սկիզբը՝ այստեղ
III
Առաջին օրը
Հաջորդ առավոտ, երբ արթնացա, ժամը վեցն էր: Աշխատանքս սկսվում էր ութն անց կես: Աննան գնացել էր՝ սեղանին թողնելով մի երկտող.
«Նույնիսկ սատանան կցանկանար հայտնվել դրախտում ու սիրով զբաղվել քեզ հետ: Շնորհակալ եմ»:
Պատռեցի երկտողը: Թաղվեցի բարձի մեջ ու… հասկացա, որ ինձ այլևս ոչինչ չէր հետաքրքրում՝ բացի արձակուրդից: Մի՞թե այդպես էլ արձակուրդ չեն տալու, մի՞թե ստիպված եմ ամբողջ, գրո՛ղի տարած, ամիս աշխատե՜լ, աշխատե՜լ, աշխատե՜լ: Զզվել էի ամեն ինչից: Ականջներումս Աննայի տնքոցն էր: Երեկ շա՜տ տանջվեց, բայց հաճույքից: Թքա՛ծ: Ինձ այլ բան էր պետք… Թիթեռնիկը:
Ժամը ութն էր: Ոտքից-գլուխ պատրաստ էի աշխատելու, բայց ներսումս անընդհատ նույն արձակուրդային դադարն էր տիրում: Նստեցի մեքենան: Բջջայինս ազդարարեց Աննայի զանգը: Որոշեցի նրան մեկընդմիշտ չպատասխանել: Մեքենան շարժվեց: Կանգնեցի կարմիր լուսացույցի տակ: Ոտքս ինքնաբերաբար սկսեց դողալ, կարծես լարվում էր ինչ-որ բանից: Հետո սիրտս սկսեց արագ խփել. չլինի՞ ինսուլտի նախանշաններ էին մոտս սկսվում: Հանկարծ պատահեց այն, ինչին ամենաքիչն էի հավատում. ճանապարհաուղիով անցնում էր Թիթեռնիկը ու նորից ձեռքում սեղմում էր երկու-երեք գիրք: Երեխայի նման ուրախացա: Ազդարարեց կանաչ լույսը, բայց ամեն բան մոռացած՝ հետևում էի նրան. Ինչի՞ց էր այդքան վախեցած, ինչո՞ւ էր շուրջբոլորը զննում: Մի պահ մտածեցի, որ կարող են հետևել իրեն, ու որոշել էի, որ ամեն գնով պաշտպանելու էի նրան, բայց նման բան չնկատեցի: Ետևիս կարմիր NISSAN-ը ազդանշան տվեց: Որոշեցի կանգնեցնել մի անկյունում ու մոտենալ նրան: Հասկացա, որ սա հնարավորություն էր՝ մոտիկից ծանոթանալու երկնային արարածին:
Նա շատ արագ էր քայլում, նույնիսկ ստիպված եղա վազել նրա ետևից ու բռնել թևքից, որ հանկարծ չթռչի թիթեռնիկի նման: Հասա նրան: Ելակի հոտը, նույնիսկ նրան չմոտեցած, բուրում էր: Բռնեցի թևքից, վախեցած շրջվեց, գրքերը նորից գետնին ընկան:
– Հիշեցի՞ր ինձ, – հիացմունքով նայում էի կանաչ աչքերի մեջ (հիշեց, էն էլ ո՜նց հիշեց): Նա չպատասխանեց, բայց գլխով արեց: Շփոթվեցի, չգիտեի՝ գրքերը հավաքել գետնից, թե գրկել նրան ու շնորհակալություն հայտնել, որ հայտնվեց դիմացս: Ես երկուսն էլ արեցի ու գրկախառնության պահին, զարմանալի էր, բայց չհրեց ինձ, այլ պատասխան գրկեց ու ասաց.
– Ինչո՞վ կարող եմ օգնել,- նրա ձայնը այնքան նուրբ էր, մտածում էի՝ եթե բղավեր ձայնալարերը կարող էին տուժել:
– Արդեն օգնում ես, – նորից ի պատասխան գրկեցի: Այս ամենը նման էր այն երևույթին, որ երբ մարդ գտնում է իր համար ամենակարևորը, այնպես է գրկում, որ այդ ամենակարևորը հանկարծ չփոշմանի, հանկարծ չզղջա: Բռնեցի նրա ձեռքից ու նստացրի մեքենայի մեջ: Առաջին անգամ մեքենայումս հայտնվեց ելակի մանկական օճառի հոտը: Հիմա հասկացա, որ դա ոչ թե օծանելիքի, այլ մաշկի հոտն էր:
– Ինչո՞վ կարող եմ Ձեզ օգնել, – ա՜խ պուճուր աղջիկ, էթիկայի կանոններին հետևող՝ հիասքանչ նրբություն: Նա շփոթվեց՝ նկատելով, որ աչքերս պոկ չէին գալիս իրենից:
– Առանց «Դուք»- ի: Ուզում եմ պատմես քո մասին ամեն-ամեն ինչ: Հուսով եմ՝ չես մերժի առաջարկս:
– Իսկ դա Ձեր ինչի՞ն է պետք,- ձայնի մեջ սառնություն նկատեցի: Լա՜վ չէր: Նրան պետք է ամեն պահն ու բառը դուր գար:
– Որ ավելի լավ հասկանամ քեզ,- մի՞թե չէր հասկանում ասածներիս իմաստը:
– Մարդիկ միայն Աստծուն կարող են լավ հասկանալ, իսկ Աստված նրանց,- ինչ-ինչ, բայց կրոնական մեջբերումներն իմ սրտով չէին. մի՞թե եկեղեցու ծառայող էր: Առաջին հարցս, որը կհնչի, զուտ պարզաբանման համար էր.
– Ի՞նչ մասնագիտություն ունես:
– Երկնային, – կարճ, կոնկրետ, պարզ, հստակ:
– Փաստորեն եկեղեցո՞ւմ ես աշխատում:
Նա ամբողջ մարմնով պտտվեց իմ կողմը, այդ ժամանակ ուզում էի գրկել նրան ու համբուրել, բայց ինչ- որ բան իմ մեջ՝ դա արդեն մեղք կհամարեր:
– Հիշի՛ր. եկեղեցում չեն աշխատում, այլ ապրում են: Դա մարդկանց երկրորդ տունն է, եթե քեզ տանից դուրս են հանել, դու կարող ես հույսդ եկեղեցու ու Աստծո վրա դնել՝ նրանք քեզ անպայման կօգնեն: Եթե դու ինքդ որևէ մեկի մահն ես ցանկացել, հավատա այդ որևէ մեկը եկեղեցին ու Աստծուն կընտրի, բայց ո՛չ երբեք մահը:
Նա այսպես երկար պատմում էր ինձ կյանքի արժեքների, Աստծո ու եկեղեցու մասին, եթե դա պատմեր որևէ մեկը՝ վաղուց դուրս կշպրտվեր մեքենայից, բայց նրա պատմածը (թվում է՝ նույն բանն է պատմում, ինչ կպատմեր ցանկացած ոք) տարբերվում էր: Նրա պատմածը ավելի ազնիվ էր, մաքուր, անկեղծ… Իսկապե՞ս սիրահարվել եմ:
– Ներեցե՛ք, ես պետք է գնամ: Շտապում եմ պատարագի,- նա փորձեց դուրս գալ մեքենայից, բայց մեքենաս մի վատ սովորություն ուներ. նստելուց անմիջապես հետո դռները ավտոմատ կերպով փակվում են:
– Կբացե՞ք դուռը, – աղջիկը շփոթվեց:
– Մեքենաս քո անունն է պահանջում, – ժպտացի, որ չվախենա:
– Դա ի՞նչ կտա Ձեզ…
– Հա՛ մեկ էլ պահանջում է, որ «Դու»-ի անցնես:
Նա խոր շունչ քաշեց ու կամաց արտաբերեց.
– Առաջին մեղքս՝ թույլ տվեցի, որ դիպչես ինձ: Երկրորդը՝ իմ մասին տեղեկություն եմ հայտնել, իսկ երրորդը՝ անունս Իդա է:
Զարմանալի անուն ուներ, իրականում գիտեի, որ Իդան թարգմանաբար Հուդայի անվանն է նման, այն Հուդայի, ով Աստծուն երեսուն ոսկով դավաճանեց:
– Առաջինը՝ դու չգիտեիր, որ ես բռնելու էի թևքիցդ: Երկրորդը՝ ես այդպես էլ չհասկացա, թե ինչ ծառայություն ես մատուցում եկեղեցում, հետևաբար քո մասին տեղեկություն չեմ ստացել և երրորդ՝ եթե անունդ չհայտնեիր, ստիպված կլինեինք գիշերել մեքենայի մեջ՝ մինչև անունդ կասեիր,- լայն ժպտացի՝ ավելացնելով, – հետևաբար դու ոչ մի մեղք չես գործել և վստահ եմ՝ հետագայում ևս չես գործելու: Աստված երբեք չի արգելել շփումը՝ մարմնով լինի, թե բերանով, ու ընդհակառակը՝ պնդում է, որ ինչքան շատ խոսեն իր մասին, այդքան ավելի բարեկարգ կլինի ամեն բան:
Հուսամ հանգստացրի նրան, բայց մի հարց անպատասխան էր մնում.
– Ինչո՞ւ «Իդա» – անհագորեն սպասում էի պատասխանին:
– Իդա՜, – նրա ձայնով ՝ Հուդայի փոխակերպված անունը այնքա՜ն ջերմ հնչեց, որ նույնիսկ սկսեցի սիրել Հուդային…Մի վայրկյան…Մի ակնթարթ:
– …Ո՞վ է դրել այդ անունը, – հետաքրքիր էր՝ ով էր ցանկացել նմա՛ն վատություն անել իր երեխային. հա՞յրը, թե՞ մայրը:
– Ես չգիտեմ իմ իսկական անունը: Ես որբանոցում եմ մեծացել, բայց հավատացեք, իմ անունը ինձ գոհացնում է:
– Ի՞նչ անեմ, որ վերացնես «Դուք»-ը:
– Թույլ տվեք դուրս գամ մեքենայից և եկեղեցի գնամ: Շտապում եմ:
– Կարո՞ղ եմ Ձեզ․․․ (արդեն ինքս էլ էի վատ զգում) ուղեկցել մինչև եկեղեցի մեքենայով:
– Կարող ես,- պատասխանեց նա ու նայեց դեմքիս, թեթև ժպտաց՝ հասկացնելով, որ փոխադարձ հարգանքի դեպքում նա կկատարի իմ խնդրանքը:
Եվ այդ օրվանից սկսած մենք իրար «դու»-ով էինք դիմում: Նա ինձ ծանոթացրեց իր հոգևոր տան, իր քահանա ընկերների, իր առօրյայի հետ: Այնքա՜ն էի տարվել այդ հոգևոր կենսակերպով, որ նույնիսկ մոռացել էի ԱԺ-ի մասին․ «ի՞նչ գրողիս է պետք այդ ԱԺ-ն, որտեղ նույնիսկ որևէ հոգևոր հենասյուն, խոսք, բառ, մարդիկ չկան: Անհոգևոր, ուտող-ուրացող, կին պատգամավորների հետույքները չափող, փողկապավոր սրիկաների հետ ինչպե՞ս կարող ես աշխատել: Կյանքը այդտեղ էր: Այդ փոքրիկ սրբավայրում, որտեղ բնակվում էր ինձ համար արդեն իսկ կարևոր մարդ դարձած Իդան»:
Երկրորդ օրը
Հերթական այցելության ընթացքում, նստած էինք Աստծո խաչված արձանի դիմաց ու Իդան ինձ պատմում էր իր մանկությունից, ծնողների մահից։ Նրանք մահացել էին ավտովթարից, երբ Իդան երեք տարեկան էր։ Դրանից հետո նա որոշել էր եկեղեցում ծառայել ու ամեն օր աղոթել իր ծնողների հոգու հանգստության համար:
– Զարմանալին այն է, որ անգամ երեք տարեկան լինելով՝ ես հիշում եմ նրանց ճիչը, ցավից տնքացող՝ ձայները: Այն կարծես սպիացած լինի հիշողությանս մեջ,- Իդան ափով փակեց աչքերը, իսկ ներսս սկսեց ցավել. Իդայի արցունքները ցավեցնում էին ինձ: Նրա արցունքները ինձ ստիպեցին գիտակցել, որ չունենալով ոչ մի թույլ կողմ, մշտապես հանդես գալով հաղթողի դերում, այնուամենայնիվ կար այն մեկը, որը ոչ միայն իմ թուլությունն էր նկարագրում, այլև կապվածությունը: Ես կգրկեի նրան ու ամուր կսեղմեի կրծքիս, կմաքրեի արցունքներն ու կհամբուրեի այտերը, բայց դա թույլատրված չէր ինձ, ու ես ուղղակի մի ձեռքով գրկեցի նրա ուսը: Նա մաքրեց արցունքներն ու ասաց.
– Աղոթել գիտե՞ս,- ուշադիր նայում էր աչքերիս մեջ: Շփոթվեցի. գիտեի, իհարկե, բայց ԱԺ-ում աշխատելուց հետո անգամ սեփական անունդ կարող ես մոռանալ:
– Ի… իհարկե, գիտեմ,- կմկմում էի: Նա հասկացավ: Բռնեց ձեռքս ու մոտեցրեց արձանի դիմաց՝ խնդրելով ծնկի գալ:
Մենք ծնկի եկանք: Ափերը հենեցի ոտքերիս, Իդան փակեց աչքերը: Նայում էի նրան ու մոռանում, որ ինքս էլ պիտի փակեմ աչքերս: Իդան առանց ինձ նայելու թեթև ժպտաց՝ արտաբերելով.
– Սիրելի՜ Դավիթ, փակիր աչքերդ, – ու ես փակեցի աչքերս: Նրա քնքուշ ձայնը շարունակում էր հետևել ինձ մթության մեջ, – իսկ հիմա խորը շունչ քաշիր, ներս թող Աստծուն ու «Հայր մեր»-ն ասելով խաչակնքվիր: Ես կատարում էի այն, ինչ ինքն էր ասում: Առաջին անգամ նման աղոթք էի արել հորս թաղման օրը: Այդ օրը լաց չէի լինում, պարզապես ուզում էի հրաժեշտ տալ նրան՝ ի սրտե… Աղոթքով:
Երբ աչքերս փակ շարունակում էի անել այն, ինչ Իդան էր ասում, զգացի նրա ելակի հոտը, որը մոտ էր: Իդան մոտեցել էր ինձ ու խոնարհվել դիմացս: Բացեցի աչքերս:
– Դու ամեն բան սխալ ես անում, Դավի՛թ, բայց մի հուսալքվիր, ես կօգնեմ քեզ:
– Խնդրում եմ, օգնիր, – կարիք ունեի ճիշտ հոգևոր սնունդ ստանալու,- ամեն բան այնքա՜ն սխալ է, այնքա՜ն թարս ու սուտ: Օգնիր ինձ՝ ճիշտ ընկալելու եկեղեցին ու Աստծուն:
Նա վերցրեց աջ ձեռքս իր փոքրիկ ափերի մեջ ու իրար միացրեց սկզբի երեք մատները՝ բութը, ցուցամատն ու միջնեմատը՝ համաժամանակ բացատրելով դրանց նշանակությունը.
– Իրար միացված երեք մատները խորհրդանշում են Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, որոնք անբաժան Սուրբ Երրորդությունն են: Իսկ նախավերջին երկու մատները, որոնք պիտի ափիդ հպվեն՝ մատնեմատն ու ճկույթը, խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի երկվությունը՝ սրբությունն ու մարդկայնությունը, – Իդայի տաք մատները պարուրել էին աջ ձեռքս: Նա ինձ բացատրում էր, իսկ ես մտածում, որ այսուհետ աջ ձեռքս երբեք չեմ լվանալու՝ նրա հպումից այն իսկապես մաքրվել էր: Իդան այդպիսով կանգ չառավ, շարունակեց:
– Երբ անցնում ենք խաչակնքման, երեք մատները տանում ենք սկզբում՝ ճակատին (նա և՛ բացատրում էր, և՛ ցույց էր տալիս ինձ վրա)՝ մտքի մաքրության համար, հետո կրծքավանդակիս՝ ներքին զգացողությունների մաքրության, հետո աջ ու ձախ ուսերին ՝ մարմնական ուժի մաքրության համար,- Իդան վերջացրեց, վերցրեց երկու ձեռքերս ու ամուր սեղմեց իր ձեռքերի մեջ:
Մտածում էի՝ եթե մի քանի վայրկյան էլ անցներ ու նա չբաժանվեր իմ ձեռքերից, երևի թե կկատարեի ամենամեծ մեղքս՝ կհամբուրեի նրան: Շնորհակալություն հայտնելով՝ պատասխան սեղմեցի նրա ձեռքերն, ու նա գնաց իր տեղը: Մենք աղոթեցինք բոլորի համար: Չգիտես ինչու, աղոթքի ժամանակ մտածեցի Աննայի մասին ու ինձ թվաց, թե ամբողջ աղոթքս նրա համար էր:
Երրորդ օր
Արձակուրդիս երրորդ օրն էր: Ես անջատել էի բջջայինս՝ հասկանալով, որ ԱԺ-ում բոլորը իրար խառնված փորձում են պարզել՝ թե ուր եմ անհետացել: Անգամ գիտեի, թե ինչ խոսակցություն էր սկսվելու, երբ նկատեին, որ երրորդ օրն է, իսկ Դավիթ Դանիելյանը աշխատանքի չի ներակայացել:
– Ո՞ւր է էդ ինքնասիրահարված տգետը, – կարտաբերի ԱԺ, գրողի տարած, նախագահը, իսկ Աննան, քանի որ ինձ շատ է սիրում՝ կպաշտապանի.
–Գիտեք ինչ, պրն Նախագա՛հ, ես կարծում եմ, որ նա ինչ անում է, ճիշտ է անում, քանի որ այդպես էլ չբարեհաճեցիք արձակուրդ ուղարկելու:
Նրան լրացնելով Արշակը՝ մոտ ընկերս, կհավելի.
-Եթե այդպես շարունակենք, պրն Նախագա՛հ, մենք ու առաջին հերթին ՝ Դուք, կզրկվեք Դավիթի նման՝ փայլուն մասնագետից:
Վստահ եմ, որ օրակարգում իմ հարցը այնպայման լինելու էր, բայց ամեն բան արդեն միևնույն էր դարձել, այնքա՜ն միևնույն, որ նույնիսկ գնել էի երկրորդ հեռախոսահամարը, տեղադրել բջջայինի մեջ ու այնտեղ միայն մեկի անունն էր գրանցված՝ Իդայի: Դա իմ գաղտնի ու սիրելի անկյունն էր, որի մասին միայն երկուսով գիտեինք: Պառկել էի անկողնում, նայում էի առաստաղին ու մտածում, որ այն Աստվածը, ում գոյությանը այդքա՜ն շատ էի կասկածում, իսկապես ինձ հնարավորություն տվեց տեսնելու իրեն՝ Իդայի պատկերով, մոտենալու իրեն՝ Իդայի միջոցով ու գրկելու նրան՝ զգալու համար իրեն: Ամեն բան հրաշալի էր, որոշեցի մի բան պատրաստել ու մի փոքր զբոսնել՝ վազքի տեսքով: Սակայն հնչեց բջջայինս: Առանց վարանելու պատասխանեցի.
– Իդա՛, բարի լույս:
– Թող լույսը միշտ ուղեկցի քեզ, սիրելի՛ Դավիթ,- նրա քնքուշ ձայնը, անգամ բջջայինից, այնքա՜ն հաճելի էր, որ հարգանքից ելնելով՝ կիսանստեցի։ Տարված նրա ձայնով՝ չլսեցի անգամ, թե ինչ հարց տվեց:- …Կմիանա՞ս, – կրկնեց Իդան, շփոթվեցի, խնդրեցի, որպեսզի երկրորդ անգամ կրկներ հարցը:
– Այսօր մանկատան մի քանի փոքրիկներ են այցելելու եկեղեցի, կմիանա՞ս մեզ,- կրկնեց՝ սպասելով արձագանքիս։
– Միանշանակ, – պատասխանեցի ու լսելով Իդայի հրճվանքը ՝ երջանկության մեծ զգացում ապրեցի:
Մինչ եկեղեցի գնալը, որոշեցի փոքրիկների համար տարբեր նվերներ գնել. դրանք և՛ քաղցրավենքիներ էին, և՛ խաղալիքներ, և՛ պատկերազարդ գրքեր: Բոլոր նվերները պատվիրեցի գեղեցիկ փաթեթավորել ու տեղավորեցի բեռնախցիկում: Երբ ղեկի դիմաց էի, շրջվեցի. նվերներն իսկապես շատ էին, այնքա՜ն շատ, որ ստիպված եղա կեսը տեղավորել ետևի նստատեղում: Թեթև ժպտացի ու հասակացա, որ առաջին անգամ օգտավետ ծախս կատարեցի ու ամենակարևորը՝ Իդան կերջանկանա նման անակնկալից: Վարելիս պատկերացնում էի, թե ինչպես ենք երկուսով բաժանելու նվերները, փոքրիկները կերջանկանան, Իդան կժպտա, իսկ ես պարզապես կվայելեմ այդ պահը: Հասա եկեղեցի: Դռների մոտ նկատեցի Իդային ու քահանային, որոնք ինչ-որ բան էին քննարկում: Իդայի հայացքը հառված էր մի կետի, քահանան տաքացած ինչ-որ բան էր բացատրում: Մի պահ մտածեցի, որ կարող էր խոսակցություն բացվել՝ իմ պատճառով, որ այդքա՜ն շատ էինք միասին լինում: Զգում էի, որ արյունս եռում էր: Տեսնելով քահանայի տաքացած, ոչ սթափ ժեստերը, որոնք մեղադրական տարուբերվում էին Իդայի դեմքի մոտ, ուզում էի դուրս գալ մեքենայից ու մռութին հասցնել: Շտապեցի դուրս գալ մեքենայից: Իդան շրջվեց, թեթևակի ժպտաց՝ կարծես նրա փրկությունը լինեի, ու մոտեցավ ինձ: Աչքի տակով նայում էի քահանային (իմ հայտնվելուց հետո՝ տարօրինակ կերպով հանգստացավ):
– Ի՞նչ էր ասում քահանան,- կիսաբարկացած հարցրեցի՝ շարունակելով հետևել քահանային: Վերջինս ժպտաց՝ թափ տալով փեշերը: Իդան մի պահ կարկամեց, չգիտեր՝ ինչ պատասխանել, հետո հանգստություն պահպանելով՝ ասաց.
– Մեր Հայրը դժգոհում էր կազմակերպչից: Նա դեռևս չի բերել երեխաներին ու մենք անհանգստանում ենք,- Իդայի կանաչ աչքերը չէին հեռանում հայացքիցս, նա շարունակեց․ – Այն բացասական ուժը, որը հիմա մթագնել է քեզ, Դավի՛թ, պիտի մաքրես (հասկացել էր, որ ուզում էի հարվածել քահանային): Գիտեմ, որ հարգելով ինձ՝ անպարկեշտ համարեցիր մեր Հոր դիտողությունները, բայց եթե պնդում եմ, որ ամեն բան կարգին է, դու անշահախնդրորեն պիտի վստահես ինձ:
Հայացքս ուղղեցի նրան ու բռնելով ուսերից՝ ասացի.
– Կներես: Պարզապես չեմ կարող թույլ տալ որևէ մեկին՝ ձայն բարձրացնի քեզ վրա:
Իդան ժպտաց ու ես մոտեցնելով նրան մեքենայի բեռնախցիկին՝ ցույց տվեցի նվերները: Իմ մտածածը ճիշտ էր. նա մանկական հիացմունքով ընդունեց այդ նվերները՝ հարցուփորձ անելով, թե ինչ է փաթեթների մեջ: Չհասցրի բացատրել: Հեռվից մոտենում էր փոքրիկ ավտոբուսը և Իդայի՝ քահանային ուղղված բացականչությունը՝ «Փոքրիկները ժամանեցին», ստիպեցին ինձ փակել բեռնախցիկը, որպեսզի անակնկալը ուժի մեջ մնար: Որոշեցի բոլոր նվերները մի անկյունում դնել և Իդային խնդրել՝ դրանք բաժանելիս իմ անունը չտալ:
– Բայց այդպես չի լինի, սիրելի՛ Դավիթ: Պատկերացրու, եթե նրանք իմանան, ամեն մեկը մոտենալով քեզ իր շնորհակալությունը կհայտնի։ Որքա՜ն օրհնված կլինես այդ ժամանակ: Նրանք քեզ սիրով ու ժպիտով կհիշեն,- Իդան այդպես էլ չկարողացավ ինձ համոզել, ու երբ նստած էի նստատեղերի ամենավերջին շարքում, Իդան փոքրիկներին նվերները բաժանելու ընթացքում որսաց հայացքս ու խնդրելով քահանային գործը շարունակել՝ մոտեցավ ինձ, նստեց կողքիս:
– Փոքրիկներից մեկը, ա՛յ էն աղջիկը, – ցույց տվեց շեկ հյուսքերով, սպիտակ շրջազգեստով, տասը տարեկան աղջկան, որ նստած էր գետնին ու փորձում էր բացել տուփը,- շատ խելացի գտնվեց, ու երբ նվերը հանձնեցի, հարցրեց՝ ով է նվիրել, – Իդան նայեց ինձ, – չգիտեի՝ ինչ պատասխանել: Այնքան երախտապարտ եմ քեզ այս անակնկալի համար,- հասկացա, որ եթե մի քիչ էլ խոսեր, արցունքները չէր կարողանալու զսպեր: Կանխելով դա՝ բռնեցի նրա ձեռքը (այնպես, որ քահանան ու եկեղեցականները չնկատեն) ու ասացի.
– Կողքի՛ս եղիր: Դու միայն կողքիս եղիր,- կախեցի գլուխս՝ համբուրելու համար ձեռքը և առաջին անգամ մազերիս մեջ զգացի նրա փոքրիկ մատների փափկությունը, նա շոյեց մազերս ու քնքշորեն պատասխանեց.
– Միշտ կլինեմ: Ոչինչ մեզ չի կարող բաժանել:
Նայեցի նրան: Ժպտացինք: Լսեցինք քահանայի ձայնը:
– Սիրելիներս, չե՞ք ուզում միանալ մեզ, – քահանան համառորեն աչքը չէր կտրում Իդայից:
– Իհարկե, Տե՛ր Հայր, – միացանք փոքրիկներին:
Միջոցառումն ավարտվեց: Փոքրիկները, համբուրելով քահանայի ձեռքը, շտապում էին մեքենան նստել: Իդան հատ-հատ համբույրներ էր ուղարկում ավտոբուսի ապակուց, և այդ տեսարանը այնքա՜ն բարությամբ ու ջերմությամբ էր լցված: Երբ բոլորը տեղավորվել էին, նրանց ուղեկցող խնամակալը բղավեց.
– Անժին չկա, – նա դուրս եկավ ավտոբուսից:
Իդան բացատրեց, որ Անժին շեկ հյուսքերով աղջիկն էր, ում առավոտյան ինձ ներկայացրեց:
– Նա այնքա՜ն տարբերվող է, – թեթև ժպտաց Իդան, կարծես հասկանալով, որ նման բան տեղի էր ունենալու: Նրա ժպիտը ինձ ստիպեց թուլանալ ու շատ չլարվել: – Նա հաստատ դամբարանի մոտ է,- Իդայի հետ գնացինք եկեղեցու շենքի ետևում գտնվող դամբարանների մոտ:
Իդան ճիշտ էր: Անժին նստել էր խոնավ գետնին՝ գլուխը հենելով դամբարանին, ձեռքում սպիտակ արջն էր, որը մինչ այդ չէինք նկատել (երևի փաթեթից այդ նվերն էր հասել իրեն), քթի տակ ինչ-որ երգ էր երգում: Ստիպված եղանք մոտ գնալ, որ լսեինք երգը. «Ես երգում եմ անձրևի տակ// ՈՒղղակի երգում եմ անձրևի տակ// Ինչ հրաշա՜լի զգացողություն է…Ես երջանիկ եմ» : Զարմանալի էր, որ Անժիին ծանոթ էր «Անձրևի տակ երգողը» հին կինոնկարի երգը, որի նույնիսկ հայերեն թարգմանությունը չկար, իսկ երեխան միանգամից հայերեն թարգմանությամբ էր այն երգում (լա՜վ է, որ ես ծանոթ էի երգին): Մեզ նկատելով՝ երեխան դադարեց երգել: Վազքով մոտեցավ ու գրկեց ինձ: Մի պահ շփոթմունքի մեջ ընկա, չգիտեի՝ ինչու երեխան որոշեց հե՛նց ինձ գրկել: Նրա փոքրիկ ձեռքերը կիսաշթղայեցին գոտկատեղս, իսկ մռութիկը թաղեց փորիս. զգացի նրա սառը քիթիկը: Իդան հիացմունքով նայում էր մե՛կ իմ ժպտացող դեմքին, մե՛կ Անժիի գոհ հայացքին:
– Ես գիտեմ, որ նվերները Դուք եք բերել, պարո՛ն, – ասաց փոքրիկը՝ ձեռքերը արձակելով ինձնից:
– Դու այնքա՜ն խելացի ես, Անժի՛, որ կռահել ես: Կեցցես,- Իդան ու Անժին գրկախառնվեցին: Իսկ ես մտածում էի, թե ինչքա՜ն ընդհանուր բան ունեին նրանք. երկուսն էլ անմեղ հոգիներ էին, անբասիր սիրտ ունեին ու այնքա՜ն մանկական բան կար նրանց մեջ (բացատրելն անհնար է):
– Շնորհակալություն, պարո՛ն, – պոկվեց Իդայից ու պատասխան գրկեց ինձ: Ես համբուրեցի նրա շեկ գլուխն ու զգացի, որ հյուսքերից մեկն արձակվում է: Մինչ ես կապում էի, փոքրիկը հանդես եկավ առաջարկով․
– Ես չեմ ուզում գնալ այնտեղ: Ուզում եմ ձեզ հետ մնալ,- Իդան ափով փակեց բերանը՝ պատրաստ լաց լինելու: Ես գլխով արեցի նրան՝ հասկացնելու, որ կկոտրի երեխայի սիրտը: Իդան մեջքով շրջվեց և մի քանի վայրկյան էր պահանջվում, որպեսզի կանխեր արտասուքը, իսկ ես նայում էի Անժիին ու մտածում՝ ինչ հրաշալի կլիներ, որ որդեգրեինք Անժիին, Իդան դուրս գար եկեղեցական կյանքից, ամուսնության առաջարկություն անեի ու երեքով վայելեինք՝ կյանքի կողմից տրված հնարավորությունները, բայց Իդան մտքիս թելը կտրեց.
– Անժի՛, իմ սիրո՜ւն, լա՛վ աղջիկ…,- նա բառեր չէր գտնում, հասկանում էի, որ պիտի մերժեր աղջկա խնդրանքը, բայց իմ գլխում մի հրաշալի միտք ծագեց:
– Իդա՛, եթե մեզ թույլ տան, մենք կարո՞ղ ենք մի քանի ժամով երեխային զբոսանքի տանել, – Իդային դուր եկավ այդ միտքը, աչքերից հասկացա:
– Ես պիտի մանկատուն զանգահարեմ, եթե թույլ տան՝ ինչու ոչ, – Անժիի աչքերը փայլեցին, նա պինդ սեղմեց ձեռքս ՝ հասկացնելով, որ այլևս պոկ չի գալու (ես դա ամենաքիչն էի ուզում): Քիչ հետո Իդան գոհունակ ժպիտով մոտեցավ մեզ:
– Անժի, սիրելիս, թույլտվությունը ստացա, բայց մի պայմանով՝ ժամը տասներկուսին մանկատան շենքի դիմաց պիտի լինես, – Անժին գլխով արեց: Մտածում էի՝ որտեղից սկսել զբոսանքը: Կար ընդամենը մեկ չպարզաբանված հարց՝ Իդան.
– Հուսամ՝ Տեր Հայրը կթույլատրի դուրս գալ եկեղեցուց,- Իդայի դեմքի արտահայտությունը, հատկապես «Տեր Հայր» բառից հետո, մռայլվեց,- իսկ եթե չթույլատրի, խոստանում եմ՝ կփախցնեմ քեզ:
Իդան ժպտաց: Ու միանշանակ միացավ մեզ: Հրաշալի Սուրբ Երրորդություն ենք կազմում: Դա իմ նախավերջին, երջանիկ օրերից մեկն էր: Ես ու Իդան փոքրիկին զվարճացնելուց, տարբեր նվերներ ու քաղցրավենիքներ գնելուց հետո, տարանք իմ տուն: Հետաքրքիր է, որ Իդան առանց երկմտելու համաձայնեց գալ իմ տուն: «Ես քեզ վստահում եմ» պատասխանեց Իդան, ու հասկացա, որ, բացի նրա վստահությունից, ավելի կարևոր ու թանկ բան չի կարող լինել իմ կյանքում։ Մենք արդեն տանն էինք, երբ մտքովս անցավ փոքրիկի համար միացնել «Անձրևի տակ երգողը» կինոնկարը: Անժին երջանկությունից ծափ տվեց:
– Որտեղի՞ց է ծանոթ այս կինոնկարը, – հարցրեցի Անժիին, երբ կինոնկարը ազդարարում էր լուսագրերը:
– Իմ մեծ եղբայրը կինոման է, շա՜տ է սիրում այս կինոն։
Իդան խոհանցում թեյ էր պատրաստում, երբ մոտեցավ ինձ ու ականջիս շշնջաց, մարմինս փշաքաղվեց․
– Նրա ծնողները ավտովթարից են մահացել: Այդ ժամանակ նա դպրոցում է եղել: Նրան միանգամից մանկատուն են ուղարկել,- սա ասելով՝ Իդան շտապեց խոհանոց, որ Անժին չտեսներ արցունքները: Գնացի նրա ետևից ու… համարձակվեցի գրկել նրան: Նրա մարմինը տաք էր, դողում էր, բայց ոչ ցրտից, այլ արցունքները զսպելու անկարողությունից: Ես ամուր սեղմեցի նրան ու շշնջացի.
– Անժին նույնիսկ մոռացել է, որ իր ծնողները մահացել են, – այս բառերից ազդված՝ Իդան նայեց աչքերիս մեջ. նրա կանաչ ակնագնդերը կարմրել էին, ես համբուրեցի այն արցունքը, որը կամաց սահում էր այտով: Նա, ինչպես Անժին, քիթիկը թաղեց կրծքիս (իմ կողքին Իդան ֆիզիկապես փոքր էր երևում) ու հանգստացավ, հետո կամաց արտաբերեց.
– Ես հոգնել եմ, Դավի՛թ, – ես գիտեի, որ գալու էր այն պահը, երբ նա կխոստովաներ այդ ամենը:
– Հրաժարվիր այդ կենսակերպից, ես ուզում եմ, որ իմ կինը դառնաս, – նայեցի աչքերի մեջ: Նա շփոթվեց, այտերը կարմրեցին, ձեռքերը սկսեցին դողալ:
– Մենք շա՜տ հեռուն գնացինք, Դավի՛թ, – նա պոկվեց մարմնիցս ու թեյի բաժակները վերցնելով՝ գնաց Անժիի մոտ:
Կանգնած մնալով խոհանոցի կենտրոնում՝ մտածում էի՝ ինչպես համոզեմ Իդային հրաժարվելու այն ամենից, ինչից ինքն էր ուզում հրաժարվել։ Գնացի հյուրասենյակ: Անժին հասցրել էր գլուխը հենել Իդայի ծնկներին ու քնել, Իդան շոյում էր աղջկա գլուխը ու մտածում էր. թե ինչի մասին, դա միայն ինքը կիմանար:
– Ժամը տասներկուսն է: Երեխային պիտի մանկատուն տանենք, – ես գլխով արեցի, գրկեցի քնած Անժիին: Իդան անջատեց հեռուստացույցն ու գնացինք մանկատուն:
Երեխային խնամակալներին հանձնելուց հետո զգում էի՝ կարիք ունեի Իդայի հետ մի լա՛վ խոսելու, բայց նաև զգում էի, որ Իդան խուսափում էր… Ինձնից:
– Երբ գլուխդ դնես բարձին,- սկսեցի ես՝ չթույլատրելով իրեն խոսել,- մտածիր, որ կա այն մեկը, որը պատրաստ է քեզ գողանալու այդտեղից՝ գիտակցելով, որ ճիշտ է անում:
– Աստծուց հրաժարվելը մեղք է, սիրելի՛ Դավիթ, – արտաբերեց նա: Ամբողջ խոսակցության ընթացքում նա գլուխը չբարձրացրեց:
– Մենք չենք հրաժարվում Աստծուց, մենք ավելի ենք մոտենալու նրան՝ մեր ստեղծած սիրով ու երջանիկ կյանքով, – պետք է ասեի դա, որ հասկանար պահի լրջությունը: – Ես սիրում եմ քեզ:
Նա չզարմացավ այս խոսոտովանությունից ու միայն մի նախադասություն ասաց.
– Քո տանը ես ինձ ապահով ու լավ էի զգում: Շնորհակալ եմ:
Նա արագ դուրս եկավ մեքենայի միջից: Ու մտավ եկեղեցի: Վազեցի նրա ետևից, բռնեցի թևքից ու տարա մի մութ անկյուն: Առաջին անգամ զգացի, որ վախենում է:
– Մենք հենց հիմա գնում ենք Տեր Հոր մոտ ու դու պատմում ես ճշմարտությունը,- Իդան սառը հայացքով նայում էր մե՛կ ինձ, մե՛կ շուրջբոլորը:
– Իմ տեղը Տեր Հոր կողքին է, այստեղ, – անհամոզիչ էր խոսում:
– Ի՞նչն է պատճառը, վախենո՞ւմ ես նոր սկիզբ ազդարարելուց։
Իդան քմծիծաղեց:
– Նոր՜ սկիզբ…Այնքա՜ն բան կա, որ չգիտես, սիրելի Դավի՛թ, ու երջանիկ եմ, որ երբեք չես իմանալու…,- լռեց ու հեռացավ:Ի՞նչ թաքնված բան կար, որը չգիտեի ու չէի իմանալու: Ի՞նչ ճշմարտություն կար, որը քողարկված էր ստի ետևում: Այդ ամենը պարզ դարձավ արձակուրդիս չորրորդ օրը:
շարունակությունը՝ այստեղ