– Սիրում եմ ձեզ, – ասաց տղան հեռախոսի մյուս ծայրից։
Ինչու՞ է նա ասում՝ ես սիրում եմ ձեզ, – մտածեց հայրը,- արդյո՞ք ուզում է ասել՝ ես մեռնում եմ։ Նա նայեց պատուհանից դուրս՝ ոչինչ համարյա չէր փոխվել, նույն աշխարհն է, նույն քաղաքն ու նույն լայն փողոցը, ծառերը, մարդիկ։ Միայն տղան պատերազմի դաշտում է։
– Չվախենաս, տղաս, իսկ միգուցե դու փախչես ու հեռանա՞ս այնտեղից, որտեղ մահն է։ Դու կվերադառնաս մեզ մոտ, այստեղ մայրդ է․․․ քո մանկությունն է, քո գրքերը, խաղալիքներդ, որ մինչև հիմա պահել ենք։ Արի մեզ մոտ, տղաս, մենք սիրում ենք քեզ․․․ այստեղ քեզ ոչ ոք չի նեղացնի։
– Չեմ կարող, հայր, մեզ մոտ դա ընդունված չէ։
– Պարզապես գցիր զենքն ու ետ արի, – ասաց հայրը, – կգտնե՞ս ետ գալու, քո տան ճանապարհը, որտեղ քեզ սպասում են։ Այստեղ նորից կբռնեն քո ձեռքը, կքայլեն քո մանկության ճանապարհներով, հիշու՞մ ես մանկության վայրերը։
– Իհարկե, հայր, բայց այստեղ մանկությունները կիսատ են մնացել, շատերը չարթնացան իրենց մանկությունից ու հավերժ մանուկ մնացին․․․ նրանք հեռացան մի ուրիշ աշխարհ, ուր խաղաղ նինջ է ու իրենց երազների շարունակությունը։ Այստեղից չեն փախչում, այստեղ ձեզ պաշտպանում են, որ ձեր երազներն էլ կիսատ չմնան։
– Ես կգամ այդտեղ, միասին կկռվենք, միասին կպաշտպանենք մեր երազները, տղաս, – ասաց հայրը,- միասին կվերադառնանք կամ կմահանանք։
– Չգաս, հայր, եթե եկար, ես կկրակեմ ինձ վրա։ Գիտե՞ս քանինե՜րն են մահացել ու չեն վախեցել, չեն փախել, եթե վախեցել են՝ ցույց չեն տվել։ Ու գիտե՞ս, այստեղ ծնողներ չեն կռվում, զավակներ են մարտնչում։
– Դա անարդար է, տղաս, թույլ տուր գամ և քո կողքին լինեմ։ Միասին կնայենք աստղերին, ինչպես մանուկ ժամանակ, երբ գրկում էի քեզ ու պարում էինք, իսկ դու հիացած ճչում էիր իմ գրկում։
– Դու միշտ իմ կողքին ես, միշտ գրկել ես ինձ, հիմա էլ իմ կողքին ես։ Մենք միշտ միասին կլինենք։ Դու բռնում էիր իմ ձեռքը, քայլում էինք կյանքի վեր ու վար ճոճանակներով, օրորվում երկինքներում։ Հիշու՞մ ես կայարանի այգին, կանգնած գնացքները, ես մտածում էի, ինչու չեն հեռանում գնացքները, քանի որ սիրում էի նրանց միապաղաղ դղրդոցն ու աղմուկը, որ մի հեռավոր աշխարհ էր տանում մեր մանկությունը։ Հիմա նրանք շարժվում են, աղմկում, այդ գնացքները, հեռավոր վայրեր են տանում ցանկացողներին։
– Դու վախենու՞մ ես, տղաս։
– Չէ, ես ձեզ եմ պաշտպանում, ու դա ինձ հույս է տալիս։ Մենք այստեղ պատմություն ենք սրբագրում, մի ուրիշ ձևով ենք գրում պատմությունը՝ երիտասարդ տղաների արյամբ․․․
– Տղաս․․․ Ես կպայքարեմ Աստծո հետ միասին, միայն չվախենաս։ Ես շատ եմ զրուցել Նրա հետ, զրույցը շարունակվում է․․․ ես կասեմ, որ մենք չգիտեինք Քո աստվածային ծրագիրը, բայց դու կյանքի կոչվեցիր։ Մենք շատ երկար էինք մտմտում՝ ունենա՞լ թե ոչ հերթականը․․․ այդ հերթականը դու էիր․․․ երբ մենք երկար մտածեցինք, Աստված քեզ երկիր ուղարկեց երկնքից, դու իջար մեզ մոտ, ծնվեցիր, ինչպես բոլոր փոքրիկ տղաները, որ չարաճիճի են, վազում են ու ընկնում բաց գիրկը, ու մենք շատ էինք սիրում քեզ։ Հիմա դու պատերազմու՜մ ես․․․
– Սա դաժան պատերազմ է, հայրիկ, ու մենք միայնակ ենք աշխարհի դեմ։ Դուք այդտեղ մի բան արեք, մենք՝ այստեղ, ես չգիտեմ ինչ, բայց արեք ու մի կանգնեք։
– Ես կասեմ Աստծուն, որ իմ տղան դեռ չեղած՝ Դու գիտեիր նրան, գիտեիր ամեն ինչ։ Դու էիր գծագրել նրան մայրական արգանդում ու կյանք պարգևել։ Երկնքում գրվա՜ծ է քո անունը․․․
– Ես սիրում եմ ձեզ բոլորիդ, հայր, այդպես կասես բոլորին, ում ճանաչում ենք։
«Ինչու՞ է այսպես ասում, – մտածեց հայրը, – միգուցե նա մահանու՞մ է այնտեղ, պատերազմի դաշտում, միայնակ կամ ընկերների հետ միասին։ Այնտեղ մա՞հն է թագավորում, ու նրա մոտ ոչ-ոք չկա՞։ Իմ աչքերն ինչու՞ են չոր, ինչու՞ ոչ մի ձայն դուրս չի գալիս իմ կոկորդից, չէ՞ որ նա ասում է․ «Ես սիրում եմ ձեզ»։ Ինչու՞ այստեղ ամեն ինչ խաղաղ է, իսկ մեկ ուրիշ տեղ մարդիկ ոչնչացնում են իրար կատաղած գայլերի նման, ու այնտեղ իմ տղան է»։
Զինվորի հայրն ամբողջ ուժով բռնեց հեռախոսն ու ավելի երկար նայեց պատուհանից դուրս, որտեղ կարծես ոչինչ չէր փոխվել։ Նույնն էր ամեն ինչ՝ ահա լեռան խորդուբորդ գագաթներից վեր սփռված ճերմակ ամպերը, հոգու ճխրանքներից ավելի վեր տարածվող խորհրդավոր անսահմանությունը, մահկանացու հայացքին անտեսանելի աստվածային խորհուրդը․․․ բայց արդյո՞ք այդպես էր, արդյո՞ք ամեն ինչ նույնն էլ կմնա, ու ոչ մեկը չի զոհվի։
Նա մյուս ականջին մոտեցրեց հեռախոսը, տիեզերքում ինչ-որ բան փոխելու համար, ապա տնքաց․
– Տղաս, մենք հենց հիմա Աստծո հետ ենք խոսում։ Դու մի վախեցիր, մեր ամբողջ կյանքը զրույց է Աստծո հետ։ Ես կզրուցեմ Աստծո հետ ու կասեմ, որ տեսել եմ, թե ինչպես է կյանքի կոչվում իմ տղան, մեր գաղափարներից, ցանկություններից ու ծրագրերից անկախ։ Կասեմ, որ տեսել եմ, թե ինչպես ես երկինքներից մեզ մոտ ուղարկում փոքրիկ տղային, պայծառ ժպիտ նկարում նրա դեմքին, երբ մենք չգիտեինք այդ տղային ու չէինք սպասում։ Ես Աստծուն կասեմ, որ վերցնի իմ կյանքի յուրաքանչյուր ամիսը ու դրա փոխարեն քեզ մեկ օրվա կյանք պարգևի։ Իսկ միգուցե իմ կյանքի ամեն մեկ տարվա փոխարեն քեզ մեկ օրվա կյանք պարգևի․բայց ես չեմ վիճում Աստծո հետ իմ անմիտ մտքերի պատճառով։ Ես խնդրու՜մ եմ Նրան։
– Հայր, այստեղ ռումբերը անդադար շաչում են ու չեն դադարում, մենք ամեն օր զոհեր ենք ունենում։ Նրանք երիտասարդ տղաներ են, աշխարհի չարության զոհերը, նրանք իմ նման իջել են երկինքներից, կյանքի կոչվել, սիրել ու սիրվել։ Հազիվ քայլել սովորած՝ նրանք վազել են ու ընկել սիրող մայրերի, հայրերի գիրկը։ Հիմա նրանք Աստծո՜ գիրկն են ընկնում։
– Դու տեսե՞լ ես՝ ինչպես են նրանք մահանում, տղաս։ Մահն ի՞նչ է, տղաս, բացատրիր ինձ, ես դեռ ոչինչ չեմ հասկանում։ Դու գիտե՞ս կյանքի ու մահվան, մահացողի ու չմահացողի տարբերությունը։
– Այո, ես տեսել եմ ու շատ տխրել։ Նրանք լռում են ու անշարժանում, այդ պահին կյանքը դադարում է ամենուր, տերևները չեն շրշում, ճյուղերը չեն օրորվում ու հողը չի դղրդում պայթյուններից, մենք չենք շնչում, երբ նրանք նայում են մեր աչքերին․․․ տարբերությու՞նը․տարբերություն չկա, հայր, այդ մարդիկ են հորինել տարբերությունը։
– Դու իմաստուն ես, տղաս, դու նայել ես մահվան աչքերին, դու գիտես ինչպես են փամփուշտը, արկն ու ռումբը հարվածում մարդկային մարմնին․․․ դու տեսել ես, ինչպես է անշարժանում կենդանի մարմինը։
– Այստեղ մենք չենք ապրում, այստեղ մեզ չեն սիրում, մեզ երբեք չեն սիրել, այլ դատապարտել են այն ժամանակ, երբ մեր անունը դրեցին զինվոր։ Այս աշխարհը չար է, հայր իմ։ Նրանք մեզ մահվան շագանակագույն հագուստներ են հագցնում ու տարբեր տեղեր ուղարկում, մեզնից թաքցնում իրենց գաղտնիքները, կամ իրենք էլ ոչինչ չգիտեն․․․
– Տղաս, դու այդտեղից չես հեռանում ու չես վախենում։ Դու չես ուզում, որ ես գամ քեզ մոտ։ Դու չես ուզում, որ ես շնչեմ քո շնչած օդն ու քո վախը, զգամ մահվան սարսափն ու աշխարհի անարդարությունը։ Բայց ես կզրուցեմ Աստծո հետ ու կասեմ, որ Տեր, Դու ոչինչ անկատար ու կիսատ չես թողնում, ու դա ինձ հույս է ներշնչում, որ այս մի ծրագիրն էլ անկատար չի մնա։ Տղաս, ամեն վայրկյան զրուցիր Աստծո հետ, տես՝ ինչպես է Նա երկնքում սփռել անթիվ-անհամար աստղերը, ինչպես է նկարել անծայրածիր երկինքներն ու երկիրը՝ մարդկանցով լի, տես ինչպես է ամեն առավոտ արեգակը կանոնավոր դուրս գալիս ու նույն անսխալականությամբ սահուն անցնում լեռան ետևը․․․ Տղաս, երբ վերադառնաս, շարունակիր նույն սիրով սիրել մարդկանց, նրանք արժանի են դրան, նրանք փխրուն են ու անպաշտպան, ահա թե ինչու են հոխորտում ու սպառնում մյուսներին, ոչնչացնում կյանքը։ Սիրիր նրանց՝ այդ թուլամորթ ու ընչաքաղց էակներին, որ զինվոր ու պատերազմ են հորինում ու փորձում արդարացնել այն, գեղեցիկ անուններ են կպցնում սարսափելի բառին, որ արդարացնեն իրենց չնչինությունն ու փոքրոգությունը, ընչաքաղցությունը։ Նրանք մեր օրերի հեթանոսներն են, որ Աստծո անվան տակ թաքնված խեղում են իրենց ու մյուսների հոգին։ Նրանք ուզում են օրինականացնել սպանությունները, դրա համար «ություններ» ու «իզմեր» են հորինում, կատարելագործում ոչնչացնելու զենքերը՝ մանուկներին ու երեխաներին, բոլորին, բոլորի՜ն սպանելու համար։ Տղաս, դու կարո՞ղ ես սիրել նրանց․․․
– Հայր, այստեղ պատերազմ է ու սպանություն հասկացություն չկա, այստեղ ուրիշ կերպ են անվանում դա։ Երբ սպանում ես, սրտխառնոց ես զգում, չես ճանաչում քեզ։ Հարցնում ես երկնքին՝ արդյո՞ք ես այն նույն տղան եմ, որ մի քանի ամիս առաջ թողեց դպրոցական նստարանն ու հագավ շագանակագույն, մեռնողի հագուստը։
– Տղաս, ես կգամ ու կվերցնեմ քեզ, մենք կհեռանանք այդտեղից ու կգնանք աշխարհի այն ծայրը, որտեղ մահ ու ավեր չկա, այլ միայն՝ սեր ու խնդություն․․․
– Այստեղ ես շատ մահ ու տառապանք եմ տեսել, մահից վախենալու համար, այստեղ երիտասարդներ ու մանուկներ են մահացել, երազանքներ կիսատ մնացել։ Դու կասե՞ս մարդկանց, որ սիրում եմ իրենց։
«Ինչու՞ է այսպես ասում, – նորից մտածեց հայրը,- արդյո՞ք նա մահանում է այնտեղ, որտեղ դևերն են վխտում։ Բայց նա իմ տղան է ու չի՜ կարող մահանալ»։
-Ո՛չ, տղաս, այդ դու ես ասելու նրանց։ Իսկ ես կշարունակեմ իմ զրույցն Աստծո հետ ու կասեմ, որ չգիտեմ, թե ինչ են որոշել երկինքներում, ով պետք է ապրի ու ով՝ կենդանի մնա երկրային թոհուբոհում, բայց ես իմ կյանքն եմ դնում քո կյանքի փոխարեն։ Թող երկինքներում որոշում կայացնեն, ու իմ կյանքը վերցնեն՝ քո կյանքի փոխարեն։ Դու կվերադառնաս ու կասես մարդկանց Աստծո մասին, կպատմես քո կյանքի պատմությունը, պայքարն անօրենության ու անարդարության դեմ։ Տղա՛ս, ես տալիս եմ իմ կյանքը քո կյանքի փոխարեն ու դա իմ վերջնական վճիռն է։
-Հայր, ինչի՞ համար են այս զրույցները․․․
-Մենք ճանաչում ենք Աստծուն ու Նրա խորհուրդները։ Մեզ տրված չէ հասկանալ ամեն բան, բայց մեզ տրված է վստահել Աստծուն, որ խոսում է մեզ հետ երկնային անհունից տիեզերական ներդաշնակության ու կատարելության լեզվով, սիրո և խաղաղության ձայնով․․․ Նա կոչ է անում մեզ սիրել մարդկանց, չհասկանալ Իրեն, սակայն հավատալ ու վստահել։ Նրա լեզուն սիրո լեզուն է։
-Ես սիրում եմ բոլորիդ, հայր, նրանց, ովքեր ճանաչել են ինձ ու սիրել, ովքեր զրուցել են ինձ հետ, իրենց ջերմ հայացքներով ու ձեռքերով կյանքի կոչել ինձ, ովքեր գրկեցին ու սիրո սպասումներով ճանապարհեցին բանակ, ում աչքերից ակամա արցունքի կաթիլներ հոսեցին։ Նրանց, ովքեր անդադար աղոթում են ինձ համար, ովքեր աղոթքով շեղում են արկերի ու փամփուշտների, ինքնաթիռների ուղղությունն ու ռումբերի հետագիծը, բեկորների սլացքը, չար մարդկանց դիտավորությունները։
-Ինչու՞ է նա անընդհատ ասում՝ «Ես սիրում եմ ձեզ»․․․ նա մահանու՞մ է այնտեղ, որտեղ արկերն ու մահվան շնչառությունն են, իր ընկերները, որտեղ կյանքի ու մահվան սահմանագիծը, սիրո ու տառապանքի տարբերությունն է ջնջվում։
– Տղաս, ես իմ կյանքն եմ դրել քո կյանքի փոխարեն․այդպես եմ խնդրել Աստծուն․․․ Նա, Ով կյանք է արարել, Ով կյանքի է կոչել քեզ անէությունից, գիտի քո մասին, քո մտքերն ու զգացմունքները, ուրախություններն ու տառապանքները, քո վախերն ու ապավինությունն Իրեն՝ անսահմանին․․․տղաս, Նա տեսել է քեզ ու գիտի՝ դեռ նախքան մայրական արգանդում կձևավորվեր քո գեղեցիկ, փխրուն էությունը։ Տղա՛ս, Նա գիտի՜ քեզ։
– Հայր, ես զանգել եմ ու զրուցել բոլորի հետ, ում միայն հնարավոր է։ Հարազատներին ու մտերիմներին, անգամ՝ ում միայն տեսել եմ ու ճանաչել։ Ես սիրում եմ նրանց, հայր, ու սիրով եմ հեռանում։ Ես կայացրել եմ սիրո ու հաշտության իմ վճիռը և չեմ վախենում։ Մի տխրիր, հայր․․․
– Տղաս, դա քո աղոթքն է Անսահման Էությանը, Ում առջև բաց են կյանքի գաղտնիքներն ու խորհուրդները, Ով վերացնում է մարդկային չար խորհուրդները և կյանքի խորհուրդներ արարում՝ դեմ կանգնում մարդկային չարամտություններին։ Դու ճանաչու՞մ ես Նրան, տղաս։
– Ես զրուցել եմ հոգևոր հովիվի հետ, նա ասել է, որ ես չպետք է վախենամ, այլ պետք է վստահեմ այն անսահման Զորությանը, Ով միայն ի զորու է փոխել մարդկային մոլոր ընթացքը և կյանքի նոր ուղի ձևավորել։ Ես չեմ վախենում, հայր, ես պատրաստ եմ հնազանդվել Նրան, միայն թե խաղա՜ղ ու հաշտ լինեմ բոլորի հետ ու այդպես էլ հեռանա՜մ։
«Ինչու՞ է նա ասում՝ խաղաղ ու ճիշտ լինեմ բոլորի հետ․․․ նա մահանու՞մ է այնտեղ՝ իմ տղան ․․․ ամենակուլ սերը հրդեհում է ներսս ու այրում․․․ իմ տղան ու Աստված կանգնած են դեմ դիմաց։ Տե՛ր, երբ մահանում էր Քո միածին Որդին՝ միայնակ ու լքված, ամենասիրելի աշակերտներն էին լքել Նրան և Նա կախված էր երկրի ու երկնքի միջև։ Հենց հիմա ու հենց այստեղ տեղի է ունենում այդ սիրո մանրակերտվածքը, կյանքի ամենամեծ ու ամենափոքրիկ ողբերգությունը․․․ սերն ու տառապանքը, մահը, համատե՜ղ են գործում։
– Տղա՛ս, ես սիրում եմ քեզ։ Ես տառապում եմ սիրո պատճառով․․․ Նա գիտի՜ քեզ, տղաս, դու վստահիր Նրան։ Եթե անգամ չենք հասկանում, վստահենք Նրան, Ով երբեք չի՜ սխալվում։ Նա տառապել է մեզ հետ միասին, երբ խաչի վրա մահանում էր Իր Որդին․ Նա գիտի, ինչ է սերն ու տառապանքը, Որդու մահը։
– Այստեղ շատ լուռ, անբարբառ աղոթքներ են երկինք հղվել, շատ հարցեր են անպատասխան մնացել։ Ես սիրու՜մ եմ ձեզ։
-Տղա՛ս․․․