Հասմիկ Մարտիրոսյան/Ես ինձ զգում եմ կարմրամազ մեռել

Շուրջս, ներսս

Շուրջս մահ է, ներսս մահ է,
Ես մահվան շնչով եմ շնչում,
Կյանքս էս ֆիլմում մի պահ է,
Որ դեպի լույսն  է տենչում: 

Ներսս՝ կարոտ, շուրջս մարտ է,
Պայքարում եմ ինքս իմ դեմ,
Ու թվում է՝ միտքս հարթ է,
Բայց դեռ շատ բան պիտի նետեմ:

Ներսս՝ հրաբուխ, շուրջս ցուրտ է,
Մոլորվում եմ ես մթան մեջ,
Հոգիս՝ հյուծված, մռայլ, մութ է,
Էլ ոչ ուժ կա, ոչ բողոք, ոչ էլ՝ վեճ:

. . . 

Մնացի էնքան մենակ, ինչքան հոգիս,
Ու մոլորության մեջ ինձ չեմ գտնում,
Խավարն ու ցուրտն են թառել գոքիս,
Իրենց որջը հետ չեն մտնում։

Այդ ցուրտը մարմնովս մեկ տարածվում է,
Ես ինձ զգում եմ կարմրամազ մեռել,
Որ արևի ճառագայթներից ցնծում է, 
Բայց խավարը հոգու բեռ է։ 

Միակ փափագս դարձել է այն պահը,
Որ չափսոսեմ ծնունդիս համար,
Որ ձգտեմ դեպի կյանքը, այլ ոչ՝  մահը,
Ու նեղ աշխարհը լինի բավարար։

Իմ խելագարությունը

իմ քմահաճ խելագարությունն եմ պաշտում,
Մեր հարաբերությունները խրթին ու վերքոտ են,
Երբեք իրար հետ չենք հաշտվում,
Բաց գրակխառնությունները շատ կրքոտ են: 

Նա ինձ միշտ պաշտպանում ու փրկում է ուրիշներից,
Իսկ այ իրենից ինձ պաշտպանող ու փրկող չկա,
Հոգնել եմ այս անօգուտ ու անիմաստ փախուստներից,
Ինչքան էլ լքեմ, մեկ է՝ իր պես կրքոտ գրկող չկա: 

Երբեմն ինձ սիրահետում, թեյի է հրավիրում,
Երբեմն էլ որպես հին ընկերներ հարբում ենք երկուսով,
Տոներին ծաղիկներ ու շոկոլադ է նվիրում,
Երեկոներն էլ դարդերից է կիսվում՝ մեծ հույսով:

Ես նրան պաշտում եմ այնքան, ինչքան՝ ինքը ինձ,
Ու նույն պահին ավելի շատ նողկում եմ,
Բայց որ կպել է մաշկիս՝ ինչպես պինդ սոսինձ,
Փախուստի բոլոր ելքերը կողպում եմ:

Փակագծերի մեջ

Ամեն օրով մխրճվում եմ էս հոտած ճահճի մեջ,
Էլ չեմ ջանում ստեղծել ուտոպիա կամ եդեմ,
Ինձ հետ արդեն չունեմ խնդիր, չունեմ ոչ մի վեճ,
Հիմա մենք միասին ենք մարտնչում բոլորի դեմ:

Ու փտում է ապրելուս ժամանակը քայլ առ քայլ,
Հոտում են բոլոր տված սուտ խոստումները,
Գայթակղությունը արդեն ոչ գույն ունի, ոչ փայլ,
Հիմա իշխում են միայն սառը պոռթկումները: 

Ուրիշ աշխարհներում էակները գուցե ավեի «մարդկային» են,
Ու սերը ոչ վաճառվում է, ոչ վարակվում, ոչ էլ վախճանվում,
Գուցե ժամանակն ու մահվան օրենքները լղոզված ու անկայուն են,
Ու խաղաղության դրոշակն է միշտ ծածանվում: 

Ես էլի փորձում եմ ինչ-որ տեղ իմ եդեմը, իմ ուտոպիան գտնել 
Ես ես եմ, անուղղելի ԵՍ-ն եմ, անուղղելի արևոտ եմ,
Մեկ կուրացնելու չափ փայլում եմ, մեկ որոշում եմ մայր մտնել,
 Չափազանց եթերային եմ, բայցևայնպես «կավոտ» եմ: 

 «Խառնաշփոթ» անունով աշխարհ է իմ գլխի մեջ,
Որտեղ դժվար եմ գտնում այն, ինչ փնտրում եմ,
Բայց Ինձ հետ արդեն չունեմ խնդիր, չունեմ ոչ մի վեճ,
Հիմա մենք միասին ենք մարտնչում բոլորի դեմ:

Please follow and like us: