(հակաուտոպիա)
Ժանտախտի բժիշկներին վճարում էր քաղաքը,
այդ պատճառով նրանք բուժում էին թե՛ հարուստներին և թե՛ աղքատներին:
Ես ապրում էի մի երկրում, որտեղ տարածվել էր «սև մահը»: «Սև մահը» անկոչի նման հյուրընկալում էր ամենքի տանը, չարքի պես նստում կիսամեռածի կրծքին, ականջին երգում՝ մահվան սարսափելի ծեսը: Լուսավորը մեկընդմիշտ չքվել էր այս քաղաքից, արևը ծնկի էր եկել խավարի առաջ, իսկ մռայլությունն ապահովում էր հաճախադեպ անձրևներն ու ամպամած գոռոցները: Մարդիկ դուրս չէին գալիս տներից: Ամենքը նստել էին դռան դիմաց` սպասելով «սև մահվանը», իսկ երբ նա հայտնվում էր, անպայման տնից մահվան հոտ էր փչում: Արգելված էր բաց անել պատուհանները, գնալ խանութ, այգեպաններին՝ խնամել ծառերը, կառապաններին՝ դուրս հանել ձիերին: Ամեն ինչն էր արգելված: Դատարկ փողոցներում կարող էիք միայն ինձ տեսնել. մոմած կաշվից պատրաստված, պարանոցից մինչև կոճերը ձգվող սև անձրևանոցով, ձեռնոցներով և լայնեզր գլխարկով: Դեմքս չէիք կարող տեսնել, քանի որ այն թաքնված էր կտուցի դիմակի տակ, որը կպաշտպաներ ինձ «սև մահվան» ախտահոտից: Մի խոսքով՝ ես ոչ թե մահվան բոթը բերող սև ագռավ էի, այլ կյանքը երկարացնող խաղաղ աղավնի, ումից անտեղյակները վախենում էին, ճանաչողները՝ երջանկանում:
– Մարդաթռչո՜ւնը եկավ, – բղավեց մի երեխա՝ դռան դիմաց կանգնելով, ում մայրը վզակոթին խփելով ներս տարավ:
Երեխայի բղավոցը տարածվեց նաև հարևան տներում ապրող բնակիչների վրա, որոնց գլուխները կարող էիր նկատել պատուհաններից այն կողմ: Ես նման էի մեկին, ով համարձակվում էր դուրս գալ փողոց՝ կիսամեռածներին բուժելու, ով դատարկ փողոցներում քայլող կենդանի ուրվական էր: Եթե ինձ տեսնում էին փողոցում, նշանակում էր՝ ժանտախտի ահազանգ է եղել։ Եթե ես առանց կառապանի էի հայտնվում, նշանակում էր՝ մահվան դեպք չի գրանցվել:
– Վերջապես եկաք,- պատուհանից լսվեց մի երիտասարդի ձայն, որը հասցրեց կիսամեռածին հայտնել այցելությանս լուրը: Նա բացեց դուռը, բայց ես հապճեպ ներս չմտա, քանի որ երիտասարդը շշուկով հայտնեց հետևյալը.
– Ես գիտեմ, որ հայրս մինչև լուսաբաց ողջ չի մնալու, այդ պատճառով խնդրում եմ՝ ցույց տվեք նրան, իբր վաղը նրա ճամփան ոչ թե մահն է փակելու, այլ բահը:
– Ինչո՞ւ բահը:
– Նա հողագործ է:
Ներս մտա: Տունը այդքան էլ փոքր չէր: Կիսամեռած տղամարդը պառկած էր անկյունում, պատուհանից նկատվում էր այգին: Այգին կիսամեռածին էր նման. գունատ, անմշակ, կարծես որոշել էր տիրոջ հետ մահկանացուն կնքել: Կիսամեռածը մի պահ նայեց ինձ, աչքերը չռեց ու երիտասարդին ամեն գնով փորձեց հասկացնել, որ վախենում է ինձնից:
– Մի վախեցիր, նա եկել է քեզ օգնելու: Ես եմ նրան կանչել:
Կիսամեռածը գլխով բացասական նշան արեց:
– Էն ժամանակվանից էլ կամակոր է եղել:
Կաշվե պայուսակիցս հանեցի լանցետը: Երբ գլուխս թեքեցի դեպի կիսամեռածը, նկատեցի նրա արյունոտ աչքերը և չգիտես ինչու ինձ պաշարեցին բացասական, վատագույն զգացողությունները: Հետո կիսամեռածը չռեց աչքերը այնպես, որ երիտասարդը անհանգիստ մե՛կ վեր էր կենում, մե՛կ նստում:
– Նա երևի հասկացավ, թե ինչ ենք հիմա պատրաստվում անել, – ասացի ես՝ լանցետը շողացնելով օդում:
– Կարծես թե հասկացել է, բայց արդյո՞ք կթույլատրի, որ կտրեք թարախագնդերը:
– Ես վստահ եմ, որ եթե թարախգնդերը կտրեմ, նրա վիճակը քիչ թե շատ կկարգավորվի:
Դանդաղ մոտեցա կիսամեռածին: Նրա ուժերը գրեթե սպառվել էին, բայց նա, հողագործին հարիր պինդ ձեռքեր ունենալով, կարողանում էր ձեռքերին ուժ տալ ետ-ետ գնալով ու հասկացնել, որ ոչ մի կտրվածք պետք չէ:
– Պահեք նրան,- կանգնել էի կիսամեռածի դիմաց, կարծես նրա ճակատագիրը որոշողը լինեի: Տղան ուժերի ներածին չափով բռնել էր հողագործին: Ես գետնին թափեցի սավանները, որոնք ծածկում էին նրա հիվանդոտ մարմինը: Այտուցներն ու թարախակարմիր հետքերը տարածվել էին անկողնում: Սկսվեց իմ աշխատանքի վատագույն կետը՝ հատ- հատ կտրել թարախագնդերը ու լցնել տոպրակի մեջ: Հողագործը ուժ չուներ գոռալու, բայց զգում էի՝ ոնց է ցավից խեղճանում, ու աչքերի գույնը փոխվում՝ դառնալով մուգ կարմիր: Նա նման էր քաղցած գայլի, որը իր կարմրավուն աչքերով կպատառոտեր ցանկացածին: Նայում էի նրան ու հասկանում, որ հիվանդությունը չարացնում է մարդուն, իսկ ցավը՝ խեղճացնում ու ստիպում ծնկել ճակատագրի առջև:
– Նա կմեռնի: Նա չի դիմանա, – բղավում էր տղան չկարողանալով զսպել արցունքները:
Երկու թարախագունդ էր մնացել: Երբ լանցետը մոտեցրի նախավերջին թարախագնդին՝ ձեռքերս սկսեցին դողալ: Հետո ձեռքերս հրաժարվում էին ենթարկվել ինձ: Նույնիսկ փոքր, թեթև լանցետը դժվարությամբ էի պահում ձեռքումս և գցեցի հատակին: Հանկարծ, երբ խոնարհվեցի, որպեսզի բարձրացնեի այն, նկատեցի կիսամեռածի սառը հայացքը ինձ: Ժամանակը կանգ առավ ու տարածվեց ողջ քաղաքով մեկ: Ժամանակը կանգնեցրել էր նաև երիտասարդին, բայց ինձ ու կիսամեռածին չէր խոնարհեցրել: Կիսամեռածը լայն ժպտաց, ու աչքերից արյուն հոսեց: Նա անկողնուց միայն գլուխը խոնարհեցրեց ներքև ու թույլ չտվեց ինձ բարձրանալու: Գլուխը հսկում էր մարմինս:
– Հը՜, դժվա՞ր է սատանու ծնունդներին կենդանացնել,- նրա բերանով չարքն էր խոսում:
– Ինչ-որ կերպ տանելի է, – քմծիծաղեցի ու դա դուր չեկավ չարքին:
– Կուզե՞ս էնպես անեմ, որ դու էլ հայտնվես նրա հետ մահճում, կընկերացե՜ք: Մենակ չի մեռնի:
– Չէ շնորհակալ եմ, ես դեռ ուզում եմ ապրել:
– Ափսո՜ս: Քեզ համար իմ աշխարհում լավ տեղ էի պահել:
– Ինձ թվացել է, որ մահիցս հետո ես չեմ հանդիպելու քեզ:
– Դու ամեն օր ես ինձ հանդիպում՝ տարբեր հիվանդությունների բախվելով և տարբեր մարդկանց բուժելով:
– Արի պայմանավորվենք, որ չես խանգարելու ինձ, որովհետև ես պիտի ավարտեմ գործս:
– Ցանկացած պայման ստորագրման կարիք ունի:
– Ցանկացած ստորագրություն կարող է նաև կեղծ լինել:
– Մի սրամտիր: Վերցրու, գրիր – նա մեկնեց մի թուղթ, որտեղ գրված էր. «Այսուհետ հոգիս պատկանում է X- ին՝ մահից հետո»: Վերցրի թուղթն ու պատռեցի: Չարքի համար իմ գործողությունը անսպասելի չէր, և երկու վայրկյան էլ չանցած նա դուրս եկավ կիսամեռածի միջից ու կանգնեց դիմացս: Նա դեմք չուներ, միայն սև ստվերն էր նշմարվում:
– Այսօրվանից դու անիծված ես ընդմիշտ բուժելու հիվանդներին: Ես կհոգամ, որպեսզի ողջ երկիր մոլորակը դուրս չգա ժանտախտի ճիրաններից:
Չարքը անհետացավ ու հանկարծակի հայտնվեց ետևումս՝ տեղափոխելով ինձ այլ դարաշրջան…
– Խմեք, շո՛ւտ արեք, – կիսաբաց աչքերիս միջից նկատեցի շեկ փարթամ մազերով մի կնոջ դեմք, որի հաճելի ձայնը ստիպեց սթափվելու:
– Ինչ լավ է , որ արթնացաք, ես էլ մտածեցի՝ շտապօգնությանը դիմել:
– Ի՞նչ է կատարվում, – նայեցի շուրջբոլորս. սառը, անկենդան պատերի դիմաց կանգնած էին մի խումբ փողկապավոր գեր տղամարդիկ, որոնք հրճվանքով հետևում էին այդ տեսարանին: Կինը օգնեց բարձրանալու՝ նստեցնելով բազմոցին:
-Տեսնես՝ որ սիրով են զբաղվում, կինը չի վախենո՞ւմ էդ թռչնադիմակից – փողկապավորներից մեկը նայեց ինձ, մնացածներին պատել էր հրճվանքը:
– Ինձ թվում է՝ կինը վախեցած է հաճույք ստանում,- հայտնեց նրանցից մեկը՝ վերջակետ դնելով հրճվանքին:
Ձեռքերով շոշափեցի թռչնադիմակս և նույնիսկ ուզում էի հանել, բայց այն կպած էր գլխիս՝ մտադրություն չուներ դուրս գալու:
– Կուզե՞ք բանվորներից մեկին կանչեմ, – հարցրեց կինը՝ թույլ ժպիտով:
– Չէ, կարիք չի լինի, – պատասխանեցի ու դուրս եկա ճնշող դահլիճից:
– Բայց դա պարտադիր է, – կինը սկսեց հետևիցս վազել: Մի պահ ձայնի մեջ տարօրինակ ու ինձ ծանոթ երանգ նկատեցի: Կինը չդիմացավ արհամարանքիս ու բռնեց թևքիցս: – Եթե մենք չտեսնենք Ձեր դեմքը՝ չենք կարող դատը սկսել:
– Ի՞նչ դատ, – վերջնականապես շփոթվեցի: Մի պահ նոստալգիկ հիշողությունները ակնթարթորեն անցան կողքովս, բայց շատ արագ վերադարձա իրականություն: Նույնիսկ մի պահ թվաց, թե արդեն եղել էի այստեղ, նայել այս կնոջ կանաչ աչքերի մեջ:
– Եթե որոշել եք վերջանակապես գժի պիտակավորում ստանալ, ասեմ Ձեզ՝ դա չի հաջողվի: Դուք կատարյալ առողջ մարդ եք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Էնպես որ, նապաստակին թռչել մի սովորեցրեք:
– Ինչու՞,- կինը զարմացավ այս հարցից:
– Դե՜,- շփոթվե՞ց, փաստորեն մտածում էր, որ կարող եմ նաև նապաստակին թռչել սովորեցնել,- նապաստակը թևեր չունի ախր:
– Իմ և Ձեր տարբերությունն այն է, որ եթե ես ցանականամ, զուտ իմ քմահաճույքի համար կարող եմ էնպես ստիպել նապաստակին, որ թռչի: Նույնիսկ շատ արագ:
– Ես նապաստակի շահերը օրենքին համապատասխան՝ կպաշտպանեմ:
– Մինչև Դուք պաշտպանեք, նա արդեն թևերը կլվանա, – լեզվակռիվը ինչ խոսք այս կետում կանգ առավ: Կինը շփոթվեց ու թունոտ հայացքով հեռացավ: Փողկապավորներից մեկը մոտեցավ ինձ նման հարցով.
– Երբ սպանում էիք՝ հաճույք ստանո՞ւմ էիք, – փողկապավորի աչքերը հետաքրքրությունից շողացին:
– Ո՞ւմ եմ սպանել, – սարսափելի է, երբ շուրջբոլորը քո մասին գիտեն այն, ինչի մասին նույնիսկ ինքդ չգիտես:
– Լավ եք գժի դեր տանում, բայց ասեմ, որ դա դատարանում չի անցնում: Դուք գժի թուղթ չունե՞ք պատահմամբ:
– Չեմ հասկանում ի՜նչ եք ասում:
– Ընդամենը հարցնում եմ՝ ի՞նչ զգացիք, երբ մասնատում էիք զոհին: Արդյո՞ք նա սարսափահար աչքերով սպասում էր իր մահվան դատավճռին, թե՞ ավելի շատ Ձեր թռչնադիմակից էր վախեցել:
Վերջնակապես խճճվեցի ու որոշեցի աննկատ փախչել տարածքից, նայեցի փողակապավորին ու կեղծ տոնով ասացի.
– Ես կպատմեմ Ձեզ, թե ինչպես եմ մասնատել զոհիս, ինչպես եմ այդ մասնատված մարմինը նետել սոված շներին ու թե ինչպես են նրանք մեկ վայրկյանում խժռել իմ աչքի առջև՝ միայն մեկ պայմանով:
– Հա իհարկե, ասեք՝ լսում եմ,- թվում էր, եթե այդ պահին մեկ միլիարդ դոլար էլ խնդրեի՝ անպայման կտար, այնքան որ հետաքրքրված էր իմ սուտ պատմությամբ:
– Պիտի մի րոպեով պետքարան գնամ: Գիտեք՝ միզապարկը սպասել չի սիրում:
– Վա՜յ բա ես կթողնե՞մ, որ միզապարկը նեղացնի Ձեզ: Խնդրե՜մ, – ձեռքով դուրս հրավիրեց ու չքվեց աչքիցս:
Աննկատ անցա նեղ միջանցքով: Պատերը կարծես երկու կողմից ճզմեին ինձ: Վախեցա, որ միգուցե գլխապտույտս նորից կսկսվի: Հասա դռանն այն գիտակցումով, որ դուրս եմ պրծել այն անիծյալներից, բայց բախտը չժպտաց ինձ: Դիմացս հայտնվեց սև կատուն: Նա մաքրում էր երկար սպիտակ բեղիկները ու հանկարծ, երբ նկատեց ինձ, ֆշշոց արձակեց ու փախավ: Գիտակցությունս կորցրի ու հայտնվեցի այնտեղ, որտեղից սկսվել էր պատմությունը:
Խեղդող, ճնշող, մութ խորշից ինչ–որ ձայն էի լսում: Այդ ձայնը անհասկանալի ու օտար էր: Լսում էի՝ կամաց-կամաց մոտենում էր ինձ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ կամ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ:
Ստվերն էր:
– Ասա, որ հաճույք ստացար…
– Ինչի՞ց:
– Երբ բոլորը քեզ մեղադրում էին մի բանում, ինչը չես իրագործել:
– Միայն դրա համար, դու ինձ ապագայի միջով անցկացրիր:
– Հա, բայց խոստովանիր, որ առաջին մարդասպանները, որոնք օրինական կարող են սպանել մարդուն՝ բժիշկներն են: Երբ նրանք անփութորեն սպանում են հիվանդին, նրանց շատ չեն մեղադրում:
– Ես սպանել եմ…այն հողագործին, որը ժանտախտ ուներ:
– Իհարկե, բայց երիտասարդը չմեղադրեց քեզ: Դոշերիցդ չհավաքեց ու թափ չտվեց քեզ՝ աղաղակելով որ մարդասպան ես:
– Խիղճս է աղաղակում:
– Դա է թույլ կողմդ:
– Ի՞նչ է լինելու ինձ հետ:
– Ոչինչ: Ես քեզ անգիտության մեջ կթողնեմ: Խիղճդ էլ թող դառնա քո դատավորը: Մնաս բարյավ, որդյա՜կս, – ստվերը թունոտ ծիծաղով անհետացավ:
Ոտքերիս տակ արյուն հավաքվեց: Սև կատուն մլավոցով անցավ կողքովս: Թռչնադիմակս ընկավ: Իսկ խիղճը սպանեց ինձ ներսից: Արթնացա: Հողագործի կողքն էի պառկած: Զգացի մահվան զզվելի հոտը: Հողագործի կարմրավուն աչքերը չռվել էին ինձ վրա: Այդպես էլ չհասակացա՝ սպանե՞ցի նրան, թե՞ իր մահով մեռավ…:
ՎԵՐՋ