Հովհաննես Գրիգորյան/Հայ ժողովրդի պատմության համառոտ ձեռնարկ նրանց համար, ովքեր հաստափոր գրքեր կարդալու ոչ ժամանակ ունեն, ոչ էլ ցանկություն

Գլուխ առաջին. վաղ նախնադար

Ահա, սկսած վաղ նախնադարից ապրում եմ ես
իմ ժողովրդի հետ այս քարերի վրա,
այս ժայռերի մեջ ու ծերպերից մի կերպ կառչած,
որովհետև արոտներն ու դաշտերը,
բերրի հողերը տարել են վաղուց…
Ձեր ինչի՞ն է պետք հողը, ասել են,
արոտներն ու դաշտերը ձեր ինչի՞ն են պետք,
չէ՞ որ դուք խելացի ու աշխատասեր ժողովուրդ եք
և կարող եք քարից հաց քամել
և միրգ` ժայռերից ու ծերպերից…

Գլուխ երկրորդ. քարե դար

Հետո ծովերն են տարել և ասել են.
չէ՞ որ դուք խելացի, աշխատասեր մարդիկ եք,
դուք կարող եք երկնքից ջուր քամել
և լողալ մտքերի ծովում ազատորեն…
Ապա ճանապարհներն են տարել,
բացատրելով, որ մենք
հարուստ երևակայություն ունենք
և կարող ենք ճանապարհորդել մտովի… ընդ որում,
մեծ հաճույք ստանալով
նվազագույն ծախսերի պարագայում…

Գլուխ երրորդ. թե ինչեր են տարել բրոնզե դարում

Իսկ հետո սկսեցին հացը տանել,
որը քարից էինք քամել – ասացին`
դուք Աստծո սիրասուն զավակներն եք
և առաջապահն եք նրա նվիրական զորքի,
գթացեք ձեր հարևաններին, որ չեն կարողանում
կշտանալ առանց ձեր հացի,
իսկ դուք, քանի որ հին ու տառապած ժողովուրդ եք,
ուրեմն, դիմացկուն եք և հետևաբար,
կարող եք ապրել առանց հացի,
օգտվելով առավել սննդարար հոգևոր հացից…
գլուխ չորրորդ. թե ինչեր են տարել միջնադարում
Իսկ հետո դռները տարան`
ծխնիներից տեղահան անելով,
հետն էլ ամոթով տվեցին և կշտամբեցին`
ասելով – Ձեր ունեցվածքը փակի տակ եք դրել
դիտավորյալ, որպեսզի մութ բնազդներ արթնացնեք
ձեր պարզհոգի հարևանների պարզ հոգիներում,
ստիպելով նրանց` վտանգի ենթարկվելով
լուսամուտից տանել այն,
ինչը կարելի էր շատ հանգիստ
անցկացնել լայն բացված դռներով…

Գլուխ հինգերորդ. նոր ժամանակներ` 19-20-21-րդ դարեր

Ասացին նաև – դուք, որ  հյուրասեր ու խաղաղ
ժողովրդի համբավ եք վայելում,
այնուհանդերձ, դիմադրության փորձ եք արել`
հնարամիտ ու խորամանկ քայլ,
որպեսզի ձեր հարևանները,
բնության այդ պարզ ու անմիջական զավակները
հարկադրված կոտորեն ձեզ և դրանով իսկ
խայտառակվեն աշխարհով մեկ,
ինչը և ձեր նպատակն է եղել հետին…


Գլուխ վերջին. բարոյական հաղթանակների և
նյութական կորուստների հետևանքը

…Եղել են նաև ուրիշ օրեր`
բաց են եղել դռները երկնքի,
մանանա է իջել թանձր ու խիտ
քաղցր մեղրի նման
և  հաստ շերտով նստել է արոտների,
դաշտերի, սար ու ձորերի վրա
և մազանոթներով թափանցել է խորքերը հողի –
հարձակվել են չորս կողմից,
պատառ-պատառ են արել,
հոշոտել են մոլուցքով
քաղցր բույրից խենթացած
վայրի զեռուն ու գազան…
…Մնացել է ափիս մեջ նշխարաչափ մի պատառ`
ամեն կողմից կրծոտած մեղրաբլիթ… Հայաստան

Please follow and like us: