար, չնայած սովորաբար հակառակն էր լինում [Гроссман В.С. Добро вам! Рассказы. М.: Советский писатель, 1967]։ Այն էլ ավելի աղճատված էր քան երևանյան հրատարակությունը, բայց Ա․ Տվարդովսկու կողմից ջնջված պարբերությունը այնտեղ ևս ներկա է։ Ժողովածուն կազմել է գրաքննադատ Ն․ Ս․ Ատարովը, որը գրել է նաև հրաշալի նախաբան։
Գրքում դեն են նետված արդեն ոչ թե առանձին պարբերություններ, այլ ամբողջ գլուխներ, օրինակ երկրորդ գլուխը Ստալինի արձանի և ստալինիզմի մասին։ Հինգերորդ (գրքում՝ չորրորդ) գլխում դեն է նետված չորս էջ, մասնավորապես հին բոլշևիկ Սարգսյանի մասին հատվածը կամ ինչպես մոլոկան երկու ընտանիք Թուրքիայից փախչում են Հայաստան և այլն։ Արդյունքում ձեռագրի սկզբնական տարբերակի 125 մեքենագրված էջերից մնացել է 75-ը։
Գիրքը շատ լավ ընդունելություն ունեցավ, 1967-68 թ․ թ․ առաջատար գրական մամուլում տպագրվեցին մի քանի դրական գրախոսականներ, որոնք հատկապես նշում էին հեղինակի հումանիզմը։ Սակայն հետո, հատկապես արտերկրում լույս տեսած «Կյանք և ճակատագիր» և «Ամեն ինչ անցնում է ․․․» գործերի տպագրությունից հետո, գրախոսականները դադարում են։
Խորհրդային գրական մամուլը կրկին խոսեց «Բարին ընդ ձեզ» վիպակի մասին, երբ հրատարակվեց նրա լրացված տարբերակը [Гроссман, В.С. Добро вам! // Знамя. 1988. № 11. С. 5–62.]: Նոր իրադրությունում կարելի էր այն դիտարկել ոչ միայն որպես ուղեգրություն, այլ նաև քննարկել հեղինակի գաղափարները ամբողջատիրության, քսենոֆոբիայի և ազգայնականության մասին [ օրինակ՝ Бахнов Л.В. Несентиментальные путешествия // Дружба народов. 1989. № 8. С. 257–262; Бочаров А.Г. Время собирать камни. Малая проза Василия Гроссмана // Вопросы литературы. 1989. № 7. С. 3–38; Гаррард Дж., Гаррард К. Паломничество неверующего: «Добро вам!» Василия Гроссмана // Русская литература ХХ века / Ред. и перев. Б. Аверин, Э. Нитраур. СПб.: Петро-РИФ, 1993. С. 459–475.]։ Նկատենք, որ այնքան էլ շատ չէ։
Հայաստանում էլ արձագանքը զուսպ էր։ Հայաստանյան քննադատների ընդհանրացված մոտեցումը կարելի է գտնել Անահիտ Զուրաբյանի մոտ, որը Վ․ Գրոսմանի մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Նա գրում է․ «Միևնույն ժամանակ, սակայն, ցույց է տրվում, որ կրճատումները ու փոփոխությունները, նույնիսկ եթե դրսից պարտադրված են եղել գրաքննության և գաղափարական նկատառումներով, հնարավորություն են տվել հատել տեքստում ավելորդ ամեն ինչ և վերածել «Ծեր մարդու գրառումները» ( «Բարին ընդ ձեզ» վիպակի բնօրինակ անվանումը) կոնցեպտուալ առումով ավելի ամբողջական ստեղծագործության, որն ամբողջությամբ կենտրոնացած է հայկական նյութի պատկերման վրա»։
Կարծում եմ, որ Ա․ Զուրաբյանի այս միտքը ուշագրավ է․ գրաքննիչները և խմբագիրները աղճատել են տեքստը, բայց դրանով իսկ այն «բարելավել» են։ Իրականությունն այլ է, բաց են թողնվել շատ կարևոր և արժեքավոր պարբերություններ, նույնիսկ՝ ամբողջական գլուխ։ Այստեղ կարելի է վերհիշել, թե ինչպես են հայ գրաքննիչները և խմբագիրները «բարելավել» Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանները», ի վերջո աղճատելով հեղինակի իրական ասելիքը։
Անահիտ Զուրաբյանը սխալվում է մեկ այլ էական հարցում։ Նա գրում է․ «Պատահական չէ, որ հետխորհրդային հրատարակչական ազատության պայմաններում միտք չի ծագել այս ստեղծագործությունն ավելի ամբողջական ծավալով վերահրատարակել (հաշվի առնելով, իհարկե, հեղինակի կատարած ամբողջ աշխատանքը տեքստի վրա)»։
Այս տողերը գրվել են 2000 թ․-ին։ Բայց 21-րդ դարում «Բարև ընդ ձեզի» նկատմամբ հետաքրքրությունը անընդմեջ աճել է։
1998 թ․ այն վերահրատարակվել է ռուսերեն Վ․ Գրոսմանի չորսհատորյակում, իսկ ՝ 2018-ին այն ամբողջական տեսքով հրատարակել է «Текст» հրատարակչությունը։ 2011-ին հրատարակվել է իտալերեն (Il bene sia con voi; 2011), ֆրանսերեն՝ Voyage en Arménie, traduit, revu, et corrigé, par André du Bouchet, Mercure de France, 2005։ 2021-ին երկրորդ անգամ՝ Vassili Grosman (Nilima Changkakoti (1989), Shimon Markish), La paix soit avec vous: Notes de voyage en Arménie, Ginkgo, «Petite bibliothèque slave»։ Բայց իսկական իրադարձություն էր գրքի անգլերեն թարգմանությունը [V. Grossman, An Armenian Sketchbook, New York 2013]: Այն ճանաչվեց տարվա լավագույն փաստագրական գրականության տեքստերից մեկը։
Հաջորդեցին բազմաթիվ գրախոսականներ։ Վիպակը մեկնաբանվում է ոչ միայն գրոսմանյան հումանիզմի, նրա՝ քսենոֆոբիայի եւ ազգայնականության քննադատության կոնտեքստում, այլ նաև հետգաղութային քննադատության դիտանկյունից։ Օրինակ՝ [ Bartosz Gołąbek, Sowiecka Armenia Wasilija Grossmana — wokół geopoetyki socrealizmu, կամ Daniele Artoni, Dust and Stone: Caucasian Sketches in Lermontov, Mandelstam and Grossman] ։
2004 թ․ հրատարակվեց Գ․ Մահարու «Այրվող այգեստանների» ամբողջական հրատարակությունը։ Այդ հրատարակությունը ոչ միայն հուշարձան է քսաներորդ դարի հայ լավագույն վեպերից մեկի համար, այլ նաև հիշեցում է ամբողջատիրական համակարգում գրողի և նրա ստեղծագործության ճակատագրի մասին։
Վասիլի Գրոսմանի «Բարին ընդ ձեզ» -ը ևս կարիք ունի հայերեն նմանօրինակ հրատարակության՝ գիտական, ազնիվ և ամբողջական։