Քեյ Սեյջը սյուրռեալիստ նկարիչ էր։ Նա ապրել է զարմանալի կյանք՝ ծնվելով Նյու-Յորքի սենատորի ընտանիքում, ապա դառնալով Իտալիայի արքայազնի կինը՝ նա հրաժարվել է շքեղ ու կանոնակարգված կայնքից, ընտրել արվեստն ու ապա՝ նկարիչ Իվ Տանգիին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա օգնել է բազմաթիվ եվրոպացի նկարիչների տեղափոխվել ԱՄՆ։ Արվեստի գործերի իր հարուստ հավաքածուն նա հետագայում նվիրաբերել է արվեստի մի քանի հաստատությունների։ Նրա զարմանահրաշ կյանքի մասին կարող եք կարդալ այստեղ։ Քեյ Սեյջը զուգահեռաբար միշտ գրել է բանաստեղծություններ, որոնցից մի պստիկ փունջ ներկայացնում ենք ստորեւ։
Դիտարկում
Ապրում եմ որքան,
Ադքան զարմանում՝
Ոնց է ջուրն այդքան
Մաղի մեջ մնում։
Պատուհանը
Իմ սենյակն ունի երկու դուռ և մեկ պատուհան։
Մի դուռը կարմիր է, իսկ մյուսը՝ մոխրագույն։
Ես չեմ կարող բացել կարմիր դուռը,
մոխրագույն դուռն ինձ չի հետաքրքրում։
Ընտրություն չունենալով՝ ես երկուսն էլ կկողպեմ
և դուրս կնայեմ պատուհանով:
Շինուազրի*
Անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն՝
Ես կարող եմ գրել այս բոլոր լեզուներով,
բայց դրանք թարգմանություններ են
լավագույն դեպքում:
Ես մտածում եմ չինարեն։
Բուրմունք
Հանկարծ մի անուշ բույր եմ զգում․
Օծանելիք՝ լի հիշողություններով
Երիտասարդության, գարնան,
Որ թվում է՝ հետեւում է իմ ժպիտին,
Ձեռքերիս շարժումներին։
Փնտրում եմ ապարդյուն,
Չեմ կարողանում գտնել,
Թե ինչն է այդպես բուրում։
Եվ հանկարծ
Հասկացա․
Ինքն է,
Այդ բուրմունքը
Հուշն է
Իմ մասին։
* Շինուազրի (ֆրանսերեն chinoiserie բառից, բառացի` չինականություն), ոճավորման նպատակով չինական միջնադարյան ոճական հնարքների կիրառում եվրոպական գեղնկարչության, դեկորատիվ-կիրառական արվեստում, հագուստներում, պուրակների, այգիների համալիրների ձևավորման մեջ գերազանցապես 18-րդ դարում։
Անգլերենից թարգմանեց Արփի Ոսկանյանը