Զավեն Բեկյան/Բայդենը բադ չի, որ ուտի Պուտինի կուտը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Իմ պոետական սկիզբը լուսավորված է եղել՝
նաև՝ իմ նման մի  գեղջուկ պատանի Եսենինի լույսով,
ապա ավելի հասուն իմ տարիներին
ինձ կլանել է Դոստոևսկու հզոր շունչը,
իմ հոգու ցուցադարակներին մշտապես հնչում են
Մուսորգսկու պատկերները ցուցահանդեսից,
ես հևասպառ եմ նայում ֆիլմերը Անդրեյ Տարկովսկու։ –
Ես սիրում եմ Ռուսաստանը, բայց ավաղ,
Ռուսաստանը էլ չի ծնում դոստոևսկիներ,
Ռուսաստանի սրտում էլ չի ծագում շոստակովիչ,
Ռուսաստանը էլ չի ծնում սախարովներ,
Ռուսաստանը ծնում է հերմաֆրոդիտ գենսեկ,
Ռուսաստանը ծնում է հարբած գեներալներ,
Ռուսաստանը ծնում է շովինիստ քաղաքական
տեսաբաններ, որ ամեն օր ապականում են հեռուստաեթերը,
Ռուսաստանը ծնում է սափրագլուխ քիլլերներ։
Ռուսաստանինն են ամենալայնարձակ տափաստանները –
և Ռուսաստանը վարգում է երկու ձիերի վրա կանգնած,
որոնցից մեկը մանղոլ-թաթարականն է արյունռուշտ,
իսկ մյուսը՝ բյուզանդական-քրիստոնեականը՝ հետզհետե գայթող ․․․
Ռուսաստանը թաղված է զենքերի ու հիպերձայնային մահվան ժխորի մեջ,
Ռուսաստանը ագահաբար նայում է հարևան երկրների հողերին,
Ռուսաստանը խփում-խորացնում է խաչելության դատապարտված
իմ տարաբախտ երկրի ձեռնագամերն ու ոտնագամերը,
Ռուսաստանը հակադրված է ողջ քաղաքակիրթ աշխարհին,
Ռուսաստանը սիբիրյան անսահմանություններում դինամիտ է կուտակում ՝
աշխարհը մի օր պայթեցնելու համար,
Ռուսաստանը գնալով նմանվում է մի օդանավակայանի,
ուր վայրէջք են կատարելու մի օր
Ապոկալիպսիսի դաժան հրեշտակները ․․․

  ԿԱՊՐԻՉԻՈԶՆԵՐ

              1․

Բատկոն
ծնվել է
մալոռուսական ճահիճում –
Բատկոն
դուրս չի գա
վելոռուսական մահիճից։

               2․

Բատկոն լավ տղա է, բայց
չունի գուլպա։
Բատկոն կարդում է
«Տարաս Բուլբա»։

               3․

Բայդենը
բայց դե
բադ չի,
որ ուտի
Պուտինի
կուտը։

                 4․

«Մեր ինչի՞ն է
Թուր Կեծակին․․․»,-
ասաց՝ մտավ
մկան ծակը։

                  5

Հըռհըռում է
շուն Մելիքը․
«Էս ի՜նչ կոլխոզչոմալաք էր․․․ »։

                 6

Այսքան մեղքը
ո՞նց կհերքես․․․ –
Չէ՜, ա՛յ Վերգո,
երգդ երգվեց ․․․

ԲԱՌԱԽԱՂԵՐ
Թուրքը
տուրքն է
Սադայելի՝
տիեզերական ֆորումին,
իբրև ցուցանմուշ։
Թուրքը
դուրգն է
մակրոկոսմիկ
մի տխեղծ բրուտի,
որ հոգնել է
այլանդակություններ ծեփելուց։
Թուրքը
թուքն է աշխարհի՝
դարերով թաց,
որ չի չորանում
քաղակրթության արևից։
Թուրքը
թութքն է
Թութանհամոնի՝
վերամարմնավորված
հազարամյակներ հետո։
Թուրքը
թուխպն է
Աստծո եղանակի,
որից խույս են տալիս
հրեշտակները զզվանքով։
Թուրքը
թույնն է
տիեզերական կոբրայի՝
ըստ «Կարմա վեդայի»,
որ ծորում է
համաշխարհային մղձավանջի
ձորում։
Թուրքը
թուղթ է
մահվան՝
կյանքի գզրոցներում։
Թուրքը
թումբն է ամոթույքի՝
աշխարհի ռելիեֆին։



 ՌՈՒՍԻԱ

Ռուսիա՜,
դու նորից կծկում ես քո
սկյութական մկան-ճոպանները պողպատե –
էշելոններով գիշերուզօր
գնացքներ են սուրում ՝ զենքով
բեռնված – քո պողպատը հոսում է
դեպի քաղաքը Մոնոմախի․․․
Դու սարդի պես հետևում ես
քո շրջակա պետություններին, որոնց
ճանճի վարք ես փորձում պարտադրել ․․․
Ռուսիա՜,
քո արևը երերում է
տափաստանների վրա՝ հարբած,
խամրած՝ ասես արաղի
գոլորշիների միջով նայված ․․․
Կացիններ են շողում մթնշաղի մեջ։ –
Մի՞թե այնպես է վիճակված, որ
հիսուն տարին մեկ, հարյուր տարին մեկ
Խելահեղության Վարսավիրը պիտի՝ ինչպես հնում,
մոտեցնի իր նշտարը քո զարկերակին,
որ արյուն տաս ու մի քիչ
հանգստանաս ․․․
Քո լուսավոր ու ուսյալ զավակները՝
ներկա և անցյալ,
խաչակնքում են
սրբապատկերների առջև ուղղափառ,
բայց ավաղ, նրանց դեմքն՝ ինչպես մի ճրագի,
մշմեղում է թաթարական անողոք մի փառ ․․․

Please follow and like us: