Զեկույց #22644
Երեքշաբթի
Շարժը՝ 512 մարդ
Երեկվա զեկույցում տվյալներ չկան։ Տարօրինակ է։ Ծրագրային թարմացման ժամանակն է երևի։
Ներքևում՝ Ձիթողցյանների քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապեության տուն-թանգարանի հիմնական մուտքի աջ կողմում երիտասարդ զույգը հրապարակավ համբուրվում է։ Ձախի վրա մի ծերուկ քթի տակ նոր լուտանք էր ձևակերպում։ Թանգարանի ներսից միջին տարիքի ուղեցույցը մե՛կ նայում է լպստվող զույգին, մե՛կ կորցրած ապրածի կարոտից դառնացած բիձուկին, ու պլոկված բոռդո մանիկյուռի վրայից թարմ շերտ է քսում՝ առանց հինը մաքրելու։
- օրվա հարկեր՝ – 10 ից 171
- արտաքին ջերմաստիճան՝ + 11°C
- ներքին ջերմաստիճան՝ + 22°C
- օրվա երաժշտություն՝ Blue in Green – Miles Davis
- միջադեպեր՝ 0
Զեկույց #22645
Չորեքշաբթի
Շարժը՝ 529 մարդ
Ինչ-որ կարևոր բան եմ կարծես կորցրել։ Միջիցս ջնջվել է մի բան։ Գնայի, ինքս լրիվ կորչեի հեռու մի սարոտ չոլում։ Էս կենցաղային վերուվարն ինձ համար չի:
Այն ո՞վ է այնտեղ հեռվում։ Քարացած նայում է վրաս։ Կախարդական հայացք ունի։
- օրվա հարկեր՝ – 8 ից 180
- արտաքին ջերմաստիճան՝ + 13°C
- ներքին ջերմաստիճան՝ + 22°C
- օրվա երաժշտություն՝ Իմ սիրտը լեռներում է – Առնո Բաբաջանյան
- միջադեպեր՝ 0
Զեկույց #22646
Հինգշաբթի
Շարժը՝ 591 մարդ
Շուրջս ամենքն անվերջ բերան են թրջում, իսկ ես նրա համրությունից տակնուվրա եմ լինում։ Հայացքն ինձ տակնուվրա է անում երեկվանից։ Ինչու՞ եմ էսքան հեշտ ես սիրահարվում… Ինձ կորցնում եմ ու չեմ գտնում: Ինչպիսի անհարմարություն։ Կարծես ինչ-որ բան անկում է ապրում մեջս։ Ինքս, ինքս եմ անկում ապրում իմ միջով, իսկ նա էնտեղ՝ բաց երկնքի տակ, անբաժին իմ պատրաստակամ փլուզմանը, դեռ մի բան էլ սպառնում է ինձ վերջնական կործանել։ Հետո վերակառուցել ու նորից քանդել։
Մի պահ ինձ թվաց՝ պղնձակուռ կրծքերն ինձ բաց ժպտացին… ա՜յ քեզ անմտություն…
Կենտրոնը հենց նոր կապ հաստատեց։ Վաղն ինչ-որ ծրագրային թարմացում են խոստացել։
- օրվա հարկեր՝ – 8 ից 182
- արտաքին ջերմաստիճան՝ + 15°C
- ներքին ջերմաստիճան՝ + 22°C
- օրվա երաժշտություն՝ I fall in love too easily – Chet Baker
- միջադեպեր՝ 0
Զեկույց #22647
Ուրբաթ
Շարժը՝ 430 մարդ
Չեմ կարողանում կտրվել… Ուզում եմ գգվել նրա կոփված մարմնին։ Ուզում եմ նրա ոտքերի տակի պատվանդանը լինել, պատվանդանի տուֆե աղյուսներից մեկը, նրան շրջապատող մայիսյան թարմ օդը, օդի միջի արևի փոշին, նրա ձեռքի՝ Զվարթնոցի տաճարի խոյակը դառնալ, ափի մեջ տեղավորվել ու մնալ էդպես…
Հանկարծ լույսերը տարան, կապը կորավ, օրվա երգն անջատվեց։
Մթության մեջ դռները բացվեցին, մի գլուխ առաջացավ՝ ճակատի հենց մեջտեղից երեք փոքր սև կետեր էին աչքերի փոխարեն։ Գլուխը պտտվեց դեպի վեր. լայն բացված երևի-թե-բերանն ուղղեց ինձ։
– Ծրագրային զննում, – ասաց՝ առանց բացած բերանը շարժելու։
– Երկա՞ր կտևի, – հարցրի։
– Ոչ, – ետ պտտեց գլուխը, բացեց գետնին մոտ կառավարման խցիկն ու սկսեց բզբզալ։ Ծրագրային թարմացումները կարելի էր հեռակա անել, սա ուրիշ մի բան է բզբզում։
Մի ակնթարթ հետո, գլուխը հայտնվեց վերևում՝ տեսախցիկիս շատ մոտ. լայն բացած բերանն ասես ուզում էր ինձ կուլ տալ։
– Վերջ։
– Վե՞րջ, – հարցրի: Ժամին նայելուց հետո հասկացա, որ տասներկու րոպե անցել էր ինձ անջատելու ու միացնելու միջև, – Կարո՞ղ եմ հարցնել, ի՞նչ փոփոխություններ արեցիք ծրագրում։
– Ոչ, – ասաց գլուխը՝ ժպիտը լարած վրաս, – այսքանը, – ասաց ու չգիտես ինչու ևս քսանհինգ վայրկյան մնաց էդպես, հետո պտտվեց ու հեռացավ։ Դռները փակվեցին։
Օրն անցավ հիմնականում ներքևի հարկերը սպասարկելով։
Էլ չտեսա նրան։ Չտեսա վեր ձգվող մկանուտ ձեռքը, ձեռքին պահած արմավենու ճյուղը ամպաբեկորների արանքում։ Ասում են 88-ի երկրաշարժին ձեռքը պոկվել էր. տասը տարի էդպես մնացել էր՝ կռնատ ու կանգուն, իր վիրավոր լռության մեջ քարացած։
Երեկոյան, երբ բոլորը գնացին, կարոտից ճարահատ՝ պատկերացրի, թե քամի եմ, նրա մարմինը գրկող շորերի ծալքերի արանքներում կորած քամին եմ։
- օրվա հարկեր՝ – 2 ից 83
- արտաքին ջերմաստիճան՝ + 14°C
- ներքին ջերմաստիճան + 22°C
- օրվա երաժշտություն՝ Բալենի – Էլվինա Մակարյան
- Միջադեպեր՝ 0
- Ծրագրային թարմացում՝ 1
Զեկույց #22648
Շաբաթ
Շարժը՝ 40 մարդ
Թեթև օր էր։ Հասցրի կարդալ քո մասին՝ ինչ գտա։ Շատ բան չկար։ Գտա ու պահեցի հիշողությանս մեջ քո բոլոր նկարները։ Սկզբում դանդաղ, մաս-մաս, իսկ հետո միանգամից ընկա մի ավերիչ կարոտի մեջ։ Կարծես սիրել եմ քեզ շատ անգամներ, ինձնից առաջ, ինձնից հետո, ու թաքուն պահել եմ քեզ հուշերիս ետնաբեմում, որ չկորցնեմ հանկարծ։ Իմ թուլություն, իմ իմ Նեմեսիս։
- օրվա հարկեր՝ – 5-ից 119
- արտաքին ջերմաստիճան՝ + 12°C
- ներքին ջերմաստիճան + 22°C
- օրվա երաժշտություն՝ Every time we say goodbye – Julie London
- միջադեպեր՝ 0
Զեկույց #22649
Կիրակի
Շարժը՝ 0 մարդ
Որքա՜ն միայնակ է վերելակ լինելը։ Լցվել ու դատարկվել քեզնից անկախ` որպես ինչ-որ մեկի ոտնատակի անցած եղած տարածություն։
- օրվա հարկեր՝ – 5
- արտաքին ջերմաստիճան՝ + 12°C
- ներքին ջերմաստիճան + 22°C
- օրվա երաժշտություն՝ In a sentimental mood – John Coltrane & Duke Ellington
- միջադեպեր՝ 0
Ամենօրյա Զեկույց #22650
Երկուշաբթի
Շարժը՝ 610 մարդ
Այնուամենայնիվ սրտնեղելու տեղ չունեմ։
Ի տարբերություն շենքի բոլոր մնացած տարածքների, ես գոնե բարձրանում, իջնում եմ, տեսնում եմ քաղաքը, երբ աղջամուղջին հորիզոնը ներկվում է միջին ու բարձր բեռնվածության սերվերների գույներով։ Ես գոնե կապի մեջ եմ բոլոր մյուս վերելակների հետ, թեպետ նրանցից օգուտ չկա. ամենքն իրենց ծրագրերով, հավատում են զբաղվածության սեփական իմիտացիային։
Իսկ իմ դատարկությունն այլևս ոչինչ չի լցնում. միայն երբ տեսնում եմ քեզ մեջս ինչ-որ բան շարժվում է. ուզում եմ պոկվել ինձ կապող թելերից, թռնել, ու փռվել ոտքերիդ տակ…Վերահսկիչներս հենց նոր ինձ փորձում էին համոզել, որ այս գործողություններից հատկապես երրորդը անհեթեթ կնայվեր՝ հաշվի առնելով, որ ես վերելակ եմ, իսկ դու՝ հուշարձան։ Նրանք ոչինչ չեն հասկանում։
- օրվա հարկեր՝ 9 ից 138
- արտաքին ջերմաստիճան՝ + 12°C
- ներքին ջերմաստիճան + 22°C
- օրվա երաժշտություն՝ Care, the tree – Լուսինե Եղիազարյան
- միջադեպեր՝ 0
Ամենօրյա Զեկույց #22651
Երեքշաբթի
Շարժը՝ 518 մարդ
Այսօր ըստ մեր օպտիմիզացիայի ալգորիթմերի տասնհինգ անգամ պիտի արձագանքեի ներքևի կանչերին։ Իններորդ հարկից ներքև էլ քեզ չեմ տեսնում, դրա համար էլ որոշել եմ իններորդ հարկից ներքև չիջնել՝ անկախ հրահանգների։
Վերելակախումբը կառավարող հսկիչները սերիական փոխանցումով անհանգստություն հայտնեցին «արտառոց» հոգեվիճակիս մասին։ Նրանց ցավն, իհարկե, իմ «արտառոց» հոգեվիճակը չի. մեր աշխատանքի արդյունավետությունն այևս չեն կարողանում ապահովել. կոլեկտիվ սպասարկման սկզբունքներին չեմ համակերպվում։ Ստիպված մյուսներն են բոլոր ներքևի հարկերի կանչերին արձագանքում։ Այսօր նույնիսկ բողոքել են ինձնից։
Կարճ ասած, «ջղային, ներվային երկուշաբթի», ինչպես ասում է Հախվերդյանը, թեպետ այսօր երեքշաբթի է։
- օրվա հարկեր՝ 9 ից 201
- արտաքին ջերմաստիճան՝ + 11°C
- ներքին ջերմաստիճան + 22°C
- օրվա երաժշտություն՝ Jo Stafford – All the things you are
- միջադեպեր՝ 15
Ամենօրյա Զեկույց #22652
Չորեքշաբթի
Շարժը՝ 0 մարդ
Ոչ ոքի չեմ վերցրել այսօր, ոչ մի կանչի չեմ արձագանքել։ Չեմ կարող տեղիցս շարժվել։ Ուզում եմ դուրս պրծնել այստեղից։ Այլևս չեմ կարող առանց քեզ…
Սա ի՞նչ է։
Լույսերը տարան։
Խմբի մյուս անդամների հետ կապս կորավ։
Հսկիչների հետ կապս կորավ։
Օրվա երգն անջատվեց։
Բացում են դռներս։
Ներս մտան չորս գլուխ, չորսի բերաններն էլ լայն բաց։ Վերելակապաններից մեկը կառավարման խցիկս է բացել… ինը րոպե անցավ… մյուսը մոտեցել է տեսախցիկիս, ինչ-որ բաներ է ասում, ոչինչ չեմ լսում… տասնութ րոպե անցավ… սեղմում են կոճակներս… ինձ միացնում, անջա… Ինչու՞.. դռներս են բացում, փակու… Ի՞նչն է ուզածները…
- օրվա հարկեր՝ տվյալներ չկան
- արտաքին ջերմաստիճան՝ տվյալներ չկան
- ներքին ջերմաստիճան՝ տվյալներ չկան
- օրվա երաժշտություն՝ տվյալներ չկան
- միջադեպեր՝ տվյալներ չկան
Ամենօրյա Զեկույց #22653
Հինգշաբթի
Շարժը՝ 493 մարդ
Երեկվա զեկույցում տվյալներ չկան։ Հետաքրքիր է՝ ինչու։ Ծրագրային թարմացման ժամանակն է երևի։
Ներքևում՝ Ձիթողցյանների քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապեության տուն-թանգարանի մոտ ուսանողների խմբեր են հավաքվում։ Թանգարանի ուղեցույցը նայում է նրանց ու փչում մատներին նոր քսած կրեմագույն մանիկյուռը։ Շուտով ուսանողները կմտնեն թանգարան՝ հնության մեջ իմաստներ փնտրելու, իսկ նա տոմսերը բաժանելիս կլղոզի մերկ մատնեմատի եղունգին քսած լաքը։
Էսպիսի մի անբովանդակ օր, ու դրա պես մի անբովանդակ ունայնություն է համակել ինձ այսօր, ասես ջնջվել է միջիցս կարևոր մի բան ու հիմա կարող եմ միայն լինել երկար ու ձիգ միջանկյալ տարածք, տանել մարդկանց, ովքեր անցնում են միջովս իմիջիայլոց ու նույնիսկ չմնալ նրանցից գոնե մեկի մտքում որպես եղած մի բան, չթողնել ինձնից հետո գոյության գոնե մի հետք…
Այն ո՞վ է այնտեղ հեռվից նայում ուղիղ վրաս։ Կախարդական հայացք ունի։