Լուիզա Խաչումյան/Աչքերը

(թատերախաղ մեկ գործողությամբ)

Վարագույրը բացվում է, բեմի կենտրոնում պառկած է տղամարդ,  մոտ 57 տարեկան։ Դանդաղ, անշտապ, մտածկոտ ծխում է, ասես խաղում է սիգարետի ծխով։

Աջ կողմում դրված է անավարտ կտավ` մոլբերտի վրա, կողքին փոքրիկ սեղան ներկերով, սուրճով բաժակ։ Ձախ կողմում անավարտ քանդակ` կիսանդրի, պատվանդանի վրա։

Լսվում է երաժշտություն՝ Ազնավուր, կամ Էդիտ Պիաֆ։  Ամենասովորական նկարիչ քանդակագործի արվեստանոց է, որը պատրաստվում է աշխատանքի։

Տղամարդ– Լավ, դու ի՞նչ ես ուզում․․․  Լավ, քո ուզածը ո՞րն է։

Տղամարդը վեր է կենում, դանդաղ, ծխելով մոտենում է քանդակին, ուսումնասիրում ։  

Տղամարդ–Ուզում եմ քեզնից ազատվել։

Դանդաղ մոտենում է մոլբերտին, նույն կերպ ուսումնասիրում անավարտ կտավը։

Տղամարդ– Ու քեզնից եմ ուզում ազատվել։ (Հոգոց հանելով) էս ինչ դժվար է գնում էս գործը։

Մոտենում է մոլբերտի մոտի փոքրիկ սեղանին, վերցնում սուրճով բաժակը, խմելով վերցնում աթոռը, մոտեցնում քանդակին ու  նստում, սուրճը ըմպելով զրուցում քանդակի հետ։

Տղամարդ– Չէ, չի ստացվում, քանդակներից հետո չի ստացվում։ Էնքան իդեալական էին, մեկը մեկից սիրուն, խոր։ Ես նրանց աչքերն եմ արել, ես նրանց հոգիներն եմ տեսել։ Աչքեր․․․ աչքեր, որոնք այնքան մաքուր էին, այնքան պարզ էին։ Աչքեր, որոնք ամենուր են, ասես հետապնդում են։ Քնած նրանք են , արթուն նրանք են, ամենուր նրանք են։ Մի տեսակ դատարկ եմ, դատարկ։ (քանդակի ականջին) Ուզում է, որ քեզ սիրուն սարքեմ։ Ասում է՝ ախպերս, ուզում եմ աստվածային լինի, չքնաղագույն։ (Ծիծաղալով)  Հետաքրքիր է, դրանց պատկերացրած չքնաղագույնը, աստվածայինը ո՞րն է։ Էդ որ ասում են սիրուն, ի՞նչ են պատկերացնում, կամ որ ասում են չքնաղագույն, էդ բառի իմաստը հասկանո՞ւմ են, թե՞ հիմա որպես մոդայիկ բառ օգտագործում են, հաջորդ անգամ պիտի դրանց Աճառյանի բառառան նվիրեմ, որ գոնե հասկանան` տղամարդու կիսանդրին չի կարող լինել ատվածային։ Չէ, բայց ինչի՞․ կարա լինի, Միքելանջելոյի Դավիթը աստվածային է։ Հայ գողական Կրոյի հերը ո՞նց կարա աստվածային լինի։ (Մոտենում է կտավին, գոգնոցը կապելով, գործիքները վերցնելով)։ Բա լավ, դրանց ո՞նց բացատրենք նկարչի ու մալյառի տարբերությունը, սենյակիս ինտերյերի հետ խոսա (ծիծաղ), բա որ էնքան խոսան, գլուխդ տանեն։

Ա՜խ, աշխա՜րհ, աշխա՜րհ, անարդա՛ր աշխարհ։ Լավ,  Աստված ջան, արի ինձ մի բան ասա, ես ու դու ենք, էս երկուսին չհաշված էդ դու ո՞նց ես որոշում՝ ում փող տաս, ում խելք, ում երբ տանես, ում ինչքան թողես։ Հետաքրքիր է՝ ինչ–որ կոնկրետ սխեմա ունե՞ս, թե՞ ով աչքիդ է ընկնում, ով ակտիվ է, նրանց ես նկատում։ Հարյուր տոկոս տենց էլ անում ես։ Էն մեր հարևան Սիրարփի տատը քանի՞ տարի ապրեց, 103-105, ո՞վ գիտեր, ինքն էլ էր մոռացել` Նիկոլից–Նիկոլ ապրեց։ Ոչ մեկին չէր խանգարում, սուսիկ– փուսիկ ապրեց, համարյա թե աննկատ։ Ով գիտի հենց դրա համար էլ աչքովդ չէր ընկել, մոռացել էիր։ (Ընթացքում մոտենում է քանդակին ու աշխատում)։

Փողոցից լսվում է բարձրախոսի ձայն.

Ձայն –Դե ուրեմն բոլորս դեպի Ազատության հրապարակ, Հայ ժողովուրդը այսօր իր իրական վերաբերմունքը ցույց կտա ռուս–թուրքական դաշինքին։

Տղամարդ– (լսելով) Իյա, էս ժամը քանի՞սն է որ (նայելով ժամացույցին), Էսօր ինչ–որ շուտ են անցնում (շարունակում է աշխատել)։ Օֆ, արա դե չեն էլ թողնում մարդ մի կարգին մի բանի վրա կենտրենանա, մեկը գոռալով գնում է, մյուսը գոռալով գալիս։ 

Բա լա՞վ էր, որ Լևոնի ժամանակ թողիր, թռար մոսկվաներդ։ Տո չէ հա, ինչ թռնել. մասնագիտական որոնում էր։ Բայց լավ որոնում էր, Արվեստանոց Տվերսկոյի վրա, մեծ, լուսավոր, շքեղ պատշգամբով։ Բնորդուհիներս ախխխ Նատաշա, Մաշա, Կատյա (երգելով) Կատյա, Կատինկա,Կատյուշա, Ինչ ցուցահանդեսներ էի անում` ցեբեխաներում, ի՜նչ պատվերներ ունեի, ի՜նչ պատվիրատուներ, բա չէ հիմա, աստվածային լինի, պատիս հետ խոսա։ Հետաքրքիր է, հիմա որ էսքան ռուս է լցվել երկարաժամկետ ե՞ն, թե՞ տարանցիկ։ Տուն են փնտրում, գործ են փնտրում, հե՜յ գիտի ինչ է կյանքը, էն որ ասում  ա՝ մի օր դեմդ կբերի, հիմա իրենցն ա,էնքան մեզ անուն դրին իրենք էլ դարձան տնավեր, ո՞վ էր տեսել խոպանչի ռուս, չէ, չէ, էն ո՛նց են իրանք իրանց ասում՝ րելոկանտ, ինչեր կհորինեն, մենակ թե էմիգրանտ չկոչվեն։

(Դրսից լսվում է ռուսերեն կանացի զրույց)

Ձայներ–Дорога  направо, да, да․․․

Տղամարդ– (ձգվելով դեպի ձայնը) Здравствуйте, заходите. Նատաշան էլ էն չի, հետո էլ   ասում են  ռսի պառավը որն ա,ահա խնդրեմ, ահել-ջահել բոլորը դարձել են ղարիբ։

Բա լա՞վ էր, որ Քոչի ժամանակ թողիր թռար ֆրանսիաներդ։ Դե ասինք, էլի ` մասնագիտական որոնում էր։ Փարիզում  Նատաշան դարձավ Նատալի, Մաշան ` Մաղի, Կատյան` Կատարին; (Ֆրանսերեն երգում  է, կամ արտասանում): Լա՜վ ժամանակներ էին, կարելի է ասել ` փարիզյան լավագույն շրջան, ցուցահանդեսներ սալոններում, պատվերներ կուգային հովեն ու ծովեն, պատվերներ աշխարհի տարբեր ծայրերից, գլխապտույտ էր,  ասես ապրեի մյուզիքլի մեջ։

Փողոցից լսվում է ռաբիզ երաժշտություն։

Տղամարդ–(բարկացած, զզվանքով) Ըհն, էս ենք, այ էս ենք. թե հայ ազգը,  հայի ինքնությունը,  հայու գենը,  հնամյա մշակույթը, մարդկության քվանտային զարգացումը հայի մեջ է, չէ մի չէ(մոխրամանը շպրտում է դեպի դուռըմ որտեղից էլ լսվում է երգի ձայնը)։ Մի օր չեղավ էս անտեր կարմիրի տակ մեքենա կանգնի  ու մեջից Կոմիտաս  ու Լուսինե Զաքարյան լսվի։  Անսկիզբ Աստված, անեղ Աստված, անիմանալի Աստված, անծիր Աստված, ամենաառատ Աստված,  ամենաարփի Աստված (ընթացքում ռաբիզ երաժշտությունը փոխվում է Լուսինե Զաքարյանի Ավե Մարիայով, իսկ շշուկով մրմունջը տղամարդու դառնում է աղոթք,ապա վերածվում բողոքի ու լացի, որի ընթացքում էլ տղամարդը հայտնվում է կտավի դիմաց չոքած, ասես աստվածամոր նկարի առջև ): 

Տղամարդ– Ամենաառատացուցիչ Աստված, ամենաարարիչ Աստված, ամենամեծ Աստված,  ամենաարմատ Աստված,  ամենաարդար Աստված, ամենաազդու Աստված,  ամենաասաց Աստված, Դե ասա, դե ասա, ասա, ո՞վ ենք մենք, ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք ուզում, ի՞նչ, ո՞վ եմ ես, ե՛ս, ե՛ս, ո՞վ եմ ես։

(Լռություն, դադար, դրսից լսվում են միտինգի, երթի ձայններ)

Ձայներ– Նի-կոլ, Նի-կոլ, Հա-յաս-տան, Հա-յաս-տան։

Տղամարդը ուշքի գալով ոտքի  է կանգնում։

Տղամարդ– Ես էլ մտածում էի, էս ինչի՞ սենց շուտ էկան- անցան, դու մի ասա՝  որպեսզի միմյանց չխանգարեն, ամեն ինչ կազմակերպված է ինչպես տիեզերքում, որպեսզի իրական բախում տեղի չունենա։ Սրանք էս կողմից-էս կողմից են գալիս գոռում՝ ոչ ռսին, նրանք  էն կողմից էն գալիս գոռում ՝ Նիկոլ, Նիկոլ, ու ամենակարևորը, որ գնում են տարբեր ուղություններով, որպեսզի չհանդիպեն զմիմյանց, ինչու՞, որովհետև  այսօրվա քաղաքական օրակարգը դա չի պահանջում։

Օրակարգը դա չի պահանջում, ծիծաղելի բառեր, ու կ՞ա մեկը, ով կարող է հուշել, թե ինչ է պահանջվում այսօր  կամ գուցե երեկ ինչ էր պահանջվում․․․ Երե՜․․․ Ու ոչինչ չի լինի այլևս երեկվա պես( տխուր,մտամոլոր):

Ամեն ինչ փոխվել է, երանի այն օրերը երբ հարբում էինք, կարող էինք ողջ գիշեր թափառել ընկերներով, պատահական հանդիպած կինը դառնում էր ամենակարևորն ու ամենագեղեցիկը։ Հետո առավոտյան չգիտես ում մահճակալում արթնացած` նոր պատմություն էր հորինվում փախուստի համար։ Սիրո գիշերները փոխվել են տագնապի ու վախի գիշերներով։ Այլևս ամեն ինչ կիսատ է, կիսատ երջանկություն, կիսատ ծիծաղ, կիստ ուրախություն, միշտ մի աչքով  այլևս թաց ենք, ու ամենը այլևս այն չէ։ 

(Հեռախոսի զանգ, վերցնում է, նայում համարը և ասես մի պահ չի ցանկանում պատասխանել, բայց և այնպես պատասխանում է):

Տղամարդ—Հա, Կրո ջան, հա, ախպերս, ասա, բա ոնց, բա իհարկե , ախպերս ասել եմ քառսունքին կտենաք պապային կանգած, ուրեմն կտենաք։ Գործը սիրուն  գնումա առաջ, էղավ, ախպերս, եղավ, ցավդ տանեմ (հեռախոսը ականջից հեռացնելով): Պապան բարևում է քեզ, ասում ա, որ քեզ մի հատ էլ պաչեմ։

(Սիգարետը կպցնում է,  մոտենում է քանդակին, զննում ու կարծես ասում է ականջին):

Տղամարդ–Չէ,  դու չես հաղթի ինձ,  դու  կլինես այնպիսին ինչպես ես կուզեմ,  ես եմ քեզ ստեղծել, ես։  Դու չես հաղթի ինձ, չպիտի հաղթես, չես լինի սիրուն ու պուպուշ, կլինես խորը ու հոգևոր, քեզ չպիտի տեսնեն ու սիրեն,  քեզ պիտի փորձեն ճանաչել։ Տեսնում ես  (ցույց է տալիս մոլբերտի վրայի կտավը) այ նա, նա է սիրուն, այ նա միայն,  նա է աստվածային։ Այ նրա աչքերում է սերը, նրան պիտի նայեն  ու  ծնկաչոք գան, պիտի նայեն ու թաց աչքերով մեղա գան։ Իսկ դու, իսկ դու ոչ,  դու պինդ պիտի լինես , քարի պես պինդ, ժայռի պես ամուր, ոչ մի կաթիլ սեր, ոչ մի կաթիլ աչցունք ոչ մի խիղճ ու խղճմտանք։  Դու քո խիղճը վաղուց ես կորցրել,  վաճառել ես վաղուց, երբ փող ես վերցրել քանդակիդ ու նկարիդ համար, երբ ծախել ես քո արվեստը, քեզ ես ծախել, քո տունը, քո տեղը, քո հողը  ու հետո էդ նույն հողում  պառկացրել ես տղեքին ու քանդակներ շարել։ Ամենազոր Աստված, բարեգութ Աստված,  բարի Աստված,բարեսեր Աստված, ու՞ր է քո սերը, գովելի Աստված։ Ծախվում ու ծախում ենք․․․ Չէ, դուք ինձ չեք հաղթի, չէ․․․ Ես հետ եմ եկել, որ տղերքի քանդակները անեմ,  ես աչքերն եմ  նրանց արել, տասնութ տարեկան աչքեր, կյանք չտեսած աչքեր։ Աչքեր, որոնք  մահ ու պատերազմ էին տեսել։ 

Դուք ինձ  չեք հաղթի, ես ուժեղ եմ։  Ես տղերքի ճակատներն եմ  քանդակել։ Պարզ ու հպարտ ճակատները։ Զայրութից ու անազնվությունից սեղմված շրթունքներն եմ քանդակել, ես նրանց հոգիներն են տեսել, նրանց մաքուր, հրեշտակ դարձած հոգիներն եմ տեսել։  Չէ, դուք ինձ չեք հաղթի։ Ես տղեքին եմ քանդակել, դուք ինձ չեք հաղթի։

Գժված դեն է շպրտում  քանդակը, նկարը, սենյակը տակն ու վրա է անում, մթություն, երաժշտություն, ետնաբեմի վրա ցուցադրվում են Նաիրի Գրիգորյանի իկոնաները։

Վարագույր

Please follow and like us: