Խորեն Արամունու «Սատանի ճուտը» վավերագրական վեպը/Հասմիկ Հակոբյան

Խորեն Արամունին իր «Սատանի ճուտը» ստեղծագործությունը հրատարակել է վավերագրական վեպ բնորոշմամբ՝ հավատարիմ մնալով վավերագրության հիմնական սկզբունքներին։ 

Գեղարվեստական ​​գրականության այս ձևը 1860-ական թվականներին հորինել են Գոնկուր եղբայրները՝ Էդմոնը (1822–96) և Ժյուլը (1830–70)։ 20-րդ դարում վավերագրական վեպը դարձել է գեղարվեստական ​​գրականության ձև, որը, ինչպես վավերագրական դրաման, հիմնված է վավերագրական ապացույցների վրա՝ թերթերի հոդվածներ, իրավական զեկույցներ, արխիվներ, պաշտոնական փաստաթղթեր և այլն։ Վավերագրական վեպն օգտագործում է վավերական պատմական նյութ, բայց այն ներկայացնում է ստեղծագործաբար՝ գեղարվեստական գրականության տեխնիկայի և ձևերի միջոցով. վիպասանները պատմական որևէ ժամանակահատվածի փաստական նյութը ներկայացնում են գեղարվեստական հերոսի և նարատիվի միջոցով։

Խորեն Արամունու վեպը 1948-ից սկսված հայրենադարձության մասին է։ Այս դեպքում վավերագրությունն ապահովվում է իրական կերպարների ներկայությամբ և պատմական իրադարձությունների առկայությամբ։ 

Հայրենադարձության թեման «Հայկական սփյուռքի պատմության» կարևորագույն թեմաներից մեկն է, քանի որ սփյուռքահայերի հայրենադարձությունը այսօր ևս բավականին արդիական խնդիր է: Խորհրդային շրջանում մի քանի անգամ կազմակերպվել է հայրենադարձություն, որոնց հիմնականում անդրադարձել են պատմաքաղաքական տիրույթում, մինչդեռ գրականության տիրույթում անդրադարձները սակավ են։ Ժամանակակից հայ գրականության մեջ սփյուռքահայերի հայրենադարձության թեմային անդրադարձել է Անուշ Ասլիբեկյանը «Մերսեդես» պատմվածքով, որը հետագայում որպես պիես բեմադրել է Հակոբ Ղազանչյանը։

Եթե Ա․ Ասլիբեկյանի պատմվածք/պիեսի հիմքում Եղեռնի պատճառով Սալոնիկ գաղթած մեկ հայ ընտանիքի պատմությունն է, իսկ հերոսները հիմնականում կանայք են, ապա Խ․ Արամունու վեպը չորս հարյուր տարի առաջ Շահ Աբասի քաղաքականության՝ բազմաթիվ հայ ընտանիքների տեղահան անելու արդյունքում Իրանում հաստատված ծագումով հայ ընտանիքների պատմությունն է, որի հերոսները հիմնականում տղամարդիկ են։ Խորեն Արամունու վեպն, ըստ երևույթին, վավերագրականի և գեղարվեստականի սինթեզ է, որտեղ գերակշռողը վավերագրությունն է։ Վեպը ներառում է մեծ հայրենադարձության տարիների և դրան հաջորդած ժամանակաշրջանի իրադարձությունները՝ պատկերելով իրանական ու հայկական միջավայրերում ապրող հայերի կենցաղը, սովորույթները, ճակատագրերը։ Կենտրոնում մարդն է։ Վեպի հերոսները մարդիկ են, որոնք պատմության վկաներ են․ նրանցից յուրաքանչյուրն ունի իր գաղափարական ուղին, որին փորձում է հավատարիմ մնալ՝ յուրովի ջանալով փոխել, ավելի լավը դարձնել հայրենակիցների կյանքը, աշխարհաքաղաքական խաղերի բովում պաշտպանել հայրենիքը՝ Հայաստանը։ Արդյունքում շատերը հենց այդ մեծ խաղերի զոհերն են դառնում։ Հետևելով հերոսների կյանքի ուղուն՝ զուգահեռ ծանոթանում ենք հայոց պատմության մի կարևոր ու նուրբ շրջանի՝ հայրենադարձության և դրա հետևանքների նրբություններին, որոնք տարիներ շարունակ գտնվել են «կուլիսների ետևում»։ Նոր հանգամանքների լույսի ներքո է ներկայացվում սովետահայ իրականության մի ժամանակաշրջան, որի մասին նախկինում ոչ ոք համարձակություն չի ունեցել բարձրաձայն ու բացահայտ խոսելու։

Վեպի հիմքում ընկած են Իրանում ծնված ու մեծացած, հայկականությամբ սնված և ազգային ինքնությունը հաստատուն պահած տղաների՝ Սիմոնի, Վարդանի, Վարուժի և այլոց կյանքի առանցքային դեպքերը, նրանց գործունեությունը ներկայացնող պատկերները, որոնք մեծ մասամբ շաղկապված են հայրենիքում տեղի ունեցող էական իրադարձությունների հետ և երկխոսությունների ու հեղինակային մեկնաբանությունների միջոցով են մատուցվում։ Նրանք հերոսներ են, որոնք սեփական մաշկի վրա են զգում շուրջ չորս հարյուր տարի առաջ Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի հետևանքները։ Հերոսները հաճախ են անիծում իրենց ճակատագրի գիծը գծողին, դժգոհ են իրենց կյանքի ընթացքից․ բոլորովին այլ ապագայի մասին են երազել, բայց հայտնվել են այլ իրականության մեջ։ Նրանց համար հերոս ու իդեալ է Րաֆֆու Խենթը։ Վեպի հերոսներից Հայ Վարդանը հաճախ է հղում անում Րաֆֆու Խենթին՝ փորձելով ապրել նրա սկզբունքներով։ Հերոսների համար առանձնահատուկ նշանակություն ունի երկաթյա վարագույրով փակված հայրենիքը։ Նկարագրվող ժամանակահատվածում երկաթյա վարագույրը բավականին մաշվել է, և շատերին թույլ է տրվել իրագործել տարիների երազանքը՝ հաստատվել հայրենիքում։ Սակայն հայրենադարձությունը բոլորովին այլ իրականություն է բացել հայրենադարձվածների համար՝ առաջ բերելով հիասթափության մեծ ալիք։ 

Վեպը սկսվում է Իրանում հայկական թաղամասի կենցաղի, սովորույթների, հոգեբանության և կրոնական տարբերության պարագայում հայ-իրանական ազգամիջյան շփումների հիմնական պատկերը ներկայացնող պատմություններով։

Վեպի գլխավոր հերոսն ու գործող անձը հիմնականում Հայ Վարդանն է, որն իրական կերպար է․ նախատիպը Վարդան Քամալյանն է։ Նրա շուրջ են ծավալվում հիմնական իրադարձությունները, սակայն վեպը վերնագրված է մեկ այլ հերոսի՝ Սիմոնի մականունով՝ «Սատանի ճուտ»։ Լայն առումով՝ Վարդանը նույնպես ոչ պակաս «Սատանի ճուտ» էր։ Վարդանի նկարագիրը, նրա հետ կապված իրադարձությունները հեղինակը շարադրել է՝ հաշվի առնելով Տիգրան Դավուդյանի, Սերոժ Խաչատրյանի, Հաբեթ Բաբախանյանի, Նարբե Տեր-Մկրտչյանի պատմած հուշերը Վարդանի մասին։ Ծանոթանալով Վարդան Քամալյանի կենսագրությանը՝ հասկանալի է դառնում, որ հեղինակը նրա կյանքի որոշ հատվածների չի անդարդարձել, ինչպես օրինակ՝ անձնական կյանքին, ամուսնանալու, կնոջ հետ հայրենասիրական պայքար մղելու փաստին, կամ Ֆրանսիայում անցկացրած կարճ ժամանակահատվածին։ 

Վեպի հերոսներին մենք տեսնում ենք թաղային արկածների մեջ՝ ծանոթանալով իրանահայ համայնքի կենցաղավարության հետաքրքիր դրվագների, տեսնում ենք դպրոցում՝ գաղափար կազմելով իրանական միջավայրում գործող հայկական դպրոցների կրթական մակարդակի և այլ նրբությունների մասին։ Տեսնում ենք, թե ինչպես է Իրանում ապրող հայերի հիմանական մասը երազում Հայաստանում հաստատվելու մասին։ Նրանք մեծագույն ակնածանք ունեն հայոց տառերի, հայկական գրի, Հայաստանից եկած նույնիսկ նամակի փոքրիկ թղթե կտորի նկատմամբ։ Հայաստան առաջին անգամ ոտք դրած Վարդանը տեղացիների մոտ տարօրինակ տպավորություն է թողնում․ նա քայլում է ժպիտն ու արցունքներն աչքերին, փարվում է ամեն մի թփի ու ծառի, բարձրաձայն իր սերն է արտահայտում հայրենակիցների նկատմամբ՝ առանց հաշվի առնելու նրանց անծանոթ լինելու հանգամանքը։ 

Վարդանի խանդավառությունը, սակայն, բոլորովին այլ տրամադրությունների է բախվում։ Ավելի վաղ գաղթածները պատմում են իրենց հիասթափությունների մասին՝ խորհուրդ տալով հրաժարվել հայրենադարձության մտքից։

«-Չեմ իմանում, խորհուրդ չեմ տա Հայաստան գաս։ Հայրենադարձները բոլորն էլ փախչում են, էդ ի՞նչ ես կպել՝ գալու եմ, կգամ․․․

-Գալիս եմ, որ իմ երեխան Հայաստանում մեծանա։ Նայում եմ քո տղային՝ աչքերիցս երջանկություն ա ճառագում։ Դու լավ նայե՞լ ես սփյուռքահայի աչքերին, տեսե՞լ ես՝ ինչքան կարոտ ու չիրականացված երազներ կան էնտեղ։

-Էդ կարոտներից ու երազանքներից մենք էլ ենք ունեցել, նորություն չի։ Էկանք թե չէ, Պարսկաստանի խինան ու զառ-ժերսեն երազեցինք, աչքներս ջուր կտրեց, որ մի քանի կտոր, թեկուզ օգտագործած, ջինս ու զիբիլներ ուղարկեք, որ կարողանանք փախչելու համար մի ծակ ճարենք։ Մեր տղաների մեծ մասն էդպես էլ մնաց անորոշության մեջ, ով կարողացավ, փախավ, ում էլ չի հաջողվել, դեռ ելք է փնտրում, յուրաքանչյուր անձի համար հինգ հազար ռուբլի կաշառք են ուզում, հասկանո՞ւմ ես՝ թե ինչ ա նշանակում, այսինքն՝ իմ հինգ տարվա աշխատավարձը պիտի տամ ու խնդրեմ ինձ դուրս շպրտեն իմ իսկ հայրենիքից»։ 

Երկխոսություններից հասկանալի է դառնում, որ հայրենադարձ իրանահայերին տեղավորելու հարցում կառավարությունը բավականին ուշադիր է ու զգուշավոր․ բարեկամներին նույն քաղաքում չի տեղավորում, իսկ «տուրիստներին» թույլ չի տալիս Երևանից քսան կիլոմետրից ավել հեռանալ։ 

Հայաստանում ունեցած մի քանի հանդիպումներից հետո Վարդանի մոտ հարց է առաջանում, թե ինչու են հայրենադարձները, ներկան ու ապագան թողած, անցյալով ապրում։

«Ձենդ տաք տեղից ա գալում, Վարդան ջան,- ըմբոստանում է ներկաներից մեկն ու շարունակում,- տուրիստ ես եկի, որ հիմնական գաս, էդ հարցիդ պատասխանը հենց ինքդ կտաս։ Որ ուզես ճիշտն իմանաս, մենք լավ փողով էկանք, հիմա էլ, փառք Աստծու, վատ չենք, փողի պակաս չունենք, ամա եթե Պարսկաստանում հայ ինք ու երկրորդ կարգի քաղաքացի, էստեղ՝ երրորդ կարգի ենք ու հայ չենք՝ պարսիկ ենք։ Սովետը որ քանդվի, ով մի ծակ ճարի, կփախնի, տեղացիներն էլ կփախնեն։ Մի հատ ջոք կա․ Բեյրութից հայրենադարձված հայրին հարցնում են՝ ախպար, որ սահմանները բացվի, ի՞նչ կանես։ Ծառը պիտի բարձրանամ, պատասխանում է նա։ Ինչո՞ւ, հարցնում են նրան․ որ փախչողների ոտքի տակ չտրորվեմ․․․»։

Հայաստանում ազգային վառ գաղափարներ բարձրաձայնող Վարդանին ուղեկցող ընկերը՝ Վարուժը, որ ավելի վաղ էր հաստատվել Հայաստանում, կրթություն էր ստացել ու գիտությամբ էր զբաղվում, շուտով գիտաժողովի պատրվակով հրավիրվում է Մոսկվա, որից հետո ընկերները նրա մասին այլևս տեղեկություն չեն ստանում։ 

Միայն ամենից համառներն ու գաղափարականներն են այդ համատարած հիասթափության ալիքի ու խիստ հսկողության ներքո շարունակում հետևողականորեն ու լավատեսորեն իրագործել հայրենիքի ապագայի հետ կապված իրենց ծրագրերը։ Համառներից է նաև Վարդանը։

Խորհրդային իշխանությունը մերժում է Վարդանի՝ Հայաստանում հաստատվելու համառ դիմումը՝ նրան ուղղորդելով սփյուռք, քանզի Վարդանի ազգային գաղափարները հայրենիքում կարող են վտանգավոր լինել իր իսկ կյանքի համար, իսկ սփյուռքում դրանք կենսականորեն անհրաժեշտ են։ Վարդանը չի հանձնվում։ Նա շարունակում է ուղիներ որոնել հայրենիքին օգնելու համար։ Իրանից նա և նրա ընկերները ավելի պարզ ու հստակ են տեսնում աշխարհաքաղաքական խմորումների համատեքստում Հայաստանի շուրջ կուտակված ամպերը։ 

Ծիծեռնակաբերդի ճանապարհին դիմելով ընկերոջը՝ Վարդանն ասում է․ «Վարուժ, տե՛ս, նայի՛ր այն եղևնու տակ, տես՝ ինչպես են այն երիտասարդները համբուրվում։ Դա հազար ծաղիկ արժի, այդ հայ երիտասարդների յուրաքանչյուր համբույրը մի վարդ է՝ մեր վերածննդի խորհրդանիշը։ Մենք դեռ ապրում ենք, սիրում, համբուրվում ենք, մենք կանք ու կմնանք, վկա էդ երիտասարդները։ Թե ոչ, սփյուռքում թրքական դեսպանատներ մտնելով, ջարդելով, փշրելով ու մի քանի տարի ճաղերի հետևում կտտանքների ենթարկվելով, արդյունքի չենք հասնի․ մենք պետք է միմյանց սիրենք ու մեր համբույրները նվիրաբերենք մեր անմեղ զոհերի հիշատակին․․․»։

Իր կազմակերպչական ջիղի և ճկունության շնորհիվ Վարդանին հաջողվում է ֆինանսական ու նյութական օգնություն հավաքել ու տրամադրել ոչ միայն իրանահայ համայնքին, այլ նաև հայրենիքին ամենաօրհասական պահերին՝ երկրաշարժից հետո և արցախյան շարժման մեկնարկին, իսկ հետո անձամբ է միանում Արցախի ազատագրական շարժմանը։

Վեպի դրամատիկ կերպարներից է Սիմոնը՝ նույն ինքը՝ Սատանի ճուտը։ Մանուկ հասակից զրկված լինելով հայրական ներկայությունից՝ Սիմոնը, շատ փող ունենալու և մանկության տարիների ծաղրուծանակի ենթարկված ինքնասիրությունը վերականգնելու, մեծ հարգանք ունենալու մոլուցքով տարված, հայտնվում է թմրամոլների միջավայրում՝ դառնալով թմրամոլ։ Թմրամոլ է դառնում նաև նրա եղբայրներից Մարտիկը, իսկ Գևորգը կարողանում է ընտանիք կազմել և կանոնավոր կյանքով ապրել։ Սիմոնն անձնվիրաբար աջակցում է ընկերոջ՝ Վարդանի նախաձեռնություններին, սակայն Վարդանն այդպես էլ չի կարողանում փրկել ընկերոջը թմրամոլության ճիրաններից։ Նա Իրանի հյուսիսում գտնվող հայկական Դարաշամբ բնակավայրում, որն այժմ լքված է, հավաքում է Սիմոնի նման ճակատագրի բերումով թմրամոլության թակարդում հայտնված երիտասարդներին՝ նրանց մաքրվելու, բուժվելու հնարավորություն տալով։ Այս հատվածում հեղինակն անուղղակի կերպով խոսում է Իրանում հայկական հետքերի՝ Սուրբ Ստեփանոս վանքի, Առաքել Դավրիժեցու թողած վկայությունների մասին և այլ պատմական արժեք ունեցող իրողությունների մասին։

Չնայած վեպի հերոսները հիմնականում տղամարդիկ են, սակայն հազվադեպ հանդիպող կանանց կերպարների միջոցով կարող ենք գաղափար կազմել նաև իրանահայ կանանց կարգավիճակի և մտածողության մասին։ Մեծ հաշվով նրանց կարգավիճակը չի փոխվել դեռ հարյուր տարի առաջ նույն միջավայրի մասին պատմող Րաֆֆու «Հայ կինը» ուսումասիրության մեջ նկարագրվող կնոջ կարգավիճակից։ Սիրանուշի, Վոլգայի, Թինայի կերպարների միջոցով մենք տեսնում ենք, թե որքան խեղճ, կամազուրկ, արտահայտվելու հնարավորություն չունեցող էակ է շարունակում մնալ կինը, որի ճակատագիրը տղամարդիկ են տնօրինում։ Մեծ մասամբ կանայք դժբախտ են, կաշկանդված, ունակ չեն լուծելու որևէ խնդիր։ Սիմոնի, Գևորգի և Մարտիկի մայրը՝ Սիրանուշը, ամուսնու բացակայության պայմաններում չի կարողանում միայնակ վերահսկել երեք տղաների վարքը․ անզորությունից միայն անեծքներ է տեղում ու լաց լինում։ Սիմոնի սիրած աղջկան՝ Վոլգային, հայրն առանց նրա ցանկության Հայաստան է տանում, որտեղ էլ առանց նրա կամքը հարցնելու ամուսնացնում է, իսկ հետո պարզվում է, որ ամուսինը հարբեցող ու բռնարար է։ Ի վերջո Վոլգան երկու երեխաների հետ փախչում է հոր մոտ։ Միայն մեծ տղային, որին Սիմոնի անունն էր տվել, բանակ ճանապարհելուց և հոր մահից հետո է Վոլգան փորձում բռնել ինքնահաստատման, կորցրած եսը գտնելու ուղին։ Մարտիկի կինը՝ Թինան, տարիներ շարունակ տառապել էր ամուսնու թմրամոլության պատճառով։ Սակայն նա Վարդանի ջանքերից ու Մարտիկի մաքրվելու խոստումից հետո որոշում է դստեր հետ վերադառնալ ամուսնու մոտ ու մնալ նրա կողքին, որ երեխան առանց հայր չմեծանա։ Վեպում կանանցից թերևս միայն Հասմիկն է՝ Գևորգի կինը, որ ապրում է ընտանեկան առողջ միջավայրում, քանի որ ամուսինը նրան հարգում ու գնահատում է ըստ արժանվույն։

Վեպում ցավով տեսնում ենք, թե տղամարդիկ ինչ ազդեցություն կարող են ունենալ կանանց ճակատագրերի վրա։ Նրանցից է կախված կնոջ կյանքի որակը, չնայած որ նրանք էլ ունեն կայացման խնդիր, կյանքում լիարժեքորեն չեն գտել իրենց տեղը։ 

Հաշվի առնելով այն փաստը, որ հեղինակը նույնպես ծնվել ու մեծացել է պարսկական միջավայրում, հիմնականում անցել է այն իրադարձությունների միջով, որոնք նկարագրված են վեպում՝ տեղին է հիշել շվեյցարացի գրականագետ Ջ․ Ֆ․ Ժակարդի՝ ստեղծագործության և հեղինակի փոխհարաբերության մասին այն տեսակետը, որ գրականությունը միշտ ինքնահղում է. այն միշտ պարունակում է «դիսկուրս իր մասին»։ Սակայն հարկ է հստակեցնել, որ սա ինքնակենսագրություն կամ հուշագրություն չէ։

Ստեղծագործության ատաղձը հեղինակային պատումն է, որն ընդմիջարկվում է երկխոսություններով, նամակներով, պարսիկ բանաստեղծների գրած քառյակների կամ բանաստեղծական հատվածների մեջբերումներով, երբեմն էլ՝ պատմաաշխարհագրական տեղեկություն պարունակող կարճ տեքստերով։ 

Վեպի վերջում, սակայն, որոշ հերոսների, ինչպես նաև Վարդանի ճակատագրի վերջնական հանգրվանն անհայտ է մնում։ Վեպն ավարտվում է Մոնթեի մահվան օրվա մարտերը ներկայացնելու պատկերավոր պատմությամբ, որին ներկա է լինում նաև Մոնթեի զինակից ընկեր և վեպի գլխավոր հերոս Հայ Վարդանը։ Հեղինակը ծանոթագրություններում նշում է, որ վեպի այդ հատվածի նյութը վերցրել է հայկական Վիքիպեդիայից։ 

Այսպիսով՝ վեպում արծարծված թեման խիստ կարևոր է և արդիական, սակայն հարկ է նկատել, որ այստեղ գեղարվեստը զիջում է վավերագրությանը։ Չնայած պատումը հագեցած է ու խիտ, սակայն երբեմն խախտվում է իրադարձությունների շղթայի տրամաբանական կապը․ թռիչքները կտրուկ են։ Վեպը նախ և առաջ արժեքավոր է տեղեկատվության առումով․ այն՝ իբրև պատմա-գործառական ուսումնասիրության օբյեկտ-միավոր, կարող է պատմական՝ վեպում նկարագրված ժամանակաշրջանը քննելու և գնահատելու, ազգագրական, հայագիտական, հասարակագիտական հետազոտություններ կատարելու բավականին հարուստ նյութ տալ ուսումնասիրողներին նույնիսկ շատ տարիներ անց։

Please follow and like us: