Ձմեռային

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

***

Ձյունը մանում է բարակ,
Ցած է իջնում թել-թել.
Քաղցր է նստել անկրակ
Քեզ հետ հինը թերթել։

Բռնել այս ձեռքը նրբին
Նստել, նստել անքուն,
Չըզգալ որ արդեն արփին
Ցոլաց արևելքում։

Չըզգալ որ բացվում է օր,
Նստել անկամ, անուժ,
Լսել լոկ, որպես օրոր,
Խոսքըդ — երգից անուշ։

***

Դուրսը ցուրտ է հիմա`
Եվ խավար, և մրրիկ,
Այսօր մի՛ հեռանա,
Մոլորվա՛ծ իմ քույրիկ։

Մոլորվա՛ծ իմ քույրիկ,
Հոգնած ու մենավոր,
Դուրսը՝ չար փոթորիկ,
Դուրսը մութ է այսօր։

Թող ցոլա՛ մեղմորեն
Այս հուրը տխրաբոց,
Թո՛ղ, որ մեղմ օրորեմ
Քո հոգին ալեկոծ։

Լուսեղեն այն խոսքով,
Որ այսօր ես գիտեմ,
Այն անուշ հրաշքով
Քո սիրտը կըդյութեմ։

Մի կրակ լուսատու
Քո սրտին կընետեմ,
Որ հզոր լինես դու
Կյանքի և մահու դեմ։

Հեռավոր մի փարոս
Կըվառեմ քո հոգում,
Սև կյանքի ալեկոծ
Խավարում ու մեգում։

Դուրսը ցուրտ է հիմա
Եվ խավար, և մրրիկ,
Այսօր մի՛ հեռանա,
Մոլորված իմ քույրի՛կ։

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

***

Ձյուն է գալիս ու թախծալիր
Ծածկում դաշտերն ամայի. –
Քնքո՛ւշ, քնքուշ ինձ սիրեիր,
Ու նոր մեռած լինեի …
Հեկեկայի սրտիս սրտում
Անունդ անո՛ւշ ու աղվոր.
Ու ձյունը գար մե՛ղմ ու տրտո՛ւմ,
Ծածկեր շիրիմս հեռավոր …

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

***
Ձյուն է իջնում, կուտակվում
Մորս վրա վերևից,
Ասես փետուր է թափվում
Հրեշտակի թևերից:
Գերեզմանի այս հեռվում
Մեղմ դիզվում է թախծալից,
Մորս վրա մարմարվում,
Շիրմաքար է թվում ինձ:
Այնպես մեղմիկ է դնում
Աստված փաթիլ փաթիլին,
Որ չցավի ողջ կյանքում
Մորս ցաված սիրտը հին:
Փաթիլվում է մեղմաձյուն,
Մարմարվում է մեղմաբար,
Աստված ինքն է ստեղծում
Մորս վրա շիրմաքար:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

ՁՅՈՒՆ Է ԳԱԼՈՒ

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում։

Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու։
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու։

***
Քամին սարերից
Առաջին ձյունի
Փոշին է բերում
Եվ շաղ է տալիս
Բոբիկ ոտներիս
Ու փշաքաղված
Մազերիս վրա:
Շապիկիս փեշքից
Ու թևքից կախված
Մաշված,գույնզգույն,
Խաշամանման
Կարկատանները
Պոկում է քամին,
Խառնում ծառերից
Թափվող խաշամին…
Խաշամ, ինչ խաշամ,
Թեժաթուխ լավաշ.
Տավարն ուտում է
Ու չի կշտանում:
Ես լուռ նստել եմ
Կապույտ մի քարի,
Կապտել եմ ես էլ
Եվ կապույտ քարից
Տարբերվում եմ ես
Այնքանով միայն,
Որ ես դողում եմ,
Քարը չի դողում:
Գյուղ տանող ճամփով
Գնում է հայրս`
Ցախը շալակին.
-Ցու՞րտ է,-հարցնում է:
-Տաք է ,-ասում եմ:
-Քարին մի նստիր,
Վեր կաց,-ասում է:
-Տավարն,-ասում է,-
Լույսով չբերես:
Ասում է, գնում…
Անցել է ուղիղ
Քառասուն տարի:
Հիշեցրի երեկ,
Հայրս լաց եղավ:
Ինչու՞ հիշեցրի…

ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

ՁՄԵՌՆԱՄՈՒՏ

Առաջին ձյունը Աստծո ճերմակով
Վիրակապում է վերքերը հուշի…
Ասես ուրիշն է ապրել քո կյանքով,
Ասես ապրել ես կյանքը ուրիշի։

Ու դեռ թվում է՝ օրերից մի օր
Ճակատագիրդ քեզ պիտի հիշի
Եվ քո անցյալից ներկայով մի նոր
Սահմանազատի գալիքն ուրիշի։
Բայց ամեն գիշեր կոպերիդ ներքո
Մի դեմք է հառնում հարանման քեզ,
Եվ հորինվելիք քո՛ իսկ հանգերգով
Մենախոսում է քեզ դիմելու պես.

– Չշնչավորված մանուկներին սուրբ
Ես ինչպե՞ս չասեմ վախ ու ողորմի…
– Կյանքդ կարծեցիր չքնաղ մի ասուպ,
Բայց երազախաբ գիսավոր էր մի…

Ի հեճուկս քեզ և իմ կսկծու
Աչքափուշ եղավ նույնիսկ ցա՛վը մեր…
– Քա՜ղցր ես ու անուշ, դա՜ռն ես ու կծու,
Բանաստեղծների բախտակից ձմե՛ռ…

Առաջին ձյունը աստծո ճերմակով
Վիրակապում է վերքերը հուշի,
Եվ մենակյացի քո հին վերմակով
Ասես ծածկում ես… մարմինն ուրիշի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

***

Ես գիտեմ՝
Կմեռնեմ ձմռան առաջին օրը:
Մարդիկ կթփթփացնեն ոտքերը
և զարմանալով կնայեն,
թե ինչպես է ձյունը հալվում իմ սառած դեմքին:
Ծերացած կինս կորոնի
և չի գտնի վառարանի ունելին՝
կատվին սենյակից դուրս քշելու համար,
հետո կնստի, կօրորի գլուխը՝
քմահաճ կատվի և իմ անխոհեմ քայլից ընկճված:
Քույրս թեյ կբաժանի մրսած հյուրերին
և ազատ ձեռքով կուղղի
կրծքիս դարսված չորացած ծաղիկները:
Հետո բոլորը միանգամից կելնեն ոտքի
և աղմուկ-աղաղակով ինձ դուրս կհանեն տնից,
դեպի ձյունը,
ճերմակ ձյունը,
առաջին ձյունը,
վերջին ձյունը,
և այդ հրաշալի տեսարանից քար կտրած՝
ես խոսքեր չեմ գտնի
հիացմունքս արտահայտելու համար…

Ծառերը

Ծառերը`
ոտից-գլուխ ճերմակ վիրակապերի մեջ,
իսկ օդը սառն է, ինչպես
հայացքը հյուրանոցի տնօրենի,
որն օրորում է գլուխը և մի բառ է
ասում` չկա: Եվ նորից ձյուն է գալիս
ծառերի վրա և ձյունը քիչ-քիչ ծածկում է
նաև քեզ, որ ճամպրուկը ձեռքիդ մոլորված
կանգնել ես օտար քաղաքի անծանոթ
փողոցներից մեկի մեջտեղում
և մտածում ես –
կա՞ առավել դժբախտ մարդ,
քան նա, ով ձյան տակ,
ճամպրուկը ձեռքին մոլորված կանգնել է
օտար քաղաքի փողոցի մեջտեղում…
Եվ հետո օրորում ես գլուխդ
և մի բառ ես ասում` չկա:

ԱՎԱԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Ձմեռը մտնում է քաղաք

Ձմեռը մտնում է քաղաք
մարդկային սրտերի միջով,
մարդկային սրտերի միջից
ձմեռը մտնում է քաղաք,
եւ որքան սրտերը՝ արջնած,
այնքան ցրտերը՝ դաժան,
այնքան բառերն՝ անպարզ,
այնքան արեգակը՝ թեք,
եւ հոգիները՝ միայնակ,
ու առավել քան իրական,
եւ ավագ հանգրվանն՝ հեռու
եւ մեղքը՝ հսկա լեռնապար,
եւ վշտի դաշտերը՝ բերրի,
եւ կրքի վաշտերն՝ անհագուրդ,
եւ ամեն անակնկալ վարդ –
ասես գերեզմանոցում աճի…
եւ երգի ձայներ չկան,
բայց ինչ–որ շշուկներ են սվսվում՝
հատելով դատարկ փողոցները,
մարդկային սրտերը, գործերը,
քաղաքը – ինչպես քամին,
որից, այդ քամուց, սարսռում են
բառերը, մեղքերը, վարդերը՝
հար անակնկալ հայտնված…
մարգարե–գուշակի նման՝
ակնկալելի հայտնությամբ
կամ որպես հերթական նշան,
ձմեռը մտնում է քաղաք։

Please follow and like us: