Օֆելի Դալաքյան/Հացի հոտը

Հացի փռի խանութի դուռը բացվեց, միջին տարիքի մի կին, ալյուրոտ գոգնոցն արձակելով, թափ տվեց այն, ծալեց, դրեց առաջին պատահած սեղանի դարակում։ Հետո մազերը մատներով ուղղեց, վրայից նորից թափ տվեց ալյուրի փոշին ու գնաց պայուսակի հետևից։

-Աշխեն, էս ու՞ր,- ձայն տվեց աշխատակցուհին։

-Դպրոց՝ ծնողական ժողովի,-պատասխանեց Աշխենը։

-Հա՜,-երկարացնելով շարունակեց,-հիշեցի, շու՞տ ես դուրս գալիս, տնօրենը գիտի՞։

-Դե՜, ոնց ասեմ․․․․,- պատասխան էր փնտրում, որից չի ամաչի և չի խաբի,- ուզում եմ շուտ գնամ տուն, ինձ կարգի բերեմ, աղջիկս երեկ ասում էր, որ վրայիցս միշտ ձեթի ու հացի հոտ ա գալիս։ 

-Ասա, այ բալա, բա ինչի՞ հոտ գար, էդ հացի հոտն ա քեզ պահում: Չնայած, էրեխա ա, Աշխեն ջան, սիրտդ լեն պահիր, շատ բան չի հասկանում։ Չգիտի, որ արդեն երեսունից հետո գործ գտնելը դժվար է, ինչ ունենք, պիտի գոհանանք, երեսունից հետո ոչ մեկի պետք չենք,- ծիծաղելով ասաց Արևը։

Աշխենը հացի փռից դուրս եկավ ու արագ հասավ ավտոբուսի կանգառ։ Ավտոբուսին սպասելիս Արևի խոսքերն էին ականջներում հնչում․ «Երեսունից հետո գործ գտնելը դժվարանում է, երեսունից հետո ամեն ինչ մի քիչ դժվարանում է»։ Մատնախաչ գնում-գալիս էր կանգառում։ Ամեն ինչ կարծես հակառակ լինի․ ուշանում էր, բայց երթուղային չկար։

Նստեց ավտոբուսն ու վայրկյան-վայրկյան սկսեց  հաշվել, թե երբ է հասնելու տուն։ Սկսեց ուղևորներին հետևել, փորձեց ենթադրել, թե ով ինչ տրամադրություն ունի։ Դա էլ չօգնեց, մտքերը հանգիստ չէին տալիս։ Մոտավորապես պատկերացնում էր ժողովի թեման։ Աղջկա դասարանը էքսկուրսիա պետք է գնար, իսկ ինքը դեռ աշխատավարձ չի ստացել, ձեռքի եղած գումարն էլ հազիվ առօրյա ծախսերին բավականացնի։ Պարտքով գումար վերցնել չէր կարող. այնքան պարտք էր գլխին  կուտակել։ Այս անգա՞մ աղջկան ինչպես է խաբելու։ 

Երբեմն հոգսերն այնքնան էին խեղդում, որ բոլորից թաքնվել ու անհետանալ էր ուզում, ուզում էր ինքն իր համար լիներ, առանց պատասխանատվության զգացումի, առանց պարտականությունների, ուղղակի, հենց այնպես: Որտե՞ղ էր սխալվել, ի՞նչ կարող էր անել, որ չի արել, այս ի՜նչ կիսատ-պռատ կյանք է: Երբ բավարարվում ես քչով, այդ քիչն էլ են ձեռքիցդ խլում: Իրեն այդպես էին սովորեցրել՝ ինչ կտան, կուտես, կհագնես, «կարտոլ է, կարտոլ էլ կեր»,- հիշեց Մաթևոսյանի Աղունին: Երբ դպրոցում կարդում էր  «Աշնան արևը», չէր պատկերացնում, որ դրա միջով է անցնելու: Բայց Աղունը լեզու ուներ, սիրտը թեթևացնում էր խոսելով, Աշխենն այդ լեզուն էլ չուներ: Ծնողների հորդորով ամուսնացավ Արշոյի հետ.«Լավ տղա է Արշոն, ծնողներին լսող, խելոք, տան տղա»,-տարիների հեռվից լսվեց իրենց հարևանուհու  խոսքը, որը պատճառն էր ու մեղավորը այս ամուսնության: Արշոն լավ տղա էր,բայց միայն այսքանը. Աշխենին ամուսին չեղավ, թևութիկունք չեղավ. «կարտոլ է, կարտոլ էլ կեր»: Բայց երբ Աշխենը մսով ճաշ էր եփում, մորից սովորել էր՝ ամենալավ կտորը բաժին էր հասնում տան տղամարդուն: Եվ ոչինչ, որ տան տղամարդը ամսվա մեջ մի քանի անգամ էր իր ճաշակով աշխատանք գտնում: Մյուս օրերին լրատվական մեկնաբան էր դառնում, մեկնվում էր բազմոցին ու. «Աշխեն, ջուր բեր, Աշխեն՝ սուրճ, Աշխեն, Աշխեն….»:

Բա Աշխենը երբ էր իրեն կին զգալու, գլուխը դներ Արշոյի ուսին, ու իրեն մի քիչ թույլ զգար: «Ոչինչ, Աշխեն ջան, դե, տղամարդ ա, մի հատ էլ խփել ա, էլ ոնց կլինի, մեր տուն հետ գալը մոռացիր»,- ամեն անգամ կրկնում էր մայրը, երբ Աշխենը գլուխը կախ գնում էր հերանց: Արցունքները սրբում էին ու շեմից ճանապարհում ամուսնու տուն: 

Աշխենն էր ու իր գլուխը. խեղդվելով ապրել՝ հետդարձի ճանապարհ չունենալով. «Մի օր կկռվեք, մի օր կհաշտվեք, էտպես են ընտանիք դառնում»,- ասում էր մայրը: Աշխենը գրքերում կարդացել էր, որ սերն է ընտանիքի պատճառը: Նա դեռ փնտրում էր իր ընտանիքի պատճառը:

Մտքերով տարված՝ մի կանգառ շուտ էր իջել: Վազելով հասավ տուն: Արագ-արագ կարգի բերեց իրեն ու դուրս եկավ տնից: Երբ հասավ դպրոց, ժողովն արդեն սկսվել էր: Աշխենն ուշադիր նայում էր իր հասակակից կանանց. գեղեցիկ, երիտասարդ, նայում էր նրանց խնամված ձեռքերին, ապարանջաններին, բա օծանելիքների բույրը, խենթացնող էր: Ինքը չէր հիշում՝ երբ էր վերջին անգամ օծանելիքով օծվել. վերջին տարիներին միայն տաք հացի հոտ էր գալիս իր վրայից, իսկ զարդեղենի մասին խոսք չկար, միայն ամուսնական մատանի ուներ, որը կրում էր  շատ հազվադեպ:

Ծափահարություններից հասկացավ,  որ ինչ-որ բան է ասել ուսուցչուհին: Բայց բոլորը ժպտալով իրեն էին նայում: Հավանաբար աղջկա մասին էր խոսքը: Բախտը բերել էր աղջկա հարցում: Այս աշխարհում թե մի գեղեցիկ հանդիպում է եղել, ապա իր ու աղջկա հանդիպումն էր:

Երբ հասավ տուն, բավական ուշ էր: Արշոն սենյակում էր, սիրելի բազմոցի վրա: «Երանի ես էլ քեզ պես անդարդ լինեի, Արշո ջան»,-մտածեց Աշխենը: Աղջիկն անհամբեր  նայում էր մորը ու սպասում, թե ինչ կասի ծնողական ժողովից: Իսկ երբ իմացավ, որ ընկերների հետ գնալու է էքսկուրսիայի, ուրախությունից տեղը չէր գտնում:

Աշխենը ծնունդին գեղեցիկ, բարձրակրունկ կոշիկներ էր նվեր ստացել, որոնք այդպես էլ չհագավ…

Please follow and like us: