Էկա Քեւանիշվիլի/Նախկին պատգամավորը՝ կրկին քաղաքականության մեջ

Աղքատների ավտոբուսը կկանգնի ոչ մի տեղ

8 համարի ավտոբուսի մեջ ծանր հոտ էր կանգնած,

Եվ դրա նման էր այդ օրը նաեւ համար յոթանասունը՝

Սիրո ավարտին հաջորդող օրվա պես,

Ելքի պատուհանն էլ չբացվեց, երբ մի մարդ վատացավ։

Մենք պառկեցրինք նրան կեղտոտ հատակին ու ուշքի բերեցինք։

Հայհոյեցինք կառավարությանը,

Ես էլ՝ ինքս ինձ

Ավտոբուսով ուղևորվելու որոշմանս համար։

Ասացի՝ էս պատմությունից մի բանաստեղծություն հո կգրվի

Անկար նախագահների ու նախարարների մասին։

Եկող օրը ոմն ընդդիմադիր ինտելեկտուալ կսրտիկի։

Իսկ կառավարությունը կհայտարարի, որ կողմնակալ բանաստեղծ եմ։

Տարիներ հետո պոեզիայի սիրահարները կասեն, որ

Ես քաղաքացի բանաստեղծ էի,

Եթե մինչև էդ ձգեմ, ուսիս կթփթփացնեն,

Մի հոբելյանական երեկո կկազմակերպեն,

Որտեղ բեմի ծաղիկներին դագաղը շատ սազական կլինի։

Լրագրողները տեսանյութ կպատրաստեն հայրենի գյուղիս մասին,

Ուր 40 տարի է՝ ոտք չեմ դրել։

Էսպիսի հիմար բաների մասին էի մտածում ավտոբուսում,

Որ դխկդխկում էր աղքատ երկրի դժգույն փողոցներով։

Ուր տխուր-տրտում նստած էին մարդիկ՝

Հարյուր տարեկան տատիս նման

Հիվանդ զավակի սնարի մոտ շվարած։

Նստած էին մարդիկ՝

Ձեռքերը՝ ծնկներին, մի տեսակ քաշվելով,

Հաշվում էին մանրադրամը ու գնում էին ոչ մի տեղ։

Իմ սիրուն կյանքը

Ու՞ր է ի վերջո իմ էդ սիրուն կյանքը,

Չէ՞ որ երազում էի ու տեղը, հիշում եմ,

Ցանկապատել էի անգամ՝

Այ էստեղ կլինես, դո՛ւ, իմ սիրո՛ւն կյանք։

Քանի՜ գերան եմ տաշել ու ցցապատ ներկել,

Քանի՜ անգամ եմ կրակ վառել ու սեղանին փռել

էն կարմիր, նախշազարդ սփռոցը՝

Տոնական սեղանների զարդը

Երջանիկ ավարտով ֆիլմերում։

Ոնց որ թե ամեն ինչ տեղը-տեղին արել եմ․

Ահա՛ կարմիր դիպլոմը,

Ահա՛ լավ աշխատանքը,

Ահա՛ երեխան,

Ահա՛ ամուսինը, մեկի տեղը՝ մի քանիսը,   

Ահա մեծ սերն էլ, որը ճիշտ է՝ փշուր-փշուր եղավ,

Բայց իսկապես հո գոյություն ուներ։

Ինչո՞ւ կորավ էդ սիրուն կյանքն էն հայտնի մարդու պես,

Որ ժամանակին ինձ լավ գրող էր համարում,

Գովում էր հարգալից, հարցազրույց ուզում,

Էն կնոջ նման, որ ասում էր՝ երանի՜ քեզ պես լինեի,

Իսկ ես էլ ինձ անհարմար էի զգում,

Ասես մրջյուններ էի թափ տալիս մարմնիս վրայից։

Լավ է՝ շատ չհավատացի։

Դե՛, ո՞ւր ես, իմ սիրո՛ւն կյանք, դո՛ւրս արի։

Ի՞նչն եմ պակաս արել, ի՞նչը չե՛մ արել,

Գուցե թաքնվում ես, որովհետև շուն ու կատու չե՞մ ունեցել,

Միգուցե մի քիչ է՞լ պիտի նիհարեի 

Կամ էս պառավ հալիս էլի մի տեղ սովորեի։ 

Գուցե ուրիշների համար բառեր մուրալը, 

Աղալն ու փափուկ պատառներով բերանները դնելը

Էն գլխից սխա՞լ էր։

Գուցե դարձել եմ վատ եղանակի տեսություն,

Դժբախտությունների լրաբեր․․․

Բայց իրոք սիրուն կյանք էի ուզում։

Օրենքով էդ կյանքում շատ փող էլ պիտի լիներ,

Էժան ապրանքների խանութներ չէի գնալու,

Սիրելիս էն սրտաձև փուչիկներն էր բերելու ծնունդիս,

Ժամը 12-ին հրավառություն աներ։

Հա, դա էր ինձ համար սիրուն կյանքը։

Ձեզ համար երևի՝ ո՞չ։

Ձեզ համար սա էժանագի՞ն երջանկություն է։

Ես լավ էլ համաձայն էի։

Հիմա ինչպիսի՞ն է էս մեկը, որ ապրում եմ

Կամ ինքն է ապրեցնում ինձ,

Գուցե խոստովանենք, որ երբ մի բան հագովդ չի,

Կա՛մ պիտի փոխես, կա՛մ այնպես կրես,

Որ գոնե շունչդ չկտրվի։

Ակնհայտ է՝ էս կյանքը, որ միշտ հագիս է, սիրուն չի,

Պարզապես հաճախակի ու լա՜վ լվանում եմ,

Դրանից է, որ հեռվից շողշողում է։

Խորհրդարանը մահն ընդունեց ի գիտություն 

Ի գիտություն ընդունեց յոթ հարյուր էջանոց հաշվետվությունը,

Որում էնպես զգույշ են մեզ խեղդամահ անում,

Ինչպես ֆիլմերում ծերերին՝ ձանձրացած սանիտարները․․․

Էնպես էինք անհետանում, ինչպես արյան բիծը՝ հոսող ջրում։

Հանգիստ լսեց մեր պատմությունն առ այն, 

Թե ինչպես մի օր գրպաններումս թմրանյութեր գտանք ու շշմեցինք,

Բայց մեզ ասացին՝ ձերն է, ձերն է։

Եթե ոչ, կնստեցնենք։

Ուշի-ուշով լսեց հողի տակ մնացած հանքագործների պատմությունը,

Արդարացավ․ ուրիշ տեղերում էլ է պատահում։

Շալակը մեծ պսակ առավ  ու ցավակցելու էլ գնաց։

Չզարմացավ, թե ինչու գցեցին մարդուն ոստիկանության շենքից,

Ինչպես գազից խեղդվեց Բիանկա Շիգուրովան,

Ինչպես տղամարդու հագուստով թաղեցին տրանսգենդեր Զիզիին ու

մինչև վերջ ասացին․

Տղամարդ ես, տղամարդ ես ծնվել, տղամարդ էլ կմեռնես։

Ուրիշ ճշմարտություն գոյություն չունի․ մե՛ր մեռելն ես։

Ասացին՝ մահը հասկանալի բան է, բայց դա ի՞նչ ասելու բան է

Աղքատ երկրի դժբախտության ֆոնին։

Սա առանց վիզայի ռեժիմն է։

Սա Չինաստանի հետ առևտրական կապն է։

Սա արևն է, սա արագիլն է։

Գրավյալ տարածքի սահմանին գնդակահարված մարդկանց

Ընդունեցին ի գիտություն․․․

Սովից հոգին տված նորածինների․

Ուրիշ ի՞նչ ճառ ուներ,

Խորհրդարանը շատ զբաղված էր,

Թղթեր պիտի տեղափոխեին

Մի տեղից մյուսը։

Հիմար օրենքներ ընդունեին,

Ամբիոնին հասնելու հերթի կանգնեին,

Բորջոմիի շշեր շպրտեին։

Նրանք դժբախտության համար ժամանակ չունեին։

Նման զբաղվածության մեջ

Բարդ է յոթ հարյուր էջանոց մահվան թղթեր մարսելը։

Ի՞նչ անեն, ինչպե՞ս օգնեն ծեծված բանաստեղծին, համ էլ եթե 

պատրիարքին էլ ձեռքի հետ հայհոյել է։

Թող էդ գազարագույն բաճկոնն էլ չհագներ, մեծ մարդ է։

Էն կանայք էլ, որ ամուսինները վզները կտրեցին,

Գուցե վա՞տ էին իրենց պահում։

Ոչ էլ հիմար ազգայնականների հանրահավաքների ժամանակն էր։

Ուստի ի գիտություն ընդհունեցին մեզ՝ ճնշված մարդկանց,

Մտածեցին՝ քիչ են։

Ի գիտություն ընդհունեցին ու մոռացան մեզ,

Ինչպես քսան տարվա մեռելների,

Որոնց գերեզմանները մոլախոտվել էին։

Համերգ դպրոցի մարզադաշտում

Ինչ տխուր էր այն փոքր քաղաքի դպրոցի

Զոռով կենդանացած մարզադաշտը,

Որտեղ ինչ-որ փառատոն անցկացվեց,

Նախագահը դուրս եկավ, կատակեց, մարդիկ ծիծաղեցին։

Նախագահին մոտիկից տեսան։

Իսկ վերջում անձրևեց, անձրևն ամեն ինչ քանդեց։

Պարտադիր աշխատանքներից հետո բեմադրված հանդեսին

Հավաքվածներին, միևնույն է, ուրախացնում էր  ինչ-որ բան։

Երևի շատ մարդիկ միասին, աղմուկի փոխված լռությունը,

Ու դա զարմանալի էլ չէ․

Այս քաղաքում փողոցները այնպես են դատարկվել,

Ինչպես ատոմային պայթյունից հետո լքված քաղաքներում։

Փառատոնն էլ մի տեսակ մի քանի ժամանոց ստացվեց՝

Վաճառքի հանված գինու շշերի, մեղրի անոթների հետևում

Կանգնած։

Ես հիշում եմ այս քաղաքի տոնակատարությունները, ոչինչ չի փոխվել,

Այն ժամանակ էլ այսպես ինչ-որ մեկին ինչ-որ բան պիտի ապացուցեինք

Եվ ավելի գեղեցիկ լինեինք,

Քան իրականում։

Նախկին պատգամավորը՝ կրկին քաղաքականության մեջ

Հանգստանալը բավական է։

Ու պատգամավորի թոշակն էլ

Այս վերջին շրջանում քչացել է, շուտ է հօդս ցնդում։

Իսկ գոտին պինդ կապելուց հոգնել եմ։

Կարոտել եմ պնդերես լրագրողներին, գունավոր խոսափողը․

Երեկ գիշերը շաքարաքլորը բերանը խոթելն էլ եմ երազիս տեսել,

Ինչ էլ հարցնեն, ի վերջո, միևնույն է, 

Քաղցր է հեռուստացույցով ինքդ քեզ տեսնելը։

Հատկապես եթե ոչ ոք չի նայում։

Երբ հաճելի փշաքաղվում է մարմինդ,

Երբ պատկերացնում ես, որ հիմա քեզ է լսում ամբողջ երկիրը։

Բավական է թփի տակ նստել-սպասելը, թե դեղին մամուլը

Պատահաբար քեզ կհիշի։

Մի անհետաքրքիր բան կհարցնի քեզ

Տան, այգու, կամ մեքենայի մասին, որը,

Լավ հիշեցի, արդեն հնացել է։

Ժամանակն է նորով փոխարինելու։

Սեփական փողերը ծախսելն էլ անհետաքրքիր է 

Ճամփորդական տոմսերի, հեռախոսի, վառելիքի վրա, 

Վարորդ կանչելն էլ, խոստովանենք, ավելի հարմար էր։

Բավական է լինեմ նախկին պատգամավոր։

Կփայլեցնեմ սուր, սև կոշիկներս,

Օսլայած վերնաշապիկների վաշտ կկազմեմ։

Սուր օծանելիքն էլ՝ ժողովրդի մեջ մտնելիս, որ միայն դրա հոտը զգամ, 

Անհրաժեշտ է գնել, պատրաստվել։

Մի կարգախոս էլ մտածենք՝ բոլորին հարմար,

Օրինակ՝ հացի ու պանրի մասին, ինչը բոլորն են սիրում ու 

Ինչը բոլորը կկտցեն, ինչպես ձուկը՝ որդոտ կարթը։

Հիշենք Աստծուն, ու լավ կլինի՝ հայրենիքն էլ խցկենք։

Մարդկանց մեջ հայտնվենք որևէ մեծ եկեղեցում, 

Ցանկալի է՝ մեծ տոնակատարության ժամանակ։

Ժպտերես նախընտրական պաստառներով ցրվենք 

Փողոցներով, գյուղերով, քաղաքներով մեկ։

Առա՜ջ, դեպի որևէ կուսակցություն, միևնույն է։

Միայն թե կարողանանք և դուրս գալ, ավելի լավ է՝ 

Որը կհաղթի, այնտեղ խոթենք մեր ոտքը, 

Եթե կմտնի։

Հետո ավելի հեշտ է մի տեղ տեղափոխվելը։

Քաղաքականություն վերադառնալու ժամանակն է։

Ժամանակն է՝ այսօր իջնեմ մետրո ու շենքի մոտ հավաքվածների

Հիմար դարդը լսեմ․

Այսօր նրանց այսքան մոտենալը նշանակում է վաղը նրանցից հեռու,

Խախանդ, քաղաքական գործչին վայլել մշտազբաղ լինել։

Բավական է հանգիստ ապրել։

Ժամանակն է՝ կամաց-կամաց դուրս գանք ստվերից։

Թարգմանությունը վրացերենից՝ Ասյա Դարբինյանի

Please follow and like us: