Թոքախտավոր, թափանցիկ/Վարդան Ջալոյան

Չարենցի ամենասիրված բանաստեղծություններից է․

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի.
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ոչ մի հիվանդություն գեղարվեստական ​​գրականության մեջ այնքան հաճախ չի հիշատակվում որքան թոքերի տուբերկուլյոզը՝ թոքախտը։ Երբ կարդում եմ չարենցյան բանաստեղծությունը, ակամա հիշում եմ Ալեքսանդր Դյումա կրտսերի սիրուհի Մարի Դյուպլեսիին (Marie Duplessis)՝ նրա «Կամելիազարդ տիկինը» վեպի նախատիպին։ Մարին հիվանդ էր տուբերկուլյոզով, որից նա մահացավ 1847 թվականին, 23 տարեկան հասակում։ Էդուարդ Վիենոյի նկարած նրա ամենահայտնի դիմանկարում փայլուն սև մազերը, փայլուն աչքերով օվալաձև դեմքը և փղոսկրի գույնի մաշկը հիացնում են նույնիսկ ժամանակակից նրբագեղ դիտողին:

19-րդ դարի գրողները տուբերկուլյոզը համարում էին «ազնվական» հիվանդություն և հենց դրանով էլ «վարակեցին» իրենց կերպարներին՝ ընդգծելու համար նրանց ճակատագրի ողբերգականությունը։ Երկար ժամանակ համարվում էր, որ տուբերկուլյոզը զարգանում է անձնական դրամաների պատճառով՝ մելամաղձոտ մարդկանց մոտ։ Բայց XIX-րդ դարի վերջին բժիշկները պարզեցին, որ այն վարակիչ հիվանդություն է։ Սակայն հիվանդության շուրջ հյուսված միֆը պահպանեց իր հմայքը։

Երբ խոսում ենք հայկական պոեզիայի մասին, իհարկե, հիշում ենք առաջինը Պետրոս Դուրյանի մասին։  1871 թվականի սկզբին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի առաջին նշանները։ 1871 թվականի վերջին Դուրյանն արդեն անկողնային հիվանդ էր։ Դերասան Հրաչյան իր ինքնակենսագրականում հիշում է, թե ինչպես Դուրյանը, տետրակը թևի տակ դրած, բեմ բարձրացավ․ նա եկել էր իր «Թատրոնը» ներկայացնելու և ակնկալում էր, որ Վարդովյանն այն կընդգրկի իր թատերախմբի խաղացանկում։ 

«Ներս մտավ պատանի մը՝ երկար հասակով ու երկայն վզով, ուներ երկայն քիթ, գունատ էր։ Մոխրագույն ու շատ մաշված զգեստ էր հագած. թևքին տակ կար տետրակ մը։ Երբ երևցավ, դերասանուհիները սկսան ծիծաղ՝ ըսելով. «Քա՛, Թերեզա՛, քուկինդ եկավ»։ Իսկ Թերեզան պատասխանեց. «Այնքան գունատ է, որ ինձ պետք չէ, շուտով կմեռնի»։ Ես լսեցի այդ խոսքերը, բայց չէի կարծեր, թե պատանին ալ լսած էր։․․․ Երբ իր մահեն հետո կարդացի անոր բանաստեղծությունները, ան ատեն իմացայ, թե ան էլ լսած էր Թերեզա Չուխաճեանի խոսքերը, քանի որ գրել էր․

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ’ունի սոսկ – ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ – «Կը մեռնի»»։

Իր մասին երևի ամենահուզիչ արտահայտվել է մեծ գրող Զապել Եսայանը․ «Այնքա՜ն սիրած, այնքա՜ն լացած եմ իրեն համար, իմ երիտասարդությանս տարիներուն իր ցավովը ցաված և իր տառապանքովը տառապած եմ երկարորեն. իր տենդերը , իր գանգատները, իր հիվանդ կուրծքին հևքը և մրմունջները տարիներուն մեջեն եկած հասած են ինծի ու կարծես մատներովս դպած եմ անոնց և ականջովս լսած. ինչպե՜ս պիտի ուզեի իր ժամանակին հասած ըլլալ ու գտնալ իր նվիրական հյուղակին ճամփան ու ըսել իրեն, թե ինչպես իր ցավերը կը երկարաձգվին ու կը թրթռան իմ հոգվույս մեջ…»

Մշակութաբան Հրաչ Բայադյանը, մեկնաբանելով այս երևույթը, գրում է․ «Երկրային կյանքի կարճատեւությունն էլ ավելի առասպելական է դարձնում վաղամեռիկ բանաստեղծի կերպարը, հուշում նրա տարաշխարհիկությունն ու մարմին առնելու դիպվածականությունը: Նրա տեղը երկիրը չէ, եւ ըստ այդմ էլ հարկ է պատմուճանել նրան՝ հավիտենության զգեստով ու պարագաներով»։ Հեղինակի ուշադրությունը Չարենցի՝ Միսակ Մեծարենցին նվիրված քառյակն է․ 

Մ. Մ.

                 Արյուն է եղել աշխարհում: – Եղել է եղեռն ու կռիվ:
                 Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ:
                 Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
                 Արե՜ւ է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին:

Բայց ինչպե՞ս հասկանալ «հիվանդը»։ Հրաչ Բայադյանը ենթադրում է․ «Այսպիսով, «այս հիվանդ, հանճարեղ» արտահայտության մեջ «հիվանդ»-ը եւ «հանճարեղ»-ը եւ հակադրվում, եւ լրացնում են իրար. հիվանդությունը միաժամանակ եւ արգելք է հանճարի իրագործման համար, եւ ինչ-որ ձեւով բնութագրում է այն՝ դառնալով օժտվածության որոշակի ձեւի բաղադրիչը, սահմանելով բանաստեղծի տեսակը»:

Մշակութաբանը տեսնում է, որ «հիվանդ» բառը ձեռք է բերում երկիմաստություն․ «Նկատենք, որ հիվանդությունը բանաստեղծի հանճարը հիվանդագին չի դարձնում. սրինգը, արեւն ու գարունը այդ են վկայում: Այսպես հիվադությունը լիովին պարպվում է երկրային պարագաներից, «հիվանդ» անունով ասես ծածկվում է մարմինը. հիվանդությունը հենց փոխաբերված մարմինն է»:

Հրաչ Բայադյանը փորձում է զատել «հիվանդը» և «հիվանդագինը»։ Կարելի է մի քայլ ևս անել․ պոեզիան «հիվանդություն» է, բայց «հիվանդագին» չէ։ Բայց ամենակարևորը այն միտքն է, որ «հիվանդությունը փոխաբերված մարմինն է»։ Ստացվում է, որ պոետը երկու մարմին ունի՝ երկրային և «երկրայինից պարպված մարմին»։ Այս մոնոֆիզիտական պատկերացումը՝ որ պոետի «երկրայինից պարպված մարմինը» ամբողջովին կլանում է երկրային մարմինը, Հ․ Բայադյանի կոնցեպցիայի թույլ տեղն է։ 

Դիոֆիզիտ պատկերացման մեջ Հիսուսի մարմինը լիարժեք «երկրային» մարմին է, և նրա տառապանքները լիարժեք մարդկային տառապանքներ են, չկան «երկրայինից պարպված մարմինի» տառապանքներ, ինչպես այն ներկա է Հայ առաքելական եկեղեցու որոշ աստվածաբանների մոտ։ Այս դիտողությունը ինձ տեղին է թվում, որովհետև հենց Հ․ Բայադյանն է առաջարկում գրողի և նրա մարմնի շուրջ դատողությունները կառուցել որոշակի մետաֆիզիկական սխեմայի շուրջ։

Փորձենք խուսափել գրողի, ստեղծագործության և մարմնի միջև հարաբերության մոնոֆիզիտ սխեմայից։

Ես կուզենայի օգտագործել միայն հայ դասական գրականության օրինակներ։ Ոչ այն իմաստով, որ նրանք ավելի շատ բան են ասում մարմնի մասին, քան ժամանակակից գրականությունը, այլ որ այդ փորձառությունը էական է կոնցեպտուալ իմաստով։ Այն ոչ միայն առաջին փորձառություն է, սկիզբ, նախնական պատկերացում, այլ նաև՝ վեկտոր այդ փորձառության համար։

Իհարկե, «թոքախտավոր, թափանցիկ» գրողը կարող է ընկալվել իբրև միֆ, բայց նաև օգնում է ընկալել մարդկային տառապանքը։ Ոչ Պետրոս Դուրյանի, ոչ Միսաք Մեծարենցի, ոչ Վահան Տերյանի մոտ սեփական մարմնական տառապանքները չեն վերածվում նարցիսական ինքնահայեցման։ Սեփական տառապանքների մեջ նրանք չեն մղում կարեկցել միայն «հանճարին», այլ ընդհանրացնում են, կարեկցանքը ուղղում բոլոր խեղճերին և անզորներին։

Բայց թե ինչ կարող էին ասել դասական գրողները և պոետները՝ այդ փորձառությունը ժամանակակից պոետի համար փակ է։ Պոետի տառապանքի փորձը չի կարող ընդհանրացվել, այն մասնակի է, նույնիսկ՝ նարցիսական։ Ընդհանրապես, ամեն մի փորձառություն տրոհված է, մասնատված, կորցրել է իր կապը մարդու տառապանքի ունիվերսալ զգացողության հետ։

Ասենք այն, ինչ զգում ենք Վահան Տերյանի ամենամռայլ բանաստեղծության մեջ․ 

Մռայլ թաղումի ջահերի նըման
Մեկը աստղերն է վառում տխրությամբ.
Ւմ հոգու վրա իջել է մի ամպ,
Իմ սրտի պայծառ ծաղիկներն ընկա՛ն։

Հիվանդ քնքշությամբ երկինք է պարզում.
Մեռնող ծաղիկը իր բույրը վերջին.
Իմ ջերմ աղոթքի խոսքերը չնչին —
Հեռավո՛ր, քեզնից սեր չեն աղերսում։

Իմ սրտում միայն սառած հեկեկանք
Բայց արցունք չըկա իմ սև օրերում.
Մեռնում է սիրտըս անհուն խավարում,
Եվ դու կա՞ս արդյոք, լուսե անրջանք…

Please follow and like us: