Մաս Առաջին․ Այցելություն Հայաստան
Նախապատմություն
Վասիլի Գրոսմանի (1905-1964) «Կյանք և ճակատագիր» (1960) վեպը նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմին, արգելվեց խորհրդային գրաքննության կողմից, ինչպես հեղինակն է ասում՝ «բանտարկվեց»։ Գրաքննիչները նկատել էին, որ թաքուն զուգահեռներ են անցկացվում խորհրդային և նացիստական ամբողջատիրական համակարգերի միջև։ Իշխանությունը առգրավեց վեպի բոլոր օրինակները՝ հավանաբար զգուշանալով, որ ինչպես Բ․ Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպը, այն կտպագրվի Արևմուտքում։
«Իլիական» և «Ոդիսական», պատերազմ և ճանապարհորդություն․ ակամա զուգահեռ է առաջանում Վ․ Գրոսմանի «Կյանք և ճակատագիր» վեպի և «Բարին ընդ ձեզ» ուղեգրական նոթերի հետ։ Առավել ևս, որ «Բարին ընդ ձեզ» հրատարակության պատմությունը ինքնին գրաքննական ոդիսական է։
Դառը նստվածքը, վրդովմունքը և հիասթափությունը ուղեկցում էին արդեն ծանր հիվանդ գրողին։ Շատերն էին խուսափում շարունակել նրա հետ մտերմությունը՝ նկատի ունենալով իշխանությունների հետ բախումը։ Ստոր էին խորհրդային գրողները [մեծ մասը], կոռումպացված, ստորաքարշ և ․․․սահմանափակ։
Նրա հին ընկեր Սեմյոն Լիպկինը այսպես է ներկայացնում Հայաստան այցելության հանգամանքները․ «Մի անգամ Գրողների տանը ինձ մոտեցավ նրա մշտական հաճախորդներից Հասմիկը (ազգանունը մոռացել եմ), մի հայուհի, ․․․, և ասաց, որ ինքը թարգմանել է Հրաչյա Քոչարի մեծ ռազմական թեմայով վեպը հայերենից, բայց հեղինակը կարծում է, որ այդ թարգմանությունը միայն տողացին է (ինչպես պարզվեց, հենց այդպես էր), մշակման համար լավ գրող է պետք, ցանկալի է՝ հայտնի և պատերազմի մասնակից, խնդրեց ինչ-որ մեկին խորհուրդ տալ։ Գրող-թարգմանչին կհրավիրեն աշխատելու Հայաստանում, հանրապետությունը կհոգա ճանապարհածախսը, տեղի հրատարակչությունը նրա հետ պայմանագիր կկնքի։ Մտածեցի, որ լավ կլինի, որ Գրոսմանը գնա Հայաստան, իսկ Գրոսմանին հիմա խիստ անհրաժեշտ է վեպի թարգմանության հոնորարը, և ուրախացած Հասմիկին խոստացա խոսել նրա հետ։
․․․Ես վստահ չէի իմ ձեռնարկության հաջողության վրա։ Գրոսմանը, նույնիսկ երբ փողը սուղ էր, չէր սիրում պատվերով գրել։
Գրոսմանին դուր եկավ Հայաստան մեկնելու հնարավորությունը։ Նա ասաց. «Եթե վեպը ստոր չէ, ես կթարգմանեմ։ Լավ է, որ այն, ինչպես ասում եք, մեծ է։ Իսկ փող պետք է, հոգում նողկանք է, գուցե բատրակությունը կօգնի։
Հասմիկը նրան բերեց հաստափոր տողացին, վեպը բարոյականության տեսակետից գոհացրեց Գրոսմանին, նա միայն հարցրեց. «Մի՞շտ են տողացիները այդքան անգրագետ»։ Նոյեմբերի մեկին նա նստեց գնացք։ Նա ինձ հաճախ էր գրում Հայաստանից»։
Սեմյոն Լիպկինը Գրոսմանի մերձավոր ընկերներից էր, բայց նրա վկայությունը վիճարկվում է։ Հրաչյա Քոչարի դուստր Մերի Քոչարը իր հիշողություններում գրում է․ «Վասիլի Գրոսմանը Երեւան է ժամանել 1959 թվականի աշնանը [իրականում երկու տարի անց]։ Գրողի համար դժվար ժամանակներ էին, երբ ձերբակալեցին նրա «Կյանք ու ճակատագիր» վեպը, և կա՛մ վերևում, կա՛մ ՊԱԿ-ում նրան ասացին, որ վեպը միայն երկու հարյուր տարի հետո է տպագրվելու։ Գրոսմանը ոչ միայն բարոյապես ընկճված էր, այլեւ՝ ֆինանսապես սահմանափակված։
Այդ ժամանակ հայրս երազում էր իր «Մեծ տան զավակներրը» վեպը հրատարակել ռուսերեն, և անպայման Գրոսմանի թարգմանությամբ, ում նա պարզապես պաշտում էր <…>
Գրոսմանին հորս ծանոթացրել է Գրական ֆոնդի այն ժամանակվա նախագահ Վարդգես Թևեքելյանը, որը նույնպես ծագումով Արևմտյան Հայաստանից էր…»: [Кочар М.Р. Гроссман восхищался Кечарисом, а Бродский рвался за границу]
Այցելություն Հայաստան
Չնայած Երևան ժամանելու հանգամանքները այնքան բարենպաստ չէին, նրան ոչ ոք չդիմավորեց, Քոչարը շփոթել էր օրը, անհանգստացնում էր միզապարկը, այնուամենայնիվ Հայաստանը նրան հմայեց հենց առաջին հայացքից։ Զարմանալի է, այն ինչ պետք է վաներ՝ քարերը, կապույտ բազալտը, նա տեսավ այդ երկիրը բնակեցնող մարդկանց՝ հայերի, եզդիների, մոլոկանների կյանքի վկաներ։ Նրա մռայլ բնավորությունը ընդունակ էր իրերի մյուս, խորհրդանշական կողմը տեսնելու։
Երկու կոթող՝ սպիտակագլուխ Արարատը և Ստալինի արձանը նրա վրա հզոր տպավորություն գործեցին։ Ստալինի արձանի մասին նա Ս․ Լիպկինին ուղված նամակում գրում է․ «Քաղաքի վերևում բլրի վրա Ստալինի զինվորական շինելով հուշարձանն է: Այն այնքան վեհաշուք է, հսկայական, զգացվում է, որ հուշարձանի մեջ ինչ-որ միստիկ, անմարդկային զորեղ ուժ կա»։ Հուշարձանի հեղինակը, իհարկե, Սերգեյ Մերկուրովն էր։ «Բարին ընդ ձեզ» ուղեգրական նոթերում այն ավելի ընդարձակ մեկնաբանություն է ստանում։
Հաջորդ կարևոր դիպվածը Վազգեն Առաջինի հետ հանդիպումն է։ Իր նամակում նա գրում է․ «Կաթողիկոսը մի բաժակ կոնյակ խմեց իմ առողջության համար։ Գրականությունից խոսեցինք, սև սուրճ խմեցինք։ Սսպասարկում էր մի վանական, մի աներևակայելի գեղեցիկ երիտասարդ: Վազգեն Առաջինի սիրելի գրողը Տոլստոյն է, ում եկեղեցին անիծել է [Անիծել է, իհարկե, Ռուս ուղափառ եկեղեցին։ Կոսմոպոլիտ և աթեիստ , ծագումով հրեա Վ․ Գրոսմանի համար այդ նրբությունները անկարևոր են։ Վ․Ջ]։ Վազգենը Դոստոևսկու մասին աշխատության հեղինակ է, նա ինձ ասաց, որ առանց Դոստոևսկու մարդու մասին գիտությունը անհնար է։ Ամեն ինչ լավ էր, հետաքրքիր, բայց ես Աստծուն Էջմիածնում չտեսա»։
Ս․ Լիպկինի վրա այս հատվածը տհաճ տպավորություն է թողել և նա իր հուշագրությունում փորձել է մեղմել այն։ Շեղվելով պատումից՝ նա նկարագում է իր տպավորությունը Վազգեն Առաջինից․ «Նա հմայեց մեզ իր ընկերասիրությամբ, նրա գեղեցիկ աչքերը փայլում էին, այնտեղ տեսնում էիր նրա խելքը ու բարությանը։ Ի տարբերություն Գրոսմանի, ես նրա մեջ տեսա մի մարդու, ով խորապես և անմիջական հավատում է: Իսկական կրոնական զգացումը միշտ պարզ է, միշտ բաց զրուցակցի համար»։
Ինձ էլ այս պահը մտածելու տեղիք տվեց։ Վ․ Գրոսմանի հարցը վրդովեցուցիչ է, բայց անկեղծ՝ «Էջմիածնում Աստծուն չտեսա»։ Հիմա շատ են «հավատացյալները», դա հաջողակ բիզնես է։ Նրանց կարելի է դասակարգել․ հավատացյալ են «ըստ ռուս ուղափառ եկեղեցու», այսինքն՝ վերարտադրում են ռուս հավատացյալների վարքը, կան «ըստ կաթոլիկ հավատի» կամ «ըստ ավետարանական հավատի»։ Իսկ կա՞ «հայավարի» հավատալը։ Սրանք սուբյեկտիվ նկատառումներ են։
Մտածում եմ՝ կա։ Ու կարծում եմ՝ հայկական հավատը եզակի է։ Ոչ այն իմաստով, որ իր տեսակի մեջ միակն է։ Կարծում եմ՝ այդպիսին են հակոբիկները, ղպտիները, նեստորականները, էլի մյուս մերձավորարևելյան փոքրամասնական քրիստոնեական համայնքները։ Աստված չկա Էջմիածնում, դա լսել եմ նաև հայ մարդկանցից։
Իսկ պե՞տք է լիներ Աստված Էջմիածնում։ Ոչ, պատմությունը հայերին ասել է՝ թաքցրեք։ Իսլամներից, ռուսներից, կոմունիստներից։ Ու թաքցնում էին՝ դառնալով աթեիստ կամ կոսմոպոլիտ։ Այդպես թաքնված է հրեականությունը Վասիլի Գրոսմանի կամ Օսիպ Մանդելշտամի մեջ, որպեսզի Հայաստանի հետ հանդիպման ժամանակ արթնանա իբրև խոր ցավ։
Գրոսմանին դժվարությամբ էր տրվում թարգմանչական աշխատանքը, որը նա անվանում է «տաժանակիր»։ Այդ մասին իր նամակում գրում է․
«Ես արդեն ընտելացել եմ, որ հեղինակը [Հրաչյա Քոչարը] անտարբեր ու մի տեսակ քնկոտ է վերաբերվում այն փաստին, որ մի տարեց պարոն այնքան եռանդով է աշխատում իր գրքի վրա, որ երեկոյան դեմքն ու ճակատը պատվում են մանուշակագույն բծերով։ Երկու շաբաթ առաջ սա կցնցեր ինձ, բայց հիմա անկեղծորեն կզարմանայի, եթե լսեի «մերսի» բառը: Բայց, եթե խոսենք աշխատանքային պայմանների մասին, ապա ուտելիքը լավն է, հանրակացարանը մաքուր է, տաք, վարձատրությունը՝ արդար, անկողնային սպիտակեղենը փոխվում է 7 օրը մեկ։
Բողոքելը մեղք է. ես չեմ էլ բողոքում…»։
Վասիլի Գրոսմանը Հայաստանում հայտնի գրող էր։ Հայերեն թարգմանվել էին նրա չորս գրքերը, այդ թվում նրան խորհրդային դասական դարձրած, համաշխարհային համբավ բերած «Հանուն արդար գործի» վեպը։ Բայց դատելով Գրոսմանի նամակներից՝ հայ գրողների վերաբերմունքը զգուշավոր էր, խուսափողական։ Իհարկե, գիտեին, որ Գրոսմանը արդեն ԿԳԲ-ի հսկողության տակ է։ Նա գրում է․ «Այդուհանդերձ, հետաքրքիր է՝ այստեղ ապրելու երկու ամսվա ընթացքում ոչ մի գրող չի եկել ինձ մոտ, չի զանգել, չի կանչել, իսկ փողոցում պատահական ու անխուսափելի հանդիպումների ժամանակ նույնիսկ չեն հարցրել՝ առո՞ղջ եմ, թե՞ ոչ, առաջի՛ն անգամ եմ Հայաստանում, թե՞․․․ այսպիսի շնային անտարբերություն ես երբեք չեմ տեսել, և չի էլ կարող լինել։ Այո, սա արդեն ոչ թե անտարբերություն է, այլ անպարկեշտություն, քանի որ տարեց այցելուին իր առողջական վիճակի մասին հարցնելը, թե արդյո՞ք նա իրեն լավ է զգում նոր վայրում, տարրական պարկեշտությամբ թելադրված հարց է»։ Այս նողկալի երևույթը հայկական չէ, այլ՝ խորհրդային։ Ստալինիզմը կարողացել էր ձևավորել գրողի նոր տեսակ՝ «սովետական գրողը», բնականաբար հարց է առաջանում․ իսկ ինչպե՞ս։
Դժվար չէ հասկանալ, որ Վ․ Գրոսմանը սուբյեկտիվ է, ինչ որ տեղ անարդար։ Այլ կարծիքի է Մերի Քոչարը․ «Գրոսմանը Երեւանում մնաց երեք ամիս։ Նա հաճախ հրաժարվում էր ծանոթություններից, հորս առաջարկած հյուրերից, և ոչ այն պատճառով, որ շփվող չէր : Նա պարզապես շատ բան տեսած մարդ էր, արդեն հիվանդ»։
Դատելով նոթերից և նամակներց՝ Գրոսմանը մտավորականության հետ շփումից գերադասում է սովորական մարդկանց հետ շփումը։ Ու Քոչարի ոչ բոլոր հանդիպումներն էր մերժում․ «Իսկ հետո Երեւանից երեկ գնացի Արագածի լանջին գտնվող Սասուն գյուղ. Քոչարի քույրը՝ տարեց կին, ամուսնացնում էր իր վարորդ որդուն։ Այս ճամփորդությունը, իհարկե, իմ ամենաուժեղ հայկական տպավորությունն է։
Եվ գիտե՞ք, խոսքը նույնիսկ հրաշալի, բանաստեղծական, կոպիտ, բարդ ու բազմափուլ հարսանեկան արարողության և ոչ էլ հին գեղեցիկ երգերի մասին չէ, որով հայտնի է Սասունը՝ Սասունցի Դավթի հետ կապված գյուղը։ Բանը, Սյոմա, հրաշալի մարդկանց մեջ է, գյուղական հայ ծերուկների, հայ գյուղացիների՝ հրաշալի մարդկանց։
Հարսանիքին 200 հոգի կար, և ես լսեցի շատ մարդասիրական, բարի ճառեր՝ կյանքումս առաջին անգամ։ Տասնյակ մարդիկ իրենց ելույթներում, դիմելով ինձ գյուղացիների, կանանց ամբոխի առաջ, խոսում էին հուզիչ, կրքոտ, արցունքներով։ Եվ խոսեցին հովիվները, վարորդները, փորողները, գյուղական որմնադիրները։ Այս օրը ես հատկապես ափսոսում էի, որ դու այս գյուղում չէիր. անընդհատ մտածում էի, որ կանգնելու ես այստեղ և լացելու ես և բանաստեղծություններ կգրես, որոնք կարդալու են մարդիկ, որոնք նույնպես լաց կլինեն:
Եվ այս ամենը կոշտ քարակույտերի մեջ՝ կապույտ երկնքի և Արարատի փայլուն գագաթի ֆոնին, հենց այն, որին նայեցին Աստվածաշունչը գրողները։ Ա՜խ, Սյոմա, սա շատ սրտաճմլիկ է… Երբ տեսնեմ քեզ, ես այս ամենը մանրամասն կպատմեմ, կամ գուցե դու ինքդ ամեն ինչ քո աչքերով տեսնես, արժե, դա պետք է…»։
Այս նամակը թվագրված է 25.XII.1961։
Երկու շաբաթ հետո նա դեռ այդ տպավորությունների տակ է․ « ․․․ և անշուշտ ինքս հաստատ իմացա, որ հայ գյուղացիներին ավելի շատ եմ սիրում, քան հայկական եկեղեցիներն ու սարերը, նրանց հետ շատ լավ է, նստած մեծ քարերով կառուցված տանը, խմել խաղողի օղի ու զրուցել՝ նայելով համակրելի ծերունական դեմքերին…»։ Այդ մասին նա շատ ավելի հուզիչ կգրի իր ճանապարհորդական նոթերում։ Բայց նամակներում երևում է, թե ինչպես է նրա մեջ ծնվել այդ գիրքը գրելու մեծ ցանկությունը։