ԽՈՐՀՐԴԱՀԱՅ ՊԱՏՄԱՎԵՊԻ ԲԱՆԱՁԵՒԸ։ Խորհրդահայ բռնակցված պատմավեպը/Վարդան Ջալոյան

Սկիզբը՝ այստեղ

Բ. Խորհրդահայ բռնակցված պատմավեպը

Խորհրդահայ պատմավեպի մասին առաջին անդրադարձերից մեկը գրել է հայտնի գրականագետ Արսեն Տերտերյանը։ /Սովետահայ պատմավեպը/ Արսեն Տերտերյան. Երկեր. Եր., ԵՊՀ հր., 1980/։

Նա գրում է. «Սովետական հայ պատմավեպը նախքան ինքնուրույն ձեւով հանդես գալը, ուներ ոչ միայն պատմական վեպերով հարուստ հայ գրական ժառանգություն, այլեւ եղբայրակից ռուս սովետական գրականության պատմական վիպասանությունը, որի մեջ ժողովրդական հերոսության գաղափարը ցցուն կերպով պատկերացում էր ստացել եւ կենսագործվել էր սոցիալիստական ռեալիզմը իբրեւ նոր գրական ուղղություն»։ / նույնը, էջ 237/։ Հեղինակը չի մոռանում հայհոյել Մ. Պոկրովսկու հայացքները։

Ըստ էության հայկական պատմավեպը արգելված էր իբրեւ բուրժուական֊ազգայնական ժանր, բայց կապված «սովետական հայրենասիրության» նոր իդեոլոգեմի հետ՝ վերադառնում է ոչ միայն ռուսական պատմավեպը։ Բայց միայն ռուս սովետական պատմավեպից հետո թույլտվություն ստացավ հայ խորհրդային պատմավեպը։

Արսեն Տերտերյանի հոդվածը Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» եւ Ստ. Զորյանի «Պապ թագավոր» վեպերի մասին է։ Նրա կարծիքով «նախահոկտեմբերյան հայ պատմավեպերի հետ համեմատած սովետական հիշված պատմավեպերը առավել չափով են հանդես բերել սոցիալական պայքարն իրենց նկարագրած դարաշրջանի մեջ»: / նույնը, էջ 238/։ Ինչպե՞ս է դա արտահայտվում։ Վարդան զորավարը կամ Պապ թագավորը պայքարում են ոչ միայն արտաքին նվաճողների, այլ նաեւ ներքին թշնամիների դեմ։ Լինելով էլիտա՝ նրանք պոպուլիստներ են, որ ընդառաջ են գնում ժեխի», գռեհիկ զանգվածի ցանկություններին։ Սա սոցռեալիզմի ժողովրդականության իդեոլոգեման է։ Մյուս իդեոլոգեման, որի միջոցով թեստավորվում են այս վեպերը, «ժողովուրդների բարեկամության» իդեոլոգեման է։ Ա. Տերտերյանը գրում է. «Ինչպես սովետահայ գրականության մեջ ընդհանրապես, այնպես էլ պատմավեպերի մեջ իշխում է ինտերնացիոնալիզմը, իբրեւ առաջատար սկզբունք։ Բռնության դեմ կռիվ հայտարարելով, հայ ժողովուրդը ուզում էր համերաշխ ապրել իր հարեւանների հետ»։ Այսինքն՝ կատարված է սոցռեալիզմի բանաձեւի երկրորդ կետը։ Երրորդ իդեոլոգեմը «պատմական անհրաժեշտությունն է»։ Ա. Տերտերյանը գրում է. «Այս պատմական իմաստության ըմբռնումը թե Դեմիրճյանը եւ թե Զորյանը կոնկրտացրել են՝ ցույց տալով, որ տվյալ պատմական շրջանում հայ ինքնուրյուն պետականությունը բարիք էր, իսկ պարսկական կամ բյուզանդական ինտերվենցիան՝ միանգամայն չարիք»։ / նույնը, Էջ 240/։

Ժամանակակից հետազոտող Քաթարինա Կլարկը սոցռեալիստական վեպը բնորոշում է իբրեւ ծիսական տեքստ։ Ինչպես Դ. Դեմիրճյանի, այնպես էլ Ստ. Զորյանի վեպերը անցել են փորձարկում, սոցռեալիստական ծեսը պահպանված է, բոլոր արնախում կուռքերը կուշտ են։

Հիմա պատկերացրեք խորհրդահայ պատմավեպ, որ չի անցել սոցռեալիստական փորձարկումը, խախտել է նրա «սուրբ ծեսը»։ Որպես օրինակ կարելի է բերել Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպը։ Չեմ անդրադառնա այս դիպվածին, բայց կվկայեմ Լիլիթ Երանյանի հետազոտությունը։

Այնպես չէ, որ պատմավեպի սոցռեալիստական ծեսը անցյալում է։ Մադլենա Մադոյանը իր «Պատմականություն հաղորդող լեզվական միջոցները Ստ. Զորյանի պատմավեպերում» հոդվածում գրում է. «դասական պատմավիպագրության ավանդները եւ ռուս խորհրդային պատմավեպի նորարարական փորձը ՝ գաղափարական եւ գեղարվեստական նոր սկզբունքներ հաստատելու առումով խորապես նպաստեցին խորհրդահայ պատմավեպի ձեւավորմանն ու զարգացմանը։»/Մ. Մադանյան֊Պատմականություն հաղորդող լեզվական միջոցները Ստ. Զորյանի պատմավեպերում. Եր. ԵՊՀ հր., 2012/

Այնուամենայնիվ ոչ Ստ. Զորյանի պատմավեպերը, ոչ Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը» սոցռեալիստական պատմավեպի օրինակելի կատարումներ չեն։ Ի վերջո, նրանք եղել են բուրժուական ուղեկից գրողներ։ Ավելի էական է կուսակցական հեղինակ Սերո Խանզադյանը, որպես սոցռեալիստական գրողի տիպական օրինակ։ Սերո Խանզադյանի գաղափարական վերափոխումը հետաքրքիր է նաեւ նրանով, որ կամուրջ է ձգում ստալինյան եւ ազգայնական մարդակերության միջեւ։

Խորհրդահայ ամենահայտնի, ամենից շատ կարդացված պատմավեպը «Մխիթար սպարապետն» է։ Գեւորգ Հայիրյանը՝ հայկական սոցռեալիզմի կարկառուն տեսաբաներից մեկը, գրում է. «Այդ վեպում հեղինակին հաջողվել է օտարերկրյա զավթիչների դեմ մղված հերոսամարտերում Անդրկովկասի ժողովուրդների եղբայրական բարեկամությունը, նրանց միահամուռ ձգտումը՝ միանալու ռուս մեծ ժողովրդի ազատագրական պայքարին»։/«Գրական թերթ», 1965(49)/։ Սերո Խանզադյանի վեպը լավ է, քանզի իրագործում է սոցռեալիստական ծեսը՝ փառաբանում է ռուս ժողովրդի ազատագրական առաքելությունը։

Սերո Խանզադյանի վեպը այլ էական հարցադրումներ է հարուցում։ Ինչո՞ւ է լավ սոցռեալիստական պատմավեպը բուրժուական պատմավեպից։ Բուրժուական պատմավեպը երեւակայության արգասիրք է, սոցռեալիստական պատմավեպը՝ վավերական է։ Որպես օրինակ կարող ենք բերել ակադեմիկոս Աելիտա Դոլուխանյանյանի ««Մխիթար սպարապետ» վեպի վավերականությունը» հոդվածը։ Սոցռեալիստական պատմավեպը պատմագրություն է,
սոցռեալիստական պատմագրությունը՝ հեքիաթ. «Սերո Խանզադյանը, որը մանուկ հասակից լսել էր Մխիթար սպարապետի մասին …» եւ այլն։

Առավել հստակ է արտահայտել Ս. Խանզադյանի վեպի բանաձեւային բնույթը Զ. Հ. Ղուկասյանը իր ««Մխիթար սպարապետ» պատմավեպը» հոդվածում։ Հեղինակը միամտություն ունի չթաքցնելու կուսակցական պահանջները սոցռեալիստական պատմավեպից։ Հոդվածագիրը որպես բարեմասնություն նշում է պատմավեպի ավանդականությունը, այն անբացահայտ հակադրելով նորահայտ մոդեռնիստական, ինչպես Վարդան Ազատյանը կանվաներ՝ ազգային ֆորմալիզմի ժանրում գրված պատմավեպերին։

Սոցռեալիզմի էսթետիկան նորմատիվ է, ինչպես Կլասիցիզմի էսթետիկան, հերարխիկ է եւ ռեպրեսիվ։ Երկուսի քաղաքական իմաստը եւս բացահայտ է. մի դեպքում օրինականացնել միապետական իմպերիալիզմը, մյուս դեպքում՝ ստալինիզմի դաժան ռեժիմը։

Զ. Հ. Ղուկասյանը հստակ, դաժան եւ անողոք է իր նեոկլասիցիզմի մեջ։ Նա գրում է. «Հայ պատմավեպի բովանդակությունն այն է, թե ինչպես ժողովուրդը, դարեր շարունակ ենթարկվելով զորեղ զավթիչների ասպատակություններին, ընկնելով նրանց լծի տակ, երբեք չի դադարել իր ազգային ազատագրության համար պայքարելուց։ Հզորները իրենց հավասարների հետ բախվելիս էլ են հոշոտել փոքր ժողովուրդներին, ամենից հաճախ հայերին, եւ դարձյալ այդ փոքր ժողովուրդը գերմարդկային ճիգեր է գործադրել դուրս գալու համար անկախ եւ ազատ ճանապարհը։ Հարազատ մնալով իրականությանը, հայ պատմավեպը ցույց է տվել, թե ինչպես «հայրենին» պաշտպանելու ժամանակ բորբոքվել են ժողովրդի գլուխ կանգնած մարդկանց կրքերը, խախտվել է իշխանների եւ նախարարների միասնությունը, կազմվել են խմբակցություններ, որոնք հաճախ իրար դեմ կենաց-մահու կռիվներ են մղել, եղել է դավաճանություն, կոտորած՝ յուրայինների ձեռքով։ Պատմական հանգամանքների բերումով միշտ չէ, որ պարզ է եղել, թե օտար լծից, ֆիզիկական բնաջնջումից եւ բռնություններից ազատվելու համար փոքր հայ ժողովուրդը ո՞ր միջոցը պիտի ընտրեր, ինքնուրույն դիմադրությունը, թե՞ որեւէ հզոր տերության հարելու, նրա հովանավորության տակ անցնելու քաղաքականությունը։ Թեեւ պատմությունը բազմիցս հաստատել է, որ օտար տիրակալները խաբում են նրան, բայց հայ ժողովուրդը իր փոքրաթիվության պատճառով հաճախ կանգնել է այդ երկընտանքի առաջ եւ նրա գլուխ կանգնածների աչքը հաճախ հառած է մնացել որեւէ հզոր պալատի դռներին եւ դեսպանների շուրթերին»։

Զ. Հ. Ղուկասյանը կարողացել է բանաձեւի մակարդակի հասցնել խորհրդահայ պատմավեպի բովանդակությունը։ Մի կարեւոր պահ կա խորհրդահայ պատմավեպում, որին չենք անդրադարձել, իբրեւ էական իդեոլոգեմա, դա դավադրության իդեոլոգեման է. Արեւմուտքը խաբում է, ռուսները ազնիվ են։ Հոդվածագիրը այն կարեւորել է։ Ժամանակակից քննադատը, ընդունելով պատմականության հայաստանյան ընկալումը, որ նրանք միջանորդավորված են ստալինյան սոցռեալիստական բանաձեւերով, ինչպե՞ս կարող է դրանք վիճարկել։ Շանսերը քիչ են, դրանք զանգվածային մշակույթի բանաձեւեր են եւ, ուրեմն, իներտ են դրանք տեղից շարժելու համար։ Խնդիրը նույնիսկ պատմաբանները չեն, որոնք «հանրամատչելի հեքիաթներ» են կերտում։ Ու պատմավեպերի հեղինակները չեն, որ ի հեճուկս «ակադեմիականների» իրենց պատմական աշխարհն են ստեղծում։

Խնդիրը ստալինիզմի խարանն է մեր մտածողության վրա։

Please follow and like us:

1 thought on “ԽՈՐՀՐԴԱՀԱՅ ՊԱՏՄԱՎԵՊԻ ԲԱՆԱՁԵՒԸ։ Խորհրդահայ բռնակցված պատմավեպը/Վարդան Ջալոյան

Comments are closed.