Չվախենա’լ ապրել․ Մարտիրոս Սարյանի նատյուրմորտների մասին/Վարդան Ջալոյան

Մարտիրոս Սարյանի նկարներում առկա է մի կենսազգացողություն, որը նրան դարձրեց «ամենահայկական» արվեստագետը: Դա վերաբերում է ոչ միայն նրա բնանկարներին, այլ նաև նատյուրմորտներին: Նրա պատկերած ծաղիկները և մրգերը Հայաստանում հարացույցի դեր են կատարել այս ժանրի զարգացման համար: 

Մ. Սարյանի արվեստում «կենդանի բնությունը» հակադրված չէ «մեռած բնությանը», կյանքը՝ մահվանը, նատյուրմորտները նրա  բնանկարների օրգանական շարունակությունն են: Երբեմն դա կարելի է ուղղակի տեսնել, երբ, ասենք, մրգերով նատյուրմորտի համար ֆոն է ծառայում բնանկարը: Նկարչի համար մրգերը հողի տված բարիքներն են, բնության շռայլության ապացույցներ, բայց ոչ միայն: Նման փոխկապակցվածությունը մեզ դրդում է Մ. Սարյանի նատյուրմորտները տեսնել որպես բնանկարներ, իսկ բնանկարը՝ որպես նատյուրմորտ, բնություն-նկարչի հմուտ կոմպոզիցիաներ: Բնանկարի և նատյուրմորտի այս հաշտեցումը արտահայտում է արվեստագետի կենսափիլիսոփայությունը՝ բնության միջոցով հաշտեցնել մարդուն մահվան հետ:

Մի առիթիվ նա ասել է. «Բնությունը ստեղծել է մարդուն, որպեսզի նրա աչքերով տեսնի այն և հիանա իրենով: Մարդը՝ դա բնությունն է, բնությունը՝ դա մարդն է: Մահը գոյություն չունի»: Այս բառերում ներկա է հավերժության մեծ գաղափարը, որ հավանաբար նա վերցրել է իր համար հոգեհարազատ եգիպտական մշակույթից: Բայց այդ հավերժությունը ներկա է ոչ թե ճարտարապետության երկրաչափական ձևերում այլ բնության գույների և լույսի մեջ: 

Լինում են ժամանակներ, երբ կյանքը ավելի սարսափելի է, քան մահը: Այդպիսի պահեր Մ. Սարյանը հաճախ է զգացել: Դրանք Եղեռնի տարիներին էին, 20-ականների անձնական ճգնաժամի տարիները: Այդպիսին էր նրա համար հատկապես ստալինիզմի դարաշրջանը: 1948-ին շատ արվեստագետների հետ Մ. Սարյանը մեղադրվեց «ֆորմալիզմի» համար: Դրան նախորդել էր «կոսմոպոլիտիզմի» և «արևմտյան արվեստի» դեմ քարոզարշավը: 1947 թվականի՝ Գեղարվեստի Ակադեմիան վերակառուցելու մասին Մինիստրների Խորհրդի որոշման մեջ ասվում էր. «Արևմուտքի արվեստի ծաղիկները ամուր արմատներ են թողել… այդ բոլոր մոլախոտերի դեմ, որոնք խանգարում են սովետական արվեստի զարգացմանը, հարկ եղավ երկար և համառորեն պայքարել: Արվեստաբանների և քննադատների ճնշող մեծամասնությունը ավելի քան 20 տարի անտեսում էր ազգային արվեստի ռեալիստական, հրաշալի ավանդույթները…»: Մ. Սարյանի ծաղիկները հետևաբար ևս դիտվում էին որպես արևմտյան արվեստի «չարի ծաղիկներ»:

Այս դրվագը ինձ թվում է՝ բացահայտում է նրա ծաղիկների խորհուրդը: Վ. Հյուգոն իր «Խաղաղեցնող պատկեր» բանաստեղծությունում գրում է. «Լանջերին կակաչ և կարմիր առվյուտ/ Բնություն՝ լեցուն սիրով/ Ինձ ասում է պարզ ժպիտով/ Մի վախեցիր, մա՛րդ, ապրի՛ր»: Կարծես գրված է Մ. Սարյանի նատյուրմորտների համար. կյանքը սարսափելի է, բայց պետք չէ վախենալ նրանից, հարկավոր է ապրել: Նրա նատյուրմորտները ընդմիշտ շարունակելու են պայծառ գույների պարզ ժպիտով սովորեցնել չվախենալ ապրելուց:

Please follow and like us: