Հովիկ Մխիթարյան/Փրկվածը

«… Մի՞թե սա կրակից ազատված խանձողը չէ»։
Զաքարիա 3.2

Մահն ամենուր է, նա տապկնոցի է խաղում ինձ հետ` դիրքերում, օդում, շնչառության ու անգամ քնի մեջ:

Տեղափոխվում ենք N դիրք։ Մեքենայի անիվները շոշափում են անդունդի եզրերը: Մի անզգույշ շարժում, և պատերազմը մեզ համար կավարտվի: Սակայն վարորդը փորձառու, տարածքին լավ տեղյակ զինվորական է, մեքենան վարում է կատաղի արագությամբ ու հմտորեն: Երբեմն թվում է, թե խույս է տալիս անգամ արկերից… մեքենայի թափքում իրար գրկած զինվորները հանդիսավոր լռություն են պահպանում: 

Երբեմն միայն մեկը կամ մյուսը շշուկով խոսում են, կարծես վախենալով, որ ինչ-որ մեկը կարող է լսել։ Մենք գիտենք, որ նոր դիրքի տեղափոխությունը շատ նրբություններ է պարունակում, որոնց առանձնահատկություններին հարկավոր է ծանոթանալ մի քանի օր: Բայց հիմա պատերազմ է, և ամեն ինչ չէ, որ կարելի է անել նախօրոք մշակված գործողություններով։

– Տղերք, Աստված կա՞ թե չէ, – հարցնում է Հրահատը՝ խաղալով ծխախոտի հետ: Նրա երիտասարդ դեմքը կարծես թորշոմած լինի անքուն գիշերների լարվածությունից: Միայն աչքերն են բոցկլտում։

– Կա, պատասխանում եմ ես:

– Մենք մեզ ենք ապավինելու, – դանդաղ ծամծմում է Հրահատը՝ ավելի ամուր սեղմելով զենքը ձեռքերի մեջ:

Մեքենան խաղալիքի նման ցնցվում է փոսերից, տիկնիկների նման վերև-ներքև թռցնում մեզ: Սեղմվում ենք իրար, կառչում մյուսի կենսական ուժից ու երազում ապահով վայրի մասին, որ չկա ու կարծես չի էլ լինելու: Մի պահի աշխուժանում ենք և սկսում պատմել, թե ով քանի անգամ է փրկվել: Զավենի գլխավերևով 4 անգամ փամփուշտներ են անցել: Արտյոմը երեք անգամ ռումբերից է փրկվել: Միայն Հրայրն է, որ ոչինչ չի ասում: Նա լուռ ծխում է իր ծխախոտը և արտաբերում է. 

– Մենք երբեք չենք հասկանա Աստծուն։

Համարյա տեղ ենք հասնում, երբ մեքենան այնպես կտրուկ է արգելակում, որ իրար գլխի ենք թափվում: Հաջորդ պահին ուժգին պայթյում է ռումբը՝ հերթական անգամ սպառնալով ավելի վաղ ավարտել պատերազմը մեզ համար: Տղաներն արագ, իրար հերթ չտալով, բայց առանց խուճապի դուրս են թռչում հակառակորդի հայտնաբերած մեքենայից: Վարորդ-հրամանատարի փորձառությունը հերթական անգամ փրկում է մեզ. արկի մահաբեր սուլոցից վայրկյաններ առաջ, բնազդային մղումով նա հասկանում է արկի ընկնելու տեղը և ժամանակին կանգնեցնում մեքենան: Իսկ արկերը շարունակում են սուլել մեր գլխավերևում:

– Արագ դեպի փոսը, դեպի աջ, – բղավում է հրամանատարը. մինչ մենք այս ու այն կողմ ենք նայում, նա նկատում է բավականին մեծ փոսը, կտեղավորվե՞նք բոլորս այնտեղ…

Մտածելու ժամանակ չկա. ցիրուցան, արագ վազում ենք դեպի փոսը: Վարագը առաջինն է տեղ հասնում, նրան հետևում են մյուսները: Մինչ հասնելը նկատում եմ ծանր վազող մալադոյին. նա այնքան վախեցած է․․․  

– Նետի՛ր ուսապարկը, – բղավում եմ ես և դանդաղեցնում վազքը. չեմ կարող մտնել փոսն այնքան ժամանակ, մինչև մալադոյը տեղ չհասնի: Նա դանդաղաշարժ է, մի քանի ամիս է, ինչ ծառայում է, ու անընդհատ դիտողություններ է ստանում դանդաղկոտության համար: Իսկ տանն իրեն սպասում եմ: Սիրված ու խելոք տղա է: Գերմարդկային ճիգեր է անում, բանակային ծառայությունն այնքան վատ է տրվում նրան: Բայց դեռ բավականին ժամանակ ունի սովորելու համար, եթե կենդանի մնա:

Ես չեմ շտապում նետվել փոսը, մինչև նա տեղ է հասնում և համարյա գլխիվայր նետվում փոսը: Անմիջապես նրա հետևից ես եմ նետվում, կարծես երազում տեսնելով… հենց այդ պահին երևացող մեկ այլ զինվորի`Դանիելին. նա վազում է գոռալով, սակայն չի հասցնում… ոռնում է ռումբը նրա կողքին: Հաշվի չառնելով վտանգը, մի քանի հոգով դուրս ենք թռչում: Դանիելը մահացել է․ սա անվանում են բազմաբեկորային․․․ Արյունը հոսում է մի քանի տեղից, լճանում…աստվածաշնչյան անուն ունեցող Դանիելը… քչախոս տղա էր, բայց գիտեր իր անելիքը, երկրորդ անգամ կրկնելու կարիք չէր լինում, ինչու՞ ուշացավ այս անգամ, ինչպես ենք հայտնելու լուրը…  Ամբողջ քսան օր նա բոլորին հավասար պաշտպանեց նախկին դիրքը:

Վերջին կես ժամվա մեջ փրկվում եմ երկրորդ անգամ։

Նոր դիրքում անհամեմատ ավելի վտանգավոր է, ինչը ոչ մի նշանակություն չունի մեզ համար․պաշտպանելու ենք մինչև պատերազմի ավարտը: Նահանջը կնշանակի դուռ բացել դեպի հաջորդ դիրքը և ապա` մուտք դեպի քաղաք: 

Դիրքավորվել եմ խրամատում ու երգում եմ:  Վատ երգիչ եմ, բայց դա հիմա նշանակություն չունի, և բառերն իրենք իրենց հոսում են։ Հույզերի խոր, անդիմադրելի ալիքներ են արձագանքում ներսումս։ Չէի պատկերացնի էդ հույզերի գոյությունն անգամ, եթե չլիներ․․․ կյանքի, մահացած տղաների հանդեպ սեր, կարոտ խաղաղ օրերի․․․ Այս անգամ զինվորներն արձագանքում են ու երգում ենք միասին: Ամենաբարձրը լսվում է Վահրամի ձայնը։ Երգի բառերը երկինք են սլանում: Հոգիս ձուլվում է տիեզերական հզոր զարկին ու այդ ներդաշնակ ռիթմին համահունչ վախն անհետանում է: Հրամանատարն ուշադիր մեզ է նայում, սակայն ոչինչ չեմ կարդում աչքերում։

Հետևակային մարտեր ենք մղում, մի պահի թեքում եմ գլուխս… նույն ակնթարթին գլխիս վրայով սուլում են գնդակները. Հերթական անգամ փրկվում եմ անխուսափելի մահից: Ո՞վ հաղթող դուրս կգա կյանքի ու մահվան այս խաղից` չգիտեմ: Բայց զգում եմ Նրա ներկայությունը, ում հայտնի է ամեն բան։

Ժամը ուղիղ 16.30-ին զոհվում է Մարտակերտի վագրը: Նա զոհվում է առանց ծնկելու: Վագրը գիտեր՝ ինչ է մահը և չէր վախենում: Սա 59-ամյա մարտիկի երրորդ պատերազմն էր: Նա գիտեր մահվան խորհուրդը ու հաճախ էր զրուցում մահվան հետ: Զգացել էր նրա շնչառությունն ու զրույցը, բայց չէր երկնչում: «Մահից պետք չէ վախենալ» , – ասում էր նա: Ափսոսանքով ու ցավով հրաժեշտ ենք տալիս նրան․ դեռ շատ բան ուներ մեզ սովորեցնելու․․․

Հերթական ծանր մարտն ենք մղում, ետ մղելով թշնամու գրոհը: Վերջինս մեծաթիվ զոհեր տալով ետ է քաշվում: Գալիս է մի պահ, որ թվաքանակի գերակշռությունը կարող էր վճռորոշ դառնալ: Ես ինձ վրա եմ վերցնում հակառակորդի ուշադրությունը՝ համարյա դուրս գալով թաքստոցից ամբողջ մարմնով ու այդպես էլ կրակելով: Իմ վրա վերցնելով կրակահերթերի մի  մասը՝ սպասում եմ հավաստի մահվանը: Կարծես երազում տեսնում եմ ծխի սյուները, մոտեցող տանկն ու ավտոմատների ճարճատյունը, լսում եմ գոռոցներ․

–Պառկի՜ր…

Չեմ հասցնում պառկել, երբ ինձ արագ ներս են քաշում ու համարյա պառկեցնում խրամատում:   Այս անգամ էլ պրծա մահից, մտածում եմ, ինչու՞ չսպանվեցի, հրաշքները պատերազմում ե՞ն լինում…  զարմացած նայում եմ երկնքին․․․ 

Այդ օրվանից ավելի համարձակ եմ դառնում՝ հուսալով, որ մահը մոռացել է ինձ: Սակայն ավելորդ ռիսկերի չեմ դիմում: Երկու անգամ արագ սողում եմ դեպի վիրավորները և դուրս բերում մարտադաշտից: Փամփուշտները համարյա խանձում են ձեռքս, քերծում սաղավարտը ու անհետանում հեռու՜-հեռու՜…  Հաջորդ անգամ ես օգնության եմ հասնում տարեց զինվորներին, որ հոգնել էին, կորցրել ճանապարհն ու հույսը, ընկել շրջափակման մեջ։ Դուրս եմ բերում նրանց շրջափակումից կարճ ճանապարհներով: Ինձ դիմավորում են ուրախ աղմուկով.  

– Փրկվածը եկա՜վ, – լսում եմ նրանց գոռգոռոցները: Այդ օրվանից ինձ հաճախակի են այդպես անվանում՝Փրկված… Բայց ես չեմ հպարտանում, որովհետև դա տիեզերական մեծ հակամարտության ու անհասկանալի բախման կանոնների մեջ չի մտնում: Երբ երկինքն օգտագործում է քեզ, դու միայն շնորհակալություն ես հայտնում։ Իմ նպատակն է օգնել նրանց, որ ապրել են փափագում:                                                                                                     

Պատերազմի ավարտը գուշակում ենք այն բանից, որ համարյա շրջափակման մեջ ենք հայտնվում ու հազիվ ենք  համարձակվում դուրս գալ խրամատներից։ Բայց քանի որ սովամահությունը անպատվաբեր ենք համարում, ամեն անգամ ինձ հետ վերցնում եմ երկու հոգու և միասին, առանց կորուստի բերում ենք ուտելիքը: 

– Տղերք, եթե հանկարծ ետ չգամ, իմացեք` ես սիրում եմ ձեզ – ասում եմ ամեն անգամ, գնալուց առաջ… Բայց մահանալու ծրագիր չունեմ, որ սոված չմնաք: 

Այս անգամ գնում եմ գիրուկ Տիգրանի հետ։ 

– Շարժվում ենք, – ասացի ես: Տիգրանը լարված ինձ է նայում: 

Ճանապարհին, հեռվում երևում է տանկը և արագ ետ ենք վազում։ Խուճապահար Տիգրանը երկու անգամ վայր է ընկնում և երկու անգամն էլ համարյա գրկում եմ նրան ու քարշ տալով հասցնում դիրքեր: Այդ օրը տղաները սոված մնացին, բայց փոխարենը մենք ողջ էինք։

Ամեն օր նայում ենք մահվան անկիրք աչքերին ու շրջում կյանքի գրքի հերթական էջը: Ընկում ենք, ոտքի կանգնում, օգնում իրար ու երգում կյանքի օրհներգը: Գրկում ենք իրար, մխիթարում վիրավորներին ու հրաժեշտ տալիս ննջեցյալներին․․․ ամեն ինչ անում ենք առանց տրտնջալու։ Պատերազմը մեզ սովորեցրեց սիրել զինվորին` կոփված, անվախ փորձառու զինվորին ու դպրոցական նստարանից  մեկ ամիս առաջ եկած տղեկին: Զինվորն անհասկանալի ու խորհրդավոր երևույթ է։   

-Դու գիտե՞ս՝ ինչ է պատերազմը, դու զենք, արկ, անօդաչու թռչող սարք, մահ տեսե՞լ ես, – հարցում է Տիգրանը չգիտեմ ում հետ հեռախոսով խոսելիս։ Հեռախոսի մյուս ծայրում ինչ-որ բան են պատասխանում։ 

-Եթե դու տեսել ես զենքերը, ռումբն ու հրանոթները, տանկի՝ դեպի քեզ շրջվող դիտանոցը, դու տեսել ես սատանային, – պնդում է իր ասածը Տիգրանը, – եթե լսել ես ինքնաթիռի ոռնոցը, ամեն նյարդաբջիջով զգացել քեզ որոնող դիպուկահարին, դու տեսել ես սատանայակերպերին, մարդկային՝ հոգեխանգարմունքի վերջին աստիճանի մեջ։ 

Մենք լուռ գլխով ենք անում ու գիտենք, որ Տիգրանը վախենում է, ու հենց այդպես էլ պետք է լինի, որովհետև մենք խելագարներ չենք, միայն կռվի ժամանակ խելագարվում ենք, ու դա երկար չի տևում։ Հավատում ենք, որ երկինքը տեսնում է, թե ինչ է կատարվում երկրի վրա․․․ 

Մարտեր, զոհեր, կյանքի խորհուրդ․․․ Պատերազմը սովորեցնում է բաներ, որ այլ պայմաններում չէինք իմանալու․․․ Աշխարհի պատերազմն ընդդեմ մի բուռ, 18, 19, 20․․․ տարեկան տղաների։

Տարեգրությունն ասում է, որ ովքեր կենդանի մնացին այդ պատերազմում` մահացան զոհվածների հետ, իսկ ովքեր զոհվեցին` կենդանի մնացին հիշողություններում։                                                                                                                     

Ես նրանցից մեկն եմ:

Please follow and like us: