ՎԱՍԻԼԻ ԳՐՈՍՄԱՆԻ «ԲԱՐԻՆ ԸՆԴ ՁԵԶ» ՈՒՂԵԳՐԱԿԱՆ ՆՈԹԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ-4/Վարդան Ջալոյան

Մաս Չորրորդ․ Գրոսմանի հայկական նոթերը մերժվում են

Ինչպես արդեն գրել ենք, ավարտելով իր ուղեգրությունը՝ Վասիլի Գրոսմանը այն հանձնեց «Նովի Միր»-ին։ Խմբագիր Ա․ Տվարդովսկուն այն դուր եկավ, իսկ գրաքննությունն իր կնիքը դրեց, բայց պահանջեց, որ մեկ պարբերություն դուրս գցվի՝ այն, որ վերաբերվում է Հոլոքոստին։ Այն արդեն մեջբերել ենք։ Գրոսմանը հրաժարվեց ամսագրում տպագրել «Բարին ընդ ձեզը»։

Հաջորդ կարևոր դրվագը կապված է «Իզվեստիա»-ի շաբաթօրյա հավելված «Նեդելյա»-ում այդ գործի մի գլուխը տպելու հետ։

«Նովի միր»-ի աշխատակցուհի Աննա Բերզերը գրում է․ «Գրեթե մնացած տարիներին այս «նոթերի» խմբագիրն էի, և կուզենայի առանձին խոսել իմ մասնագիտական կյանքում այս ողբերգության և նրա [Գրոսմանի] վստահության մասին, այլ բառ չեմ գտնում»։

Գրոսմանը շարունակում էր գրել․ «1962 թվականին «Նովի միր»-ում վեպի ձերբակալությունից հետո հունիսյան համարում հայտնվեց նրա «Ճանապարհը» պատմվածքը։ Փոքրիկ, անսովոր գեղեցիկ պատմություն մի խեղճ իտալացի ջորիի և նրա տխուր դժբախտությունների մասին պատերազմի ճանապարհներին:

Անհնար է դա վերապատմել՝ այնքան սեր կա այնտեղ»։

Աննա Բերզերը փորձում էր գտնել հնարավորություն հրապարակելու «Բարին ընդ ձեզ»-ը, գոնե մասնակի․ «Ես ծրագիր ունեի, սկզբում իսկապես չէի հավատում դրա հաջողությանը և չէի հայտնել Վասիլի Սեմյոնովիչին: Հավանաբար 1963 թվականի օգոստոսն էր։ Մեզ կողքի «Նեդելյա» «Իզվեստիա»-ի շաբաթական հավելվածից հաճախ հարցնում էին, թե ինչ-որ բան կա՞ հարմար իրենց համար։ Հաճախ հարցնում են, հազվադեպ՝ տպում: Ինձ դա երբեք հետաքրքիր չէր:

Եվ հետո նորից հայտնվեց մի շատ բանիմաց աշխատակից, իսկ գլխավոր խմբագիրը (Աջուբեյ)՝ էլ ավելի բանիմաց։ Եվ ես սկսեցի խոսել Գրոսմանի մասին, իհարկե, աշխատակցի հետ: Ի վերջո, մեզ մոտ էր տպվելու համար անհույս «Տարեց մարդու ճամփորդական գրառումները», որը վերանվանվեց «Բարին ընդ ձեզ»:

Աշխատակիցը տեղյակ էր։ Բայց միաժամանակ գնում-գալիս էր, հարցնում, ստուգում։ Հետո նորից հայտնվեց՝ հայտարարելով, որ անպայման տպելու են, և որ ես իրենց համար քաղվածք ընտրեմ։

Ես ընտրեցի և ուղարկեցի Գրոսմանին։ Նա ինքը քաղվածքին  տվեց «Սևան» անունը։ Եվ հրաշալի ստացվեց:

Հետո ամեն ինչ առաջ շարժվեց լրագրողական տեմպերով։

Իմ առջև դրված էր «Նեդելյա»-ի հերթական էջը: «Սևանը» գրեթե մի ամբողջ էջ էր զբաղեցրել, ամփոփված էր նկարչի կողմից հատուկ ուրվագծված թավ սև շրջանակում։ Վերևում ձեռագիր տառատեսակով՝ «Սևան»՝ մեծ, գրավիչ, նշանակալից։

<….>

Երբ նայեցի այս էջին, հաստատ համոզվածություն առաջացավ, որ դրանից հետո մենք կվերադառնանք  «Նոթերին» և կտպենք այն տեսքով, ինչպես ցանկանում էր Վասիլի Սեմյոնովիչը։ Չգիտեմ՝ ինքը հավատո՞ւմ էր հաջողությանը, բայց թեթևակի հեգնում էր իմ պլանը:

«Նեդելյա»-ում ամեն ինչ ընթանում էր հստակ և արագ, Գրոսմանը զանգահարեց առողջարանից և հարցրեց, թե ինչպես են գործերը։ Իսկ հաջորդ շաբաթ օրը «Սևանը» պետք է հրատարակվեր։ 

<….>

Շաբաթ էր, իմ մոտ ստեղծագործական օր էր, ես էլ  բաժանորդագրված չէի «Նեդելյա»-ին, բայց մեր խմբագրությունը աշխատում էր։ Եվ մենք պայմանավորվեցինք, որ խմբագրության քարտուղար Նատալյա Լվովնան, ինչպես միշտ, առավոտյան կգնա «Իզվեստիա» «Նեդելյա»-ի օրինակը վերցնելու համար»։

Ինչո՞վ են հետաքրքիր Աննա Բերզերի հուշերը։ Վ․ Գրոսմանը հիվանդ է, մահանում է քաղցկեղից։ Նրան խոստանում են՝ «Սևանը» անկասկած կտպվի: Գաղափարախոսության շեֆ Միխայիլ Սուսլովը շարունակում է իր նենգ դավադրությունը։

Աննա Բերզերը շարունակում է․ «Այս անգամ մեծ սթրես ապրեցի։ Բայց հեռախոսը զանգեց ավելի շուտ, քան ես սպասում էի. «Ամեն ինչ կարգին է», – լսեցի Նատալյա Լվովնայի հանգիստ և գոհ ձայնը։

<….>

Վասիլի Սեմյոնովիչը երբ զանգահարեց, ես մեծ ոգևորությամբ նկարագրեցի այս ամենը և ասացի, որ «Նովի միր»-ում կան «Նեդելյա»-ի բազմաթիվ թողարկումներ՝ հատուկ նրա համար»:

Իրականում Գրոսմանի «Սևանը» հանվել էր համարից։ «Ի՞նչ էր պատահել։ Ես կասեմ միայն այն, ինչ պարզեցի։ 1963 թվականի սեպտեմբերի 22-28-ի «Նեդելյայի» թիվ 39-ը տպագրվել և շարվել էր Գրոսմանի «Սևանի» հետ միասին։ Համարը տպագիր ստորագրված էր և հավաքված։ Սկսվեց տպաքանակի տպագրությունը, որի առաջին օրինակները փոխանցվեցին «Նովի Միր»։ Եվ հանկարծ առավոտյան այս տպագրության ժամանակ հայտնվեց գլխավոր խմբագրի տեղակալ Օշեվերովը։ Նա դադարեցրել էր տպագրությունը և Գրոսմանին հանել արդեն պատրաստի տպաքանակից (ինչը նրանք անում էին  Ստալինի ժամանակ, երբ համարի լույս ընծայման գիշերը հեղինակը ձերբակալվում էր. ես ինքս մի քանի նման գիշերային պատմություններ եմ վերապրել) և նրա տեղում մեկ այլ նյութ է դրել։

․․․Հետո ես տեղս չէի գտնում՝ մտածելով, թե ինչպիսի հարված կհասցնեմ Վասիլի Սեմյոնովիչին, երբ նա զանգահարի առողջարանից վերադառնալուց հետո… Ինչքան ուրախ էր նա այն ժամանակ… Ես երկար ժամանակ այդքան մռայլ ու ճնշված չէի եղել։ Ինչպե՜ս էի ատում այս Օշեվերովին՝ չեմ էլ կարող նկարագրել»։

Աննա Բերզերի պատմությունը խորհրդային գրաքննության նողկալի դրսևորումների մի ուսանելի դրվագ է, ուր միախառնված են նենգությունը և բթամտությունը։

Վ․ Գրոսմանի ռեակցիան Աննա Բերզերի համար անսպասելի էր․ «Եվ ես լսեցի, թե ինչպես նա ինձ պատասխանեց վճռական, հաստատակամ և հանգիստ.

– Բայց տպագրվել է։ Եվ ես գոհ եմ։

Բերեցի նրա «անձնական» համարները և պարզեցի, թե ինչ տպաքանակ ունի։ Նա ասաց, որ տպաքանակը բավական մեծ է։ ․․․Իսկ ընդհանրապես, նա նույնիսկ հումորիստական էր տրամադրված, հատկապես երբ իմացավ, որ այդ արգելված  գրոսմանյան «Նեդելյա»-ն ․․․, հանկարծ հայտնվել է մերձմոսկովյան որոշ քաղաքների կրպակներում»։

Նրա համար թանկ էր ամեն մի ընթերցող։

Ավելորդ չէ բերել այս պատմության անմիջական մեկ այլ մասնակցի՝ Նեթելա Լորդկապանիձեի , Աննա Բերզերի հիշողություններում հիշատակվող Նատալյա Լվովնայի վկայությունը։ Այնտեղ կան մանրամասներ, ոչ չկան Ա․ Բերզերի մոտ։

 Ն․ Լորդկապանիձեն հիշում է․ «1963 թվականի աշնանային օրերից մեկում հանկարծ պարզվեց, որ խմբագրությունում «Նեդելյա»-ի հաջորդ համարի համար լավ պատմվածք չկա։ Շարված էին նույնիսկ երկուսը, բայց դրանք մեզ չէին գոհացնում։ «Նեդելյա»-ն՝ «Իզվեստիա»-ի երիտասարդ կիրակնօրյա հավելվածը, ամսե-ամիս ընթերցողներ էր հավաքում, և մենք՝ գրականության և արվեստի բաժինը (որի խմբագիրն էի այդ ժամանակ), կարծում էինք, ոչ առանց ինքնագոհության, որ լավ արձակը կարող է կարևոր դեր խաղալ այս հարցում»։ 

Եվ նա դիմում է Աննա Բերզերին․ «Զանգահարում եմ «Նովի միր» Աննա (խոսակցական՝ Ասյա) Բերզերին. Ձեր նյութերից մեր համար հարմար բան կա՞: Պարզվեց, որ կա, և ոչ թե որևէ բան, այլ Վասիլի Գրոսման, «Մի տարեց մարդու ճամփորդական նոթերը» ոչ մեծ վիպակը, վերջնական անունը՝ «Добро вам» (հայերեն «Բարև ձեզ», հեղինակը ճամփորդել էր Հայաստանում):

Էջակապել ենք, ասաց Աննա Սամոյլովնան, բայց մինչ այժմ անտիպ է վերջին պարբերության պատճառով, որտեղ հերոսը կենաց է ասում՝ համեմատելով 1915 թվականի հրեշավոր ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի ճակատագիրը (թուրքերը սպանել են մինչև մեկուկես միլիոն հայ) հրեաների ճակատագրի հետ, երբ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մահվան ճամբարներում զոհվեց մոտ 6 միլիոն մարդ։

– Արդյո՞ք այս պարբերությունը միակ պատճառն է, որ դուք չեք տպագրում:

– Այո, Գրոսմանը համաձայն չէ այդ պարբերությունը հանել։ Ամեն ինչ կամ ոչինչ։

Ես անվերապահորեն հավատացի Բերզերին, նրա հեղինակությունն անբասիր էր, բայց այնուամենայնիվ որոշեցի «ապահովագրվել»։ Հավաքում եմ Տվարդովսկու տեղակալ Ալեքսեյ Կոնդրատովիչի համարը (չհամարձակվեցի խմբագրին զանգահարել, մեզ իրար չէին ներկայացրել): Նա բառ առ բառ հաստատեց Բերզերի ասածը։

Մենք անմիջապես ստացանք էջակապը, կարդացինք: Հայտնվեց «Սևան» էջը հատուկ շրջանակում՝ «Մի տարեց մարդու գրառումներից» ենթավերնագրով։ Մեր բոլորիս կողմից սիրելի և հարգված խմբագիր Ալեքսանդր Լվովիչ Պլյուշչը «նոթերում» ոչ մի զանցանք  չգտավ և ստորագրեց էջը։

Տպեցինք 1963 թվականի սեպտեմբերի 22-28-ի «Նեդելյա»-ում,  թիվ 39։ Եվ սկսվեց. Մենք ուրբաթ օրը հանձնեցինք համարը, շաբաթ օրը սովորաբար խմբագրությունում չէինք հայտնվում։ Բայց չեմ հիշում, թե ինչու եկա ու անմիջապես «գորգի վրա» կանչվեցի պետի տեղակալի [Օշեվերով] մոտ։ (Ա․ Ի․ Աջուբեյը  գործուղման մեջ էր):

Ի՞նչն է զայրացրել, ավելի ճիշտ՝ այնքան վախեցնել տեղակալին, որ նա անմիջապես մի շարք խիստ հրամաններ տվեց։ Վերջին պարբերությունը, կենացը՞։ Ոչ, այդ մասին բոլորովին չհիշատակվեց։ Նրան վախեցրել էր, որ Գրոսմանը խոսում է լճի մոտ գտնվող «քարանձավային քաղաքի» մասին [Խոսքը Գեղարդի մասին է; Վ․ Ջ], և որ այդ քաղաքում մարդիկ են ապրում։

Քաղաքը գոյություն է ունեցել ավելի քան մեկ տասնյակ [իրականում մի քանի դար, Վ․Ջ], այն բավականին հարմարավետ էր, հեղինակը գրել է հեռուստատեսային ալեհավաքների, գեղեցկության, ռուսների համար անսովոր այս կացարանների հարմարավետության մասին: Նրանք ապրում են քարանձավներում` ահա թե ինչն է զայրացրել տեղակալին և նրան անարգող էր թվացել դա մեր երկրում կոմունիզմի կառուցման շրջանում։

Իմ բացատրություններից ոչ մեկը հաշվի չառնվեց։ Ղեկավարությունը անդրդվելի էր` հեղինակին հոնորար չվճարել, իսկ տպաքանակի դեռ չթողարկված մասում  «Սևանը» փոխարինել այլ նյութով»։

Անհավանական է թվում, որ խորհրդային գրաքննությունը այդպիսի ողորմելի պատճառաբանությամբ կարող էր արգելել «Սևանը», բայց անիմանալի են նրա ճանապարհները։ Անկանխատեսելի, որը ուժեղացնում էր նրա ճնշող, հալածող ազդեցությունը։

Ն․ Լորդկապանիձեն շարունակում է․ «Այդպես էլ արեցին։ Ես ինձ մխիթարում էի նրանով, որ ամորձատված «Նեդելյա»-ն Գրոսմանին չէր հասնի իր համար առանձնապես այս ծանր պահին։ («Կյանք և ճակատագիր» վեպը հեղինակը հանձնել է «Զնամյա»-ին, իսկ ամսագրի խմբագիր Կոժևնիկովն անմիջապես հանձնել է համապատասխան մարմնին։ Մնացած երեք մեքենագրված օրինակները մեքենագրողից, հեղինակից և «Նովի Միր»-ի սեյֆից առգրավվել են։ Վեպը ձերբակալվեց): Զանգեր սկսվեցին, զանգեցին, շնորհավորեցին նույնիսկ Վլադիվոստոկից։ Այնուամենայնիվ, գաղտնիքը վաղ թե ուշ ջրի երես է դուրս գալիս…

Աջուբեյը եկավ, հոնարարը վճարեցին, բայց տպաքանակն առանց «Սևանի» արդեն տպված էր»։ Հավանաբար Ն․ Խրուշչյովի փեսան կարող էր թույլատրել տպագրությունը, բայց դա արդեն էական չէ։

Վասիլի Գրոսմանը մահացավ քաղցկեղից մեկ տարի էլ չանցած՝ հաջորդ տարվա սեպտեմբերին։ «Նեդելյա»-ի անօրինական «Սևանը» և «Նովի միր»-ի 1963-ի 12-րդ համարում տպագրված «Մի քանի տխուր օր» պատմվածքը նրա կենդանության օրոք կլինեն Գրոսմանի վերջին հրապարակումները։

Please follow and like us: