Մարտիկի դին կհավերժանա այնտեղ, որտեղ իր վերջին մտքերն էին, վերջին ջղաձգումները և վերջին ափսոսանքը: Հետո կգան նորերը, նրանք կհերկեն հողը, բարեբեր սերմերը ծիլեր կտան: Նրանք կնորոգեն ավերված տները և կվերականգնեն նախնիների սիրո ավերակները:
Հայրենիքն այն վայրն է, որ ազատագրում ես, որտեղ մարտիկների հիշողություններն են ապրում, իսկ շիրիմների մոտ մեղմ հեծեծող ծառերի ծփանքը` դառնություն, ցավ ու ափսոսանք է արթնացնում… Հայրենիքը հիշողությունների ծիրն է, սուրբ տխրության մեղմ օրորն ու տրոփյունը հոգում, դարերի հևքը և նախնիների սիրո մրմունջները։
Լեռան մահվան շնչառությունից երկինքը դողում է… կապիտանն անհաղորդ առաջ է նայում, բարձր ու հանգիստ ձայնով հրամաններ արձակում։ Որերորդ օրն է՝ պաշտպանվում ենք ու վախ չունենք, այնքան մահ ենք տեսել, որ մահը մեր բարեկամն է դարձել իր սառնաշունչ գրկախառնությամբ։ Մենք վախենում ենք մի քանի քայլ այն կողմ գյուղի բնակիչների համար, այնտեղ կանայք ու երեխաներ են, ծերունիներ։ Նրանք չեն ցանկանում լքել բնակավայրը՝ կապված են իրենց հողի ու ջրի հետ։ Մենք որոշել ենք՝ միայն մեր դիակի վրայով։
– Խորեն, Ռուսաստանում էիր, ինչու՞ եկար, – երբեմն հարցնում ենք նրան։
Խորենը ժպտում է բարի, բայց ուժեղ մարդու ժպիտով։ Իսկ Պատասխանը բանաստեղծական է․
– Երկիրը փոքր է՝ նրանից թաքնվելու համար… հայրենիքն` առավել ևս: Ո՞ւր կարող ես փախչել այնտեղից, որտեղ քո հայրն ու պապերն են ծնվել, որտեղ քո ծնողների անկրկնելի հույզերն ու քեզ կյանք նվիրած սիրո մրմունջները երգ են երկնել՝ մի նվագախումբ, որի ամեն հնչյունը իր անկրկնելի դերն ունի։
Մենք զարմացած նայում ենք բանաստեղծ զինվորին, մի քիչ ավելի ուշ հասկանալով, որ զինվորները նաև բանաստեղծներ են և մարտի դաշտում հույզերի մի ամբողջ հեղեղ, կյանքի երաժշտություն են կյանքի կոչում։
– Պատերազմը սովորեցնում է գնահատել կյանքը, նրա առաջարկած հնարավորություները, – շարունակում է Խորենը։ – Այստեղ ապրած ամեն օրը խաղաղության մեջ ապրած տասը տարվա արժեք ունի, դու գնահատում ես կյանքն ու իրականությունը։
Կապիտանը լայն բացված աչքերով նրան է նայում, բայց համաձայն է։ Նա ամբողջ կյանքում զինվորական է եղել, բայց պատերազմում՝ մեզ հետ հավասար, սովորական մի տղա է։ Ես մոտենում եմ նրանց, հիանալի իմանալով իմ անելիքը․
– Տղերք, սուրճ եփե՞մ, – հարցնում եմ․ներսս խլրտում է՝ նրանց համար մի լավ բան անելու ուրախությունից մղված։
Այստեղ բոլորս ծառայում ենք, գնահատում ամեն մեկիս ներկայությունը, երբ հաջորդ պահին չգիտես ում հերթն է ապրելու կամ մահանալու։
– Եփիր, խնդրում եմ, – արագ արձագանքում է Արմանը։ – Քո սիրած ձևով, – ասում է բարձր ծիծաղելով։
Արմանը համադամասեր տղա է։ 18 տարեկան է, բայց չի հասկանում՝ ինչ է մահը։ Կրակելիս երգում է, կամ գոնե մռմռում։ Մի քանի անգամ վիրավորվել է ու ուրախ է սպիների համար։
– Որ աղջիկները տեսնե՜ն, – եռում է նա ուրախությունից։
Իմ սիրած ձևը շատ քաղցր եփելն է, որ տղաները համ զգան կյանքից։ Դանդաղ, վայելելով եփելու հաճույքը, լցնում եմ առատ սուրճն ու ավելի առատ շաքարավազը։ Ինքնաշեն այրոցի վրա եփում եմ, գիտեմ՝ ինչ համեղ է լինելու, տղաները սիրում են իմ եփածը։ Նայում եմ անծուխ կրակին, ձեռքերս շփում սրճեփին մինչև եռալը։ Դեմս հողապատնեշն է, այն կողմ՝ տափարակը, ապա գյուղի լույսերը․․․ Հուզվում եմ․․․ Գյուղում մնացած տղամարդիկ զենքերը ձեռքին արթուն են, երեխաները՝ մուշ-մուշ երազներ են տեսնում․․․ հրետանային զարկերի աղմուկի ներքո, մահվան անգութ շնչառության ամեն վայրկյան՝ սպասումի մեջ․․․ նրանց մայրերը, կանայք, երբե՛ք պատերազմ չեն ցանկանում ու կրում են դրա հետևանքները, ինչու՞ են պատերազմում տղամարդիկ, մտածում եմ․․․ չհասցնելով կրակից վերցնելով սրճեփը, երբ սկսվում է գրոհը։
Գրոհը երկար է տևում։ Հրաժեշտ ենք տալիս Խորենին։
Նկատում ենք Արմանի մարմինը, որ ջղաձգվում ու կծկվում է։
– Օգնե՜ք, – բղավեց նա, մի պահ թույլ վերև բարձրացնելով ձեռքը, որպեսզի տեսնենք։
– Վտանգավոր է մոտենալ նրան, – չհասցրեց գոռալ կապիտանը․․․
Զավենը նետվեց օգնության և չհասցրեց մոտենալ, երբ վիրավորվեց։ Հաջորդ պահին Խորենը նետվեց վիրավոր ու անօգնական ընկերներին օգնելու․․․ Պայթեց հերթական արկը։ Խորենը նույնպես անշարժացավ, սակայն զգացի, որ վիրավոր է և առանց մտածելու վազեցի դեպի իրենց։ Այդ պահին կյանքն ինձ համար արժեք չուներ, ինչ լինելու է` թող լինի հենց հիմա։
Ես կայծակի պես առաջ վազեցի․Զավենն ու Արմանը վիրավորվել էին, սակայն նրանց վերքը համեմատաբար թեթև էր։ Խորենը… վիրավորվելուց տասը րոպե հետո մահացավ: Դրանք իմ կյանքի ամենածանր րոպեներն էին:
– Տղե՜րք, օգնե՜ք, – գոռում էր միալար, մինչև աստիճանաբար լռեց: Իմ միակ օգնությունն աղոթքն էր ու այն հույսը, որ Աստված կվերաստեղծի նրա բզկտված մարմինը: Այդ 10 րոպեների ընթացքում նայում էինք աչքերին, հասկացնելով, որ իր հետ ենք, ես հանեցի տափաշիշը և մոտեցրի շրթունքներին
– Մայրս, – մի կերպ արտաբերեց նա…
– Ես կայցելեմ նրան, – խոստացա Խորենին։
– Դու չմահանաս, խնդրում եմ, – ես․․․
Զգուշորեն փակում եմ Խորենի աչքերը, ապա Զավենին ու Արմանին զգույշ տեղափոխում ենք խրամատ։ Մարտն ավարտվում է։ Ես հազիվ եմ զսպում սրտխառնոցը, բերանումս մետաղական համ էի զգում և վառոդի ու ծխի դառնահամը:
Խորենը սիրում էր մորն ու քրոջը, մանկուց ամպի ծվեններ ու ծաղիկներ էր նկարում, ինչպես իր բզկտված մարմինն է: Ասում էր, որ սիրում է քնելուց առաջ համբուրել մոր ձեռքը, նվիրել նկարած ծաղիկները, որ մայրը պահում է նկարներն ու ցույց տալիս հյուրերին: Հպարտանում էր զավակով…
Ծաղիկներ ու ամպեր նկարող, մորը սիրող Խորենը զոհվեց: Եթե ես բանաստեղծ լինեի, գեղեցիկ տողեր կձոնեի Խորենին ու իր մորը, եթե ես արձակագիր լինեի` հիասքանչ տողեր կնվիրեի Խորենին ու իր քրոջը, Խորենին, որ մահվան շեմին էլ շշնջաց․ «Տղե՜րք, օգնեք… չմահանաս, խնդրում եմ»։
Երբ պատերազմն ավարտվի, կայցելեմ մորն ու քրոջը։
Մարտից հետո ամփոփում ենք իրավիճակը․․․
– Ավագ լեյտենանտը․․․
– Արամը․․․
– Խորենը․․․
Հեռանում եմ, որպեսզի ավելի ազատ դրսևորեմ հույզերս, որովհետև լացի փոխարեն տարօրինակ ցնցումներ եմ զգում մարմնումս, որ բարձրանում է կոկորդս ի վեր և դառնում գունդ: Խեղդվում եմ, սիրտս ծվատվում է անպատմելի ցավից… Մահն ու լացն էլ մեր բարեկամներն են։
…
Այստեղ երազներն ու իրականությունը միաձուլվում են իրար։ Չեմ կարողանում քնել, նայում եմ հեռուներին՝ շատ բան տեսած, ծեր, ամպերին ձուլված սարերին․․․ Հանկարծ մի ոսկեզօծ կառք է ելնում երկնքից և սրընթաց հասնելով մեր խրամատներին, կանգ է առնում: Կառքի մեջ անսովոր գեղեցիկ հագուստներով մարդիկ են նստած: Խորենը նստում է կառքի մեջ ու արագ երկինք սլանում:
Խորենը… նրա գոռոցն ականջներումս, երբեք չեմ մոռանա… Ես չկարողացա օգնել նրան։
Նողկում եմ քաղաքական գործիչ հորջորջվող, պարոնայք գյադաներից։
Հողը ցաքուցրիվ է լինում քո կողքին, առջևում ու ետևում, դու չես հասկանում՝ ով է այս չար բեմականացման հեղինակը… ով է աշխարհով մեկ ցրել մարդկանց և նրանց ապրելու տեղը սահմանել: Հողը բավակա՞ն չէ ապրելու համար․․․ Հողը հոգնել է, նա բզկտվում է մետաղական սարսափից, նիզակի, տեգի ու աղեղի, վառոդի ու ծծմբի մահաբեր շնչից: Երկիր մոլորակի վրա կրակի հեղեղ է թափվում, պայթում են արկերը, կծկվել ենք փոքրիկ հողակտորի վրա։ Խորենը․․․ գնաց խառնվելու այն հողին, որտեղ ծնվել էր, հասակ առել ու երազել, հայացքը հառել անշարժ լեռներին և հոգում հավիտենության խորհրդավոր մեղեդին զգացել։