Հայտնի եւ անհայտ գրքերի, հեղինակների, որոնց տարվա մյուս օրերին ընթերցողը չի հասցնում կարդալ ու ծանոթանալ, հանդիպում է Գրքի երեւանյան փառատոնի օրերին:
Իսկ տաղավարներում, որտեղ այս օրերին մատչելի գներով են վաճառվում տարբեր հրատարակչությունների գրքերը, հանդիպում ենք տարբեր նախասիրությունների ու տարիքի մարդկանց, որոնք կարող են գրքի լավ խորհրդատու լինել: Դպրոցի ավարտական դասարանի մի աշակերտ, օրինակ, ինձ իր տպավորությունները ներկայացրեց Ամոս Օզի «Հուդա » վեպի մասին:
Բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը կարծում է, որ գրքի, ընթերցանության համար բարդ ժամանակներ են, սակայն բարդ են այնքանով, որ ուրիշ ձեւով եւ ուրիշ հոգեբանությամբ են կարդում:
«Փառատոնը գնահատելի է այնքանով, որ կազմակերպիչները շատ բան են մտածել: Գիրքը բոլոր դարերում մարդու արբանյակներից մեկն է: Պատմության մեջ գիրքը մարդուն ուղեկցել է թե՛ կրոնական , թե՛ անձնական, թե՛ կենցաղային, թե՛ միֆական կյանքում, բոլոր պարագաներում մարդն առանց գրքի գոյություն չունի »,- նշեց Հակոբ Մովսեսը:
Պատերազմի մասին հիմա շատ է գրվում, պատերազմից վերադարձած երիտասարդներն են օրագրություններ, հուշեր գրում:
Հակոբ Մովսեսը հակադարձում է. «ես որեւէ բանի մասին որեւէ լավ գիրք չեմ կարդացել, շատ գրքեր եմ կարդացել, որոնք արտացոլել են պատերազմը, որոնց նյութը եղել է պատերազմը: Ընդհանրապես մարդու մասին էլ չի կարող գիրք գրվել: Այն իրականությունը, որում ապրում ենք, այս կամ այն չափով արտահայտվում է մեր գրականության մեջ, իսկ դա նշանակում է, որ գրականությունը իրականության նկատմամբ չի կորցրել իր իմպուլսացիան»:
Հետաքրքրվեցինք, թե փառատոնի ընթացքում նոր գրքեր հայտնաբերե՞լ է Հակոբ Մովսեսը:
«Իմ տարիքում հայտնաբերում ես կարդացածդ գրքերը, վերընթերցում եւ վերահայտնաբերում ես: Ես շատ ուշադիր հետեւում եմ ընթացիկ գրականությանը, քանի որ մեր լեզվի, մեր մտածողության հիմնական իդիոմներն այնտեղ են արտահայտված, ունեմ իմ դրական եւ բացասական նկատառումները: Ընդհանրապես կարծում եմ, որ Հայաստանում գրական մեծ մտածողություն, գրական մեծ միտք, գրական մեծ ձեւ, գրական մեծ բովանդակություն չկա »,- արձագանքեց բանաստեղծը:
Թագուհի Հակոբյան