Պոեզիայի ծառը/Վարդան Ջալոյան

Մի անգամ երազում տեսա Օպերայի մոտ գտնվող ծառերից մեկը։ Գիշեր էր։ Հանկարծ տեսա, որ նրա վրա ինչ-որ ուժ իջավ, և ծառը սկսեց լույս տալ։ Զգացողությունս և ամբողջական էր, և բարդ՝ հանգստություն և բորբոքված երջանկություն, տագնապ և հույս։ 

Ծառեր սիրում եմ, ոչ միայն որ համով պտուղներ կամ հով են տալիս, այլ որ հանգստացնում են ինձ, երբ տագնապած եմ։ Ծառերը հանգիստ են, հատկապես նրանք, որոնք հասակ ունեն՝ երկու իմաստով էլ։ Սիրում եմ ձեռքերս հպել նրանց և զգում եմ, որ դառնում եմ հանգիստ։ 

Ռազմիկ Դավոյանը գրում է․

Քամին եկավ հանկարծ,
Քշեց երկինքները ծառի անկյուններից,
Հետո բողբոջները շոյեց մեկ-մեկ,
Հետո փսփսուքով համոզում էր ծառին,
Թե՝ դու ծառ ես ծնվել,
Խուլ ու համըր մի ծառ,
Թե՝ իզուր է,
Լավ չէ,
Մի դառնա երգ:

Հատկապես առանձնահատուկ է Ռ․ Մ․ Ռիլկեի հարաբերությունը ծառի/ ծառերի հետ։ «Արձակ հատվածներում» նա գրում է․ 

«Իր սովորության համաձայն, նա քայլում էր գիրքը ձեռքին, և մի գեղեցիկ պահի հայտնաբերեց, որ գտել է մի հենարան, որտեղ ծառը երկճյուղվել էր մոտավորապես ուսերի բարձրության վրա և անմիջապես այս հարաբերության մեջ նա զգաց այնպիսի հաճելի աջակցություն և այնպիսի հորդառատ խաղաղություն, որ դադարելով կարդալ՝ արձանացավ գրեթե անգիտակցական հայացողության մեջ, ասես ներգծված բնության շրջանակի մեջ…»: 

Շարունակության մեջ նկարագրվում է անցումը մարդկային/գրքային աշխարհից այն կողմ՝ բնության կողմը․ «Այնպիսի զգացում ուներ, որ ծառի միջից իր մեջ թափանցեցին աննշմարելի տատանումներ։ Նա այնպիսի զգացողություն ուներ, կարծես նախկինում իրեն ավելի քնքուշ հույզեր չեն կենդանացրել։ ․․․Ջանքեր գործադրելով բացատրել իրեն այդ անորսալի տպավորությունները, նա համառորեն հարցնում էր ինքն իրեն, թե ինչ է պատահել իր հետ և գրեթե անմիջապես գտավ մի բանաձև, որը գոհացնում էր իրեն՝ որ իրեն քշել-տարել է բնության մյուս կողմը»:

Կարող ենք ասել, որ կրոնական իմաստով մյուս կողմը հայտնի է իբրև շամանիզմ, բայց ես կուզենայի, որ այստեղ տեսնեիք բանաստեղծական-էսթետիկ երևույթ։ Մարդը հայտնվում է բնություն֊գոյությանը դեմ դիմաց, հայդեգերյան տերմիններով՝ տեսնում նրա լուսանցքը։ 

Ռայներ Մարիա Ռիլկեն «Հայեցողը» բանաստեղծության մեջ գրում է․

Եվ ծառերին ահա`փոթորիկներ զորեղ, 

որոնք ժամանակի մոխրաջրից պոկված`
դռներիս են բախվում, և ինձ վախով թեքված`

իրերն ասքն են պատմում հեռուների բեկված,
որը ես չեմ կարող հաղթահարել` լքված
ընկերոջից, ոչ էլ առանց քրոջ` սիրել:

Ահա սլանում է տարափը հարափոփոխ
անտառների միջով, ժամանակի միջով,
և ամեն ինչ` ասես անսկիզբ ու խոցող,
լանդշաֆտները ահա, ինչպես սաղմոսի տող,
ծանր ու խիստ` ծնված հավերժության կանչով:

/ թարգմանությունը Հակոբ Մովսեսի/

Երկու բանաստեղծություն էլ նմանություն ունեն՝ քամին և ծառը, և ինչ է ասում պոետին այդ հանդիպումը։ Ռազմիկ Դավոյանի բանաստեղծության ավարտը կարևոր է․

Ու ձեռքերը հենած խավարի թաց կողին,
Ծառը մի խուլ ճչաց,
Եվ առաջին հերթին
Դարձավ անհուն մի երգ՝
Հենց իր՝ քամու շրթին:

Ծառը և քամին իրենց բնությամբ այլ զույգ են, քան ծառ-թռչուն զույգը։ Վերջին դեպքում այն արտահայտում է տան հղացքը, որ թողնում են և վերադառնում, բուն են հյուսում, և ավերվում է տունը։

Ծառը թուփ չէ, այն ունի ուղղահայաց՝ բնության մեջ միակը։ Այն պատկանում է որքան հողի տարերքին, այնքան էլ օդի, լույսի, երկնքի տարերքին։ Ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Կլոդելը գրում է․ «Սոճին իր ջանքով բարձրանում է իր բարդ կառուցված և տարածվող ճյուղերի շնորհիվ, և միևնույն ժամանակ իր բազմաթիվ արմատներով կառչում է հողից, աստիճանաբար փափկելով մինչև տերևների փխրուն և զգայուն հյուսվածքը, որի միջով ծառը հենակետ է փնտրում օդի և լույսի մեջ, դրանով իսկ ձևավորում է․․․ իր հիմնական գործողությունը և աճի պայմանը»:

Հասկանալի է, թե ինչու օդային տարերքը միայն քամիները և փոթորիկները չեն, դրանք նաև ծառերի սաղարթն են։ Վերջինս ունի արմատներ, բուն։ Քամին օդային տարերքի անկայուն մասն է, ծառը կայունություն է տալիս երկնքին և օդին։

Բայց ամեն պոետ կարող է ծառի մեջ լսել իրենը։ Ոմանք իրենց երազներում տեսնում են այրվող ծառը, մյուսները լսում են, թե ինչպես է ջուրը բարձրանում ծառի անոթներով, երրորդները ծառերի մեջ լսում են քամին։ Չինաստանում փայտը/ծառը հինգերորդ տարերքն է։

Եթե ծառին նայենք ոչ թե որպես օգտակար մի բան, որ պտուղներ է տալիս կամ դառնում կահույք, կամ որպես գիտական օբյեկտ, ինչպես այն տեսնում են բուսաբանները, ապա ի՞նչ կտեսնենք։ Կարելի է նայել ծառերին բարոյական տեսանկյունից, այս դեպքում ծառը մեկնաբանվում է իբրև խորհրդանիշ։ Բայց ի՞նչն է տագնապ հարուցում Ռիլկեի ստեղծագործության մեջ․ վերը թվարկածից, կարծես, ոչ մի բան չի համապատասխանում նրա խոսքին։ Ռիլկեն նույն «Հայեցողի» մեջ գրում է․ 

Ինչ աննշան է այն, ինչին ձգտում ենք մենք,
և ինչ հզոր է այն, ինչ կանգնում է մեր դեմ.
եթե թողնեինք մենք, որ փոթորիկն այս մեծ
և մեզ սանձեր, ինչպես այն իրերը սանձեց,-
մենք կլինեինք հեռու և անանուն արդեն:

Նախ պետք է ընդգծել բնության զարմացնող անտարբերությունը մարդկայինի հանդեպ, որը էսթետիկերեն կեղեքում է՝ «մենք կլինեինք հեռու և անանուն արդեն»։ 

Մարդը ներթափանցում է բնության մեջ՝ զգալով իր ճակատագրի անկայունությունը և զգացումների փխրունությունը, բարձրանալով համընդհանուր՝ աշխարհի ամբողջականությունն զգալու աստիճանին։ Հանդիպում են սահմանային օբյեկտիվությունը և սահմանային սուբյեկտիվությունը, որպեսզի հակադրության միջոցով կազմեն ամբողջականություն։

Please follow and like us: