Համբարձում Համբարձումյան/ Դաջվածքը(1)

Մինչ մազ կտրող մեքենան ակոսներ էր գծում՝ մերկացնելով արևի երես չտեսած ճերմակ գլխամաշկը, աղջկա հայացքը կանգ էր առել Դավթի ուսին արված դաջվածքին, որ Խուստուփ լեռան ուրվապատկերն էր։  Նույն դաջվածքից Ազնիվն էլ ուներ իր ուսին, որ դաջվածքի սրահում արել էին նույն օրը՝ նշելով իրենց հանդիպման կես տարին ու միասին ապրելու միամսյակը։  Այնքան պարզորոշ էր հիշում դաջվածքը անելու օրը, որ մի պահ նույնիսկ ուսին զգաց դաջվածք անող մեքենայի հպումն ու ցավը։ 

Իրար դիմաց նստել էին սրահի բազկաթոռներին, և մինչ դաջվածքի մասնագետները նախապատրաստում էին մաշկը, ինքը տեսնում էր, որ Դավիթը անհանգիստ է, վախենում է, բայց իր մոտ փորձում է համարձակ երևալ։  «Գուցե հիմա էլ ա նույնը,-մտածեց Ազնիվը,-  գուցե հիմա էլ ա ինձ վրա համարձակի տպավորություն թողնելու համար  գնում ու դեռ հնարավոր ա հետ պահել»։  Այդ միտքը, որ սիրելին գուցե իր պատճառով է գնում կյանքը վտանգելու, մի  կարճ ակնթարթ ջերմացրեց նրա սիրտը, թվաց, որ  նույնիսկ ավելի քնքշանքով է նայում Դավիթին, ապա անմիջապես մտքում նախատեց իրեն, որ նախ անտեղի այդքան մեծ պատասխանատվության տակ է գցում իրեն, ապա նաև փոքրացնում է Դավիթի արարքը՝ իրեն դուր գալու տղայական մղում վերագրելով։

Մտքերով տարված՝ չէր նկատել, որ գրեթե խուզել է գլուխը  և մնացել է վերջին մազափունջը գլխի կենտրոնում։ Դավիթը առաջվա պես հնազանդ ու գլխահակ նստած էր փոքր, գունաթափ ներկով աթոռին, որի  մի  ոտքը ջարդված էր, և նկատվում էր, որ նա ջանում է մարմնի ծանրությունը այնպես տեղաբաշխել, որ ջարդված ոտքի վրա ճնշումը մեծ չլինի։  

-Աթոռը չսարքեցի,- մեղավոր արտաբերեց Դավիթը, ասես հիմա հենց դա էր ամենակարևորը։

Ազնիվի դեմքին խորամանկ ժպիտ հատնվեց, իսկ սև աչքերը փայլեցին՝ նրան վհուկային տեսք հաղորդելով։ Այն, որ պարզ կարդում է, թե Դավիթի մտքին ինչ կա,  նրան զվարճացնում և   ուրախացնում էր․ Դավիթը իրենն էր, իր հմայքների գերին էր, իր «թուղթուգրի» զոհն էր։ 

Որքան էլ  գլուխը կռացրել էր, որպեսզի խուզված մազերը մարմնի վրա չընկնեն, միևնույնն  է Դավիթի մեջքը սև մազերով էր պատվել։ Ինչ-որ սիրելի ու հարազատ բան կար նրա այդ գլխահակ, լուռ, հնազանդ կերպարանքում, աթոռը չջարդելու զուսպ ջանքի ու նրա մեջ, որ նույնիսկ հիմա փորձում է այնպես անել, որ հատակը շատ  չկեղտոտվի։ Ազնիվը ձեռքի ափով մաքրեց մազերը, բայց այնքան քնքշորեն էր անում՝ շոյելով, որ Դավիթը անակնկալ  խուտուտից ակամա ծիծաղեց ու փախցրեց մեջքը։

-Հանգիստ, -տիրական ասաց Ազնիվը,- քեզ կպնել չի լինում։ 

-Կպնելու ժամանա՞կ ես գտել։ 

-Դիմացի,-հրամայեց Ազնիվը և համենայն դեպս մազ կտրելու գործիքով սպառնաց։ 

Մազերը սրբեց, վերջացրեց,  բայց քիչ առաջվա քնքշանքը չէր կարող այլևս հաղորդել այդ գործողությանը։ Ասես պատժելու համար կոպտորեն, մաշկը ցավեցնելով կտրեց գլխի կենտրոնում մնացած մազափունջը։

– Ճիշտ են ասում, էլի, մարդուն մի փոքր իշխանություն տուր, իրական դեմքը ցույց կտա։ 

– Հանգիստ նստի,- ժպտաց ու շարունակեց դերը Ազնիվը։ 

– Լսում եմ և հնազանդվում։

Ազնիվը նորից մեքենայով  անցավ գլխի վրայով, որպեսզի երկար մազ չմնա։  Հետո մազի աճմանը հակառակ ուղղությամբ շոյեց գլուխը,  մազերի հպումից մարմինը էլեկտրականացվեց, փշաքաղվեց։ 

-Ա՜, ինչ հավես ա։ 

– Ինձ էլ։

Ազնիվը կռացավ , համբուրեց վիզը, բայց Դավիթը հետ քաշվեց ու բարձրացավ նստած տեղից։ 

– Մազոտ եմ, սպասի։

Մինչ Դավիթը քայլում էր դեպի լոգասենյակ, Ազնիվը մտածում էր, թե ինչքան է ատում ամեն ինչ «ճիշտ» անելու նրա բնավորությունը։ Կարող էր, չէ՞ իր քնքշանքին բուռն, հանկարծաբուխ  կրքով պատասխանել, գրկել իրեն,  համբուրելով  և հագուստը վրայից հանելով  դեմ տալ պատին, և իրենք անկրկնելի ու անմոռանալի սիրով կզբաղվեին։ Բայց հիմա պահը բաց էր թողնված, իսկ նա նույնիսկ չնկատեց, չզգաց, թե ինչ կար իր մտքին։ Մտածեց՝ ամեն ինչ «ճիշտ» անելու էդ բնավորությո՞ւնը չի արդյոք նրա գնալու պատճառը․ եթե պատերազմ է սկսել, ուրեմն ճիշտ կլինի չսպասես, որ զինկոմիսարիատից կանչեն, պետք է կամավոր գնալ։ 

Մտքերից սթափվեց Դավիթի ձայնից, որ կանչում էր մեջքը օճառելու։ Ուրիշ ժամանակ գուցե իր նեղվածությունը նրա աչքը մտցնելու, հասկացնելու համար չգնար, բայց հիմա չկարողացավ մերժել, որովհետև գուցե վերջին անգամ էր օճառելու նրա մեջքը։  Սահմռկեց այդ մտքից, նախատեց իրեն նման մտքի համար,  հեռու վանեց  իրենից, բայց արդեն նրա ոսկրոտ մեջքը օճառելիս չդիմացավ․

– Ամեն ինչ ճի՞շտ պետք ա անես, հա՞։ 

– Հը՞,- փրփուրոտ գլուխը լվալով՝ զարմացավ Դավիթը։

– Հեչ։

– Գնանք խմենք, պարենք,- անակնկալ առաջարկեց Դավիթը։

Ազնիվը մտածեց, որ գուցե էդքան էլ անհույս չի, երբեմն զգում է, թե ինչի կարիք ունի ինքը։ 

Կիսախավար սրահում,  դիջեյի  բեմի մոտ մի քանի մարմիններ էին պարում։  Նրանց դեմքերը  կիսամութի մեջ էին ու հազիվ էին երևում, լույսերի մեջ էր միայն դիջեյը, որ երիտասարդ աղջիկ էր՝  կարմիր մազերով, ուսն ու կուրծքը դաջվածքներով պատված։  Ազնիվը սառած հայացքով նայում էր աղջկան, որ սեթը նվագելուն զուգնթաց ինքնամոռաց պարում էր, ուշադրություն չդարձնելով նրան, որ սրահը դեռ համարյա դատարկ է և իրեն առանձնապես լսող  ու տժժացող չկա։  Ընհանրապես Ազնիվին զարմացնում էր դիջեյների այդ կարողությունը, երբ բեմից  չէին նայում իրենց առջև հավաքված  մարդկանց, ուշադրություն չէին դարձնում պարողներին։  Մտածեց, որ մասնագիտական վարքականոնի սկզբունք է, որովհետև դժվար էր հավատալ, որ բոլոր դիջեյներն այդպես կտրվում են միջավայրից, ձուլվում են իրենց երաժշտությանը։  Թեև թվում էր, որ այս անգամ կարմրամազ աղջիկն իրոք ընկմվել է իր երաժշտության մեջ։  Խավարի մեջ լուսավորված նրա կարմիր մազերը, որոնք պարելու ընթացքում ծածանվում էին,  ասես կրակի լեզվակներ լինեին։ Դրանք գրավում էին, ստիպում էին նայել, բայց նաև ինչ-որ չարագուշակ բան կար դրա մեջ, որը Ազնիվին ստիպեց հայացքը կտրել աղջկանից։ 

Սկզբում ալկոհոլը չէր արբեցնում ու թուլացնում նյարդերը կամ գուցե ինքը չէր սպասում, որ ժամանակ անցնի ու սկսի ներգործել։  Իրար հետևից մի քանի կոկտեյլ խմեց, հետո քաղցրահամ կոկտեյլները անուժ թվացին ու Դավիթի հետ մի քանի բաժակ օղի խմեց։  Լուռ փռվեցին սրահի ետնամասում դրված բազկաթոռներին, գրկեցին իրար։  Ետնամասի խավարում Դավիթի դեմքը աղոտ էր երևում։  Ազնիվը փակեց աչքերը և ձեռքով շոշափեց Դավիթի դեմքը։ «Հետաքրքիր ա,- մտածեց,- ճիշտ ե՞ն ասում, որ կույրերը շոշափելով կարող են ճանաչել մարդկանց դեմքը և մատները հիշողություն ունեն»։  Ահա մեծ ճակատը, որի վրա արդեն անհարթություններ, կնճիռներ կան, ահա ունիքի մոտի սպին, ահա քիթը, ոսկրոտ այտոսկրերը, հաստ, մսեղ շուրթերը, ուղիղ կզակը, հետո մատները անցան վերնաշապիկի տակը և սկսեցին մարմնի մկաններն ու մաշկի տակից ընդգծված կողոսկրերը շոշափել։ 

– Ի՞նչ ես անում,- լսեց Դավիթի ձայնը, հետո զգաց շրթունքների հպումը իր շուրթերին։

Ազնիվը պարելու անզուսպ ցանկությամբ նստած տեղից վեր ցատկեց, ինքն էլ մինչև վերջ չհասկանալով, թե որտեղից առաջացավ էդ ցանկությունը։ Դիջեի նոր սե՞թն էր տրամադրում, ալկոհո՞լը վերջապես  ներգործեց, թե՞ տրամադրությունը կտրուկ բարձրացավ նրանից, որ Դավիթը հասարակական վայրում համբուրեց իրեն, որովհետև  մարդկանց մեջ միշտ խուսափում էր գգվանքներից, հավանաբար որովհետև այդպես «ճիշտ» չէր։ Թեև ակումբի ետնամասում համբուրվելը դժվար էր մարդամեջ համարել, որովհետև կիսախավարում հազիվ թե ինչ-որ մեկը տեսներ իրենց։ Ամեն անգամ, երբ միասին ինչ-որ տեղ էին գնում և ինքը կպչում էր նրան կամ փաղաքշելու փորձ էր անում, Դավիթը ինչ-որ նշանով հասկացնում էր՝ պետք չի։ Վերջում տունդարձի ճանապարհին վերաբացում էին հին վեճը, ինքն ասում էր, որ մարդկանց մեջ իր փաղաքշանքներից խուսափում է, նշանակում է՝ չի սիրում, Դավիթն ասում էր, որ անհարմար է զգում։ Իր պատասխանը միշտ նույնն էր՝ մի՞թե սերը կարող է անհարմարություն պատճառել։  Վեճն ավարտվում էր նրանով, որ Դավիթը դադարում էր իր մեղադրանքներին պատասխանել, ժպտում էր ու գրկում իրեն։  Մի օր նույնիսկ ասաց, որ կարծում է, թե ինքը հատուկ է վեճ սարքում, որ վերջում բուռն սիրով զբաղվեն։ Գուցե ճշմարտություն կա՞ր նրա ասածում։ Հիմա, վերհիշելով իրենց վեճերը, Ազնիվը իր  աչքին ոչնչից սկանդալ սարքող էր թվում։  

Ինչքան որ տխուր էին, այնքան ոգևորված էին պարում, այնքան ուրախ էին ուզում երևալ, այնքան ուժ ու եռանդ էին ներդնում պարի մեջ։ Շուրջը մարդիկ էին, բայց ինքը միայն Դավիթին էր տեսնում, գժական ցատկոտում էր ու գոռում։ Հետո Դավիթը գրկեց,  համբուրեց ու ձեռքից քաշեց դեպի ելքը։ 

Երբ իրենց մեկ սենյականոց, սովետից մնացած նորոգումով բնակարանի դուռը բացեցին ու ներս մտան, արդեն լուսանում էր։  Զգուշորեն էին քայլում ու շշուկով էին խոսում, ասես բնակարանում քնած մեկը կար ու վախենում էին արթնացնել։  Դավիթը բացեց ծալովի գիրք-բազմոցը  ու իրար կողքի պառկեցին։ Կտորը ծակած ու դուրս պրծած զսպանակը քերծեց Ազնիվի մեջքը, բայց տհաճ ցավ չզգաց, նույնիսկ ինչ-որ չափ հաճելի էր՝ արթնացնող։  Առաստաղի երկնագույնը լուսավորվում էր չվարագուրված պատուհանից ներս թափանցող փողոցային լապտերների լույսով։ Զգաց, թե ոնց է Դավիթի ձեռքը որովայնը շոյելով բարձրանում դեպի կուրծքը։ 

– Հիմա կգամ,- ասաց Ազնիվը ու տեղից բարձրացավ։

Երբ լոգասենյակում ստուգեց և հավաստիացավ, որ դաշտանը ավարտվել է, լվացվեց ու վերադարձավ, սենյակում արդեն տարածվել էր Դավիթի խռմփոցը, որ շատ խմած ժամանակ պատահում էր։  Ուրիշ ժամանակ կբզեր, կարթնացներ, որ կողքի շրջվի ու ինքը կարողանա քնել, բայց հիմա միայն դեմքը շոյեց, պառկեց կողքին և հայացքը հառեց «երկնքին»։  Կտորի տակից դուրս ցցված զսպանակը նորից ծակեց մեջքը։ Հիշեց  իրենց անմոռանալի սեքսը Սևանի վայրի ափին, որտեղ միայն երկուսով էին։  Վերևում կապույտ երկինքն էր, ճերմակ ամպերը ու երբեմն երկինքը ճեղքող ինքնաթիռներն ու սավառնող որորները, ջրի ձայնն էր ու իրենց հևոցները, ոտքերը լիզող  Սևանի փրփուրները, մեջքը ծակող քարերը։ 

Զինկոմիսարիատի դիմաց սոցկայքերով ու լրատվականներով ցուցադրվող տոնական տրամադրությունը չկար։  Ինքը սպասեց դրսում, Դավիթը ներս մտավ և միայն 20 րոպե անց վերադարձավ։ Ավտոբուսը ուշանում էր,  մոտ մեկ ժամ հետո պիտի մեկնեին։

– Գնանք շաուրմա ծամենք,- առաջարկեց Դավիթը։ 

Ախորժակ չունեին, բայց զինկոմիսարիատի դիմաց մեկ ժամ չլռվելու համար քայլեցին մոտակա շաուրմայանոցը։ Արթնացել էին ու անմիջապես առանց նախաճաշելու եկել էին զինկոմիսարիատ, իսկ ինչ-որ բան  ծամել պետք էր, որովհետև Դավիթը երկար ճանապարհ պետք է գնար, ով գիտի մեկ էլ երբ էր հաց ուտելու։ «Ղարսը» սարքող ջահել տղան հարցրեց ու հավաստիացավ, որ Դավիթը կամավոր է գնում, փողը չէր ուզում վերցնել, բայց երբ Դավիթը պնդեց, որ վերցնի, վերցրեց, որովհետև կրպակը հենց զինկոմիսարիատի հարևանությամբ էր ու ով գիտի օրական քանի կամավորականի է հյուրասիրում։  Առաջին պատառը անտարբեր կծելուց հետո Դավիթը սկսեց ախորժակով ուտել։ 

– Գետնանցումի քյաբաբ ու շաուրմա, աշխարհի ամենահամով բանը, – ցածրաձայն ասաց Դավիթը, որ աշխատող տղան չլսի,- յուղը ծորո՜ւմ ա, կիսահոտած մսի հատուկ համն ու հոտը, աղը շատ, պղպեղը շատ՝ ինքն ա։ 

Դավիթի պատկերավոր նկարագրությունը զվարճացրեց իհարկե, բայց դրանից հետո առավել ևս չէր ուզում ուտել։ 

– Կուտե՞ս,-առաջարկեց Ազնիվը։

– Բա իհարկե։

Դավիթը ձեռքին մնացած մեծ պատառը գցեց բերանը և արագ շարժումով, ոգևորություն խաղալով վերցրեց Ազնիվի բրդուջը։

– Քեզ նման հիփստերիկ-թիթիզիկները ի՞նչ իմանան սրա արժեքը, էս իսկական քյարթու գուրմանների կերակուր ա։ 

Ճենճահոտ բուդկում մնացին այնքան մինչև գնալու ժամը մոտեցավ։ Մի քիչ էլ զինկոմիսարիատի մոտ սպասեցին։  Հետո զինկոմիսարիատից զինվորական համազգեստով ու ֆիդայական բեղերով մի տղամարդ դուրս եկավ ու բամբ ձայնով կարդաց կամավորականների անունները։ Նրանց անունները, որոնք կամավորագրվել էին, բայց չէին ներկայացել, երկու-երեք անգամ կրկնեց։ Մտափոխվե՞լ են, վախեցե՞լ են կամ գուցե հարազատների թախանձագին խնդրանքնե՞րն են հետ պահել ճակատ մեկնելուց։  Ազնիվը նայեց Դավիթի դեմքին, մի տեսակ հպարտության զգացում առաջացավ, որ նրան հետ պահելու խնդրանքները արդյունք չեն տվել։ 

Ավտոբուս նստելուց առաջ գրկախառնվեցին, երկար մնացին գրկախառնված։  Բաժանման պահին Դավիթը համբուրեց շուրթերը, ասես ուզում էր ասել՝ ահա, էս էի՞ր ուզում։  

– Չզռաս, -ասաց Դավիթը հենց այն պահին, երբ ուզում էր լացել,- իմացի, որ հետ եմ գալու։

– Չեմ լացի, խոստանում եմ,- հեծկլտոցը զսպեց Ազնիվը։ 

Ավտոբուսը նստելու պահին կամավորներից մեկը այնուամենայնիվ երգեց․

– Պատերազմ եք գնում, բարով գնացե՛ք․․․

Հավաքված բազմության միջից մի քանի քեֆը լավ տղամարդ ծափ տվեցին։ Հետո վերջին կամավորականները նստեցին, ավտոբուսը պոկվեց տեղից, երգի ձայնը աստիճանաբար հեռացավ,  և մի քանի վարկյան հետո ավտոբուսը խաչմերուկից թեքվելով կորավ տեսադաշտից։ Ազնիվը մի որոշ ժամանակ էլ մնաց կանգնած, հետո տեսավ, որ հավաքվածները աստիճանաբար ցրվում են ու ինքն էլ քայլեց։

շարունակութունը՝ այստեղ

Please follow and like us: