Հովիկ Մխիթարյան/Ռուս տղան և մյուսները

 «Նա մեկ մարդուց ստեղծեց բոլոր ազգերին, որպեսզի բնակվեն ողջ երկրի երեսին. սահմանեց նախակարգյալ ժամանակները և նրանց բնակության սահմանները․․․»։

Գործք 17․26

Ռուս տղան հաճույքով վայելում է տնական բորշն ու թարմ սալաթները։ Երևում է՝ վաղուց չի ճաշակել մայրական ձեռքով պատրաստված տնական ուտելիքները։ Սկսում է մեկից, ավարտում մյուսներով։ Պատկերացնում եմ, որ արդեն որերորդ ամիսն է, սնվում է դրսում՝ բուտերբրոդներ, հոթդոգեր, պիցցա․․․ Ընթացքում պատմում է իր ոդիսականը՝ ինչպես է հասել Հայաստան, ինչպես է ամբողջ երեք օր մնացել մեքենայի մեջ, հիվանդ ու բարձր ջերմությամբ, սակայն այլ ելք չի ունեցել․․․ 

– Եթե ես Հայաստան չգայի,- ասում է նա, – հիմա Ուկրաինայի դաշտերում մեկնված կլիներ իմ դիակը։ Իսկ ես բրոնխիալ ասթմա ունեմ և չեմ կարող ծառայել։ Եվ որպեսզի ինձ օրինական ձևով ազատեն ծառայությունից, հարկավոր է իրավաբան և այնքան գումար, որ երբեք չեմ ունեցել և չեմ կարող ունենալ։ Եվ ստիպված եկա․․․ Հիմա այստեղ աշխատում եմ ու անգամ գումար եմ ուղարկում տուն՝ մայրիկիս։ Ես պատերազմ չեմ ուզում, ինչպես և չեմ ուզում ձեռնածության զոհ դառնալ․․․ 

Երիտասարդ տղա է Վլադիսլավը, շատ նիհար ու բարձրահասակ․ չեմ պատկերացնում՝ ինչպես էր կրելու ռազմական ծանր հանդերձանքները։ Հիմա ապրում է իր նման վեց  տղաների հետ միասին, հոսթելում, ընկերություն են անում, բայց այդպես երկար հնարավոր չէ, դժվար է տարբեր մարդկանց հետ՝ ռուս, ուկրաինացի, անգամ հնդիկ։ Թեյ ենք հյուրասիրում ռուս տղային, ասում է՝ իրեն զգում է ինչպես տանը, և ինչպես տանը՝ համարձակությամբ երկրորդ բաժակն է խնդրում․․․ Խոսում է իր կյանքից, երիտասարդ է, բայց արդեն ճաշակել է կյանքի դժվարությունները․․․

– Շնորհակալ եմ հայերից,- ասում է նա արդեն որերորդ անգամ,- ինձ շատ լավ են ընդունում, արդեն ես եմ հայերեն սովորում,- փորձում է լեզուն ջարդելով նոր սովորած բառերն արտաբերել,- ու շատ ուրախ եմ, որ պատերազմում չեմ, պատերազմը անարդար է, ինձ նման քանի՜ տղաներ են զոհվել։ 

Աչքերում արցունքներ են հայտնվում։ Լուռ ենք․․․ Ի՞նչ կարող ենք ասել։ Միայն այն, թե ի՞նչ են մտածում այսպիսի տղաներին մարտադաշտ  ուղարկող  քաղաքական գործիչները,  մոլեգնած գործիչները, ինչո՞ւ…. Նավթի ու գազի առևտուր, բնական հարստություններ, անձնական հպարտություն ու փառք, սարսափելի եսասիրություն,  երիտասարդ մահեր ու որբեր, կանացի արցունքներ, մայրական ողբ։ 

– Չեմ ուզում գնալ հոսթել,- ասում է ռուս տղան խեղճ-խեղճ ու մի տեսակ անճար, լայնաբերան ժպիտով,- կարո՞ղ եմ մնալ այստեղ, գոնե այս գիշեր, քնել ձեր տանը․․․ 

Տանտիրուհու աչքերում արցունքներ են հայտնվում։ Պատրաստում է անկողինն ու  սպիտակեղենը։ Տղան հաճույքով շոշափում է թարմ սավանն ու ծածկոցը, խաղաղ պառկում, ինչպես կպառկեր հարազատ տանը․․․ 

Առավոտյան նա ուշ է արթնանում, քնում է մինչև 11-ը։ Արթնանում է ու փորձում անմիջապես հարդարել անկողինը։ Չենք թողնում, իրեն վատ է զգում։ 

Նախաճաշ ենք պատրաստում։ Ոտում է երկար ու մտածկոտ, թեյ է խնդրում։  

-Շնորհակալություն,– ասում է, –  կարծես իմ տանն եմ։ 

Առավոտյան նա հեռացավ։ 

Կարծում եմ,  բոլոր հայկական ընտանիքներում էլ գիտեն` ինչ է պանդխտությունն ու պատերազմը։ Այնքան էլ բարդ չէ օտարականին հասկանալը….

Հյուսիսային պողոտան պայթում է մարդկային եռքից։ Աշխույժ շարժ է՝ վերև-ներքև․ բոլորն ուրախ են, թվում է` Հյուսիսային պողոտայում տխուր մարդիկ չկան։ Գույնզգույն գովազդային լույսերը հեքիաթային տեսարան են ստեղծում, երեխաները փուչիկները ձեռքերին այսուայնկողմ են վազվզում։ Նվագում են փողոցային երաժիշտները։                                         

Հայացքս ընկնում է անկյունում, ինչ–որ հարմարության վրա տեղավորված ռուս տղային, նա գլուխը կախ կիթառ է նվագում, բնականաբար, գումարի ակնկալիքով։ Ռուսական անծայրածիր տափաստանների, վարգող ձիերի ու ռուս գեղեցիկ աղջիկների մասին է նվագում կապույտ աչքերով ռուս տղան։ Այս մեկն արդեն ուրիշ է՝ պատերազմի մասին է։ Ելևէջները տխուր են, ինչպես նրա հայացքը, որ չի բարձրացնում անգամ իմ սևեռուն հայացքի ներքո։ Նա երգում է պատերազմի մասին, եղբայրասպան, ահասարսուռ պատերազմի ու  երիտասարդական անմեղ արյան մասին․․․ Երգում է հյուրընկալ, բարյացակամ երկրում։

Ռուս տղան եկել է հեռուներից, որտեղ պատերազմ է, եւ իրեն ուզում են ուղարկել հենց այնտեղ, որտեղ երկու կողմից մահանում են իր նման կապույտ աչքերով, շիկահեր տղաները, որտեղ ավարտվում են երազներն, ու անհետանում է բարոյականությունը։ Նա չի ուզում պատերազմ գնալ, որի իմաստն ու տրամաբանությունը խորհրդավոր է ու անհայտ, ինչպես իր երազները։ Նա չի ուզում կռվել, ուզում է ապրել, նայել այգաբացներին ու արևամուտերին, շնչել ծաղիկների բույրը, սիրահարվել կապտաչյա գեղեցկուհիներին ու ամուսնանալ։ Նա այնքա՜ն երիտասարդ է, անմեղ դիմագծերով․․․  

Ռուս տղան մի քիչ փող է ճարել ու եկել Հայաստան, որտեղ իրեն սիրով են ընդունել, հարցեր չեն տվել։ Ասել են՝  ապրիր, այստեղ անվտանգ է, քեզ չեն նեղացնի, կհասկանան, որովհետև այստեղ գիտեն` ինչ է պատերազմը, գիտեն ինչ է նշանակում ռումբերի շառաչն ու փամփուշտի կույր հարվածը, պատանու մահասարսուռ ու աղեխարշ ճիչը, մայրական՝ երկնքին ուղղված ողբը։ Մենք գիտենք ինչ է հայրական անզոր բղավոցն ու ճիչը։  

Ռուս տղան ուզում է ապրել, չդառնալ ոմանց ծրագրերի կույր դերակատարն ու մահվան գործիքը։ Նա ոչ մեկի վրա հարձակվել չի ուզում, հող խլել չի ուզում, իր հողն էլ չի ուզում,  իր ունեցածը՝ կիթառն ու սրտի հուզիչ երգը, լիովին բավական է։ Նա չի պահանջում այդ հողը ոչ մեկից, որովհետև դա իրեն Աստվա՛ծ է նվիրել։ Նրան չեն հետաքրքրում աշխարհաքաղաքական ծաղրածուների ու լակեյների դիվական, քաղաքական խաղերը։ Նա ատում է  մահվան համազգեստը, որ հագցնում են  տղաներին և ուղարկում մահվան շքերթ․․․ Նա՝ ռուս տղան, միայն ապրել ու սիրել է ուզում։ 

Նա կախել է գլուխն ու ամաչում է նայել անծանոթ մարդկանց, որովհետև եկել է հեռուներից ու չի ճանաչում այն մարդկանց, որոնցից փող է խնդրում՝ մի կերպ գլուխը պահելու  կամ մեկ այլ տեղ հեռանալու համար։ Նայում եմ մի քանի րոպե՝ չի բարձրացնում աչքերը, գետնին է նայում, հավաքված գումարներին ու առջևը դրված ցուցանակին՝ «զա բիլետ»` տոմսի համար։ Նրա՝ գետնին հառած հայացքը հանդիմանություն է աշխարհին՝ ձեզ չի՞ հուզում մեկ մարդու ճակատագիրը, մեկ երիտասարդի կյանքն ու մահը։ Դուք իմ մա՞հն եք ցանկանում, – ասում է նա, –ես ապրե՜լ եմ ուզում, պահպանեք ինձ, որովհետև ես ձերն եմ, ձեր մի մասնիկը, ձեր եղբայրն ու հարազատը։ Մի՛ սպանեք ինձ, մարդի՛կ։  

Ռո՛ւս տղա, կարեկից, քեզ ընդունող ու սիրող սրտերը քո երգին համահունչ ձայնակցում են՝                                                                                            

Պատերա՞զմ եք ուզում-պատերազմե՛ք ինքներդ… 
Հերոսնե՞ր եք ցանկանում կերտել-կերտե՛ք ձեզանից…  
Մահվան շարասյունե՞ր եք երազում-կազմե՛ք ձեզանից…   
Նահատակնե՞ր եք փափագում-եղե՛ք ինքներդ․․․
                                                                                                        

Yandex eats գրասենյակի առջև ուրախ աղմուկ է՝ աշխատավարձի օր է։ Խումբ-խումբ զրուցում են․․․ հայեր, հնդիկներ, իրանցիներ, ռուսներ․․․ մի փոքրիկ, ինտերնացիոնալ հավաք, անգամ ինտերնացիոնալ աշխույժ աղմուկ՝ որախ, ինչպես լինում են աշխատավարձ ստանալու օրերին։ Ես մոտենում եմ նրանց, ժպտալով հարցնում եմ հնդիկ տղային․ 

– Ինչու՞ եք այստեղ․․․

– Այստեղ աշխատում եմ։ Ինձ ասել են, որ հայերը բարյացակամ ու հանդուրժող են, սիրում են հյուրերին, հյուրասիրում են։ Ես ինքնագլոր եմ գնել, շուտով մոտոցիկլ եմ գնելու, գումար եմ հավաքում,-  ավելացնում է ժպտալով։

Մոտենում եմ մյուսին, Իրանից է, հարցնում եմ․ 

– Հեռվի՞ց ես եկել, բարեկա՛մ։ 

– Չէ, ձեր սահմանին մոտիկ է, բայց սահման չպիտի լինի,- ասում է նա,- ես ինձ այստեղ հիանալի եմ զգում, մերոնցից շատերն են այստեղ, ես Թավրիզից եմ, այստեղ մարդիկ բարյացակամ են, օգնում են, աշխատում եմ ․․․ 

Մոտենում է մեկ ուրիշը և խառնվում զրույցին, հնդիկ է։

– Սահմա՞ն,- ասում է նա,- թեև մենք իրար հետ սահման չունենք, ես այստեղ ինձ լավ եմ զգում, փորձում եմ հարմարվել, աշխատել, վաստակել, դե, ստացվում է։ Իմ ազգակիցներից շատերն են գալիս այստեղ, մեզ, իհարկե, այնքան ազատ չենք զգում, ինչպես հայրենիքում,  այնուամենայնիվ, ամեն ինչ լավ է։ Մենք գումար ենք վաստակում, ուղարկում ենք տուն, այնտեղ ծեր ծնողներ ունենք։ 

Մոտենում եմ մեկ ուրիշին․

-Ինչպե՞ս է այստեղ կյանքը, – հարցնում եմ։

-Մենք եղբայր  ենք, – ասում է շիկահեր, երկնքի պես բաց կապույտ աչքերով Իլյան` ռուս երիտասարդը,- երբ մեզ մոտ դժվարություններ առաջացան, մենք անգամ չմտածեցինք, թե ուր ենք գնալու։ Իհարկե՝ Հայաստա՛ն։ Երևի մշտապես չեմ մնա, բայց հիմա այստեղ եմ և աշխատում եմ, մարդիկ սիրում են, ինձ ասում են՝ սիրուն տղա, թեյավճար են տալիս, մի օր տասը հազար դրամ տվեցին․․․իսկ ես եկել եմ շա՜տ հեռվից,- այս ասելով` նա մեղմ, կարծես մեղավոր ժպտում է։ 

Նայում եմ կողքերս, հայ տղան ձեռքը գցել է իրանցու ուսին, ու խոսում է ռուս տղայի հետ։ Բոլորն այստեղ  ճանաչում են միմյանց ու համերաշխ են։ Գեղեցիկ տեսարան է։ Կրոնի տարբերությո՞ւն, էթնիկ տարանջատո՞ւմ․․․ չկա նման բան։ 

Կասկադում միշտ ուրախ է և միշտ՝ համամարդկային։ Այստեղ ավելի շատ տարբեր ազգություներ կան՝ իրանցի, ռուս, հնդիկ, ֆրանսիացի, լեհ, արաբ, կորեացիներ, չինացի․․․ հանդարտ, շուրջբոլորը նայելով` նրանք անցնում են` հետաքրքրասեր հայացքներ նետելով  Կասկադի արձաններին` լուսանկարելով մերկանդամ զինվորի ու մերկ  կնոջ մետաղյա արձանները։ Ոմանք մեղմ ժպտում են, ոմանք՝ իրար բզում ու ուրախ ծիծաղում․․․

Անցնում են տարբեր ազգերի, ամենատարբեր կերտվածքի մարդիկ․․․ կորեացի զույգը՝ տղա ու աղջիկ, իրենց լեզվով ինչ-որ բան են ասում, մտածում եմ, մի քիչ փող են հավաքել ու եկել Հայաստան։ Իրենց ասել են՝ կգնաք Հայաստան, լավ երկիր է, բարյացակամ, սիրում են օտարերկրացիներին, միայն տաքսի նստելիս զգույշ կլինեք, շատ են վերցնում։

Եվս  մի զույգ՝ ռուսներ են։ Նրանք կարծես հայրենիքում լինեն, երիտասարդներ են՝ ձեռք ձեռքի,  արդեն սիրահարված աչքերով միմյանց են նայում․․․ մեկ այլ հատվածում շիկահեր երեխան խաղում է աղավնիների հետ, մորից ուտելք է պահանջում՝ նրանց կերակրելու համար։ Ստանում է, կերակրում, վազվզում անկաշկանդ։ Հնդիկներն այդքան էլ  անկաշկանդ չեն։ 

Ահա և սև, տարօրինակ զգեստներով, խստակենցաղ, միգուցե, այդպիսին թվացող   իրանցի աղջիկները։ Անցնում են, նայում շուրջբոլորը․ այնքան հետաքրքիր է այստեղ, Հայաստանում։ 

Մոտենում եմ հերթական ռուսներին, հարցնում․ 

-Այստեղ ձեզ լա՞վ եք զգում։ 

-Այո, – պատասխանում են նրանք։ – Միգուցե, մնանք ապրելու նպատակով, եթե համապատասխան աշխատանք գտնենք։ Հիմա շատերն են ցանկանում այստեղ մնալ, աշխատել, մենք չենք էլ պատկերացրել, որ մեզ այստեղ այսքան բարեկամաբար կընդունեն։ Այո, քաղաքականության մեջ  բարդ հարցեր կան,  տարաձայնություններ, բայց մենք կապ չունենք այդ ամենի հետ, մենք ուզում ենք համերաշխ ապրել։ 

Ընդամենը հինգ րոպե, և զրույցից հազիվհազ հասկանում եմ՝ ֆրանսիացիներ ու գերմանացիներ են։ Չեմ հասկանում զրույցի  լեզուն, բայց հետաքրքրասեր դեմքերից դժվար չէ հասկանալ, որ այստեղ իրենց համար ամեն ինչ նոր է և ուշագրավ՝ սիրալիր, անվտանգ դեմքեր, Կասկադ… Երիտասարդ գերմանացի աղջիկների ուրախ, բարձրաձայն զրույցն ու անկաշկանդ ծիծաղը զարմացնում ու պարզապես զինաթափում է տեղացիներին։

Քայլում եմ… Մայթին արցախցի կինը փոքրիկ տաղավար է դրել ու ժինգյալով հաց է պատրաստում։ Ռուս երիտասարդ զույգը հանդարտ բազմել է փոքրիկ տարածքում, որ նախատեսված է  նստելու և մի բան ճաշակելու համար։ Նախանձելի ախորժակով ժինգյալով հաց են ուտում։ Հեռավոր Ռուսաստանից եկած հյուրը ճաշակում է հայկական, իրեն անծանոթ ուտեստը։

Հնդիկ ընտանիքն է․․․ Համարյա ամեն օր տեսնում եմ նրանց։ Առջևից գնում է հայրը` ծանր քայլվածքով, հոգնած է, կողքից՝ կինը, նույնպես հոգնած։ Հետևից գալիս է մեծահասակ աղջիկը, նրա կողքից՝ փոքրիկ տղան։ Երեխան ուրախ ժպտում է բոլորին, անծանոթ լեզվով խոսող շրջապատին։ Ես ձեռքով եմ անում երեխային ու ժպտում։ Ի պատասխան` նա նույնպես թափահարում է ձեռքը, ժպտում իր մանկական անմեղ ժպիտով` լայն բացելով ճերմակ ատամները։ Վաստակած-հոգնած` տուն է գնում հնդիկ ընտանիքը․․․նայում են ինձ ու ժպտում,  հեռվից ճանաչում ենք իրար ու ողջունում։ 

Միգուցե, յուրաքանչյուր այսպիսի ժպիտ սեր ու հանդուրժողականություն դառնա այս խելահեղ աշխարհում, որի մի մասնիկն էլ իմ հարազատ երկիրն է՝ Հայաստան հմայիչ աշխարհս։

Բարդ քաղաքական խճճոցի արդյունքում Հայաստանը շատերի համար է դարձել միջազգային խաչմերուկ, հանգրվան ու զբոսավայր։ Ինչպե՞ս ենք ընդունում նրանց, ովքե՞ր են նրանք մեզ համար. դա էլ որոշում է մեր ազգային առանձնահատկությունը և բարյացակամությունը, մեր հանդուրժողականությունը։ Բազմազանությունն այսօր օգնում է, որ վերանայենք մեր արժեքները, մարդկային կերպը, հայացքները։ Միգուցե պատահական չէ՞ այս անսովոր եռուզեռը․․․ Թող գան շատերը, թող այստեղ ապահով հանգրվան գտնեն, և չլինեն պատերազմներ, թող բոլորիս համար ուղեցույց լինի աստվածաշնչյան ճշմարտությունը՝ Աստված մեկ մարդուց է ստեղծել բոլոր ազգերին, և չպետք է հեղել որևէ արյուն։ 

Իմաստությունն է պակասում մեր աշխարհին։ Իմաստություն՝ սիրով ու վստահությամբ լուծելու խրթին, սակայն միանգամայն լուծելի  հարցերը։ Մեր աշխարհին պակասում է հանդուրժողականություն ու խաղաղասիրություն, իմաստություն` հասկանալու համար, որ եթե անգամ լինելու են սահմաններ, չպետք է լինեն թշնամության ու ատելության սահմաններ, այլ միայն վստահության ու խաղաղության։ 

Այսօր է  պահը բղավելու․ 

– Սահմաններ չպիտի լինեն․․․զենք ու փշալարեր չպիտի լինեն, հողը բավակա՜ն է բոլորին, այն մի օր բոլորի՜ն  է ընդունելու…. լրացուցիչ արյունով մի՜ սնեք այն։ 

– Սահմաններ չպիտի լինեն,- միաբան  բացականչում են հայը, հնդիկը, իրանցին, ռուսն ու կորեացին, ֆրանսիացին ու գերմանացին, շվեդը։ Մեր աշխարհը դարձել է մի փոքրիկ գյուղ, իսկ հողը չի՞ բավականացնում հաշտ ու համերաշխ ապրելու համար։ Աստված մեկ մարդուց ստեղծեց բոլոր ազգերին, որպեսզի բնակվեն ողջ երկրի երեսին. սահմանեց նախակարգյալ ժամանակները և նրանց բնակության սահմանները․․․

Please follow and like us: