Հովհաննես Գրիգորյան/ՁՄԵՌՆ ԱՆԾԱՆՈԹ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎԵԼԻ Է ՁՄԵՌ

ԾԱՌԵՐԸ

Ծառերը`
ոտից-գլուխ ճերմակ վիրակապերի մեջ,
իսկ օդը սառն է, ինչպես
հայացքը հյուրանոցի տնօրենի,
որն օրորում է գլուխը և մի բառ է
ասում` չկա: Եվ նորից ձյուն է գալիս
ծառերի վրա և ձյունը քիչ-քիչ ծածկում է
նաև քեզ, որ ճամպրուկը ձեռքիդ մոլորված
կանգնել ես օտար քաղաքի անծանոթ
փողոցներից մեկի մեջտեղում
և մտածում ես –
կա՞ առավել դժբախտ մարդ,
քան նա, ով ձյան տակ,
ճամպրուկը ձեռքին մոլորված կանգնել է
օտար քաղաքի փողոցի մեջտեղում…
Եվ հետո օրորում ես գլուխդ
և մի բառ ես ասում` չկա:

ՁՄԵՌՆ ԱՆԾԱՆՈԹ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎԵԼԻ Է ՁՄԵՌ…

Ձմեռն անծանոթ քաղաքում ավելի է ձմեռ
և մենությունը գորշ է ավելի, և նույնիսկ
ճնճղուկները, որ սառած արցունքների նման
կախվել են ծառերի թարթիչներից` առավել
դժբախտ են, եթե նրանց նայում է օտարականը
երկհարկանի հյուրանոցի պատուհանից…
…Նայում է երկար ու մտածում – զարմանալի է,
այսքան տարի ապրեցի և հիմա
ոչինչ չեմ կարողանում հիշել, որ գոնե
մատներիս ծայրերը տաքանան…

***

Ես գիտեմ՝
Կմեռնեմ ձմռան առաջին օրը:
Մարդիկ կթփթփացնեն ոտքերը
և զարմանալով կնայեն,
թե ինչպես է ձյունը հալվում իմ սառած դեմքին:
Ծերացած կինս կորոնի
և չի գտնի վառարանի ունելին՝
կատվին սենյակից դուրս քշելու համար,
հետո կնստի, կօրորի գլուխը՝
քմահաճ կատվի և իմ անխոհեմ քայլից ընկճված:
Քույրս թեյ կբաժանի մրսած հյուրերին
և ազատ ձեռքով կուղղի
կրծքիս դարսված չորացած ծաղիկները:
Հետո բոլորը միանգամից կելնեն ոտքի
և աղմուկ-աղաղակով ինձ դուրս կհանեն
տնից,
դեպի ձյունը,
ճերմակ ձյունը,
առաջին ձյունը,
վերջին ձյունը,
և այդ հրաշալի տեսարանից քար կտրած՝
ես խոսքեր չեմ գտնի
հիացմունքս արտահայտելու համար…

ՁՄԵՌԱՅԻՆ ՄԹՆՈՂ ՓՈՂՈՑՈՎ…

Ձմեռային մթնող փողոցով
կուչ եկած վազելով անցավ
թեթև հագնված մի շուն:
Ակամա կծկվեցին ուսերդ
և ձեռքերդ ավելի խոր խրվեցին
գրպաններդ ու կանգնեցիր մոլորված`
գիշերով, այս ցրտին
ո՞ւր էր վազում խեղճ շունը
և այս մութ ու ցուրտ փողոցով
ո՞ւր եմ գնում ես հիմա…

ՊԱՏՈՒՀԱՆԻՍ ՏԱԿ ԾԻԾԱՂ…

Պատուհանիս տակ ծիծաղ,
զվարթ ճիչեր ու կանչ`
թավալ են գալիս ձյան մեջ
երկու փոքրիկ տղա:
Ելնում ու ընկնում են նորից,
թռչկոտում, վազում են, խնդում…
Իսկ դու կանգնել ես
պատուհանի դեմ,
կլանված նայում ես նրանց,
վերացած…ու չես էլ նկատել,
որ պարզել ես սառած ձեռքերդ,
տաքացնում ես սառած ձեռքերդ
նրանց ուրախ ծիծաղի,
ճիչ ու կանչերի խարույկի վրա…

ԵՐԵՎԻ ՍԱ ՀԵՆՑ ԱՅՆ ՁՅՈՒՆՆ Է…

Երևի սա հենց այն ձյունն է, որի մասին
ասում են, թե իջնում է և երջանկություն է
բերում իր հետ:
Երևի սա հենց այն ժամն է,
երբ մարդիկ հանդիպում են իրար
և խոսում են կարևոր բաներից:
Երևի սա հենց այն աղջիկն է,
որին պիտի հանդիպեի առաջին ձյան
փաթիլների տակ ու պիտի խոսեինք
կարևոր բաներից:

Եվ երևի սա հենց այն երազանքն է,
որն ամենավերջինն է
երևի:

ԴԱՐՁՅԱԼ ՆՈՒՅՆ ԳՈՒՅՆԸ…

Դարձյալ նույն գույնը,
դարձյալ նույն բառը-
ետ տար վարագույրը`
դարձյալ նույն ձյունը:
Անվերջ նույն ձյունը,
անվերջ նույն գույնը,
անվերջ նույն բառը…
Եվ տես, մի բառով,
և տես մի գույնով
իˉնչ հեշտ, թեթև է
կերտում բնությունը
քո հազարաբառ
ու անպատմելի
այս մենությունը…

Please follow and like us: