Համբարձում Համբարձումյան/Դաջվածքը(2)

սկիզբը՝ այստեղ

Դավիթի գնալուց հետո վեց օր էր անցել, սակայն միայն մեկնելու օրն էր զանգել ու ասել, որ տեղ է հասել ու ապահով է։ Թեև նա ասել էր, որ իրենց երկրորդ գիծ են տանելու և անհանգստանալու բան չկա, բայց Ազնիվը չէր հավատում դրան, մտածում էր, որ նա իրեն հանգստացնելու համար ստում է։  Եթե այդքան անվտանգ տեղում է, ինչո՞ւ չէր զանգում։

Հնամաշ գազելը հազիվ էր հաղթահարում բարձրունքը։ Գազելն ամբողջությամբ լցված էր արկղերով, որոնց մեջ հիմնականում քաղցրավենիք ու ծխախոտի տուփեր էին և քնապարկեր, որոնց կարիքը ճակատում կար։ Անցած մեկ շաբաթվա ընթացքում Ազնիվը կամավորական աշխատանք էր արել,  Արցախ մեկնող հումանիտար օգնության հավաքակայանում ու երբ պարզվել էր, որ ինչ-որ մեկը պետք է ուղեկցի բեռը, անմիջապես ստանձնել էր այդ պատասխանատվությունը։ Երբեք չէր եղել Արցախում, առաջին անգամ էր գնում, բայց որքան ծանոթ ու հարազատ էին թվում ճանապարհի կողքով անցնող գետը, սարերն ու ձորերը, նույնիսկ երկինքը  իրենց գլխավերևում։   Գլուխը Գազելի ապակուն հենած նայում էր բնությանը և մտածում, թե այդ ինչպես է ստացվել, որ երբեք չէր եղել Արցախում, ինչո՞ւ էր Հայաստանի ու Արցախի կապը այդքան կտրված։  Հետո մտաբերեց, որ Հայաստանի շատ վայրերում էլ չէր եղել։ Փոքր երկիր, որի բնակչության զգալի մասը ավելի լավ հարևան երկրների ծովափերը գիտի, քան իր երկրի լեռները։ 

Մինչև Դավիթի հետ ծանոթանալը գրեթե չէր ճամփորդել Հայաստանով։  Հիշեց իրենց ծանոթության օրը, երբ առաջին անգամ էր արշավախմբի հետ արշավի գնում և միանգամից պիտի բարձրանար Խուստուփ լեռան գագաթը, որի ուրվապատկերը հիմա իր մարմնին էր։  Անփորձ ու չկոփված մարմինը հենց սկզբում դավաճանեց նրան։  Անընդհատ հետ էր մնում խմբից, որտեղ փորձառու արշավորդներ էին։  Խմբի անդամները ստիպված դանդաղեցնում էին քայլքի ընթացքը, բայց ինչ-որ պահից առաջ ընկան ու տեսադաշտից կորան։  Ինքը ծանր ուսապարկը ցած դրեց, հևասպառ ու շիվար կանգնեց, մինչև որ ինչ-որ ստվեր ընկավ դեմքին։  Գլուխը բարձրացրեց ու նայեց՝ դիմացը կանգնած էր խմբի ամենասիրուն տղան, որին համակրել էր։ Դավիթը վերցրեց ուսապարկը ու հարցրեց։

– Էս ի՞նչ ա, քար ե՞ս դրել մեջը։ 

Դավիթի հետ և առանց ուսապարկ վերելքը արդեն զբոսանքի էր նման։ 

Գիշերը մեքենան լույսերը անջատած էր գնում, որովհետև վտանգ կար, որ անօդաչուներով կարող են հարվածել։ Երբ հասան Ստեփանակերտ, արդեն կեսգիշեր էր, քաղաքը մթության մեջ էր թաղված։  Հոսանքազրկվե՞լ էր, թե՞ լույսերն անջատած էին, որ քաղաքը թիրախ չդառնա։ Ծխախոտը, քաղցրավենիքն ու քնապարկերը դատարկեցին հավաքակայանում, հետո մի քանի արկղ դեղորայքը պետք է տանեին հիվանդանոց։ 

Չնայած գիշեր էր, բայց հիվանանոցում եռուզեռ էր։ Քիչ առաջ վիրավորներ էին բերել և անքնությունից հոգնած աչքերով բուժքույրերը արագ այս ու այն կողմ էին գնում, բժիշկները անհապաղ վիրահատություններ էին անում։ 

Ազնիվի մտքով անցավ, որ գուցե Դավիթն էլ է վիրավորների մեջ։  Դեղորայքն արդեն տեղ էին հասցրել, պետք է գնային մոտակա շենքի ռմբապաստարանը, մի քիչ քնեին, որ առավոտ շուտ հետ վերադառնային Երևան։ Վարորդը մուտքի մոտ սպասում էր Ազնիվին, որ գնան, Ազնիվի աչքերը փակվում էին, բայց միտքը, որ գուցե Դավիթը վերևում՝ վիրահատարանում է, հանգիստ չէր թողնում նրան։  Վարորդին ասաց, որ ինքը կմնա։ Նստեց միջանցքի նստարաններին և սպասեց մինչև վիրահատությունները ավարտվեն։  Հետո մտքով անցավ, որ գուցե ոչ թե նոր են բերել, այլ հիմա պառկած է պալատներից մեկում։  Իջավ ներքև, պալատներում պառկած զինվորներին նայելու, բայց միայն մի պալատում էր լույսը վառվում։  Գլուխը բաց դռնից ներս մտցրեց ու նայեց։ Միայն մի զինվորի դեմքն էր երևում։ Գլուխը վիրակապված էր, մանկամարդ դեմքով, ժպտուն աչքերով զինվորը նայեց իրեն, ժպտաց։ Ազնիվը երեք-չորս տարի հազիվ մեծ լիներ տղայից, բայց մտածեց, որ լրիվ երեխա է։ 

– Ջուր կբերե՞ք,- ասաց զինվորը։ 

Նայեց, միջանցքում ոչ-ոք չկար, բոլոր բուժքույրերը վիրահատարանում էին։  Քայլեց մինչև միջանցքի վերջը,  մտավ բուժքույրների սենյակը։ Սենյակում նույնպես ոչ ոք չկար։ 

Երբ ջրով բաժակը ձեռքին վերադարձավ, զինվորի աչքերը փակ էին։ Մի քանի վարկյան կանգնած մնաց՝ չգիտեր անհանգստացնի նրան, թե  թողնի, որ ննջի։ Լավ էր, որ զինվորը աչքերը բացեց ու դուրս բերեց նրան անորոշությունից։  Ազնիվը ջուրը մեկնեց նրան։

– Ապրես, քուրս,- ասաց զինվորը։ Ազնիվի հոգին ջերմությամբ լցվեց ու հենց այդ պահին որոշեց, որ եթե  թողնեն,  կմնա հիվանդանոցում։

Երբ զինվորը ջուրը խմեց ու դատարկ բաժակը մեկնեց  նրան, Ազնիվն արդեն իր ստանձնած դերի մեջ էր։ 

– Ուրիշ ինչ-որ բան պե՞տք ա։

– Ինձ ե՞րբ դուրս կգրեն,- հարցրեց զինվորը։ 

Հարցը անակնկալի բերեց, շփոթեցրեց, ոչ միայն այն պատճառով, որ գաղափար չուներ զինվորի առողջական վիճակից, այլ  չգիտեր, թե ինչ պատասխան է ակնկալում լսել զինվորը, ուզում է շուտ ապաքինվել ու շարք վերադառնա՞լ (Այդպիսի լրատվական ռեպորտաժ էր նայել և պատմություններ էր կարդացել սոցիալական կայքերում, թե ինչպես են վիրավոր զինվորները դեռ ամբողջովին չապաքինված շտապում իրենց ընկերների մոտ), թե՞ զինվորը չէր ուզում վերադառնալ պատերազմի դաշտ և դրա համար էր անհանգստանում։  Նայեց զինվորին, աչքերում սարսափ չտեսավ։ 

– Չգիտեմ,- ասաց,- ես նոր մարդ եմ այստեղ, բժիշկը կասի։    

Գիշերվա ընթացքում մի քանի անգամ պտտվեց պալատներով՝ տեսնելու, թե վիրավոր զինվորները ինչի կարիք ունեն։   Ընդմիջումներով ննջեց միջանցքի նստարանին։  

Առավոտյան նրան նստարանին հայտնաբերեց բարձրահասակ, ճաղատ բժիշկը, որ ընդգծված ռուսախոսի ակցենտով էր խոսում։ Հավանաբար պատերազմը սկսելուց հետո որպես կամավոր էր եկել։ 

– Էստեղ ե՞ս քնել։

– Հա, հերթապահում էի։  Ուզում եմ էստեղ մնալ, ինչով կարողանամ՝ կօգնեմ։ 

– Հա՞, դե լվացվի, թարմացի, վիրահատարանը մաքրել ա պետք։ 

– Հիմա,- տեղից արագ բարձրացավ՝ ուրախ, որ կարող է ինչ-որ բանով պիտանի լինել։ 

Վիրահատարանում արունոտ  լաթի, բամբակի  կտորներ էին , հատակին նույնպես արյան կաթիլներ կային։  Արյան տեսքից որձկալու ցանկություն ունեցավ, բայց զսպեց իրեն։ Գյուղում մի անգամ մորթի էր ականատես եղել, և էդ պատկերը, կենդանու լերդացած արյունը երկար ժամանակ հետապնդել էր նրան, իսկ հիմա, երբ պատկերացնում էր, որ մարդկային արյուն է մաքրում, սրբում, ներսը տակնուվրա էր լինում, բայց հասկանում էր, որ պետք է սովորի, որովհետև այսուհետև ամեն օր արյան հետ էր գործ ունենալու։ 

Կեսօրին, երբ սանիտարի գործ չկար, գնաց զինկոմիսարիատ, որ Դավիթի մասին հետաքրքրվի, իմանա, թե որ դիրքում է և ինչպես կարող է կապվել։ Զինկոմիսարիատում ոչ ոք իր համար ժամանակ չուներ, շատ ավելի կարևոր գործեր կային։ Կոմավորներին էր պետք տեղաբաշխել, զորակոչվածներին հանդերձավորել, վիրավորների ու զոհվածների ցուցակներ ճշտել,  զորակոչման հրամանագրերը ուղարկել։

Մոտ մի ժամ սպասեց մինչև զինկոմիսարիատի  աշխատանքը մի փոքր թեթևացավ ու կարողացավ ներս մտնել։  Հոգնած աչքերով մոտ 45 տարեկան տղամարդը փորձեց օգնել, բայց չկարողացավ գտնել, թե Դավիթին որ դիրք են ուղարկել։  Նախորդ օրվա տվյալներով զոհվածների ցուցակը տվեցին, որ ինքը նայի։  Հայացքը սահեցնում էր անունների վրայով՝ փնտրելով Դավիթի անուն ազգանունը։ Հետո մի տեսակ մեղավոր զգաց իրեն, սկսեց բոլորի անունները կարդալ։  Մինչև վերջ կարդաց, Դավիթը ցուցակում չկար։

Երբ դուրս եկավ միջանցք, պետի դռան մոտից աղմուկի ձայն լսեց։ Կարմրած աչքերով մի տղամարդ էր գոռգոռում։ 

– Բա ո՞ւր գնամ, ումի՞ց պահանջեմ տղուս դիակը։  Զոհվածների ցուցակում անունը տպել եք, մի շաբաթ ա դիակը չեք գտնում։

Արագացրեց քայլերը ու ծանրացած սրտով դուրս եկավ զինկոմիսարիատից։  

Ցերեկը բոլոր պալատներով պտտվեց, որ տեսնի, թե արդյոք վիրավորներին ինչ-որ բան պե՞տք է և ստուգի՝ վիրավորների մեջ Դավիթը կա, թե ոչ։  Նույնիսկ նախորդ օրը ծանր վիրավորումներով բերված ու վիրահատված զինվորների մոտ մտավ, բայց բարեբախտաբար Դավիթն այնտեղ էլ չկար։   Ցերեկը գրեթե ամբողջ օրը օդային հարձակման ազդանշանը միացված էր։ Քաղաքի տարբեր կողմերից պայթյունների ձայներ էին լսվում։  Քաղաքը նորից հոսանքազրկվեց, և հիվանդանոցը  բենզինային շարժիչների  արտադրած էլեկտրականությամբ  էր սնուցվում։ 

Երեկոյան երրորդ հարկի պատուհանից տեսավ, որ մի զինվորական բեռնատար մեքենա կանգնեց։  Բեռնատարաից դիակներ էին իջեցնում և տեղափոխում էին դիահերձարան։ Հայացքը թեքեց, բայց հետո իրեն ստիպեց նայել։ Դիակներից մի քանիսը անճանաչելի էին, ջնջխված գլուխներով, անդամահատված, այրված։  

Այդ օրը, երբ հիվանդանոցի աշխատանքը վերջացրեց, իջավ ներքև և քայլեց դեպի դիահերձարան։ Իրեն ստիպեց ներս մտնել։  Վառ լուսավորության տակ դրված էին օրվա ընթացքում բերված  դիակները։ Որքան էլ տհաճ ու ցավալի էր,  ստուգեց դիակները, բարեբախտաբար Դավիթը նրանց մեջ չէր։  

Արդեն երկու շաբաթ է Ստեփանակերտում էր, բայց ոչ մի լուր չուներ Դավիթից։  Հիվանդանոցում պառկած բոլոր վիրավորներին, դիրքերից իջած բոլոր զինվորականներին, որոնք հիվանդանոց էին մտել, հարցուփորձ էր արել, բայց ոչ մի կոնկրետ տեղեկություն չէին հայտնել։ Ոտքից վիրավորված մի կամավորական էր միայն ասել, թե իր նկարագրածի պես մի տղայի տեսել է պատերազմի առաջին օրերին, բայց հետո նրանց վաշտը ուրիշ ուղղությամբ էին տարել։ 

Այդ օրը շատ լարված էր եղել, գերհոգնած էր, բայց դեռ գործ կար անելու ։ Մի բաժակ սուրճ վերցրեց ու դուրս եկավ բակ մաքուր օդ շնչելու։  Նստեց մուտքից քիչ հեռու, ծառի տակի նստարանին։ Մի քանի կում էր խմել, երբ օդային տագնապի ազդանշանը միացավ,  բայց այնքան հոգնած էր, որ  ուշադրություն չդարձրեց դրան․ այդ օրերի ընթացքում հիվանդանոցը դեռ չէին ռմբահարել։ 

Մեծ արագությամբ զինվորական բեռնատար մտավ հիվանդանոցի բակ ու կանգնեց մուտքի մոտ։ Հեգեպես և ֆիզիկապես այնքան հոգնած էր, այնքան ուժասպառ էր, որ տեղից չբարձրացավ։ Սառած հայացքով նայում էր, թե զինվորները, մուտքից դուրս եկած բուժքույրներն ու սանիտարները ինչպես են վիրավորներին իջեցնում ու ներս մտցնում հիվանդանոց։ 

Երբ բոլոր վիրավորներին ներս տարան և հիմա դիակները իջեցնելու ժամանակն էր,  զինվորներն ու բեռնատարի ճերմակած մազերով տղամարդը ծխախոտ վառեցին։ Հեռվից նրանց հետևող Ազնիվը ինքն էլ գրպանից մի գլանակ հանեց ու վառեց։  

Սկսեցին դիակները իջեցնել ու, պատգարակների վրա դնելով, ներս տանել։  Դիակների թիվը շատ ավելին էր, քան վիրավորներինը։ Ազնիվը դեռ շարունակում էր սառած հայացքով նայել, թե ինչպես են դիակները իջեցնում ու ներս տանում։  Երբ վերջին դիակը իջեցրին ու վարորդը բարձրացավ վերև հավանաբար բեռնատարի ներսը մաքրելու, Ազնիվի հայացքը ընկավ դիակին։ Դեմքը անճանաչելիորեն այլանդակված էր, բայց մարմնի կառուցվածքը շատ ծանոթ թվաց։ Մտքով անցավ՝ Դավիթն է։  Թվաց, որ բաց ուսի վրա արված Խուստուփի ուրվապատկերն էլ տեսավ։  Որոշ ժամանակ սառած մնաց, հետո փորձեց ինքն իրեն համոզել, որ աչքին թվացել է, հետո երբ զինվորները ներս մտան դիահերձարան, բարձրացավ տեղից ու վազեց դեպի դիահերձարան։ 

Սկսեց հերթով նայել նոր բերված դիակները, հուսալով, որ չի գտնի Դավիթին։  Տեսավ այլանդակաված դեմքով դիակը, ուսը չէր երևում։ Դողացող ոտքերով, երերալով մոտեցավ դիակին,  նայեց ուսին՝ փորձելով այնպես անել, որ հայացքը գլխին չընկնի։  Ուսին իսկապես դաջվածք կար, բայց Խուստուփ լեռան ուրապատկերը չէր։ Ուրախություն զգաց ու այդ զգացմանը անմիջապես հաջորդեց ամոթի ու մեղքի ծանր, ճնշող զգացում։ Հեծկլտոցը զսպել չկարողացավ։ Օդը չէր հերիքում, վազելով դուրս եկավ մուտքի դռան մոտ, նստեց աստիճաններին։  Զռռոցը, ինչպես Դավիթն էր ասում, այլևս չէր կարող զսպել։  

Հիվանդանոցի հարևանությամբ ընկած ռումբի հարվածից շենքը ցնցվեց։   Վերևից փշված ապակիներ թափվեցին ցած։ Այս ու այն կողմից պայթյունի ձայներ էին լսվում ու սև, թաձր ծուխ էր բարձրանում։  Ազնիվը դեռ աստիճաններին նստած հեծկլտում էր։  Մտքում միայն մի հիմար միտք էր պտտվում․ եթե ինքը չկարողացավ խոստումը պահել և արտասվեց, Դավիթն ինչպե՞ս էր ողջ մնալու խոստումը պահելու։

Please follow and like us: