Նարե Վարուժանի/Կամավորը

Իմ հին քաղաքում թողել էի կիսափուլ մայթեր ու էդ մայթերի վրա կոշիկ մաշող ու հառաչող մի քանի հոգու։ Բառիս բուն իմաստով մի քան ի հոգու․ միգուցե դա էլ էր շատ, որովհետև մայթերից բացի աշխատանք էլ չկար։

Բայց հիասթափվել պետք չէ․ հենց էս տեսակ քաղաքներում կգտնես լավագույն կամավորներին․ հենց էս տեսակ քաղաքներում կգտնես Ռուդոյին, մեր Ռուդոյին․․․

-Ռու՞դ։

Մի պահ կարկամեց, չէր սպասում․

-Դու՞, էկել ե՞ս։

Ծիծաղում եմ։ Ցուրտ է։

-Ձեր սենյակում աթոռ կգտնվի՞, մեկ էլ, եթե ճոխ գտնվի սենյակդ, թեյ։

– Ի՛, բա էդ հարց ա՞,-Ռուդոն էրեկվա երեխու պես սկսեց վազվզել, համ աթոռ ճարեց, համ բաժակ, հետո գնաց ինչ-որ դարակներ փորփրելու․ միանշանակ թեյ էր փնտրում։ Այդ ընթացքում սկսեցի ուսումնասիրել սենյակը․ ծեփը թափված պատերը խնամքով փակած էր կամավորական պլակատներով, սեղանի վրա զանազան մանր-մունր թղթեր էին լցրած, իսկ սենյակի միակ բազմոցի մոտ հոսանքով աշխատող պստլիկ վառարան էր նվվում։ Ժամանակին այստեղ կամավորություն էի անում, ժամանակին ժամանակ շատ ունեինք, որովհետև մեր քաղաքում ժամանակը մի տեսակ կանգնած է․․․ Ռուդոն եկավ։

-Ասում ես՝ խի ես եկե՞լ։

-Մեր տունը վաղուց բացող չի եղել, համ էլ կարոտել եմ քաղաքս։

Խոսքերիս մեջ գրամ անգամ կեղծիք չկար․ ես իրոք կարոտել էի քաղաքը, ժամանակը, կամավորությունը, Ռուդոյին, Մանեին, Արենին․․․

-Հա՛, բա մնացած էրեխեքն ու՞ր են, Ռու՛դ։

– Ես եմ մնացել,- մի տեսակ խրոխտ ու կտրուկ վրա բերեց Ռուդոն։

-Ի՞նչ ես անում բա ։

-Դե հոդվածներ էլի, ոնց թողել ես, ուղղակի էն տարբերությամբ, որ հիմա ամբողջը մենակ եմ անում։ Էս ամիս երեք հոդված եմ գրել մայթերի համար, դիմել եմ քաղաքապետարան, սպասում եմ։

Ծիծաղս մի տեսակ եկավ․ ախր ինը տարի է անցել, էլի մայթերի մասին հոդված էինք գրում։ Բայց չէի ուզում Ռուդոյին վիրավորել, ի վերջո դրա իրավունքն էլ չունեի, ինձ թվաց, թե մայթերի տերն էլ էր Ռուդոն, քաղաքապետարանինն էլ, հենց էդ րոպեից նրան սկսեցի ասոցացնել ողջ քաղաքի հետ, սիրո հետ, խղճի հետ։

-Գնա՞նք։
-Ու՞ր,- չուզելով տաքացրած տեղիցս վեր կենալ՝ հարցրի։

-Ցույց տամ։

-Ի՞նչը, -այնպես հարցրի, ասես ցույց տալու բան ամենևին չէր կարող լինել այստեղ։

-Ո՞նց ինչը, էն ամենը, ինչ արել եմ։

Դուրս եկանք փողոց։ Քաղաքը չափազանց փոքր էր իր ծակուծուկերը մոռանալու համար, անգամ եթե ինը տարի էր անցել։ Աչքերս փակ գիտեի, որ էդտեղից եթե թեքվեմ ձախ, մի նեղ կամարի տակով անցնեմ, ոտքիս երկարությունից էլ նեղ աստիճաններ կպատահեն․ հենց էդտեղով էլ իջանք , ու իմ առջև բացվեց բնակելի շենքի մի մեծ պատ՝ ամբողջը նկարազարդած։

-Էս մեր էրեխեքն են արել․ հոդված էի գրել, քաղաքապետարանում երկար քննարկեցին, վերջը նյութեր տվեցին, վեցերորդ դասարանցիներն անդամագրվեցին ու եկան նկարելու։ Մի շաբաթում են արել, հը՞, ո՞նցն ա։

Դիտում էի պատը․ սիրուն էր․ գույն կար։

-Ռու՛դ, դու էլ չլինեիր, էս քաղաքն ի՛նչ էր անելու։

-Ե՞ս, ես մի հոդված եմ էլի գրել, ասում եմ՝ էրեխեքն են արել։

Ժպտում եմ ու, չգիտեմ ինչու, մի քիչ ամաչում Ռուդոյի առաջ։

Փողոցը հատեցինք ու թեքվեցինք աջ, ուր վաղուց մի արահետ էի հիշում, փոքր ժամանակ կամավորությունից հետո էդ ճանապարհի միակ ծիրանենուց ցոգոլ էինք գողանում։ Կամ էլ , ճիշտ կլինի ասել, անունը դրել էինք «գողանալ», որ մեզ քիչ լավ զգանք, որովհետև էդ ծառը մեր խմբի Մանեենց ծառն էր, Մանեն էլ մեզ հավասար «գողանում» էր։

Քայլում էինք դեպի նույն ծառը, ես մտքով ծառից ցոգոլ էի գողանում ու սպասում ծառը տեսնելուն, բայց ինչ-որ մի բան խորթ էր․ աչքս ոչ մի կերպ չէր հատվում ծառին։

-Հը՞, ո՞նց է։

Միայն Ռուդոյի հարցն ինձ ուշքի բերեց։ Փաստորեն արդեն մի քանի րոպե էր , ինչ քայլում էի մի շարք մատղաշ ծիրանենիների կողքով։ Բերանս բաց մնաց․

-Ռու՜դ, էս ի՛նչ հրաշք ա։

Ռուդոն զիլ ձայնով ծիծաղեց՝ ցույց տալով համաչափ ատամները։

-Հրաշք չի, լա՛վ նայի, ծիրանի ծառ ա։

Ծիծաղեցինք, ու ծիծաղիս արանքում ինչ-որ միտք տխրեց․

-Ռու՛դ։

-Հաջան,- իր ջիգյարով բնավորությունը չէր փոխել։

-Բա համալսարան չես տալու՞ թղթերդ։

-Էս տարի չէ, փող չկա,- ասաց զվարթ տոնով։

-Բա մի հոդված էլ քեզ համար գրեիր,- սրտնեղած, ջղայնացած ու լցված վրա բերեցի։

-Թեթև տար, էսա բանակ եմ գնում։

***

Երեք-չորս ամիս հետո իմ հին, միքանիհոգանոց քաղաքի էջը ֆեյսբուքում հոդված դրեց․ «Մեր ակտիվ կամավոր Ռուդոն զոհվել է թշնամու կրակոցից․ քաղաքապետարանը ցավակցում է ընտանիքին և հարազատներին»․․․

Please follow and like us: