Ռենե Մագրիտը ամենահայտնի սյուրռեալիստներից է, սակայն նա իր արվեստը համարել է ոչ թե սյուրռեալիզմ, այլ մոգական ռեալիզմ եւ սյուրռեալիստների հետ բավականին բարդ հարաբերություններ է ունեցել։ Իր բնավորության պատճառով, բոհեմական կյանքը մերժելու եւ միջին վիճակագրական բուրժուայի կենսակերպը նախընտրելու արդյունքում նա սյուրեալիստական շարժման լուսանցքում է եղել։ Ի տարբերություն սյուրռեալիստների մեծ մասի՝ նա ոչ միայն էպատաժային ու բոհեմական չէր, այլեւ իր ոչնչով չառանձնացող կերպարով՝ միշտ բաճկոնով ու դերբի գլխարկով, փակ ու չշփվող, ասես մի կողպեք էր իր անձնական կյանքի դռան վրա։ Եվ նրա այդ փակ կերպարը հետաքրքրություն էր հարուցում․ ինչո՞ւ պիտի մարդը իր անձնական կյանքն այդպես կողպի, եթե այնտեղ թաքցնելու սարսափելի բաներ չկան։
Ծնունդով՝ մանկությունից
Մագրիտի մանկությունն անցել է բելգիական Լեսին քաղաքում։ Նկարչի հայրը՝ Լեոպոլդը, դերձակ էր, ուներ ծանր բնավորություն, կնամոլ էր եւ հայհոյախոս։ Երեք որդիները ծաղրում էին նրան, չէին հարգում, բարդ էին նրանց հարաբերությունները։ Տանը հաճախ էին վեճեր լինում, եւ մայրը՝ Ռեգինան, մի քանի անգամ փորձել էր ինքնասպան լինել, ինչն ի վերջո հաջողացրեց՝ խեղդվելով Սամբրե գետում։
Օրեր տեւած որոնողական աշխատանքներից հետո, երբ մոր դիակը հանեցին գետից, Ռենեն տեսավ նրան․ նրա մարմինը մերկ էր, քաթանե փեշը բարձրացել ու ծածկել էր դեմքը։ Մագրիտի խոսքով՝ այդ դեպքն իր վրա ուժեղ ազդեցություն չի ունեցել, նա նույնիսկ հպարտության զգացում է ունեցել, քանի որ դեպքից հետո իրենց ընտանիքը հայտնի է դարձել եւ հայտնվել բոլորի ուշադրության կենտրոնում։ Սակայն արդեն իսկ հանգամանքը, որ հետագայում այս միջադեպը նա փորձել է թաքցնել եւ դրա մասին տեղյակ չի պահել նույնիսկ իր կնոջը, խոսում է հակառակի մասին։ Թեպետ միգուցե ճիշտ էին նրա վախերը, որովհետեւ այն բանից հետո, երբ նրա ընդհանուր առմամբ անհետաքրքիր կյանքի այս մանրամասը հայտնի դարձավ հանրությանը, իր չսիրած եւ բազմիցս ծաղրած հոգեվերլուծության սիրահարները սկսեցին նրա գրեթե ամեն նկարում այս իրադարձության արձագանքը տեսնել։ Հատկապես հաճախակի հանդիպող անդեմ մարդիկ կամ քաթանով ծածկված դեմքերը համարվում են այդ ցավոտ հիշողության անդրադարձը, այն արվեստի միջոցով վերապրելու ու հաղթահարելու փորձեր։
Ինքը՝ Մագրիտը, ասում էր, որ իր մանկության տարիներին իր հետ շատ ավելի հետաքրքրարժան դեպքեր են կատարվել, որ ազդեցություն են թողել իր արվեստի վրա։ Ամենավառ մանկական հուշերից իրենց տան տանիքին վայրէջք կատարած օդապարիկն էր, որը տղամարդիկ փորձում էին ցած իջեցնել, եւ անսովոր կաշվե զգեստներ ու սաղավարտներ հագած օդաչուները։ Նա հիշում էր նաեւ, թե ինչպես էին ընկերուհու հետ գնում գերեզմանոց, բարձրացնում դամբարանի ծանր քարը եւ իջնում ցած, ապա հողի տակ մնալուց հետո նորից դուրս գալիս լույս աշխարհ։ Մի անգամ այդպես դամբարանից դուրս գալուց հետո նրանք տեսան նկարչի, որ եկել էր մայրաքաղաքից եւ ավերակներն էր նկարում։ Մագրիտը պատմում է․ «Գեղանկարչությունն այն ժամանակ ինձ կախարդանք թվաց, իսկ նկարիչը՝ մարդ, որ օժտված է կախարդական ուժով»։
Ժորժետան եւ նկարչությունը
Պատանեկության տարիներին մի օր տեղական տոնավաճառում՝ իրիկնամուտի ու ատրակցիոնների, հրավառությունների, աճպարարությունների միջավայրում, շարմանկայի երաժշտության տակ նրա առջեւ մի աղջիկ հայտնվեց։ Դա սեր էր առաջին հայացքից։ Ժորժետա Բերգերը նրա զգացմունքներն անպատասխան չթողեց։ Բայց նրանք անչափահաս էին, չէին կարող որոշել իրենց ճակատագիրը։ Արձակուրդների ավարտին աղջկա ընտանիքը գնաց Բրյուսել, եւ նրանք ստիպված եղան բաժանվել։
Ռենեի հոգում սա անջնելի հետք թողեց, նա կորստի հետ հաշտվելու ելքեր էր փնտրում եւ այդ ժամանակ էր, որ առաջին անգամ դիմեց նկարչությանը։ 1915 թվականին նա նկարեց իր առաջին նկարը։ Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկից եւ 1914 թվականի օգոստոսի 4-ին գերմանական զորքի՝ Բելգիա ներխուժումից հետո Մագրիտը թողեց միջնակարգ դպրոցը եւ ընդունվեց Գեղարվեստի թագավորական ակադեմիա։ Այստեղ Մագրիտը սկսեց հետաքրքրվել նոր ու ժամանակակից ուղղություններով, տարվեց ֆուտուրիզմով, դադաիզմով եւ կուբիզմով։ Երեք տարի անց նա թողեց ակադեմիան՝ սպառելով հետաքրքրությունը եւ կուտակելով չափազանց շատ բացականեր։ Նրա վրա ակադեմիայից ավելի մեծ ազդեցություն թողեց շփումը բելգիացի դադաիստների ու սյուռեալիստների հետ։ 1919-20 թթ․ նա արվեստանոց վարձեց աբստրակցիոնիստ եւ բանաստեղծ Պյեր Լուիզ Ֆլոկեի հետ, նույն ժամանակ էլ սկսեց ընկերություն անել բանաստեղծ Պյեր Բուրժուայի եւ նրա եղբոր՝ ճարտարապետ Վիկտոր Բուրժուայի հետ։
Այդ ժամանակ էր, որ մի օր Բրյուսելի փողոցներից մեկում նա բախվեց Ժորժետային՝ իր պատանեկան սիրուն։ Սա ընդունելով որպես նախախնամության նշան՝ նա հաստատ որոշեց, որ ամուսնանալու է Ժորժետայի հետ եւ ծառայությունից անմիջապես հետո իրականություն դարձրեց իր մտադրությունը՝ ամուսնացավ իր պատանեկան սիրո հետ բաժանումից ութ տարի անց։
Զույգը երեխա չունեցավ։ Երկու վիժումից հետո ամուսինները որոշեցին ընդմիշտ փակել հղիության թեման եւ սկսեցին շուն պահել։ Բայց անգամ առանց երեխայի ապրելը բարդանում էր, դրա համար էլ Ռենեն հիմնական գործ է գտնում՝ դիզայներ ֆաբրիկայում։ Նա պաստառներ է ստեղծում նորաձեւության թեմաներով։ Դիզայնի ոլորտում աշխատելը մեծ հետք է թողնում նրա արվեստի վրա։ Բախտորոշ է լինում նաեւ մտերմությունը բելգիացիա դադաիստների հետ, որոնք մեծ կարեւորություն էին տալիս նկարների անվանումներին եւ որոնց արվեստը ավելի մոտ էր բառին ու պոեզիային, բխում էր լեզվական իմաստների խաղից, ոչ թե պատկերից։ Ձեռագրի ձեւավորման վրա ազդեցություն է թողնում նաեւ հրապուրանքը կոլաժով, որ դարձյալ դադաիստների սիրելի զբաղմունքներից էր։
1927 թվականին Բրյուսելում կայացավ Մագրիտի առաջին անհատական ցուցահանդեսը, որին նա ներկայացրեց հիմնականում կուբիզմի ոճով կատարված աշխատանքներ, ինչպես նաեւ առաջին սյուրռեալիստական փորձերը։ Քննադատները սառը ընդունեցին ցուցահանդեսը, եւ նկարիչը, չգնահատվածության կսկիծը սրտում, գնաց նվաճելու Փարիզը։
Մի Փարիզ, մի Բրետոն
Փարիզում բնակվելու տարիներին՝ 1927-30 թթ․, Մագրիտը մտերմացավ ֆրանսիացի սյուրռեալիստների հետ, որոնց առաջնորդը Անդրե Բրետոնն էր։ Սակայն բարդ էին հարաբերությոնները սյուրռեալիստների համայնքի հետ։ Նկարիչները չէին գնահատում ոչ նրա արվեստը, ոչ իրեն։ Տարաձայնություններն առաջին հերթին գաղափարական էին․ Մագրիտը տանել չէր կարողանում հոգեվերլուծությունը, որով տարված էին սյուրռեալիստները, նա բացահայտ ծաղրում էր արվեստի գործերը հոգեվերլուծությամբ բացատրելու նրանց փորձերը։ Նա ասում էր, որ հոգեթերապեւտները իրենք հոգեթերապեւտի կարիք ունեն։ Այս վերաբերմունքը արտահայտվել է նրա «Թերապեւտը» կտավում։
Մագրիտին չէին հրապուրում սահմանային իրավիճակները, գիտակցության փոփոխությունը, սահմանախախտումները։ Նա իր կերպարով չէր ներառվում սյուրռեալիստական շարժման մեջ։ Շուտով Մագրիտը գժտվեց Բրետոնի հետ եւ դադարեց իրեն համարել սյուրռեալիստ՝ հորինելով սեփական «մոգական ռեալիզմը»։ Դեպքը տեղի ունեցավ այսպես․ մի անգամ Մագրիտ ամուսինները հյուր են գնում Բրետոնին՝ կատաղի աթեիստի, որը, Ժորժետայի կրծքին կախված խաչը տեսնելով, պահանջում է այն անհապաղ հանել։ Ռենեն եւ նրա կինը վիճաբանության արդյունքում ստիպված էին լքել ոչ միայն Բրետոնին, այլեւ այդ համայնքը։
Սյուրռեալիստների հետ հանդիպումից Մագրիտի արվեստում առանձնակի փոփոխություններ չեղան։ Շատ սյուրռեալիստներ չէին սիրում սովորական, առօրեական իրեր նկարել՝ համարելով դրանք ձանձրալի։ Նրանք կամ տարրալուծում էին դրանք, կամ ձուլում, կամ տրոհում։ Ռենեի նկարներում դրանք ոչ մի այլ բանի չեն վերածվում։ Նա հմտորեն համադրում է առարկաներն այնպես, որ սովորական իրերի մեջ թվում է՝ թաքնված է գոյության գաղտնիքը։ Նրա նկարները հանելուկ են, որ ստիպում են մարդկանց մտածել։ Սակայն սյուրռեալիստների հետ մի ընդհանրություն այնուամենաչնիվ կա՝ դա սերն է կինոյի հանդեպ։
Ռենեն կինոյով տարված էր դեռ պատանեկության տարիներից։ Նրա սիրելի հեոսներից էր Ֆանտոմասը՝ 14 թվականին նկարված բազմասերիանոց նուար ֆիլմը։ Այս շարքի Ֆանտոմասը ռոմանտիկական չարագործ է, որը կարողանոմ է փոփոխել իրականությունը։ Նա աճպարար է, չի ենթարկվում իրականության կանոններին, փոխում է դրանք։ Եվ այս օրինազանց կերպարը շատ դուր էր գալիս թե սյուրռեալիստներին, թե Մագրիտին։ Ֆանտոմասի արձագանքները երեւում են Մագրիտի քսանականների նկարներում՝ անդեմ կերպարների տեսքով։ Նրա նկարները հագեցած են խորհրդավորությամբ, սիրով աճպարարոթյան, մոգության, հանելուկների հանդեպ։ Քսանականների որոշ նկարներ, ինչպես Ժորժետայի դիմանկարը, ընդհանրապես նմանվում է ռեբուսի։
Մագրիտի նկարներում կարելի է տեսնել տվյալ ժամանակներում տարածված աճպարարական հնարքների ամբողջ ռեկվիզիտը՝ աղավնի, օդում կախված օղակ, գլխարկ, մարդ, որ պառկած է օդում, մասերի կիսված կին, հայելիներ եւ այլն։ Ռենեն աճպարար է, որ իր ստեղծագործությամբ ասում է՝ կյանքը լի է խաբկանքներով, իրի կերպարը իրը չէ։
Սյուրռեալիստների հետ մյուս ընդհանրությունը ազդեցությունն է Մելիեսի ֆիլմերից, սերը նկարի մեջ նկար պատկերելու, հատկապես կենդանացած նկար։ Մագրիտը նկարների մի ամբողջ շարք ունի, որտեղ բնանկարը ընդհանուր բնանկարի մաս է։ Այս շարքով Մագրիտը իրականության ու արվեստի հարաբերության նոր հարցադրում է անում։ Մե իրականության ո՞ր մասն է արվեստ եւ հակառակը։
Կարմիր Մագրիտը
1931 թվականին Մագրիտները վերադառնում են Բրյուսել եւ նյութական ճգնաժամի պատճառով Մագրիտը նորից գործի է տեղավովում որպես դիզայներ՝ տեքստիլի արդյունաբերողների համար նկարելով սոցիալիստական պաստառներ։ Մագրիտի աշխատանքը միայն ֆինանսական վիճակով չէր պայմանավորված, նա ընդունվել էր կոմունիստական կուսակցություն։ Այն ժամանակ, երբ փարիզյան սյուրռեալիստների շրջանում կոմկուսի անդամ լինելը այլեւս նորաձեւ չէր, եւ Բրետոնը դուրս էր եկել կուսակցությունից, Մագրիտը անդամագրվեց դրան։ Չնայած իր միանգամայն բուրժուական կենսակերպին՝ Մագրիտը միշտ հակված էր սոցիալիզմի գաղափարներին։ Այս շրջանին է վերաբերում Վան Գոգին կատարված հղմամբ նկարած «Կարմիրի մոդել» կտավը, որը կուսակիցները քննադատեցին՝ համարելով այն կոմունիստական գաղափարախոսության սխալ մեկնաբանում։
1940 թվականի մայիսին նացիստական զորքերը ներխուժեցին Բելգիա եւ դա դարձավ չորս տարի տեւած օկուպացիայի սկիզբը։ Նկարիչները տարբեր կերպ էին արձագանքում պատերազմին։ Հետաքրքիր էր Մագրիտի արձագանքը։ Նա հանկարծ տարվեց իմպրեսիոնիզմով՝ ուշադրությունը բեւեռելով լույսի, գույնի ու գեղեցկության վրա, որ նախկինում նրա կտավներում բացակայում էր։ Ընդ որում բովանդակությամբ նկարները շաունակում էին մնալ սյուրռեալիստական։ Նրա արվեստի այս շրջանը արվեստաբաններն անվանել են Ռենուարի շրջան։ Այս շրջանի մասին Մագրիտն ասում է․ «Պատերազմը սովորեցեց ինձ, որ արվեստի մեջ գլխավորը հանդիսատեսին հմայելն է։ Ես ապրոմ եմ շատ տհաճ աշխարհում, եւ իմ աշխատանքը մտածված է որպես հակագրոհ այդ աշխարհի դեմ»։ Սակայն քննադատները չսիրեցին այս շրջանը, հատկապես ֆրանսիացի նկարիչները, որոնք համարեցին, որ Մագրիտը պարոդիաներ է անում Ռենուարի ուշ շրջանի ոճի վրա։ Նույնիսկ այսօր նրա նեոիմպրեսիոնիստական կտավները աշխատում են չցուցադրել։ Բրետոնն ընդհանրապես հեռացրեց նրան սյուրռեալիստների շարքերից։
Դափնիներ
Մագրիտի ճանաչումն ու ընդունումը սկսվում է հետպատերազմյան տարիներին։ Նա վերադառնում է հին ոճին եւ նկարում գործեր, որ նրան համաշխարհային հռչակ են բերում՝ «Կերպարների նենգությոնը», «Գոլկոնդա», «Մարդու որդին»։
«Կերպարների նենգությունը» անունը կրող նկարում պատկերված է ծխամորճ՝ «սա ծխամորճ չէ» գրության ուղեկցությամբ։ Հեղինակը ցանկանում է ասել- որ իրի պատկերը իրը չէ, եւ իրականության ամենաիրապաշտական վերարտադրությունն անգամ այդ իրականությունը չէ։ Սա առանցքային ստեղծագործություն է, որին անդրադարձել են ժամանակի նշանավոր մտածողները։ «Հեգելի արձակուրդը» նկարի կահակցությամբ ամերիկացի նկարչուհի եւ արվեստաբան Սյուզի Գաբլիկին հասցեագրված նամակի իմանում ենք, թե ինչպես էր Մագրիտը իմաստներ կառուցում։
Սիրելի մադմուազել Սյուզի,
Իմ վերջին նկարը սկսվում էր հարցից՝ ինչպե՞ս պատկերել նկարում ջրի բաժակը, որպեսզի այն անդեմ չլինի։ Բայց նաեւ այնպես, որ այն հատուկ փախած, տարօրինակ կամ աննշան չլինի։ Մի խոսքով՝ այնպես, որ հնարավոր լիներ հանգիստ ասել՝ հանճարեղ է (մի կողմ թողնենք կեղծ համեստությունը)։ Ես սկսեցի բաժակներ նկարել մեկը մյոսի հետեից։ Հարյուրերոդ կամ հարյուր հիսուներորդ նկարից հետո ստվերագծերը լայնացան եւ վերջապես ընդունեցին անձրեւանոցի տեսք։ Սկզբում հովանոցը բաժակի ներսում էր, բայց հետո հայտնվեց դրա տակ։ Այդպես ես գտա սկզբնական հարցի պատասխանը՝ ինչպե՞ս կարող է ջրի բաժակը պատկերվել հանճարեղ կերպով։ Շուտով ես հասկացա, որ այդ իրը կարող էր շատ հետաքրքրել Հեգելին (նա նոյնպես հանճար է), չէ՞ որ իմ իրն իր մեջ միավորում է երկու հակադիր մղում՝ չի ցանկանում ջուր (դուրս է հրում այն) եւ ցանկանում է ջուր (պահում է այն) Կարծում եմ՝ սա նրան դուր կգար կամ զվարճալի կթվար (օրինակ, արձակուրդի ընթացքում)։ Դրա համար էլ ես նկարն անվանել եմ «Հեգելի արձակուրդը»։
Անկեղծորեն Ձեր՝
Ռենե Մագրիտ
Հ․Գ․- Ես որոշել եմ նկարել մի նկար, որի սյուժեն կլինի աթոռը։ Ներկայումս ես միայն մի տարբերակ ունեմ։
Մագրիտի նկարների գլխավոր հերոսը հաճախ անդեմ մարդն է՝ բոուլեր գլխարկով, որ նաեւ անվանում են դերբի։ Սա միջին վիճակագրական, ոչնչով չառանձնացող եվրոպացի տղամարդու հագուկապի տարր է։ Երբեմն բոուլեր գլխարկը կախված է օդում, նույնպիսի սեւ, ոչնչով աչքի չընկնող վերարկուի գլխավերեւում, երբեմն դեմքը ծածկված է որեւէ անսպասելի առարկայով՝ խնձորով կամ սպիտակ աղավնիով։ Հաճախ նրա կերպարը դիտողին է ուղղված մեջքով։ Այս ջենթլմեններից յուրաքանչյուրը ինչ-որ առումով Մագրիտի ինքնանկարն է, որը միշտ պնդում էր, որ իր կյանքում եւ իր մեջ ոչ մի առանձնահատուկ բան չկա։
Մագրիտը պնդում էր նաեւ, որ իր նկարների բոլոր կանացի դեմքերի բնորդը Ժորժետան է։ Նրանք ողջ կյանքը ապրեցին իրար հետ՝ չհաշված մի կարճատեւ պահ, երբ 1936 թվականին Մագրիտը տարվեց սյուրռեալիստ նկարչուհի Շեյլա Լեգով, իսկ Ժորժետան վրեժ լուծելու համար սիրավեպ ունեցավ նրա ընկերոջ՝ նկարիչ Փոլ Քոլինեի հետ։ Բայց 1940-ին ամուսինները վերամիավորվեցին։ Այս միջադեպը միակն է Մագրիտի կյանքում, որ դուրս է նրա համակարգված, հավասարակշռված, սովորական, ոչնչով չնշանավորված կենսագրության գծից։
Նա եւ Ժորժետան ապրում էին Բրյուսելի խաղաղ թաղամասերից մեկում, փոքրիկ մի տնակում եւ գրեթե չէին լինում հանրային միջոցառումներին։ Նկարիչը չէր սիրում ճամփորդել եւ հազվադեպ էր դուրս գալիս տնից։ Նա չուներ արվեստանոց, նկարում էր հյուրասենյակում, հստակ սահմանված ժամանակացույցով, եւ միշտ ընդմիջում էր անում ճաշին։
Մագրիտը մահացավ 68 տարեկանում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից, սիրելի Ժորժետտայի կողքին։ Նրան հաջողվեց ապրել ամենաանսովոր սովորական կյանքը, որ հնարավոր էր։
Նրա վերջին նկարը «Լույսի կայսրություն» կտավի նոր տարբերակն էր, որը նա թողնեց անավարտ։
Ամերիկացի երաժիշտ Փոլ Սայմոնը 1983 թվականին գրեց երգ՝ «Ռենե եւ Ժորժետա Մագրիտները իրենց շան հետ պատերազմից հետո»։ Նա ոգեշնչվել էր գերմանացի լուսանկարիչ Լոտար Վոլլեխի համանուն լուսանկարից՝ արված 1960-ականներին։