Հովիկ Մխիթարյան/Ձեր մոր աչքերը քոռացա՜ն․․․

– Ա՜, քյորփեքը կտոր-կտոր եղա՜ն, – սուր, աղեխարշ ճիչը ճեղքեց սեպտեմբերյան  վաղորդայնի անհոգությունն ու լռությունը և սափրիչն անշարժացավ ձեռքիս։ Դժոխային, գերեզմանային անդունդից հնչող զարհուրելի ճիչին հետևում է ճաշարանի Անուշ տոտայի ողբաձայն բոթը, որից արյունը սառչում է երակներումս․․․ 

-Ձեր մոր աչքերը քոռացա՜ն․․․ էս ինչ եկավ էս էրեխեքի գլխին,– չէր դադարում հուսակտուր բղավել նա,- բա սրանք զինվոր ե՞ն, թե՞ մատաղացու գառներ եղան էս էրեխեքը, այ երկինքը փուլ գա ձեր գլխին։  

Հնարավոր չէր հասկանալ՝ ում էր ուղղված այդ սրտակտոր բողոքը․․․ Ռումբերից բարձր էր լսվում նրա ճիչն ու մինչև հոգու խորք թափանցող անմարդկային ողբը.  անհուսություն ու մայրական անեզր ցավ կար այդ ճիչի մեջ։ Ես արագ դուրս եմ վազում։  

Զորանոցներից մի քանիսը, ինչպես նաև ճաշարանը լիակատար փլվել, իսկ մյուսները կիսափլված էին։ Ճշգրիտ հարվածներով շարքից հանել էին մեքենաների մեծ մասը և նրանց կայանատեղին։ Շարահրապարակում խառնաշփոթ էր, նորակոչիկներն ու անգամ հները շփոթահար այս ու այն կողմ են վազվզում, դեռևս չիմանալով իրենց անելիքը, իսկ նրանք, ովքեր ավելի արագ էին կողմնորոշվել, փլվածքների տակից արդեն հանում էին առաջին վիրավորներին ու զոհերին։

Իրականությունը սկսում է հասնել գիտակցությանս։ 

Սպաներն արագ կարգավորում են իրավիճակը։ Բարձրաձայն հնչում են նրանց գոռոցները․

-Առանց խուճապի՜, օգնեք վիրավորներին, հետո բոլորդ դեպի ռմբապաստարանը։ 

Շնորհակալության ու երախտագիտության նման մի զգացում է պարուրում հոգիս։ Առաջին շփոթությունն անցնում է, և աստիճանաբար կարգուկանոն է տիրում։ Սովորական օրերին չէինք գիտակցում, թե ինչքան կարևոր են սպաների հրամանները, սակայն այս պահին ուրախությամբ ենք ենթարկվում հրամանին և խուճապը դադարում է։ Կարծես երազում, արկերի սվսվոցների ու սահմռկեցուցիչ սուլոցների ներքո մենք սկսում ենք հողի տակից արագ հանել առաջին վիրավորներին ու․․․ զոհերին, մինչև կհայտնվեն բուժաշխատողները։ Աշխատում ենք հնարավորիս արագ ու զգույշ։ Երբեմն դիակներ ենք հանում, առաջին պահին ահավոր ծանր է, սակայն չգիտես ինչպես, սկսում ենք ընտելանալ։ 

Այս ու այնտեղ հողը բզկտվել է տարբեր տեսակի արկերի հարվածներից․․․ Այդ հարվածներից ոչ միայն հնարավոր չէ կենդանի մնալ, այլև հաճախ հետքդ անգամ չի մնա այս երկրի վրա․․․ Արկերի առաջացրած օդային ալիքները բզկտել էին մարմինները․․․ Վիրավորների տնքոցները թափանցում են մինչև հոգուս խորքը, մի քանի դիակներ լիովին վնասվել են և դժվար է անգամ ճանաչել, եթե չլինեն զինվորական գրքույկները։ Վիրավորներից շատերը փրկության հույս չունեն, ոմանք թերևս կենդանի մնան, սակայն ծանր վնասվածքներով ու խեղումներով։ Ոմանք կապրեն, սակայն առանց ձեռքի ու ոտքի․․․Օդը թրատող ճիչերի ու տնքոցների, կարգի հրավիրող ձայների ներքո մենք փորում ենք արյամբ շաղախված հողը։ Երազը շարունակվում է, կարծես ծանր մղձավանջում լինեմ․․․ Հանկարծ մտքովս անցնում է, որ ուղիղ 2000 տարի առաջ մեր աշխարհ եկավ Հիսուս Քրիստոսը և սեր քարոզեց ճղճիմ աշխարհին։ Սա՞ էր դասը, որ քաղեց մարդկությունը Հիսուսի քարոզներից․․․ 

Մոտենում են առաջին բուժաշխատղները։ Պարզվում է, որ զինվորական բուժարանն էլ զոհեր ունի․ տպավորություն է, որ թշնամին հստակ իմացել է կենսական օբյեկտների տեղադրությունն ու ռմբակոծել ճշգրիտ հարվածներով։ Վիրավորներին ուղարկելուց հետո միայն կարգի ենք հրավիրում վախեցած նորակոչիկներին, հներս արագ կարգավորում ենք խմբերն ու ջոկատները։ Մեկ տարուց ավելի դիրքապահի իմ գիտելիքներով, որովհետև շատ անգամ եմ դեմ առ դեմ կանգնել թշնամու ու մահվան դեմ, արդեն պատկերացնում եմ, թե ինչ ենք անելու։                    

Սրբում եմ քրտինքս, հոգնածություն չեմ զգում, միայն ցանկանում եմ, որ այս մղձավանջը շուտ անցնի․․․ Իմ կյանքը փոխվեց էն պահից, երբ հասկացան, որ մարդը դադարում է մարդ լինելուց, երբ հողի տակից հանում ես առաջին զոհերին․․․ Հանեցինք Նելսոնին, իսկ երեկ նրան հրամանը ճիշտ չկատարելու համար պատժեցին․․․ Առաջին անգամ երիտասարդ մահեր եմ տեսնում․․․ բայց այս քանակությա՞մբ։ Եթե սա պատերազմ է, ապա միայն ապացուցում է մարդու կարճամիտ ու տհաս դատողությունը, գիտության ու որպես թե քաղաքակրթության ողբերգությունը։ Ես սրտխառնոց եմ զգում չգիտես անսովորությունից, թե ընկերներիս անշունչ ներկայությունից։

Եթե մարդը մի պահի կենդանի էակ էր, շնչող ու ժպտացող, գիտակցող, մտքով տիեզերական անհունում սավառնող, իսկ մյուս պահին այլևս չկա, ապա մեր մոլորակը խելագարների հիվանդասենյակ է հիշեցնում, որին ամեն ինչ անելու ազատություն է տրվել։  

 Մոտակայքում նորից են ռումբեր պայթում․ առանց փախչելու ու մեր մասին մտածելու գրկում եմ վիրավորներից մեկին, թևը թույլ-թույլ կախվել է, իսկ ինքը վախեցած նստել է գետնին ու քարացած մի կետի է նայում։ Արագ վազում եմ դեպի ռմբապաստարանը, վիրավորը փորձում է բռնվել ինձնից, հանձնվում իմ ողորմածությանը։ Հանձնում եմ տղաներից մեկին ու արագ ետ վազում․ աչքի պոչով տեսել էի զորանոցի ետին պատին ընկած մեկ այլ, անշարժ մի զինվորի, կծկված․․․ Մոտենում եմ ու սարսափով տեսնում, որ․․․ ոտքի փոխարեն ոսկրի ու մսի, արյան զանգված է։ Կարծես անվերջանալի երազում, կայծակի պես արագ գոտով կապում եմ (համենայն դեպս)  ազդրից վերև, գրկում ուշաթափ զինվորին ու վազքով դեպի հոսպիտալ, առանց հասկանալու, թե ինչքան հեռու է այն։

 Մի պահի ինձ նկատում են վիրավորներին մեքենայով տանողները, ես զինվորին հանձնում եմ նրանց և ետ դառնում՝ գիտակցելով, որ մահից բոլորովին չեմ վախենում․․․ 

Մինչև արագ ետ եմ գալիս, սփրթնած սերժանտները նորից կարգուկանոն են հաստատում, մինչև վերջնականապես ուշքի գանք ու հասկանանք, թե ինչ է կատարվում։ 

Իրար խառնված մտնում ենք ռմբապաստարան։ 

– Ոչ մի խուճապ, – բղավում եմ, – տղերք, նորերին ուշադիր եղեք, Անուշ տոտայի ասած՝ քյորփեքին․․․                         

Հենրիկը հենվել էր պատին, բռնել գլուխն ու հեծեծում էր դողահար․

 – Սերոբը չկա, չկա՜․․․ էսքան ման եկա, չկա՜․․․

– Լռիր, տղաս, – ասաց լեյտենանտ պայմանագրայինը՝ մոտենալով նրան,- սա պատերազմ է։ Արագ հագիր զրահաբաճկոնը, ուշադիր եղիր զենքի հետ։ Այստեղ բոլորս միասին ենք։ Պինդ եղիր, պատերազմի ժամանակ նաև զոհվում են։ 

Արագ հագնում ենք զրահաբաճկոնները, վերցնում ավտոմատները։ Մենք արդեն ոչ միայն զինվորներ ենք, այլև մարտիկներ՝ պատրաստ մարտի։ 

 – Դեպի մեքենանե՜րը,- բղավում է կապիտանը։ 

Վազում ենք՝ ուշադրություն չդարձնելով պայթյուններին, չափազանց շատ մահ էինք տեսել մահից վախենալու համար։ Մեքենաների մոտ մեզ էր սպասում․․․ Անուշ տոտան՝ ավտոմատը ձեռքին։

– Գալիս եմ ձեզ հետ,- ասաց վճռական,- էրեխեքը կտոր-կտո՜ր եղան։ Նրա դեմքին արցունքները չորացել էին, դիմագծերն աղավաղվել, աչքերը չռվել էին ու քարացել, այնտեղից մահաբեր չարություն էր մոլեգնում դուրս, դեպի անարդար աշխարհը․ դա կանացի դեմք չէր, ձագին կորցրած կենդանու դեմք էր։

– Էս էրեխեքի մերերին ի՞նչ պատասխան ենք տալու, աչքիս դեմը կտոր-կտոր եղան, եկել էին առավոտ շուտ մի բան ուտելու, էս էրեխեքի մերերի աչքե՜րը քոռացան, – ասաց նա չորացած աչքերով։ Պատուհանից մի կերպ դուրս թռա, չհասկացա էլ՝ ինչ եմ անում, պիտի զոհվեի իրենց հետ․․․ ջհանդամը թե զոհվեի՜․․․․

Լեյտենանտը մոտեցավ ու մեղմորեն վերցրեց ձեռքից զենքը։ 

– Թող, խնդրում եմ, հրամանատար, թող ես էլ գամ, հրաման տուր, ու՞ր ենք գնում։ Ես սրանց մերն եմ, սրանց վրեժը լուծելու եմ, ինձ հետ մի քանիսին էն աշխարհն եմ տանելու, մի քանիսին իմ ձեռքով եմ շանսատակ անելու։ 

– Քեզ այստեղ էլ շատ գործ կա, Անուշ տոտա, – ասաց լեյտենանտը։  

– Աստղերը մարեցի՜ն, հրամանատար,- նորից ողբաց կինը,- ի՞նչ ենք ասելու ծնողներին, ես կգժվե՜մ, աչքիս առաջ էին, կային ու էլ չկա՜ն էրեխեքը։ 

– Այ կնիկ, մի կողմ գնա, – համարյա գոռաց մեզ մոտեցած կապիտան Բաղրամյանը,- մնա, ճաշ-մաշ սարքի, տղերքը ուտեն։

Ապա Անուշ տոտայից զենքը վերցրին․ ճաշարանում էլ իսկապես շատ գործ կար անելու։ 

Նստեցինք մեքենաները։ Մեքենայի շարժիչի ձայնը չէր խլացնում ճաշարանից լսվող Անուշ տոտայի ողբը՝ «Ձեր մոր աչքերը քոռացա՜ն, այ քյորփեք»։ 

Մեքենաները կանգնեցին N դիրքում։ Արագ իջանք, երազը չէր ավարտվում մի տեսակ ինքնաբերաբար, փայտե տիկնիկների նման դիրքավորեցինք։ 

– Պատերա՞զմ, – հարցրեց լեյտենանտը։

– Պատերա՛զմ, – պատասխանեց կապիտանը։ Նրա բեղերը կարծես թուլացել էին ու ցած կախվել։ Նա սովորաբար ժայռի նման էր, անզգա, սառը, բայց հիմա կարծես չէր գտնում իր տեղը։ 

– Էս ինչ քաքի մեջ գցեցին երեխեքին բոզերը, – ասաց լեյտենանտը, – ինչքան պիտի այլասերված լինեն, որ պատերազմ հայտարարեն 18, 19, 20 տարեկան էս էրեխեքին։  Ո՞նց ենք դիմադրելու, տեսա՞ր ինչ ռումբեր են գցում՝ Տոզ-բան։ Մի սարքին մեքենա, հրանոթ չունենք։ 

Կապիտանը ոչինչ չպատասխանեց։ 

Նա կարծես ահաբեկված լիներ, բայց ոչ իր համար, զգուշավոր հայացքներ էր նետւմ դեպի մեզ, որ քարացել էինք ամեն մեկս մեր տեղում։ Օդը հագեցած էր աղմուկով, լարվածությամբ ու զսպված շնչառությամբ։ 

Կապիտան Բաղրամյանը, անելիքը մտմտալով, նյարդայնացած այս ու այն կողմ էր տանում ձեռքի ռացիան։ 

– Ի՞նչ հրաման ենք ստացել, հրամանատար, – ասաց լեյտենանտը,- ի՞նչ ես  մտածում։

– Ինչ հրաման, այ տղա, դիմանալու հրաման է տրված։ Իսկ դու մնում ե՞ս,-հարցրեց կապիտանը։ 

Լեյտենանտը զարմացած նրան նայեց։  

Տեղաբաշխվել ենք մեզ ծանոթ դիրքերում․․․ Կողքիս գյումրեցի Արտաշն է, մի քիչ այն կողմ՝ Սաքոն Քյավառից, քիչ ավելի այն կողմ կովսականցի Բարսեղն է։ Ավելի հեռվում Տիգրանն է․․․ հանկարծ նկատում եմ հողի վրա թափված արյան հետքեր։ Տիգրանը վիրավոր է ու ոչինչ չասելով բարձրացել է մեքենան։ Արագ, կուզեկուզ մոտենում եմ ու ասում․ 

– Արա՛գ բացիր ձեռքդ։ Գոնե վիրակապենք։

Բացում ենք․ բեկորային վնասածք է, բավականին խոր։ 

– Այ դմբո՛, ձեն հանեիր,- չեմ կարողանում զսպել ինձ։ 

– Չեմ նկատել,- կարծես արդարանում է երաժիշտ Տիգրանը։

Վիրակապում ենք Տիգրանին, իսկ նա միայն անիմաստ ժպտում է ու ինչ-որ երգ մռթմռթում։ 

Ռմբակոծությունը չէր դադարում, բայց մենք մեզ ծանոթ խրամատներում կարծես հարազատ վայրում լինեինք։ Մեզ ծանոթ էր ամեն թուփն ու քարը, բլուրն ու ամրությունը։ Այստեղ մեզ կարծես ավելի ապահով էինք զգում։ Ամեն ինչ նույնն էր, ինչպես մեկ տարի ու երկու ամիս առաջ, երբ առաջին անգամ եկա մարտական հերթապահության։ Բայց հիմա այնքան շատ բան էր փոխվել մեր հոգում, մահեր, ռմբակոծություն, զորանոցները փլված ու ավերված, Անուշ տոտայի անմարդկային գոռոցը, անոտք զինվորներ, անհետացած Սերոբը․․․ Ու մենք՝ զինվորներս, զրահաբաճկոններով, նրանց մեջ ես՝ Կալաշնիկովի գնդացրով ու հասարակ ավտոմատով, ռումբերով․ էս ու՞մ դեմ ենք ճակատամարտի մեջ մտել․․․

Նորից ենք կրկնում ցուցումները նորակոչիկներին։ Նրանցից շատերը վախի հետք անգամ չունեին։ Ոմանք հուզված ու լարված էին։ Մենք նայում ենք միմյանց անսովոր ու զարմացած հայացքով, այդ հայացքները հնարավոր չէր թարգմանել ու մոռանալ․ դա մահ տեսած ու մահվանը սպասող, ամեն ինչի պատրաստ, համակերպված մարդու հայացք էր։ Այս տղաների հետ ես շատ լավ օրեր էի անցկացրել, երբեմն՝ վիճաբանել, անգամ շատ լուրջ տարաձայնություններ էինք ունեցել։ Հիմա մենք բոլորս միասին ենք, ընդդեմ ընդհանուր թշամու։ 

Ուղեղս մի հարց է շամփրում՝ արդյո՞ք մենք «քյորփեք» էինք․․․

Հենակետերից մեկում նկատում եմ տղերքից մեկի վերև բարձրացած բռունցքը ու, հասկանալով ակնարկը, բոլորս մի մարդու նման շատ արագ բարձրացնում ենք ու իջեցնում բռունցքներս, որ մի նշանակություն ունի՝ մենք պատրաստ ենք․․․  

Ուղեղիս մշուշը աստիճանաբար ցրվում է ու երազն ընդհատվում է, ես արթնանում եմ պատերազմի դաշտում։ 

2020 թվականի սեպտեմբերի 27-ն էր։ Սկսվել էր «քյորփեքի» առասպելական պատերազմն ընդդեմ համաշխարհային բանդայի։

Please follow and like us: