-Դուք ու՞մ եք զանգել…
Ամուսնուս հեռախոսին պատասխանող անծանոթի ձայնը քարկապ գցեց մտքերս, բառերս խառնվեցին իրար, կորցրին հերթականությունը, իրար շալակի թռան ու սկսեցին սեղմել կոկորդս:
-Ես ամուսնուս եմ զանգել,- ասացի ես` մի կերպ կոճկելով ու իրար կողքի ճիշտ հերթականությամբ շարելով բառերը…
– Ձեր ամուսինը վթարի է ենթարկվել, տանում ենք հիվանդանոց, եկե՛ք «Աստղիկ» Բժշկական կենտրոն…
Կեսգիշերն անց էր։ Հիվանդանոցի միջանցքը լիքն էր խայտաբղետ ու տարատեսակ մարդկանցով: Թվում էր, թե բոլորը սև հեղեղի բերանն են ընկել և իրենց կամքից անկախ` փոքրիկ տաշեղներ են դարձել, եկել լցվել են այս երկար միջանցքը… Մի մասը հոգնած էր գիշերվա անքնությունից, մի մասը հազում էր մի ձենի, տեղը տեղին:
Ես հոգնած էի հոգնածների նման ու ետ չէի մնում հազացողներից: Բոլորս սպասում էինք ու ճմռթված հայացքներով լուռ զննում իրար: Կարծես բոլորս նույն մեղքն էինք գործել և այդ միջանցքում հավաքվել էինք, որ սպասելով կրենք մեր պատիժը:
Չգիտեմ` որ երկրի խելոքն է ասել, բայց տեղին է ասել.
-Եթե ուզում ես պատժել մարդուն, սպասեցրո՛ւ նրան։
-Դուք խանգարում եք մեզ, տիկի՛ն, դո՛ւրս եկեք, խնդրում եմ:
-Դուք եք ինձ խանգարում, ես ուզում եմ տեսնել ամուսնուս:
-Համբերե՛ք մի ժամ, բուժզննումը պիտի ամբողջությամբ ավարտենք:
Դիմացս մի կին է նստած` զուսպ ու գեղեցիկ արտաքինով, գլուխը հենել է կողքի երիտասարդ տղայի ուսին ու անձայն լաց է լինում: Հանգիստ, անաղմուկ… Ես հասկանում եմ, թե ինչու ինքս էլ լաց չեմ լինում:
Ա՛յ, եթե այս պահին էլ իմ տղան կողքիս նստած լիներ` այսքան ուժեղ, այսքան հասուն, ինքնավստահ ու լուրջ դեմքով, և ես հանգիստ հենված լինեի նրա ուսին, ես էլ կթուլանայի ու ազատություն կտայի արցունքներիս. դրանց անտեղի բանտարկելն ի՞նչ իմաստ ունի…
Հավաքվում են, կուտակվում ներսումդ ու աղմուկ բարձրացնում` նոր արթնացած և հերթով իրար արթնացնող մանկապարտեզի երեխաների նման…
Բայց քանի որ իմ տղան դեռ այսքան մեծ չէ, կողքիս նստած չէ ու ահավոր չի սիրում, որ ես լաց եմ լինում, կծկում եմ արցունքներիս ցաքուցրիվ թելերն ու խոռճկում ներսիս մի չերևացող տեղ: Խցկում եմ ու հայացքով մի հարմար, ծանր բան փնտրում, որ դնեմ վրան` թթվի քարի նման…
-Թերե՛զ, արագ կպցրո՛ւ, դու կպցնելուց շատ լավ ես,- դիմացի վիրակապարանից լսվում է բժշկի ձայնը:
Ներսում քրքջում են, ու նրանց զվարթ ծիծաղը, հայտնվելով միջանցքի մտահոգ հայացքների մեջ, անհարմար է զգում ու անհետանում իսկույն…
Հիվանդանոցներում բժիշկների առատությունը զարմացնում է ինձ, բա որ այսքան շատ բժիշկ կա, ինչո՞ւ են հիվանդներն այսքան շատ… Ինչո՞ւ են հիվանդացողներն ավելի շատ, քան առողջացողները։
-Երեք օր են ասել, քառասունվեց ժամ մնաց, սպասում ենք, ախպե’ր, նստած ենք միջանցքում,- մի երիտասարդ տղա է, ցածր ձայնով հեռախոսով է խոսում: Աչքերի մեջ հոգնածությունն ու անքնությունը բախվել են իրար ու էդպես աչքերի հայելու վրա անշարժ սառել- մնացել…
Խեղճ տղա, օրերը հատ-հատ բաժանել է ժամերի մեջ, գումարել իրար ու քաշում է տերողորմյայի հատիկների նման` խեր, շառ, Աստված…
-Ծնվել ա, մեր թագավոր տղեն վերջապես ծնվել ա,-միջանցքով մեկ գոռում է երկու ձեռքով մեծ ծաղկեփունջը, իսկ ուսով հեռախոսը ականջին հազիվ պահող մի երիտասարդ տղա: Նա անցնում է կողքովս այնքան սահուն ու թեթև, որ թվում է, թե ոտքի տակինը հատակը չէ, երկինքն է` ամպոտ ու հեշտագնա:
-Երանի քեզ, թագավո՛ր տղա, որ նոր ես ծնվել, որ անվթար լույս աշխարհ ես եկել ու քեզ համար խելոք պառկած` խաղաղ ես նայում աշխարհին…
-Երանի քեզ, որ աշխարհդ դեռ մի կաթնահոտ մորով է սկսվում ու ավարտվում: Հետո կհասկանաս, որ մարդու համար ինչքան լայնանում է աշխարհը, այնքան ավելի նեղ է թվում երբեմն ու ավելի շատ է սեղմում իր պատերում…
-Երանի քեզ` երբ լացդ գալիս է, բարձր աղաղակով լաց ես լինում, ու դրանք չեն հավաքվում, ծակծկում ներսդ սրածայր չեչաքարերի պես:
-Երանի քեզ, որ անսահման լայնարձակ, ազատ ու մաքուր է հիմա քեզ համար աշխարհը, որովհետև մաքրամաքուր աչքերով ու անապակ ներսիցդ ես զննում նրան:
Մի սիրուն աղջիկ է անցնում կողքովս, մի պահ կանգնում է, նայում ինձ, ծանոթ ժպիտով ժպտում թշերի փոսիկներից:
Սկզբում չեմ ճանաչում, թե ով է, հետո հանկարծ հիշողությանս դարակից անսպասելի դուրս է թռչում Անկան` իմ մանկության ընկերուհին, որ արագ անցնում է կողքովս` առանց մի բառ անգամ ասելու:
Աշխարհը, հիվանդանոցի պատերը հանկարծ մի ժպտերես ու լուսավոր աղջիկ են դառնում ու ժպտում ինձ՝ այնպես, ինչպես ժպտում էր Անկան փոքր ժամանակ, երբ դեռ փոքր էինք ու խաղում էինք իրար հետ…
Հանկարծ աշխարհը մի անհոգ մանկություն է դառնում և սկսում է կարկաչել տարիների խորքից:
…Մենք գյուղահոտ, գյուղատիպ, գյուղակոլոլ երեխաներ էինք, Անկան քաղաքացի էր ու քաղաքատիպ…Բայց դա չէր խանգարել մեզ, որ կապվենք Անկայի հետ, ու ամեն ամառ անհամբեր սպասենք, թե երբ է նա գյուղ գալու:
Անկայի գյուղ գալուց հետո ես իսպառ մոռանում էի գյուղի իմ խաղընկերներին, ու իմ մոլորակը սկսվում էր պտտվել նրա շուրջը…
Ես Անկային շատ էի սիրում, սիրում էի` թաքուն նախանձելով նրան…
….որ ինքը կախարդական գույներ ունեցող Երևանում է ապրում, մենք` գյուղում ու դեռ չենք տեսել, թե ինչպիսին է այդ Երևանը:
…որ իր տատիկը ամբիոնի վարիչ դասախոս է, իսկ իմ տատը հպարտորեն պատմում է, թե քանի տարի է կարողացել ֆերմայում ամեն օր 27 կով կթել:
…որ իր տատիկը իրեն համոզում է` տուն գնա ու հաց ուտի, իսկ իմ տատը մեզ համոզում է, որ քիչ ուտենք, չէ՞ որ էլի մենք ենք ուտելու, աշխարհի վերջը չէ…
…որ Անկայի տատիկն իրեն համոզում է` հերիք է խաղա, հիմա պիտի տուն գնա և մի քիչ էլ գիրք կարդա ու դաշնամուր նվագի, իսկ իմ տատն ասում է.
-էս խի՞ եկաք, գնացե՛ք, էն հովին մի քիչ էլ խաղացեք, գնացե՛ք, էլի տուն լցվեցի՞ք…
…որ Անկայի տատիկը երբեմն ռուսերեն է խոսում Անկայի հետ, իսկ ես երբ խնդրում եմ, որ իմ տատն էլ ինձ հետ ռուսերեն խոսի, ասում է.
-Ես էդպես էլ չսիրեցի էդ ռսների շան լեզուն:
…որ Անկայինը տատիկ է, իսկ իմը` ուղղակի տատ:
Ու մի հերթական ամառ էր, երբ իմացանք, որ Անկան էլ գյուղ չի գալու, նրա ծնողները բաժանվել էին, և մայրը ցանկացել էր իր երեխաների հիշողությունից ջնջել այն ամենը, ինչը կապ ուներ ամուսնու հետ…
Այդ ամենի մեջ էր նաև մեր գյուղը, մենք ու միայնակ ամառանոց եկած, տխուր դեմքով զբոսնող տատիկը, որ անընդհատ շոյող հայացքով հետևում էր մեր խաղին:
Ես սրտանց կուզեի գնալ բժշկուհի դարձած Անկայի ետևից, մի անգամ էլ նայել իմ մանկության աշխարհից ինձ ժպտացող աղջկան, բայց չգնացի: Ոտքերս վազեցին, հայացքս թռավ ետևից, բայց ես շարունակեցի անտարբեր դեմքով նստած մնալ հիվանդանոցի միջանցքում, որովհետև հասկացա, որ ես այնտեղից եմ, որտեղից ընդմիշտ ու առանց ետ նայելու է հեռացել Անկան:
-Տիկին, նե’րս եկեք, կարծես թե Ձեր ամուսնու հետ ամեն ինչ նորմալ է, ոտքերն են լուրջ վնասված, երևի վեց ամիս կտևի բուժումը, դեռ չի քայլելու, բայց վեց ամիս հետո նա լիարժեք առողջ կլինի և կքայլի, հավատացա՛ծ եղեք…
Ես ներս եմ մտնում հիվանդասենյակ. վթարի ենթարկված ամուսնուս ճակատին ու երեսին չորացած արյուն է, ինքը դեռ քնած է` հանգիստ ու խաղաղ:
Իմ ներսում հանկարծ փլվում են 16 տարիների ընթացքում մեր միջով անցած բոլոր տեղին ու անտեղի փոթորիկները:
Ես էլ եմ փլվում աթոռին: Ծագող արևի շողերն ընկել են նրա դեմքին և ժամանակ են գտել խաղալու իրար հետ… Արևն ուրիշ աշխարհներին առատորեն լուսավորելուց հետո վերջապես հիշել է մեզ ու եկել է լուսավորելու, տաքացնելու նաև մեր մութ աշխարհը:
Լույսը բացվում է, լայն բացում արծվային թևերը, որ ամուր գրկի ինձ:
Ես գտնում եմ արցունքներիս կծկված թելերի ծայրը, դուրս եմ քաշում ներսիցս և լաց եմ լինում այս խավար ու արևոտ, կանաչ ու կարմիր, անվերջ լայնացող, բայց իր նեղ պատերի մեջ երբեմն մեզ խեղդամահ անող աշխարհի համար:
Լուսանում է…