Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ազատ շընչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան։
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր ոստան[1]։
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Հայ սըրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սըրին,
Հայը քյուրդեն չի սարսեր։
Երնե՜կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին,
Հայի դրոշակ ծածաներ։
Հայե՛ր, երբեք չերկմըտենք,
Կըկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն։
Please follow and like us: