Օրը ոչնչով չպիտի տարբերվեր մյուս օրերից։ Սեղանի վրա երեք սմքած հաց կար, որոնք պետք է բաժանվեին վեց հավասար մասերի, ու ամենքին պետք է բաժին հասներ երեք կտոր՝ որպես նախաճաշ, ճաշ ու ընթրիք։
Փռում նախորդ օրվա հացը վաճառվում էր կես գնով. նախ պարտքով վերցնողին թարմ հաց չէին տալիս, եւ ո՜վ իմանար՝ Ռուբոյենք երբ կվճարեին։ Փռի տիրոջ կինը՝ տիկին Ջեմման, պարտքով հաց վերցնողի դեմքին անգամ չէր նայում։ Մատները խրում էր հացերի մեջ ու խորն անտարբերությամբ հատկապես Արուսի հուսահատ ու ամոթից կիսամեռ ստվերի նկատմամբ, ատամների արանքից նետում էր` ա՛ռ։
Հետո, իբր մտքում, հավելում՝ զզվցրիք, էլի։ Օրը ոչնչով չպիտի տարբերվեր, որովհետեւ պահարանում անգամ պղպեղ չկար հացի վրա ցանելու ու տաղտուկը ցրելու համար։ Կիսաշեն տան պատերի մեջ ներծծված դառնությունը, խոնավության հոտի հետ միախառնված, անդադար հոսում ու ողողում էր բետոնե հատակը, որի վրա չորս երեխաների մանկությունը ոտաբոբիկ վազվզում ու հանգրվան չէր գտնում։
Ռուբոն առավոտից-իրիկուն բանում էր տան նկուղում, միայն թե ամենն անում էր «ընկերների» համար ու անվճար։ Ընկերներն էլ դատարկ ձեռքով չէին գալիս։ Որը մի շիշ օղի էր բերում, որը մի բուռ թութուն։ Այդ օրը Ռուբոն ո՛չ թութուն ուներ, ո՛չ օղի։ Ոտքերը քստքստացնելով բարձրացավ տուն ու, միանգամից խրոխտ կեցվածք ընդունելով, համարյա գոռաց.
-Տիկի՛ն, սիգարետ առել ե՞ս։
Ռուբոյի կանչի վրա դուրս եկած Արուսը շվարած ուսերը թոթվեց ու նվնվաց.
-Ինչո՞վ պիտի առնեի, այ Ռուբո ջան:
«Ջան»-ը մսից պոկեց ու ծամծմելով մի կերպ արտաբերեց, որ պատասխանը մեղմեր, Ռուբոն էլ մի պահ քարացավ տեղում, ասես զարմացավ, որ տանը գումար չկա, ապա, չխնայելով իր թավշե բարիտոնը, այնպես գոռաց, որ սարսափահար Արուսն իրեն մի կերպ գցեց երեխաների սենյակ։ Սենյակում աղջիկներն էին։ Մեծն անխռով գիրք էր կարդում, փոքրն էլ ցրված ինչ-որ բան էր նկարում։ Իրականում հոր գոռոցից երկուսն էլ սարսափել էին, բայց նրանք վաղուց սարսափում էին առանց դեմքերին մի մկան շարժելու։ Ռուբոն, հիշատակելով Արուսի բոլոր հայտնի ու անհայտ նախնիներին, հողաթափերն ավելի ուժեղ քստքստացնելով, դուրս եկավ փողոց` սպառնալով.
-Հլը սպասի՜, մորթելո՜ւ եմ…
Արուսը տասնինը տարեկան էր, երբ ծնողների խստությունից, եղբայրների դաժան ծեծուջարդից փախավ ու իր ապաստանը գտավ Ռուբոյի անհուսալի թեւի տակ։ Էդ թեւի տակով քանի՜սն էին անցել, ու ոչ մեկի մտքով չէր անցել մնալ, իսկ Արուսը մեծ երազող էր ու հավատում էր հեքիաթներին։ Էդ չարաբաստիկ օրը ծնողները հրաժարվեցին իրենից։ Հրաժարվեցին մի կում ջուր խմելու պես. ընտանիքից ոչ մեկը բառախեղդ չարեց Արուսին: Արուսն էլ ընդունեց այդուհետ միայն Ռուբոյին ունենալու փաստը։ Բայց Ռուբոն երբեք միայն Արուսին ունենալով չբավարարվեց, բնականաբար, երբեք միայն Արուսինը չեղավ, ու Արուսը հոգնեց։ Հոգնեց ու մի օր բարկության պահին հրաժարվեց իր ոսկեգույն ու շքեղ մազերից։ Շուտով նրա մանկական, վարդագույն շուրթերի անկյուններում դեպի ներքեւ ձգվող աղեղներ հայտնվեցին, կանաչ աչքերը ստվերվեցին ու դադարեցին փայլել։ Միայն թե նա ամեն երրորդ տարում ասես ուխտ էր արել՝ մի երեխա էր լույս աշխարհ բերում, ամեն անգամ հուսալով, որ ինչ-որ բան կփոխվի։ Երրորդ երեխայից հետո որոշեց՝ վե՛րջ: Իր ծնողների օրինակն իրեն բավական էր նման որոշում կայացնելու համար։ Ինքը չորրորդն էր ու վստահ էր՝ ավելորդ է եղել, դրա համար ծնողների սերը չի հերիքել, սպառվել է մինչեւ իր ծնվելը։
Այնուամենայնիվ, ամբողջ ինը տարի դադարից հետո ծնեց չորրորդ երեխային ու դրանով որոշեց սահմանափակել իր պայքարը։
-Ինչ լինելու է, թող լինի,- մտածեց ու բարուրը տուն բերեց։
«Մորթելու՜ եմ»,- դեռ արձագանքում էին տան մերկ պատերը։ Օգոստոսի վերջն էր։ Օրը ոչնչով չպիտի տարբերվեր նախորդ օրերից։ Թերեւս միայն նրանով, որ երեխաների քանակն էր փոխվել, բայց սեղանին երեք սմքած հաց կար, որոնց վրա հստակ երեւում էին տիկին Ջեմմայի նյարդային մատների հետքերը։
Տարիուկես կլիներ, որ Երեւանի տունը վաճառել էին ու տեղափոխվել քաղաքամերձ ավան։ Տեղափոխվելիս Արուսը հույս ուներ, որ «Ռուբոյի լրբերը» կխաղաղվեն ու իրենց հանգիստ կթողնեն, մանավանդ որ նոր տանն անգամ հեռախոս չկար։ Միայն թե Ռուբոն չէր խաղաղվում։ Հիմա էլ սկսել էր խմել հարեւան անբանների հետ ու մի բաժակից հետո դառնում էր աշխարհի ամենավտանգավոր արարածը։ Տղայի ծնվելուն մի շաբաթ ամեն օր սպասում էր, ամեն օր ասում էին՝ վաղը, էդ օրը լուրը լսել ու առավոտից տոնում էր իր ձեւով, իր նմանների հետ։ Հետո որոշեց, որ արդեն Արուսենք տանը կլինեն։ Ճոճվելով մտավ սենյակ, ուր կինը դատարկ կրծքով փորձում էր երեխային կերակրել, երեխան էլ լաց էր լինում։ Շաղված, նախատինքով լի հայացքով նայեց Արուսին, իբր՝ էս էի՞ր ուզում։ Սոված երեխայի լացը Ռուբոն էդ վիճակում էլ տարբերում էր. գազանի պես նայեց պատերին ու դուռը շրխկացնելով դուրս եկավ։
-Բոլորիդ հերթով մորթելու եմ,- էս անգամ մռնչաց չորրորդ երեխային պահելու անզորությունից ու գնաց հարեւան Գարուշի հետ խմելը շարունակելու։ Բա տղա էր ծնվել՝ էլի մի ժառանգ։ Էդ առիթով ո՞վ չէր խմի։ Հետո՞ ինչ, որ մի հոգս էլ ավելացավ իր հոգսաշատ ուսերին։
Արուսը երեխային դրեց մահճակալի վրա ու քարացավ տեղում։ Էլ երկար ու փայլուն մազեր չուներ, որ կտրեր-խաղաղվեր։ Չէր շնչում, աչքերի բիբերը լայնացել էին, դեմքը կարմրել։ Խելագարի հայացքով շուրջը նայեց, հետո սլացավ տան սենյակներից մեկն, ուր նախորդ տնից բերած իրերի մի մասն էր դարսված իրար գլխի, անկանոն, արկղերի ու ճամպրուկների մեջ։ Քաշեց, արանքից հանեց երկու ճամպրուկ, քարշ տվեց բակ ու բացեց։
Ու՞մ մտքով կանցներ, որ տան այդօրինակ գորշության մեջ կարող է որեւէ գունավոր բան լինել։ Այնտեղ էին Արուսի օրիորդ ժամանակվա բոլոր զգեստները, որ հայրն էր բերել տարբեր երկրներ կատարած գործուղումներից, մինչեւ վերջին տարիների
կռվով-դավով գնածները։ Մինչ այդ մտածում էր՝ աղջիկներս կհագնեն, ես էլ էսքան նիհարողը չեմ, բայց Ռուբոյի վերջին հայացքից հետո աշխարհը մի նեղ խողովակ էր դարձել, որտեղ ինքն էր ու իր անզորությունը։ Ճամպրուկների ողջ պարունակությունը բակում դիզեց իրար վրա, աչքերը մի պահ լցվեցին. թվում էր՝ լաց կլինի, բայց իրեն արագ հավաքեց ու մի ակնթարթում լուցկին վառեց-նետեց գունագեղ-ծաղկավոր կույտի վրա։ Արուսը պիտի մեկին սպաներ, բայց նա միայն ձեռքն իր վրա բարձրացնելուն էր սովոր։ Ճի՛շտ էն օրվա պես, երբ փախավ Ռուբոյի հետ։ Կրակն էլ ճի՛շտ Ռուբոյի պես լափեց-մոխրացրեց ամենն, ինչը կարելի էր այրել։
Օրը ոչնչով չպիտի տարբերվեր մյուս օրերից։ Գոնե ամեն օր պիտի կրկնվեին այն երեք հացերը, որոնք պիտի հավասարապես բաժանվեին վեց հավասար մասերի։