Նարե Վարուժանի/Բազեն

Սյունիքի կանաչ լեռներում էր ապրում մեր փոքր ու մեծ ընտանիքը։ Այնքան փոքր, որքան Սուսիկի օրորոցը, և այնքան մեծ, որքան մորս հոգսը։ Հայրս ընկել էր կանաչ լեռներում…

Ես յոթ տարեկան էի, և ամենասիրելի զբաղմունքս շնչելն էր… Հա՛, շնչելը։ Վազում էի անտառները, բարձրանում բլուրները, մագլցում ցածր ժայռերն ու նայում վերև։ Վերևում բարձր, կանաչ լեռներն էին, ուր երազում էի բարձրանալ մի օր, ուր մի բան կար, որի մասին ես չգիտեի… և շնչում էի խորհրդավոր բարձրից եկող օդը, շնչում էի ՝ աչքերս երկինք պարզած:   Մի օր էլ այդ երկնքում մի բազե տեսա։ Թևերը լայն բացած՝  ընթանում էր անշեղ, և քանի որ մենք ապրում էինք բարձրում, բազեն շատ մոտ էր, այնքա՛ն մոտ, որ նկատեցի նրա աջ թևի սպիտակ բիծը. նա մի քանի պտույտ գործեց ու գնաց։ Հաջորդ օրերին ես բարձրանում էի նույն բլուրը, և գրեթե ամեն օր տեսնում իմ բազեին` սպիտակ նշանով։ 

Մորս պատմեցի։

– Որդի՛ս, բազեներ շատ կան մեր երկնքում, միշտ են եղել։

– Մա՜մ, այնքան գեղեցիկ է իմ բազեն, երբեք չի շտապում, դանդաղ պտտվում է, ասես ինչ-որ բան է դիտում, ի՞նչ է դիտում, մա՛մ։

– Չգիտեմ, տղա՛ս,- ու մայրս, փոքրիկ Սուսիկին գրկած, պատշգամբից նայեց անեզր հեռվին` կարոտ աչքերով։

***

Սուսիկը գրեթե լաց չէր լինում։ Երբեմն մայրս թողնում էր նրան ինձ մոտ, ինքը գնում թոնրատանը հաց թխելու։ Այդ օրերին ես տխրում էի, որովհետև մինչև երեկո չէի կարող գնալ մոտակա բլուրը ու տեսնել բազեին։ Փոխարենը Սուսիկին պատմում էի իմ լսած բոլոր պատմությունները։ Նա իր սև, մեծ աչքերով ուշադիր վրաս էր նայում, կարծես զարմանում էր` իրո՞ք, այդպե՞ս է եղել, քեզ ո՞վ պատմեց։

– Սուսի՛կ, գիտե՞ս` մեր հայրն ընկավ կանաչ լեռներում։

Սուսիկը զարմացած նայեց ինձ։

– Մայրիկն է այդպես ասել,- ասացի ` համոզելու համար։

Հետո մայրիկից թաքուն կոնֆետ էի տալիս Սուսիկին, ուրախանում էր, ժպտում ու միանգամից մոռանում ամենը, ինչ պատմել էի։ Իսկ հետո, երբ մայրս վերադառնում էր, վազում էի բլուրը` նոր պատմություններ լսելու։

Հավանաբար բազեն արդեն նկատել էր ինձ։ Մի անգամ նույնիսկ պտույտ գործեց հենց գլխիս վերևում` սաստիկ մոտ: Ճիշտ կլինի ասել, որ այդ օրը կարգին վախեցա։ Հետո նա նորից գրավեց իր բարձունքը և մոտ մեկ ժամ չհեռացավ տարածքից։ Ես նստել էի բլրի վրա`ցածր ծառի տակ. սպասում էի։ Բազեն մեկ հայտնվում էր, մեկ` կորչում։

– Ի՞նչն է քեզ այստեղ պահում, ա՛յ բազե,- նայեցի վերև ու կամացուկ հարցրի, դե մեկ է` բարձր էլ ասեմ, չի լսի։ Ինչքան էլ մոտ թվա, նա հեռու է, ու մեր միջև այնքան տարածություն ու քամի կա, որ կխլանա ցանկացած ձայն։ Բազեն կամաց հեռանում էր, ես նայում էի նրա թևերին ու զարմանում` ինչպես կարելի է այդքան ուղիղ կեցվածք ունենալ, երանի ես էլ թռչեի ու նրա պես տեսնեի մեր անտառները, լեռները, բլուրները, վերևից տեսնեի, թե այդ ո՞ր կանաչ լեռներում ընկավ մեր հայրը…


***

Մի շաբաթ էր` բազեն չէր երևացել։ Ամեն օր գնում էի իմ մշտական դիտակետը, բայց նա չկար։ Վերջապես մի օր, երբ հույսս գրեթե կտրած բարձրացել էի բլուրը, վերադարձավ։ Բայց իմ բազեն անհանգիստ էր. նա անկանոն ձևով պտույտներ գործեց, թևերը ուժգին թափ տվեց, մի քանի անգամ սլացավ դեպի ներքև, բարձրացավ վերև, նորից պտույտ գործեց ` արագ ու աղմկոտ, ապա անհետացավ։ Սիրտս դող ընկավ։ 

Մորս պատմեցի. Լաց եղավ…

Այդ դեպքից երկու օր անց մայրս գնաց հաց թխելու, իսկ ես սովորականի նման մնացի Սուսիկի մոտ։ Քրոջս զբաղեցնելու համար խաղում էի հետը, երբ հանկարծ հեռվից, շատ հեռվից անունս լսեցի։ Դուրս եկա, մայրս էր թոնրատան պատշգամբից գոռում.

– Փախե՜ք։

Լաց էր լինում. ձայնից հասկացա, որովհետև ինքն այնքան հեռու էր, որ դեմքը չէր երևում։ «Երևի նորից պատերազմ է»,-մտածելով`Սուսիկին դրեցի մեր ունեցած միակ փայտե սայլակի վրա, ապա սայլակից պարան կապեցի, որ քաշելով տանեմ: Ապահով ճանապարհին հասնելու համար պետք էր բլուր շրջանցել , ուստի չէի կարող գրկած տանել։

Սուսիկին սայլակին դրած բարձրանում էի բլուրը, մի քանի վայրկյանը մեկ շրջվում` համոզվելու համար, որ սայլակը չի թեքվել։ Մի ձեռքով պարանն էի քաշում, մյուսով բռնվում քարերից ու ծառերից, որ մարմինս առաջ հրեմ։ Հանկարծ թիկունքում պայթյունի ձայն լսեցի. այրվում էր մեր տան տանիքը։ Սուսիկը լաց եղավ։ Բայց ետ նայելու ժամանակ չկար, ես շարունակում էի առաջ շարժվել:

– Դիմացի՛ր, Սուսի՛կ, բան չմնա՜ց։

Եվ իսկապես, մենք հասել էինք բլրի գագաթին, մնում էր ձորի ճանապարհով իջնել վար։ 

-Այ հիմա կարող եմ գրկել քեզ, պստո՛։ 

Բայց հենց այդ պահին, երբ ուզում էի շրջվել, անմիջապես իմ ետևում, ականջներիս մեջ կրակոց թնդաց․ ես քարացա.

-Սու՜- սի՜կ…

Արցունքները սառը քրտինքի պես շարվեցին այտերիս։ Համարձակվեցի շրջվել. Սուսիկի թիկունքում ընկած էր սպանված բազեն` սպիտակ նշանը `արյունոտ…

Please follow and like us: