Արամ-Նեմրութ Թարվերդյան/Պարտված երկրի քաղաքացի

Պարտված երկրի քաղաքացի

Պարտված երկրի քաղաքացի – ոռի է հնչում

Ու մի տարի է ինչ արծիվը հավայի թռչում

Արծիվները պարտվեցին անօդաչու թռչող սարքի

Ասում են՝ արծվի որակից է, որ ընկել է մի այլ կարգի:

Լրիվ այլ բան են աղունիկները, որ սաղ օր ոտքի տակ

Իմ Հայոց երկրի խաղաղության ղշեր, ինչ հիմար թռչնակ:

Պարտված երկրի քաղաքացի – երբ խանութի հերթում

Զեղչված գները ասես թշնամու կորուստներ երեկոյան թերթում

Ու էս տեմպերով թե զեղչեն մինչև կարագ-մարգարին

Իմ հաշվարկներով մտնելու ենք Բաքու ու հաղթենք սաղին:

Ու արդեն իջնում ես անցում ասես ապաստարան –գժվում ես

Հետպատերազմյան փսիխոզ – ողջույն, ես սպասել եմ քեզ:

Պարտված երկրի քաղաքացի, մի հատ թռի հացի

Ասում են ուրիշ բան չես էլ ձգի դրանից բացի

Եվ վերջին հաշվով աներազանք այս երկրում քեզ

Մեծ գործերի ոչ ոք չի կանչի այլևս և ընդհանրապես

քեզանից ոչինչ չեն սպասում, պարտվածից ինչ սպասես

Մինչև լույս գերի չընկար – արդեն ապրես:

9/11

Պատերազմից հետո ծնվող երեխաները ավելի սիրուն

Նման չեկածներին ու երազներին նրանց ավեր

Ու նայելով աչքերին, թաքուն ենք պահում

Որ պարտված երկիր ենք բերել Նոր տարվա նվեր:

Ու մի տարի է արդեն անցել, բայց դե չանցածի հաշիվ

Մի տարի է և ոչ մի զանգ Արտաշեսից ու Տիգրան Մեծից

Մի տարի է առանց մեծ երազ ու առանց ոտքեր

Ու բոլոր քարտեզներում կարմիր – նահանջի գծեր:

Սա ոչ Դանիան է և ոչ էլ Օվկիանիայի ինչ-որ երկիր

Առավելության զգացումը էստեղ սուրճի պես պարտադիր

Ու կանանց հետ քնելը որ մի տեսակ հաղթողի զբաղմունք

Դժվար – երբ ականջներում պարտության աղմուկ:

Ու ոչ էն է ապրես հանգիստ, սա էդ երկիրը չի

Ոչ էլ կա ասելիք ինքդ քեզ կամ ինչ-որ մեկի

Ու հարցը պարտությունը չէր, որ պարզվեց տոտալ

Այլ երազելու վախը, որ դարձյալ չհանեն սխալ:

Նևադա 1145.52.74

Ատլանտիկայից այն կողմ, չասեմ աշխարհի կեսը, բայց

1/3-ը հեչի պես, պտտում է կովբոյ Նորոն, բաց

Երիզով գլխարկը քունքին

Ձևում հայրենիքի 2-րդը 3-րդված ունքին:

Որոշված ճշտերի հայրենիքը թողած օվկիանոսից այն կողմ

Եռագույնին նկարում է աստղեր ու ձգում ռոմ

Ընտրած նոր կյանք ու դեմքի հարմար միմիկա.

Ու ծովից – ծով Հայաստանը, որ այստեղ՝

Օվկիանոսից – օվկիանոս Ամերիկա.

Էլի վատը չէ:

Ու հայրենիքը՝

Ազատ պարտադրված բովանդակությունից – դուրեկան

Ու Նոր աշխարհը այնքան նոր, որ իրերին անուններ չկան

Մեր մեջ ասած՝ ոչ էլ առանձնապես անելիք:

Տարածությունը, ուր ամեն բան առաջին անգամ է –

Ընտիր հայրենիք:

Կեռ դանակով մաքրում սմբակները կավահողից

Գտած ապրելու նոր հնար կամ թե ձև

Քթի տակ երգում մի բան,

էն հին լավերից:

Եռացնում թեյ, որ փոխում է համը ամեն ամիս

Մինչ երկաթե նժույգները նավերով հատում են Ատլանտիկան

Զրոյացված հաշվիչով փոխում հայրենիքը մեկը-մյուսով՝

Արտահանվող ամերիկյան երազանքի

Երկրորդական օգտագործման հույսով:

Իսկ ծեգին ձիերի ջոկերը,

Ասես դաշնակցական ջոկատներ,

Գրոհում են դաշտերը մշուշում՝

Արածելով հայրենիքը նոր:

Ու փչում են Նևադայի քամիները՝

Արևմուտքից – հարավ-արևելք

Ասես՝ մեռնեմ սարերի հովին:

Please follow and like us: