Մաս I. Ֆեյքից հետո, ճշմարտությունից հետո
Ա. Հովհաննես Թումանյանը եւ հետճշմարտությունը
Լինում է, չի լինում՝ մի թագավոր։ Էս թագավորը իր երկրում հայտնում է.
– Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան։
Հովհ. Թումանյան, «Սուտասանը»
Ի՜նչ տարօրինակ հեքիաթ է: Ստի, ոչ թե վիշապին սպանելու համար, տալիս են թագավորության կեսը: Արտառոց կոնցեպտ, ինչպես կասեր պոստմոդեռնիստ գործակալը: Վերջը եւս արտառոց է.
«Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։
– Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,– հարցնում է թագավորը։
– Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։
– Մի կոտ ոսկի՞,- զարմանում է թագավորը,- սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։
– Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։
– Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,- խոսքը փոխում է թագավորը։
– Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր»։
Համաձայնեք, անսովոր իրավիճակ է: Ճշմարտության տարօրինակ սահմանում:
Բ. Ինչպե՞ս է հնարավոր հասարակությունը
Հ. Թումանյանը պոստմոդեռնիստ չէր, չնայած նրա հեգնանքի ուժը հզոր է: Նա կեղծիքի դեմ
էր, որովհետեւ այն քայքայում է հասարակությունը: Սուտը թույլատրելի է, իհարկե, բայց իբրեւ
մտքի խաղ, ինչպես «Սուտլիկ որսկան» հեքիաթում:
Ինչպե՞ս է հնարավոր հասարակությունը: Եթե կան ճշմարտության չափանիշներ, որոնք կիսում
են նրա համարյա բոլոր անդամները: Դրա շնորհիվ նրանք իրար վստահում են, չնայած
կարող են ունենալ տարբեր կարծիքներ քաղաքական, կրոնական, սոցիալական եւ այլ
խնդիրների մասին: Իսկ կա՞ն դրանք Հայաստանում:
Ժամանակակից հասարակությունների մոտեցումը ճշմարտության հանդեպ շուկայական է: Այսինքն՝ ճշմարտությունը նույնպիսի ապրանք է, ինչպես, ասենք, կոշիկները կամ բրենդները, մեքենաները կամ համբավը, բարեգործությունը կամ համալսարանի դիպլոմը: Շուկայական տրամաբանությունը կապ չունի իրակականության հետ: Բ. Անդերսոնը սահմանում է ազգերը իբրեւ երեւակայական հանրություններ, շուկան երեւակայական տնտեսության օրինակ է:
Շուկան նույնքան պայմանական խաղ է, որքան ֆուտբոլը կամ թենիսը: Այդ կանոնների
հավաքածոն կոչվում է մարքեթինգ, բառացի՝ տնտեսական գործունեության շուկայացում:
Բայց այն կարող է նշանակել նաեւ ոչ տնտեսական գործունեության (արվեստ, գիտություն)
շուկայացում: Մարքեթինգը գիտություն չէ, այլ տեխնոլոգիա, թե ինչպես, ասենք,
զգացումները վերածել ապրանքի:
Գ. Հետճշմարտության սահմանումը
2016 թ. Օքսֆորդի բառարանը որպես տարվա բառ ընտրեց հետճշմարտությունը: Այն բառարանի մեջ մտավ որպես ածական՝ «հղում անելով կամ մատնանշելով այն հանգամանքներին, որոնցում օբյեկտիվ փաստերն ավելի քիչ ազդեցություն ունեն հասարակական կարծիքի ձեւավորման վրա, քան հույզերն ու անձնական համոզմունքները» [1]:
Հետ-ճշմարտությունը դիտվում է որպես հաղորդակցական գործընթաց, որը առաջացնում է որոշակի տեսակի պատում. անհատական փաստերն ու վերլուծական եզրակացությունները
դրանում ավելի քիչ համոզիչ ուժ ունեն, քան պատրաստի մեկնաբանությունները: Այս մեկնաբանությունները կարեւորում են քաղաքացիների անձնական համոզմունքները եւ մշակվում են, մասնավորապես, քաղաքականացված ինտերնետային համայնքներում: 2010 թ. քաղաքագետ Դ. Ռոբերտսը, վերլուծելով ԱՄՆ-ում ռազմավարական քվեարկության մեխանիզմը [2], գրեց.
«Մենք ապրում ենք հետճշմարտության քաղաքականության մեջ, այնպիսի քաղաքական մշակույթում, որում քաղաքականը (հասարակության կարծիքը եւ մեդիա պատումները) գրեթե ամբողջությամբ կտրվել են քաղաքականությունից (օրինականության հիմքերը)»[3]: Այլ կերպ ասած, Դ. Ռոբերտսը խոսում է իրական քաղաքական գործընթացի եւ դրա խորհրդանշական ներկայացման, ԶԼՄ-ների պատումների եւ հասարակության կարծիքի միջեւ առկա խզման մասին:
Հետճշմարտության բառարանային սահմանումը խոսում է այն հանգամանքների մասին,
որոնցում փաստերն ավելի քիչ են ազդում, քան լսարանի անձնական համոզմունքները:
Ֆեյքերի նման, որոնք սովորաբար բնորոշվում են որպես «կեղծ մեդիա արտադրանք», հետճշմարտությունը հնարավոր է դառնում մարդկային վարքի կողմնակալության շնորհիվ, որը փնտրում է փաստեր եւ մեկնաբանություններ՝ հաստատելու իր հավատալիքները եւ համոզմունքները:
Բայց ի տարբերություն ֆեյքի, որը սկզբունքորեն կարելի է հերքել, հետճշմարտությունը
դժվար է հերքել, եթե նույնիսկ այն ֆեյքերից է բաղկացած:
Դ. Հետճշմարտությունը եւ «մեդիա պատումը»
Այսպիսով, հետճշմարտության երեւույթը որոշ մեդիա պատումների հատկությունն է: Ի՞նչ է «մեդիա պատումը»: «Մեդիա պատումը» լրատվամիջոցների կողմից քաղաքականության մասին պատումներն են: Պարզ ասած. նրանք հասարակությանը «պատմում են» իշխանության մասին, իսկ իշխանությանը՝ հասարակության:
Բերենք հայաստանյան լրատվամիջոցներում «մեդիա պատումների» օրնակներ՝ «Նիկոլը ազգի դավաճան է», «օլիգարխները թալանեցին երկիրը», «Ռուսատանը/ Պուտինը Հայստանի թշնամին է» եւ այլն, եւ այլն: Առանձին տեղ է գրավում համավարակի մասին «մեդիա պատումը»: Այդ մասին հրաշալի հրապարակում ունի media.am կայքում Վահրրամ Մարտիրոսյանը՝ «Թագաժահրանգները»: Այս պատումները ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում են քաղաքացիների եւ էլիտաների քաղաքական վարքի վրա:
Ֆեյքերը ամուր ներառված են պատումի մեջ, որն ունի ինքնաբավ արժեք: Հետճշմարտությունը ավելի շուտ փաստերի հետ մանիպուլիացիա է, «անհրաժեշտ» փաստերի ընտրությամբ մնացածի անտեսման միջոցով մեկնաբանության ստեղծում:
Ֆեյքերը ամուր ներառված են պատումի մեջ, որն ունի ինքնաբավ արժեք: Հետճշմարտությունը ավելի շուտ փաստերով մանիպուլիացիա է, «անհրաժեշտ» փաստերի ընտրությամբ մնացածի անտեսման միջոցով մեկնաբանության ստեղծում:
Ընթերցողի համար այդ պատումները ճշմարտություն են՝ հիմնված սուբյեկտիվ ընկալման վրա: Եթե ընթերցողը հավատում է, որ «Նիկոլը ազգի դավաճան է», նա լրատվամիջոցներում փնտրում է իր համոզմունքների ապացույցները, եթե նույնիսկ դրանք օբյեկտիվ փաստեր չեն, այլ ֆեյքեր: Ընդհակառակը, նա մերժում է այն փաստերը եւ մեկնաբանությունները, որոնք հակասում են իր համոզմունքին: Եթե մյուսը հավատում է «օլիգարխները թալանեցին երկիրը» պատումին, ապա նա կփնտրի նախկինների հանցագործությունների մասին վկայող հրապարակումներ:
[1] «Post-truth – relating to or denoting circumstances in which objective facts are less influential
in shaping public opinion than appeals to emotion and personal belief».
[2] Ռազմավարական քվեարկություն. Երբ ընտրողը իր ձայնը տալիս է ոչ թե իր նախընտրած
թեկնածուին, այլ այն թեկնածուին, որ ավելի շատ ձայներ կհավաքի, կամ նրանցից՝ չարյաց
փոքրագույնը:
[3]
We live in post-truth politics: a political culture in which politics (public opinion and media
narratives) have become almost entirely disconnected from policy (the substance of legislation)