Դանիել Վարուժան/Ցեղին սիրտը/Մարած օճախը

ՄԱՐԱԾ ՕՃԱԽԸ

Այս տունին մեջ` որուն շեմին վայրահակ
Այսօր կու լա ուռենին,
Եռաց զըվարթ կյանք մը թորգոմ գեղջուկի:
Ատեն մ’եղան հոն թարմ հարսեր` որ լույսին
Հետ արթընցած, վարդենիի պես հագված`
Աշխատեցան, կաթ կըրեցին սափորով,
Կամ դույլերով հորը ջուրի գընացին:
Ատեն մ’անոր դըրան առջև նըստեցավ
Ծերուկն, և թո՛ռը ծունկերուն մեջ առած,
Պատմեց զըրույցն Արտավազդի, Վահագնի,
Անոր հոգվույն տեղալով
Վերջին ազնիվ մնացորդը խոնջ օրերուն.
Կամ` իրիկվան` տեսավ անցնիլն առջևեն
Հարուստ հոտին` զոր իր որդին լեռնեն վար
Դեպի փարախ կը քըշեր.
Եվ ծեր ռունգերը բացած
Ոչխարներուն բուրդին բարկ հոտը ծըծեց`
Օրհնելով թիվն ու ընտիր ցեղը անոնց:
Ատե՜ն մ’էր ան…

Այսօր ոչ ոք այդ տունեն
Կ’ելլե կամ ոտքն անոր շեմին կը դընե:
Կոտրած դըրան արյան չորցած կաթիլներ,
Ներսեն ձայներ ագռավի,
Եվ հարատև մլավյուններ
Կը լեցընեն գեղջուկին սիրտը դողով,
Որ անցնելու վայրկենին այդ փողոցեն
Խաչ կը հանե կամ քայլերն իր կ’երագե:
Կոտորածի օրեն (երբ գյուղը բոլոր`
Կյանքն հանձնելով նենգ գայլին քա՛ն թե մարդուն`
Դիմեց դեպի ճերմակ լեռներն հայրենի)
Այս բնակարանն այս սև խորհուրդն է հագած,
Եվ մեռելի մ’անփակ աչքին հանգունակ
Ան` արևուն և կյանքին
Եղած է միշտ բաց, նաև միշտ ալ զրկված:
Ըմբոստ բաղեղն և ուռենին հեզանազ
Կը ծածկեն մուտքն անոր զիրար գըրկելով:
Գավիթին մեջ կա բողբոջումը լըռիկ
Բաղըրջուկին և թավշանման մամուռին,
Որոնց մեջ մերթ կ’երևի
Կըտցահարումն աներկյուղ
Վառյակներուն դըրացի, մե՛րթ ալ հանկարծ
Փախուստն անոնց կարկաչելով դեպի դուրս:
Ի՞նչ կ’ապրի հոն, ի՞նչ գաղտնիք
Կը մեծնա այդ բնակարանին մեջ խոժոռ.
Արդյո՞ք անթաղ դիակներու ոգիներ
Հոն կը ժողվին լալու կամ դափ զարնելու,
Թե վըհուկներ ճերմակ և թավ հոնքերով
Օձ կը կըրթեն կամ կը հյուսեն պատանքներ:
Իրիկուն մ’էր – լավ կը հիշեմ – սիրտ ըրի
Այդ շեմեն ներս մըտնելու:
Գյուղացիները ետևես, գըլխաբաց,
Աղոթեցին հուսակտուր, ա՜յնքան Աստված,
Անոնց հոգվույն մեջ և հոգվույն ի խընդիր,
Սատանային սև պատկերն իր պատկերեն
Մեծ և որոշ էր գըծած:
Մըթընշաղ մ’այն գավիթին մեջ կը տիրեր,
Եվ պատերեն` ուր կը շըրջեր ցողկը մերթ`
Բորբոսանքի և շիրմի հոտ մը կ’ելլար.
Կը լըսվեին գերաններուն ծերպերեն
Ճիչերը սև չըղջիկներուն սըրաթև.
Բոլոր դըռներն հոն բաց էին. չէր լըսվեր
Հավանոցեն կամ գոմեն
Ո՛չ եզներու բարի պոչյունն, և ո՛չ իսկ
Բեղուն կըրկռոց մը հավի.
Ամբողջ մարագը դատարկ էր, դատարկ էր
Մառանը բաց` ուր բուրեցին օր մը մուշկ
Սաթ ողկույզներն հայրենական այգիին:
Այնտեղ ամեն ինչ տըխուր,
Հեգ մնացորդ մ’էր կողոպուտի մը վայրագ:
Ո՛չ մեկ սյունի, ո՛չ մեկ անկյան մը ետև
Կը տեսնըվեր մարդկային ձև, կամ ապրող
Շողյուն մը զույգ բիբերու:
Կը լըսվեին ձայները լոկ հարատև
Թոնրատունեն` ուր սարսուռով մոտեցա,
Ու մըտա ներս… Ո՜վ խեղճ տուն,
Լավ էր դու բանտ կամ գերեզման ըլլայիր,
Այդ հողդ ոսկոր փըտեցըներ. սյուներուդ
Մեջ դագաղներ փորեին.
Լավ էր ըզքեզ հորինող մեն մի կրաքար
Ծովափներուն փոշի փոշի քայքայվեր,
Քան թե կանանչ երդիքիդ տակ ծածկեիր
Մարած օճախ, մեռած սիրտ հայ գեղջուկի`
Որուն համար կանգնելը հարկ չէ այլ ինչ
Բայց թե դամբանն իր և իր հեգ սերունդին.
Ավա՜ղ, շինել իր ձեռքերով… Մըտա, հոն:

Մեջտեղը տան, ըստվերին տակ այն խոնավ
Նըշմարեցի մարդու դիակ մը պառկած,,
Կըռնակի վրա, դեմքը ճերմակ կը հառեր
Լուսամուտին` ուրկե` երդին վրա բուսած
Ճյուղ մ’ոլոռի կարկառուն
Մինչև ճակտին կը հասներ.
Երիտասարդ կուրծքին վրա
Կար վերք մը խոր, և թերաքամ ափին մեջ
Դաշույն մը նույն իր արյունեն ժանգոտած.
Աչքերը, բաց, միապաղաղ, կարծես դեռ
Կը նայեին փախած հոգվույն ետևեն.
Եվ թուխ մազերն իր խառնակ,
Արյութաթախ, շըրջասփյուռ,
Կը մնային պի՛նդ մածանված այն սև գետնին:

Ես հոն կանգուն կը խորհիմ`
Թե սյունն էր ինք այս հարկին, բո՛ցն օճախին,
Որ հաղթվեցավ, որ բիրտ ուժին տակ տեսավ
Ծալլըվումն իր գուճերուն.
Եվ մընաց ա՛յսպես ահավոր և մինակ`
Ըսպասելով ընդունա՜յն
Իրեններուն արցունքին,
Որոնք իր սև բախտին եղան բախտակից.
Մորթըվեցան այրերն, հարսերը բոլոր
Հանվեցան լեռն` հոն լալու
Ճերմակությունն իրենց մարմնույն լըլկըված.
Իսկ ծերուկ հոր հետին մոխիրն արդ գուցե
Թոնիրին մեջ դեռ կը սըրսփա ջերմաջերմ.
Իսկ իր մարմինն երկա՜ր ատեն անտերունջ,
Այսպես առանց շիրմի, առանց աղոթքի,
Կը մընա լուռ, և կեսն արդեն խաթարված.
Միայն կատուն տիրասեր,
Տան գորշ կատուն, նիհար, նոթի, անդադար
Կը մըլավե շուրջն անոր,
Եվ լի գութվ մը կը սպառնա, կը վանե
Չորս դին երամ մ’ագռավներու աղմըկոտ`
Որ դիակին ախորժեն`
Լուսամուտեն կը մըտնե ներս, ու հավետ
Ամայի տան ըստվերին մեջ կը դառնան:

Կը խոնարհիմ ես վայրկյան մ’հոն երկյուղած,
Հին վըրեժ մ’այդ հին մեռելին վրա կ’երդնում.
Հետո առած զայն ուսիս,
Աղիողորմ մլավյուններովը կատվին,
Կը ճեպեմ դուրս:

Դուրսը դեռ
Գյուղացիները գըլխաբաց կ’աղոթեն:

Please follow and like us: