Լուսանկարը՝ Գերման Ավագյանի («Տեսողական պոեզիա» գրքից)

Հրաչյա Սարուխան/Երանիներ ճնճղուկներին

ԶՐՈ ԺԱՄ

Սահմանների սահքը համընկնում է:
Անհնար է դառնում դեմքդ վերհիշելը:
Արտասուքի նման ժամն ընկնում է,
Ու այտերն է սրբում կեսգիշերը:
Վարագույրը թաքցնում է բառն անհրաժեշտ.
Բառը,
Որ անդադար որոնել եմ:
Ի՞նչ բաժանում,
(Լսի՜ր),
Ի՞նչ հրաժեշտ,
Եթե հանդիպումը հորինել եմ:
Զարմանալի բան է. ես սիրում եմ էլի:
Ստվերները գալիս ու դարսվում են:
Վերհիշում եմ լույսը լապտերների
Ու, չգիտեմ ինչու,
Արտասվում եմ…
Մի՜ երևա,
Սեր իմ,
Մի՜ երևա.
Արցունքների միջից ո՞նց ծիծաղեմ…
Դու հիշո՞ւմ ես դեռ ինձ,
Իմ Երևա՜ն,
Թե՞ վաղուց ես արդեն քմծիծաղել…
Է՜հ, կորուսյալ օրեր, մնաք բարով:
Մնաս բարո՜վ, վերջին արդարացում,
Մնաս բարո՜վ, կորուստ հեզաբարո:
Իմ Երևա՜ն,
Իմ սե՜ր,
Մնաք բարո՜վ:
Ձեր հեռավոր, անհաս ճամփաներին,
Իմ որոնած բառե՜ր,
Մնաք բարով:

ԱՅՍ ԳԻՇԵՐ

Անետին

Տերևների տակ թող սերը քնի:
Մոմերը հալվեն կաթիլ առ կաթիլ:
Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի…

Ատի’ր, խնդրում եմ, շուրթերս ատիր:

Լուսինն այս գիշեր ագռավ կդառնա:
Աստղերը` մոշի փայլփլուն հատիկ:
Խղճմտանքներիդ հաշիվը խառնած-

Ատի՛ր, խնդրում եմ, աչքերս ատիր:

Թող այս գիշեր էլ սրբերն ինձ խաբեն:
Սատանան հառնի երկնքի պատին:
Աղոթագրքի մրու՜րը լափեմ…

Ատի՛ր, խնդրում եմ, մեղքերս ատիր:

Թող զուգավորվեն ժպիտով ցինիկ
Ստույգ դժոխքն ու դրախտը պատիր:
Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի…

Ատի՛ր, խնդրում եմ, աղոթքս ատիր:

ՀՐԱԺԵՇՏ ԱՆԾԱՆՈԹ ՊԱՌԱՎԻՆ
ԳԱՐՆԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

Գնում ես: Ճիշտն ասած` տանում են,
Պառա՜վ իմ, անծանոթ պառավ,
Եվ ահա –
Շրջում է անունդ՝
Մահազդի շրջանակն առած:

(Ինչ դառն է)… Գարեջուր եմ խմում:
Գլխարկս թողել եմ տանը:
Դագաղը քսվում է քամուն:
Մեղեդին թեթև է ու ծանր:

Քեզ համար էլ չկան հասցեներ:
Իմ բաժին հրաժեշտն եմ տալիս:
Կհիշե՞ս – Տեր Աստծուն հարցնել`
Ինչո՞ւ են մահանում ժպտալիս:


Պառա՜վ իմ, անծանոթ պառավ,
Ես ի՜նքս էլ անուն եմ երթևեկ.
Մահազդի շրջանակն առած –
Ես էլ եմ շրջելու երբևէ…

Տանում են: Ճիշտն ասած՝ գնում ես:
Քեզ համար –
Մենք արդեն թքած…
Իսկ այստեղ Սամվելը քնում է՝
Գլուխը գավաթին թեքած:

ԵՐԱՆԻՆԵՐ ՃՆՃՂՈՒԿՆԵՐԻՆ

Երանի ձեզ, որ չեք հարբում պանդոկներում,
Չեք ճանաչում միջակ ու մեծ պոետներին…
Այդ ի՜նչ հրաշք բան է ծաղկում ձեր թևերում,
Որ երբևէ չեք նախանձում իմ թևերին:

Ո՜նց եմ զզվել այս թևերից, Աստված վկա,
Սուտ գուրգուրող ու սուտ փարվող այս թևերից,
Որ, ճշտելով ամենօրյա կան ու չկան,
Խուսափում են ողջագուրման պարզ ձևերից:

Երանի ձեզ, որ ճռվողում կայտառորեն
Ու ամեն պահ մոտենում եք այն սահմանին,
Ուր ամեն ինչ (օրինական թե անօրեն)
Ձեր էության մատուցումն է անսահմանին…

ԱՅԲ երանի. չեք նախանձում իմ թևերին:
ԲԵՆ երանի, որ չեք հարբում պանդոկներում:
ԳԻՄ երանի. չեք ճանաչում պոետներին:
ԴԱ երանի, որ այսպիսի երգ չեք գրում:

ՀԻՆԱՎՈՒՐՑ ԵՐԳ

Մենք մի կավից ենք, քույր իմ նազելի,
Էլ ի՞նչ ես նայում այդպես անհաղորդ…
Թող վաղնջական բույրը մազերիդ
Անուշազօծի պատկերս աղոտ:

Հոգնել եմ արդեն այս անձրևներից,
Որ ինձ տանում են մշուշոտ ափեր…
Ա՜խ, մի թևաբախ երազ գար նորից
Ու լեթարգիական քունս շոշափեր:

Հոգնել եմ նաև ես քո քույրերից,
Բայց գգվանքներիդ պիտի հավատամ ,-
Նայի՜ր, ինչպես են օրհներգում վերից
Մեր մեջ հղացվող Եվա ու Ադամ…

Մենք մի կավից ենք, քո՜ւյր իմ նազելի,
Նույն արարումի երկու տարբերակ…
Մերն են թզենու տերևներն էլի,-
Արի նորոգենք դրախտն ավերակ։

ԼՈՌԵՑՈՒ ՊԵՍ

(Ինքնուղերձ)


Սեպտեմբերյան ծննդաբույր մի գիշեր
Դու էլ հանկարծ երազ եկար Աշխարհին,
Ինչպես անթիվ ու անհամար ուրիշնե՜ր
Էահոլով գոյարանում աշխարհիկ:

Երազ եկար… Ու քանի դեռ կենսազարդ
Առկայում ես տևողության ոլորտում,
Քեզ թվում է՛ մշտատեսիլ երազն այդ
Է՜ անսկիզբ քո սկզբից է հորդում…

Բայց հո գիտես, որ Աշխարհը պահ առ պահ
Վեր է թռչում իր արթմնի քնի մեջ,
Եվ մշտապես մի նոր երազ է առկա՛
Տևողության մի նոր սկիզբ ու նոր վերջ:

Ուստի, հոգի՜ս,
Ո՜Վ ԻՄԱՆԱ` ՈՒՐ ԸՆԿԱՆՔ,
Լոռեցու պես
ՔԱՆԻ՜ ՕՐՎԱ ՀՅՈՒՐ ԸՆԿԱՆՔ,
Նրա ասած
ՍԵՐՆ ՈՒ ՍԻՐՏՆ ԷԼ ԵՐԲ ՉԿԱ,
Նրա նման
ԿՐԱ՜Կ ԸՆԿԱՆՔ, ԶՈ՜ՒՐ ԸՆԿԱՆՔ…

19 ՏՈՂ

Եթե բառերը կորցնեն իրենց իմաստը,
Եթե դու հեռվում լինես և չվերադառնաս,-
Ուրեմն ամեն տեսակ սպասումներն անիմաստ են,
Ուրեմն խաբուսիկ են հնչյունները խառնակ:

Եթե դաշնամուրի փոշին չես սրբելու էլ երբևէ,
Եթե ձայնդ փարվելու է այլոց ականջներին,-
Ների՜ր,
Ների՜ր դու իմ հասուն սերը, որ չունեցավ թևեր,
Եվ բառերիս բաժին տխրությունը ներիր:

Եթե անքնության հաշվին ավելանա մատներիս դեղինը,
Եթե հաջորդ տողի համար ես չարչարվեմ երկար,-
Մի՜ կարծիր,
Թե ամեն ոք, ով ընկնում է Սուրբ Հեղինե,
Տանուլ է տվել պատերազմը ներկա…

Դեռ երկար է պտտվելու այս հիմար մոլորակը:
Իսկ հիմա`
Բարի գիշեր, աղջնա՜կ իմ…
Թող օրհնվի ամենուր հարսանեկան պսակը,
Եվ թող օրհնյալ լինի հողը աճյունակիր:

Please follow and like us: