ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ «ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ» ՊՈԵՄԸ/Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան

Եղիշե Չարենցը հայ գրականության այն բացառիկ ներկայացուցիչներից է, որն իր անձնական կյանքի հրդեհով բոլորովին այլ լույսով լուսավորեց հայ գրականության ուղին, բացեց հայ բանաստեղծության նոր էջեր ու շերտեր:

Չարենցը բարդ և հակասական երևույթ է։ Նրա «ոչ դյուրածին», վերելքներով և վայրէջքներով բնութագրվող գրական ուղին ու ժառանգությունը մշտապես խորը քննության և վերագնահատումների կարիք ունեն՝ չնայած չարենցագիտության բնագավառում նշանակալի և շարունակական նվաճումներին: Նման վերագնահատման կարիք ունեն նաև չարենցյան քաղաքական և ազգային հայացքները, տեսլականները, նրա գաղափարների տատանումներն ու վերահաստատումը, գրամշակութային արթնության փորձը: Էությամբ անհանգիստ և շարունակ փնտրտուքների մեջ գտնվող գրողը, որ ձգտում էր ժամանակի շունչը դառնալ, սկզբում իր ժողովրդի ապագան կապում էր հեղափոխության հետ՝ անտեսելով անցյալի հանգամանքները, բայց երեսնական թվականներին նրա գիտակցության մեջ բեկվում է անցյալի նկատմամբ վերաբերմունքը: Այդ բեկումն առավել արտահայտիչ է «Մահվան տեսիլ» պոեմում:

Չարենցը գրել է երեք «Մահվան տեսիլ»՝ երկու բանաստեղծություն և մեկ պոեմ:

Հայ գրականության մեջ տեսիլները երևան են եկել դեռևս հին պատմագրության և միջնադարյան բանաստեղծության մեջ՝ սկզբում բնականաբար կրոնական ենթատեքստով ու հանդերձով: 20-րդ դարասկզբին գրական այս տեսակը վերստին նորոգվում է՝ արտացոլելով ոչ թե կրոնական թեմաներ, այլ պատմական, հասարակական, սոցիալ-հոգեբանական երևէջներ:

Առաջին «Մահվան տեսիլ»-ը Չարենցը գրել է 1920 թ. հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից առաջ, երբ երկրում ծանր վիճակ էր տիրում: Նվիրյալի հավատարմությամբ նա ցանկանում է դառնալ հայրենիքի վերջին զոհը, միայն թե վերջ դրվի դաժան խոշտանգումներին:

1936 թ. գրում է նույն վերնագրով բանաստեղծություն՝ նվիրված ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի անմահ հիշատակին: Այստեղ նա գտնում է կերպավորման նպատակասլաց եղանակ: Մահվան պահին հանդիպում են մարդն իր ստեղծածով և գալիքի երազը, որն, անշուշտ, բերում է նաև մեր երկրի գալիքի պատկերը: Ընկնում է հանճարեղ ձեռքը, իսկ երազն ավանդվում է ապրողներին՝ որպես ժառանգություն:

Սույն հոդվածը նպատակ ունի քննել Չարենցի «Մահվան տեսիլ» պոեմը՝ այնտեղ առկա գաղափարական վերաիմաստավորումներին, խորհրդանիշներին և «երկմիտ շշուկներին» անդրադառնալու նպատակով։

Չարենցը «Մահվան տեսիլ» պոեմը գրել է 1933-ին՝ այն զետեղելով նույն թվականին լույս տեսած «Գիրք ճանապարհի» ժողովածուի մեջ: Այս ժողովածուն առանձնահատուկ է իր բովանդակության բազմաշերտությամբ, ժանրերով․ բացառիկ երևույթ երեսնական թվականների համար, որտեղ բացահայտվում են Չարենցի գաղափարական մի շարք հետաքրքիր և մինչ այդ անհայտ դիրքորոշումներ ու հայացքներ: Հեղինակը նոր լույսի տակ է արժևորում անցյալի, ներկայի և գալիքի առնչությունները՝ վերադառնալով ազգային մշակույթի և գրականության ակունքները: Վերագնահատվում են մինչ այդ նրա կողմից հերքված, երբեմն էլ քննադատված մի շարք հեղինակներ՝ Վ. Տերյանը, Հ. Թումանյանը, Միամանթոն, Դ. Վարուժանը, վերաիմաստավորվում է պատմական անցյալը:

Այն հայ ժողովրդի անցած ճանապարհի, քաղաքական բարդ անցումների և հոգևոր անդադար շարժման գիրքն է, բայց դա նաև Չարենցի անդուլ որոնումների, քաղաքացիական և ստեղծագործական նշանակալից անցումների, ժողովրդական բախտի անհատական ընկալումների գիրքն է: [6, 448]

Երեսնական թվականների գրաքննության թելադրանքով Չարենցը ևս դիմում է այլաբանության՝ ներկայացնելով 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի Հայոց պատմության բոլոր կարևոր իրադարձություններն ու պատմական-գրական առանցքային դեմքերին: Ստեղծվում է տեսիլների կառուցիկ մի շարք, որն արտացոլում է հայ ժողովրդի պատմաքաղաքական ու սոցիալ-հոգեբանական շարժը: Այստեղ ամեն ինչ պատճառաբանված է և հիմնավորված:

Պատահական չէ հեղինակի ընտրած ժամանակաշրջանը. բարդ շրջան համաշխարհային և հայոց պատմության համար, երբ, թոթափելով միջնադարյան կրոնական կապանքները, հայ ժողովուրդը բռնում է ազգային-ազատագրական պայքարի ուղին:

Շարժառիթը (մոտիվացիան): Բարդ են պոեմի ստեղծման հասարակական և հոգեբանական ազդակները: Ժամանակն աննպաստ էր: Այդ շրջանում մեր գրական կյանքում և պատմագիտության ասպարեզում պատմության և անցյալի նկատմամբ տարածված էր ժխտողական՝ նիհիլիստական հայացք: Չարենցին մեղադրում էին և՛ նացիոնալիզմի, և՛ նիհիլիզմի մեջ: Հենց այդ տարիներին է առաջ գալիս ճանապարհի, պատմության խնդիրը: [6, 455]

Որոշ գրականագետներ «Մահվան տեսիլ» և «Պատմության քառուղիներով» պոեմները կապում են ազգային նահանջի հոգեբանության, Շահան Շահնուրի և Կոստան Զարյանի վեպերի գաղափարների հետ՝ ազատագրական պայքարի չարենցյան գնահատականները մեկնաբանելով որպես ազատագրական հայկական միֆերի կործանում, անհեռանկարայնության ցուցաբերում:

Գրականագետ Սուրեն Աղաբաբյանն այս տեսակետը ժխտում է և պոեմի ստեղծման շարժառիթ է դիտում հետևյալ հանգամանքը. «1930-ական թթ. լայն քննարկման առարկա դարձավ ազգային գոյի պատմականության հարցը, որը հրամայաբար թելադրում էր խորամուխ լինել ակունքների մեջ, գտնել արդիականությունն անցյալին միացնող կապերը, կամ էլ արդիականությունն անցյալից անջատող մոմենտները, ասպարեզ բերել արդիականության կոնֆլիկտը պատմության հետ»: [1, 264]

Պոեմը հարուստ է միջտեքստային հղումներով ու շերտերով, կառուցվածքը և տեսիլները նման են Դանթեի «Աստվածային կատակերգությանը», բայց սա լոկ նմանակում չէ: Այստեղ ցայտուն կերպով արտացոլվում է Չարենց-մտածողի գիտակցության խորությունը: Հենց պոեմի սկզբում երևում է, թե քերթության ոլորապտույտ ճանապարհով անցած և բազում արևների հրով կիզված գրողն ինչպիսի պատասխանատվությամբ ու խորաթափանցությամբ է մոտենում իր ստեղծագործությանը: Ապագայի նժույգը նստած, հայացքը անցյալին հառած՝ քննում է Մտքի ու Հանճարի գագաթներին, բայց ո՛չ Հոմերոսը, ո՛չ Վիրգիլը, ո՛չ Ֆիրդուսին նրան ուղղորդել, ուղեկցել չեն կարողանում, քանզի տարիների հեռվից նրանց ստեղծագործությունները Չարենցն արդեն դիտում էր որպես հին դարերից եկած հանճարափայլ, բայց միամիտ պարգև: Անցյալի արնակարմիր տեսիլներից շշմած Չարենցին հանճարեղ ուղեկցող էր պետք՝ անցյալի զարհուրելի ճանապարհն անցնելու և Մահվան ու Սարսափի ափը հասնելու համար: Նրա ընտրությունը կանգ է առնում դժոխային ուղիներին քաջատեղյակ, լուսավոր Դանթեի վրա, ում ժամանակին երկնային դժոխքն էր ուղեկցել Վիրգիլիուսը:

Ահավասիկ գնում ենք քեզ հետ միասին, աշակերտ ու վարպետ,
Քերթության թոթովախոս մանուկ և այր բազմավաստակ,
Մեր խոհերով, մեր կյանքով, մեր երգերով անհունորեն տարբեր,
Բայց և հարազատ ու արնակից, իբրև միևնո՛ւյն մարդկության
երկու տարբեր հասակ: [4, 50]

Ուղեկցորդի ընտրությունը պատահական չէր:

Իտալական Վերածննդի հիմնադիր Դանթե Ալիգիերիի ազդեցությունը մեծ է եղել 19-րդ դարի համաշխարհային հասարակության գիտակցության ձևավորման և գեղարվեստական մտածողության վրա: Չարենցը, որպես համաշխարհային մեծ սրտի մի երակի ներկայացուցիչ, չէր կարող անմասն մնալ Դանթեի ազդեցությունից: Այդ ազդեցությունը չարենցյան պոեզիայի մեջ արտահայտվել էր ավելի վաղ՝ 1916-ին, «Դանթեական առասպել» պոեմում:

Բացի այդ, կար մի կարևոր հանգամանք ևս. ազգերի պատմությունների և ճակատագրերի նմանությունները: Ժամանակին Ղ. Ալիշանը, Մ. Նալբանդյանը և այլ մտավորականներ, ովքեր քաջածանոթ էին հայ և իտալացի ժողովուրդների պատմությանը, շատ ընդհանրություններ են տեսել նրանց պատմական ճակատագրերի մեջ: Հայ ժողովրդի անցած խավար ու դժոխային ճանապարհը նկարագրելիս էլ ո՞վ կարող էր առաջնորդել Չարենցին, եթե ոչ Դանթեն:

Չարենցն իրեն հատուկ վարպետությամբ դանթեական միջնադարյան տեսիլները տեղափոխել է 19-րդ դար՝ համապատասխանեցնելով հայ իրականությանն ու պատմական դեմքերին, ովքեր չունեն անուններ, սակայն նրանց գործունեության շեշտադրումները բացահայտում են նրանց ով լինելը:

Բնաբանը ևս պատահական չի ընտրված. Չարենցին գրավել է Սիամանթոյի «Մահվան տեսիլք» բանաստեղծության առաջին և վերջին տողը՝ «Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ»: Դանթեին փոխարինելու է գալիս Սիամանթոն՝ սարսափներից զարհուրած հոգով, չարչարանքի տեսիլներով, հոգեվարքի իրիկուններով ու վիրավոր երազներով: Առհասարակ, մահվան տեսիլները կենտրոնական տեղ են զբաղեցնում Սիամանթոյի ստեղծագործության մեջ: Սիամանթոյի ողջ ստեղծագործությունը տառապանքի և հույսի տեսիլների շարք է՝ քաղաքական-հասարակական շեշտված բովանդակությամբ: Չարենցը այդ կյանքի մասնակիցն էր, զինվորն ու երգիչը: Նա, որ ոչ այնքան հեռու անցյալում անխնա քննադատում էր հեթանոս անցյալի մթնոլորտ ստեղծող, ընդվզման և վրեժի կոչ անող Սիամանթոյին, նա, որ քարոզում էր պատմության կազմաքանդման միջոցով փոխել ազգային մտածողության անցյալամետ և ժամանակավրեպ բնույթը, երեսնականներին վերագնահատում է Սիամանթոյի և առհասարակ արևմտահայ բանաստեղծության արժեքը: Պոեմում առանձին ջերմությամբ ու ցավով է կերտված այս ողբերգական բանաստեղծի կերպարը: Գրականագետ Ս. Դանիելյանը հենց արևմտահայ բանաստեղծների ազդեցությամբ է մեկնաբանում Չարենցի՝ գրականության նշանակության վերագնահատումը. «Սիամանթօ, Մ. Մեծարենց, Դ. Վարուժան, Վ. Թէքէեան գրական-ստեղծագործական ազդեցութիւնների շրջանակը Ե. Չարենցին բերում է գրականութեան նշանակութեան շահագրգիռ վերաբերմունքի: Երեսնական թթ., իր ճակատագրի ծանրագոյն շրջանում, տալիս է արեւմտահայ բանաստեղծութեան բարձր արժեւորումը՝ այլեւս ձերբազատ քաղաքական պիտակավորման ոչ այնքան «հին» փորձից»: [3, 91]

Հայ ժողովրդի պատմական ուղին նկարագրելիս և իր երազների պատկերը ստեղծելիս նա ոգու ճախրանքի զորություն է առել այն մեծերից, որոնց վիճակվել է դառնալ ազգային բախտի տարեգիրներ:

Պատմականգրականդեմքերի ընտրությունը ևս նպատակային է: Նա մոտենում է այնպիսի անհատների, որոնք որոշակի գործունեություն էին ծավալել ազգային ճակատագրի կերտման գործում: Հերոսներին ներկայացնելիս կամ խոսեցնելիս մատը դնում է նրանց գործունեության կամ գաղափարական գծի էական երակի վրա: Օրինակ՝ Ղ. ԱլիշանիևՐաֆֆու գործունեության կարևոր կետը համարում է նախնյանց փառքի մեծարանքը և քաջարի այրերի անմահ մի սերնդի ազատագրական պայքարի ասպարեզ հանելը: Պատկերն այլ է Ռ. Պատկանյանի դիմանկարը կերտելիս:

Բայց շեփորը՝ ռազմի ամպագոռ շառաչուն երգի փոխարեն՝

Արձակեց խռպոտ մի հառաչ, որ նման էր քամու կաղկանձի.

Բայց նրանց մեռյալ աչքերում ամեհի հուրեր նա վառեց,

Եվ գաճաճն սկսեց պարել – խելագար, խնդությամբ անծիր… [4, 55]

Չարենցը քննադատում է Ռ. Պատկանյանի ռազմի երգերի և պայքարի կոչերի հիմքում ընկած անհեռանկարայնությունը:

Ակնհայտ է, որ Չարենցի վերաբերմունքն իր հերոսների նկատմամբ տարբեր էր։ Եթե անժխտելի է նրա համակրանքը Րաֆֆու, Պ. Դուրյանի, Մ. Պեշիկթաշլյանի, Մ. Մեծարենցի, Սիամանթոյի, Դ. Վարուժանի նկատմամբ, ապա անժխտելի է նաև նրա սառը-օբյեկտիվ վերաբերմունքը Ռ. ՊատկանյանիևՍտ. Նազարյանցի, սարկազմը՝ Ա. ԱհարոնյանիևՔ. Միքայելյանինկատմամբ:

Ստ. Նազարյանցը այն քիչ հերոսներից է, որոնց հեղինակը չի խոսեցնում: Չնայած հերոսը զերծ է երգիծական ընդգծված հնարքներից, բայց դիմանկարի մեջ կա թաքնված մի հումոր: Թուրքահայերի քաղաքական բախտի նկատմամբ անտարբեր Նազարյանցը նրանց կրոնն ու լեզուն ազգային անոթ էր հռչակել, ինչն էլ արժանացել է Չարենցի քննադատությանը:

Մազերին եղյամ էր ցանել մառախուղը կարծես Հյուսիսի,
Որ շողում էր ալեզարդ գլխին, ինչպես սառը, օտար լույսի փայլ.
Նա տխուր շարական էր երգում աստծո որդի Հիսուսին,
Բայց բառերը խառնում էր իրար՝ հորդելով անհարթ մի բարբառ: [4, 61]

Չի անտեսվում նաև «Մշակ» լրագրի հիմնադիր, ռուսամետ ԳրիգորԱրծրունին՝ իր խրոխտ արծվային քթով:

Նա ո՛չ թե նստած էր ոսկյա դագաղի վրա, այլ մի մեծ
Չղջիկի, կամ բուի նման՝ թառել էր կարծես չորեքթաթ: [4, 62]

Նրանցից հետո երևում է «Սևասքեմ այրերի մի խումբ», որին առաջնորդում էր մոտ 60 տարեկան, փարթամ մորուքով վարդապետ.

«Նա կրծքին կրում էր աստղ, որ ցոլում էր ինչպես ադամանդ,
Մի խաչ էր շողշողում փորին, որ ցոլքեր էր ցրում բյուրեղե.
Իր հուժկու ձեռքերով, իբրև դարերից մնացած ավանդ,
Բռնել էր պարթև ծերունին և տանում էր թղթե մի շերեփ»: [4, 64]

Վաթսունամյա ծերունին ԽրիմյաննՀայրիկն էր, ով մտքում կրկնում էր մոգական մի թիվ՝ Բեռլինի վեհաժողովի ճակատագրական 61-րդ կետը:

Չարենցն առավել խիստ է Ա. Ահարոնյանի նկատմամբ: Այլաբանական մեկնաբանություն են ստացել Ահարոնյանի երգի բառերը՝ «Հըդահյուն», որը Հայ Հեղափոխական Դաշնակցության պարզ ակնարկ էր: Ակնարկվում է նաև Բանկ Օտտոմանի գրավման և Խանասորի դեպքի մասին, ինչը երևում է «Խան-Բան-Օտ» կապակցությունից1:

Չարենցի հակաահարոնյանական ելույթները սկիզբ են առնում 1918 թ. և շարունակվում մինչև 1933 թվականը՝ ընդգրկելով մտավորականի ակտիվ գործունեության ողջ հասուն շրջանը:

«Գրականություն, բուն իմաստով, գոյություն չունի գաղութներում: Այնտեղ տիրում է Ռափայել Պատկանյանի… ոգին, կամ Ահարոնյանի լալկանությունը»,- հարցազրույցներից մեկում ասում է Չարենցը: Դեռ 1918 թ. սկզբին նա գրում է «Ազգային երազ» ողբերգաերգիծական պոեմը, որի գլխավոր հերոսը ազգային գործիչ Ահոն է: Որ Ահոյի կերպարի նախատիպը Ավետիս Ահարոնյանն է, առաջինը նկատել և վերլուծել է չարենցագետ Ալմաստ Զաքարյանը «Եղիշե Չարենց» մենագրության առաջին հատորում (1997թ.): 1925-ի ամռանը արտասահմանից վերադարձած Չարենցը «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրում է «Սևրի դաշնագրից մինչև «հայ կանանց ալեծուփ մազերը և հեթանոս մարմինը» կամ ընդհակառակը» պամֆլետը: Այս հոդվածին առանձնահատուկ տեղ է վերապահված Չարենց-Ահարոնյան առնչության բացահայտման համար: Չարենցը Ահարոնյանին վերագրում է վավաշոտություն, ծաղրում հեթանոսական շարժումն ու Վարուժանի պոեզիան՝ որոշակիորեն անցնելով սահմանը: Նկատենք, որ Չարենցի և Ահարոնյանի փոխհարաբերությունների անբարենպաստ գիծը որոշակիորեն պայմանավորված էր նաև Ահարոնյանի որդու՝ Վարդգես Ահարոնյանի կնոջ՝ Արմենուհի Տիգրանյանի և Ե․ Չարենցի ունեցած ջերմ հարաբերություններով։

«Մահվան տեսիլ» պոեմի գաղտնագրերի բազմազանության մեջ Ավետիս Ահարոնյանին է նվիրված Ե գլխի մի ծավալուն հատված.

Բայց ահա այդ կույր, հոշոտված, հաշմանդամ շքերթի միջում
Արշավում է՝ նստած տախտակե ձողերից շինած մի նժույգ
Սևահեր, թխադեմ մի այր, որ կրակ ու բոց է շնչում,
Մի ձեռքին քնար ոսկելար, մյուսին՝ հրազեն մի զույգ:
Մի փոքրիկ մորուք նա ուներ, գալարուն սևասև մազեր,
Ծածկել էր թավիշե գլխարկ, և ուներ փողկապ փառահեղ,
Բայց նստուկը մերկ էր նրա, հանել էր զգեստներն ասես,
Որ տեսքը լինի երևի սրբազան իր դերին վայել: [4, 66]

Իմիջիայլոց, Ահարոնյանը «Մահվան տեսիլ» պոեմի ծածկագրված կերպարներից միակն էր, որ պոեմի լույսընծայման պահին դեռ ողջ էր:

Հետաքրքրական է նաև Քրիստափոր Միքայելյանի կերպարի բացահայտումը: Չարենցի երկակի վերաբերմունք ունի նրա նկատմամբ: Չարենցի համար անընդունելի է Միքայելյանի դաշնակցական կերպարը։

Երբ ճիվաղը հանկարծ այն ծանոթ, որ նման էր մարդակերպ հոլի,
Մորեխի պես օդում ցատկելով՝ մոտեցավ արքայի գահին:
Մոտեցավ շարժումով հատու և կտրած գլուխն իր նետեց
Արքայի ոտքերի առջև, իբրև տուրք կամ զոհ սրբազան: [4, 74]

Քրիստափոր Միքայելյանը՝ իր գաղափարակիցների հետ միասին (երկու մարդ՝ սևազգեստ, մռայլ, կրծքերին պղնձե նշան), ցանկացել էր վրեժ լուծել. ծրագրել էր Հրեշ Արքայի (Աբդուլ Համիդի) դեմ մահափորձ կատարել, բայց ձախողվել էր:

Բայց, դժբախտ փորձի ժամանակ, Արքայից հեռու նա պայթեց2:

Անկատար ուխտի պատճառով իր ռումբից զոհված Քրիստափորը հանդերձյալ կյանքում նույնպես հանգիստ չի գտնում:

Չարենցը մեծ զգուշավորությամբ ու խորաթափանցությամբ է մտնում Սիամանթոյի ու Վարուժանի պոետական աշխարհ։ Ուշագրավ է Սիամանթոյի բանաստեղծական-մարդկային բնութագիրը.

Նա ո՛չ թե ինքն էր քայլում, այլ երթի ընթացքով տարված՝
Շարժվում էր, ինչպես մեքենա, ենթակա հորձանքի ուժին.
Երբեմն ցնցում էր նրան անհաղորդ, ներքին մի հարված-
Նա կանգնում էր մի պահ քարացած և նայում՝ լուսնոտի պես ուշիմ:
Նա հո՜ղ էր հայցում՝ խավարին կարկառած ձեռքով իր քարե,
Եվ լո՜ւյս էր հայցում խավարից՝ իբրև դեղ աչքերին իր կույր,-
Եվ մահու պես գունատ շրթերով շշնջում էր բառեր մարմարե,
Երազում էր խոնջենք ու արև և սիրո աղբյուրներ մաքուր: [4, 69]

Չարենցի այն բնութագրումը, թե նա երթի ընթացքում շարժվում էր որպես մեքենա, ենթակա հորձանքի ուժին և քայլում էր «ինչպես կույր», ցույց է տալիս Չարենցի քննադատական վերաբերմունքն այն հանգամանքի նկատմամբ, որ լուսավոր մտքի տեր անհատը տարվել է ազգային կուսակցությունների գաղափարախոսությամբ:

Չարենցը Սիամանթոյին և Դ. Վարուժանին ճշմարտացիորեն դնում է կողք կողքի՝ նրանց էության և մեծության միջև տեսնելով նկատելի առնչություններ: Ավագ ընկերոջ հետ քայլում էր մոմեղեն, սփրթնած, գունատ Դ. Վարուժանը, որի երգն ու բախտը նույնքան հակասական էին, նույնքան ցավագին:

Արծաթե ափսեի վրա նա տանում էր բոցավառ մի սիրտ,
Որ բոսոր ցոլքեր էր ցանում խավարում այն սիրտ կեղեքող,
Եվ զուլալ, արծաթյա ձայնով երգում էր արևի մասին,
Իր գյուղի՜ արևի մասին, որ մորթել էին ցերեկով… [4, 70]

Այստեղ երևում է, թե ինչ բարձր է գնահատում Չարենցը Վարուժանի բանաստեղծական տաղանդը, ինքնատիպությունը. «դաշտերին իջած ցողի նման մաքուր ու ջինջ է նրա երգը հորդում, ամպրոպի որոտի պես թափով»: Չարենցի վերաբերմունքը Վարուժանի նկատմամբ և նրա բանաստեղծական տաղանդի վերագնահատումն ավելի ակնառու է դառնում, երբ կարդում ենք Գ. Մահարու հուշերը։

«Սարսափով լսեցինք մենք, որ Չարենցը Վարուժանին չի սիրում:
-Նա ինչ պոետ է որ… ա՛յ… Սիամանթոն»: [7, 196]

Չմոռանանք, որ Չարենցը Վարուժանին անդրադարձել էր նաև 1925 թ. գրված «Սևրի դաշնագրից մինչև «հայ կանանց ալեծուփ մազերը և հեթանոս մարմինը» կամ ընդհակառակը» պամֆլետում: Սխալվում են բոլորը, բայց սեփական սխալներն ընդունում և շտկում՝ միայն ուժեղները: Եվ խորաթափանց գրողին ոչինչ չի խանգարում 14 տարի անց փոխել կարծիքը Վարուժանի մասին, նրան դնել Սիամանթոյի կողքին և ակնածանքի, համակրանքի և սիրո խոսքեր ասել նրա հասցեին:

Արևմտահայ նահատակ բանաստեղծների նկատմամբ անտարբեր չի մնում անգամ պոեմում Չարենցի ուղեկիցը՝ Դանթեն: «Մահվան աշխարհի վարպետը» թվում է անտարբեր դիտորդ է և անմիջական վերաբերմունք չի արտահայտում, սակայն այդ թվացյալ անտարբերությունը հերքվում է, երբ Վարպետն ամբողջ երթի ընթացքում միայն արևմտահայ նահատակ բանաստեղծների առիթով է խոսում՝ «առաջին և վերջին անգամ»: [7, 196]

«-Դուք կարո՜ղ էիք Քերթության և մտքի լուսե պարտեզում
Ճաշակել Ոգո՛ւ խնդություն՝ սնվելով խոհով ու բանիվ,-
Եվ երթում այս մութ ու դաժան կա՞ արդյոք ավելի՛ մեծ զոհ,
Քան հանճարը ձեր բոցավառ՝ մատուցած այս պի՛ղծ սեղանին…» [4, 70]

Պոեմի գեղարվեստական և գաղափարական նշանակությունն առավել մեծանում է շնորհիվ պատկերավորման միջոցների ու խորհրդանիշների: Այլաբանական մշուշով պարուրված հերոսներին հնարավոր է ճանաչել նրանց գործունեության հեղինակային դիպուկ բնորոշումներով: Բացի այն, որ խորհրդանշական կերպավորում են ստացել անհատները (ինչպես՝ Րաֆֆին՝ խարույկի պահապան, Ռ. Պատկանյանը՝ պղնձե շեփորով ռազմի երգիչ, Գր. Արծրունին՝ արծվաքիթ գաճաճ, Ք. Միքայելյանը՝ մարդակերպ հոլ, Աբդուլ Համիդը՝ Հրեշ Արքա\\Գազան Արքա, ՊԴուրյանը՝ քիչ կանացի ձայնով դալկահար պատանի, Խրիմյան Հայրիկը՝ թղթե շերեփով ծերունի,Լենինը՝ ոսկեփայլ լապտերով առաջնորդ և այլն), խորհրդանիշներով են արտահայտվել նաև որոշակի առարկաներ և երևույթներ, որոնք նկատելի աղերսներ ունեն Սիամանթոյի և արևմտահայ պոեզիայի խորհրդապաշտական համակարգի հետ:

Իր ընտրած ծանր թեմային Ե. Չարենցը մոտենում է նոր զենքով՝ «մտածումի նավով»՝ բանականության ողջ ուժով:

Անտառը խորհրդանշում է երկիրը, որտեղ ծառերը՝ մարդիկ, անպաշտպան են քամիների հարվածներից: Մութ ու մառախլապատ անտառը պոեմի վերջում վերածվում է ամայի, արյունով ու սարսափի ճիչերով լեցուն մի գեհենի: Օսմանյան պետության զինանշանը հուշող «Գունատմահիկը» մահ ու սարսափ է տարածում իր լույսով, սակայն հայտնվում է մի մեծ Արջ (ռուս ժողովուրդը), որը փորձում է կոտրել այդ մահիկը:

Հրդեհի արքան, որ ստանում է զանազան կերպարանքներ, խորհրդանշում է հայ բուրժուազիային, եկեղեցուն և քաղաքական ուժերին [6, 503]: Բուրժուազիային բնորոշ է նաև նավթի բուրմունքը: Պղնձյա բաշով առյուծն Անգլիան է, որի հետ հայերը մեծ հույսեր էին կապել, բայց հիասթափվել էին Բեռլինի վեհաժողովից հետո:

Մռայլ բացատի մեջտեղում ցցված կարմիր, կոնաձև բլուրը Արարատ լեռն է, որի վրա միշտ վառվում և դեպի իրեն է կանչում խնջույքի խարույկը: Խարույկը հայ ժողովրդի երազանքների մարմնավորումն է: «Խարոյկը դառնում է կայուն խորհրդանշան «Մահուան տեսիլում». գրեթէ ամէն պատմական դէպքի կամ անձնաւորութեան առթիվ այն ակնարկվում է նոր ուժով. մերթ մարում է, մերթ բոցավառւում, ցոյց տալիս պայքարի երազայնությունը» [3, 95],- եզրակացնում է Ս. Դանիելյանը: Հատկանիշ, որ բնորոշ է Չարենցի շատ ու շատ ստեղծագործությունների: Ագռավը մահացածների վրա քրքջացող թռչունն է, որ հայտնվում է և գուժում պատիժ ու վրեժ: Սիմվոլային կաղապարների մեջ է առնված նաև ժամանակը.

Ժամանակը ե՜տ էր թռչում արդեն խուլ աշխարհի վրայով,
Մարդակերպ կապիկն էր արդեն արշավում հետքերից մեր նորից,-
Եվ լուսինը, եդեմ ժպիտով ծառերի արանքից նայող,
Մեզ թվում էր վհուկ՝ հմայող, որ փրկում էր ջրից ու հրից… [4, 75]

Եթե պոեմի ավարտին տեսնում ենք երկար ու համառ պայքարից հետո ամայացած մռայլ ու մութ անտառ և կոտորված ժողովուրդ՝ կորցրած ուղի ու հավատ, ապա հակասություն է առաջացնում երկնագույն աչքերով, ոսկեզօծ լապտերով առաջնորդի՝ Լենինի նախատիպի հայտնվելը: Որոշ գրականագետներ պոեմի ավարտը մեկնաբանում են իբրև հեղինակի՝ գրաքննությունից խուսափելու ժամանակի թելադիր պահանջների արգասիք:

Այն ոսկյա լապտերի լույսով ես դարձա Գալիքի՛ երգիչ,-
Այդ լապտերը, ո՜վ Առաջնորդ, կփրկե աշխա՛րհը արար… [4, 77]

Գրականագետ Սամվել Մուրադյանը պոեմի ավարտը պայմանավորում է հետևյալ հանգամանքով:

«Չարենցը այդ օրերին դեռևս «հավատում» էր Լենինին, այդ պատճառով էլ «դեղին Արքայի» հաջորդները՝ արյունարբու Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Ջևդեթը, Նազըմը, Շաքիրը, Քեմալը և մյուսները Չարենցի պոեմում կերպավորված չեն, և Եղեռնի ու «դանթեականի» այս ընկալումն էլ դեռևս պատմական ու գեղարվեստական լիարժեք ճշմարտությունը չէ: Սակայն Չարենցը «դանթեականի» իր ըմբռնումներով արդեն ստեղծել էր գրական մի ավանդույթ, մի նոր սկիզբ, որը պիտի իր դրսևորումն ու զարգացումն ունենար գրական հաջորդ սերունդների մեջ»: [7, 119]

Գրականությանցանկ

  1. Աղաբաբյան Ս., «Եղիշե Չարենց», գիրք երկրորդ, Եր., 1977, էջ 264:
  2. Անանյան Գ., Եղիշե Չարենց / մենագրություն, Եր., «Սովետական գրող», 1987, 388 էջ:
  3. Դանիէլեան Ս., Միջուկի տրոհումը, Սփիւռքահայ գրականութեան պատմութիւն, Գիրք Ա., Ներածութիւն, Եր., «Զանգակ-97», 2011, 408 էջ:
  4. Ե. Չարենց, Երկերի ժողովածու 4 հատորով, հատոր երրորդ, Եր., «Սովետական գրող», 1987, 544 էջ:
  5. Թամրազյան Հ., Երիտասարդ Չարենցը, Եր., 1974, 217 էջ:
  6. Թամրազյան Հ., Ընտիր երկեր: Բանաստեղծության հազարամյա խորհուրդը / հոդվածների ժողովածու, Եր., «Սովետական գրող», 1986, 528 էջ:
  7. Մուրադյան Ս., Գրական հանգրվաններ. Գիրք Ա., Եր., ԵՊՀ հրատ., 2003, 488 էջ:
  8. «Չարենցյան ընթերցումներ»/ Վ. Ա. Գաբրիելյան «Արևմտահայ պոեզիան Չարենցի գնահատությամբ», Երևանի համալս. հրատ., 1974թ., 217 էջ:

1 1896 թվականի օգոստոսի 14-ին 31 զինված հայեր գրավում են Կոստանդնուպոլսի օսմանյան Օտտոման բանկը և եվրոպական դեսպաններին ուղղված հայտագրով պահանջում արագացնել հայկական բարենորոգումների ծրագիրը, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել բանկը։ Եվրոպական դեսպանների անունից ռուսական դեսպանատան թարգման Մաքսիմովը բանկը գրավողներին հավաստիացնում է, որ խոստանում են ազդել սուլթանական կառավարության վրա և իրագործել տալ այդ բարեփոխումները, ինչպես նաև ապահովել նրանց անվնաս հեռացումը Թուրքիայից։ 13 ժամ տևած ընդհարումից հետո բանկը գրավողները լքում են այն և տրամադրված ֆրանսիական նավով մեկնում Մարսել։

21904 թ. հրավիրված ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովից հետո, նույն ժողովի որոշումով, Քրիստափորը ձեռնամուխ եղավ արյունոտ սուլթանին՝ Աբդուլ Համիդ երկրորդին ահաբեկելուն ուղղված «Նժույգ» գործողության կազմակերպմանն ու ղեկավարմանը։ Նա կազմեց մահափորձի ծրագիրը, ընտրեց գործակիցներ, անձամբ անցավ Կ. Պոլիս, կատարեց նախապատրաստական աշխատանքներ։ Բայց, ցավոք, 1905 թ. մարտի 5-ին /ն. տ. 17-ին/ Սոֆիայի մոտ, Վիտոշ լեռան բարձունքին, ինքնաշեն նռնակի փորձարկման ժամանակ նա զոհվեց իր գործակից Վռամշապուհ Քենդիրյանի հետ միասին։ 

Please follow and like us: