Մանե Խաչատրյան/Այս քաղաքը

Այս քաղաքը
քարերից վեր
օդային տարածք է՝
շենքերի ու երկնքի միջև,
ուր ինչ-որ կերպ միավորված
մարդկանց արտաշունչները
օդային տիրույթներ են գրավում
ու ապրում կողք կողքի՝
սահելով իրար կողքով,
երբեմն բախվելով,
հրելով,
անտարբերությամբ,
երբեմն սիրով։
Առանձին մի տարածություն են
այս դատարկության մեջ
սիրող մարդիկ՝
գրքեր,
թանգարաններ,
երեկոներ,
Նրանք քայլում են 
բարձր,
մտախոհ, 
երջանիկ։
Հավերժ շտապողներ կան.
թվում է՝ քաղաքը չափազանց ծանոթ է
իրեն դանդաղ զբոսանքներ 
նվիրելու համար։
Կան ուշ ժամերին 
մշտարթուն մարդիկ՝
տանը, փողոցներում,
ասել է թե նրանց օդային սահքն
ամենադյուրինն է,
ու ոչ ոքի չի բախվում։
Կանգառների հեռավորություններն
անգիր իմացողներ կան,
ու նրանց սահքն ամենից շատն է
բախումների պատճառ դառնում։
Այլ լեզուներով շատ
խոսողներ կան,
որ սահում են աներևույթ,
թափանցիկ,
ու օտարական չեն նրանք,
որովհետև ճանաչում են
ու ժպտում։
Բարձր ձայնով անորակ 
երգեր լսողներ կան,
անհանդուրժող գոռգռացողներ,
ինքնասիրահարված ու սիրելու այլ ոչինչ չունեցողներ,
Ու կան երաժշտության պես մարդիկ՝
դանդաղաքայլ, դաշնամուրային,
ժպիտով
աշխարհը սիրող.
ինչ հետաքրքիր
հակադրությունների քաղաք է սա։
Սա փոքր քաղաք է,
ու մարդիկ այս խմբերի 
գիտեն իրար։
Սա շենքերին 
շունչ ու հոգի տալու քաղաք է,
քիչ քամիների ու անձրևների քաղաք,
իրենք իրենց մեջ պարփակված 
մարդկանց քաղաք է սա՝
Մարդկանց, որ գիտեն իրար,
որ գիտեն իրենց նման 
այլ հարյուր հոգու,
որոնց հետ 
նույն օդային հոսքի մեջ են,
բայց այնուամենայնիվ
մենակ են նրանք։
Որովհետև սա քաղաք է, 
որտեղ մարդիկ գալիս են՝
թողնելով իրենց տունը հեռվում։
Սա քաղաք է՝
շենքերից վեր,
երկնքից մի քիչ ներքև,
գրկաբաց, բայց
ջերմության պակաս ունեցող
քաղաք է սա։
Սա, երևի, 
ամուր գրկելու քաղաք է։

Please follow and like us: